Արդարության վերականգնմա՞ն, թե՞ ճնշման գործիք. կարծիքներ անցումային արդարադատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.05.2019 | 19:45Մայիսի 24-ին Ազգային ժողովում կմեկնարկեն անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ։ Նախաձեռնողը խորհրդարանի ղեկավարությունն է։ Ըստ էության, այս քննարկումների ելքով կորոշվի, թե արդյոք այս գաղափարը կյանքի կկոչվի՞։ Անցումային արդարադատություն հասկացությունը հասարակական քննարկումների օրակարգ ներմուծեց թավշյա հեղափոխությունը։ Անցած տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առաջիկայում պետք է լուրջ քննարկում ունենալ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ։
«Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ»,- ասել է վարչապետը։
Անցումային արդարադատության անհրաժեշտության շուրջ փորձագիտական գնահատականները տարբեր են։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը գտնում է, որ անցումային արդարադատության մարմինների՝ հաշտության հանձնաժողովների, արտակարգ դատարանների կամ լյուստրացիայի կարիք Հայաստանում չկա, գործող արդարադատական համակարգն իրեն չի սպառել, սակայն բացառություն են քաղաքացիների գույքային իրավունքների խախտման դեպքերը:
«Այս իշխանությունը, կարծես թե, հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները, որևէ կաշկանդվածություն չունի այս կամ այն հիմքով քրեական հետապնդում իրականացնել, ասենք՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացությունն ամբողջությամբ հրապարակվում է։ Մեզ մոտ չկա իրավիճակ, որ տասնամյակներ շարունակ հասարակության 2 խմբերը հակամարտել են և հիմա պետք է նրանց հաշտեցնել, մենք չենք ունեցել տասնյակ հազարավոր զոհեր, նման իրավիճակ մենք չունենք»,- ասում է պարոն Ղազարյանը։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ հատկապես հեղհեղափոխական Հայաստանում անցումային արդարադատության անհրաժեշտությունը կա, սակայն, ըստ նրա, դա պետք է իրականացնել ամուր ժողովրդավարության պայմաններում։ Հոկտանյանը հիշեցնում է՝ այսօր դեռ ազդեցիկ են օլիգոպոլիաները, չի ընդունվել կուսակցությունների մասին նոր օրենք, չի բարեփոխվել Ընտրական օրենսգիրքը։ Իսկ իրականացվող բարեփոխումները, նրա գնահատմամբ, կոսմետիկ են. «Արդյոք իսկապես մենք անցնո՞ւմ ենք լիակատար ժողովրդավարության, թե՞ մենք վերադառնում ենք նախկին մոդիֆիկացված համակարգին, այստեղ է խնդիրը։ Ես պետք է տեսնեմ քաղաքական, տնտեսական, սոցիալական լուրջ բարեփոխումներ, դեռ չեմ տեսնում։ Երբ այդ բարեփոխումները լինեն, ինքը կծնի անցումային արդարադատության անհրաժեշտությունը, բայց քանի որ չկա, նստել և լուրջ դեմքով, խորաթափանց ուսումնասիրել անցումային արդարադատությունը, կնրերեք, ես դա լուրջ չեմ համարում։ Եթե չունեք լրջագույն բարեփոխումներ, ինչի՞ համար է պետք անցումային արդարադատությունը»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար տարօրինակ է հարցադրումն ինքնին, թե արդյոք անհրաժե՞շտ է անցումային արդարադատություն։ Ըստ նրա՝ հեղափոխությունը վերջ է տվել տասնամյակներ շարունակ պետության զավթմանը։ Անկախությունից ի վեր Հայաստանում գոյություն են ունեցել քաղաքական բանտարկյալներ, սանձազերծվել են քաղաքական հետապնդումներ և խոշտանգումներ ազատ քաղաքացիների նկատմամբ, ոտնահարվել է սեփականության իրավունքը, զոհեր բանակում և չպատժվածներ, ինչպես նաև համատարած սոցիալական անարդարություն։ Ըստ իրավապաշտպանի՝ ավտորիտար ռեժիմից անցումը ժողովրդավարության ենթադրում է գնահատական անցյալին. «Անցումային արդարադատությունը պետք է լուծի մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժածների իրավունքների վերականգնման հարցը, նրանց պետք է տրվի նյութական փոխհատուցում, թալանված հարստությունը պետք է վերադարձվի պետական բյուջե, այսինքն՝ պետք է վերականգնվի վստահությունը արդարության հանդեպ, որից մենք զրկված ենք եղել։ Անցումային արդարադատություն ասածի բուն իմաստը տոտալիտար, ավտորիտար, կոնսոլիդացված կառավարման համակարգից ժողովրդավարական համակարգի անցման ապահովումն է և երաշխիքների ձևավորումը, որ նախկինը չի կրկնվելու»։
Անցումային արդարադատությունը ենթադրում է գործիք՝ վեթինգ, երբ պետական համակարգից զտվում են ապօրինությունների մասնակից պաշտոնյաները՝ ոստիկաններ, քննիչներ, դատախազներ և այլք։ Արթուր Սաքունցը մեկնաբանում է․ «Դատավորը, որ ապօրինի վճիռներ է կայացրել, մարդկանց ազատազրկել է իրենց քաղաքական հայացքների համար, էդ դատավորը չի կարող արդարադատություն իրականացնել, և մենք պետք է ազատվենք այդպիսի դատավորներից։ Զտման ինստիտուտը պետք է կատարվի»։
Արա Ղազարյանը նկատում է․ «Կա գայթակղություն իրականացնել վեթինգ՝ դատավորներին փոխել, բայց մենք կբախվենք դատավորի անփոփոխելիության իրավունքի հետ․․․ պրոցեսը կձգձգվի, կարող են տասնյակ բողոքարկման պրոցեսներ սկսվել, դա կդանդաղեցնի և ցանկալի արդյունքի չի բերի»։
Պարոն Ղազարյանի համոզմամբ՝ անցումային արդարադատությունը բախվում է ժողովրդավարական ինստիտուտների հետ, ինչի մասին է վկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մերձբալթյան երկրների դեմ կայացված որոշումները։ Հայաստանը ևս չի խուսափի ՄԻԵԴ-ի գնահատականից․ «Որովհետև անցումային արդարադատությունն ինքնին ժողովրդավարության ինստիտուտների բախում է նշանակում, դա շատ դժվար է հարմոնիզացվում ժողովրդավարության սկզբունքների հետ, կգան շատ որոշումներ ՄԻԵԴ-ից»։
Արթուր Սաքունցը նշում է․ «Ես պետք է հիասթափեցնեմ բոլոր նրանց, որոնք մտածում են, որ ՄԻԵԴ-ում անցումային արդարադատության ձևավորման պարագայում մենք կունենանք խնդիրներ։ Հենց ՄԻԵԴ-ն է Հայաստանի վերաբերյալ ընդունել որոշումներ, որտեղ ամրագրել է հենց քաղաքական հիմքով մարդու իրավունքների խախտումները»։
Անցումային արդարադատությունը՝ իր առաջ նպատակ ունենալով զոհերի իրավունքների պաշտպանությունը, քաղաքակիրթ մարդկության համար նորություն չէ։ Այն կիրառվել է հատկապես Արևելյան Եվրոպայում՝ ռեպրեսիվ կառավարման համակարգից ժողովրդավարության անցնելիս։ Հաջողված են համարվում մոդելները, որոնք առաջնորդվում են «փոխհատուցում և ներում» սկզբունքով։ Անցումային արդարադատության հիմքում ընկած են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և ՄԱԿ-ի կանոնադրությունը: Մայիսի 24-ին մեկնարկող խորհրդարանական լսումներում ակնկալվում են անցումային արդարադատության նետ կապված հետաքրքիր քննարկումներ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան