Տպավորություն է ստեղծվում, որ այս կառավարությունը պայքարում է ոչ թե աղքատության, այլ աղքատների դեմ

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

ՀՀ վարչապետը գրառում է կատարել, որը ենթադրում է, որ կառավարությունը թերություններ է բացահայտել նպաստների  համակարգում:

«Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում:

Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն:

Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ:

Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»,- գրել է վարչապետը:

ՀՀ վարչապետը բացահայտում չի արել, քանի որ հասարակական կազմակերպությունները և միջազգային կառույցները վաղուց են մատնանշել ընտանեկան նպաստների համակարգում առկա թերությունները: Ուղղակի նրանց լսող չի եղել: Մի քանի օրինակ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ԵՎ ՆՊԱՍՏԱՌՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2015թ., «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ (հասու է http://www.edrc.am/images/Publications/Statistical_Surveys/social_snapshot_arm_22.04.16.pdf էջում, այստեղ ՏՏ-ն՝ տնային տնտեսություններն են)

«Հայաստանի ՏՏ-ների մոտ 64 տոկոսը և Նպաստառուների 72 տոկոսն ունեն պարտքային պարտավորություններ, որոնց միջին մեծությունը համապատասխանաբար կազմում է մոտ 2,800 և 1,600 ԱՄՆ դոլար:»

«Միայն ֆինանսական ինստիտուտներին և անհատներին պարտքային պարտավորություններ (չի ներառում սննդի դիմաց պարտքերը և այլ չվճարումները) ունեն ՏՏ-ների 59 տոկոսը, և Նպաստառուների՝ 62 տոկոսը: Նման պարտքեր ունեցողները հատկապես շատ են գյուղերում` 68 տոկոս, Նպաստառուների դեպքում` 73 տոկոս: Այս ՏՏ-ների 28 տոկոսն ունեն մեկից ավելի պարտքային պարտավորություններ:»

Հարկավոր է պարզել մի քանի հարցի պատասխան.

  • ՀՀ վարչապետը չի՞ կարողանում որոշում կայացնել և դիմում է հանրությանը, փորձելով ֆեյսբուքյան հանրաքվեի միջոցով ստանալ հանրության կարծիքը և որոշման պատասխանատվությունը դնել հանրության վրա:
  • Ինչո՞ւ է Զինված ուժերում աշխատավարձի բարձրացումը կապվում նպաստների համակարգի հետ: Ինչո՞ւ ՀՀ վարչապետը Զինված ուժերում աշխատավարձի բարձրացումը չի կապում եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների հետ. մի իջեցրեք եկամտային հարկի դրույքաչափերը և պետական բյուջեն չի կորցնի մոտավորապես 27-37 մլրդ եկամուտ: Զինված ուժերում աշխատավարձերը պետք է բարձրանան, և դրանք չպետք է պայմանավորված լինեն նպաստների համակարգում թերությունների վերացման կամ չվերացման, նպաստառու ընտանիքների թվաքանակի կրճատման կամ չկրճատման և նման այլ հանգամանքներով: Եթե Զինված ուժերում աշխատավարձը բարձրացնել չկարողանալը կապված է պետական ինչ-որ քաղաքականության հետ, ապա այն առաջին հերթին կապված է ՀՀ կառավարության կողմից տրվող հարկային արտոնությունների հետ, որին անդրադարձել եմ 2019թ.-ի հունվարի 11-ին (https://factor.am/113723.html): Եթե միանշանակ է, որ այդ արտոնությունները չտալով ՀՀ կառավարությունը կարող էր պետական պարտքի սպասարկման գծով 2009-2018թթ. մոտավորապես 10.56 մլրդ դրամ խնայել (և սա էլ, առանց հաշվի առնելու տված արտոնությունների մի մասը, քանի որ դրանց վերաբերյալ ՀՀ կառավարությունը տվյալներ չի ներկայացրել) և այդ գումարներն ուղղել Զինված ուժերին, ապա միանշանակ չէ ՀՀ տնտեսության վրա այդ արտոնությունների նշանակալի ազդեցությունը (առաջին հերթին, որովհետև ՀՀ կառավարությունն այդ արտոնությունների վերաբերյալ հաշվետվություն և տնտեսության վրա դրանց ազդեցության վերաբերյալ վերլուծություն չի ներկայացրել): Կա՞ որևէ վերլուծություն, որը ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսությունը 2014թ.-ին չէր աճի 3.6%-ով, 2015թ.-ին՝ 3.2%-ով, 2016թ.-ին՝ 0.2%-ով, և 2017թ.-ին՝ 7.5%-ով, եթե կառավարությունը չտար այդ հարկային արտոնությունները: Եթե պետք է խթանել տնտեսական աճը, կարելի է դա անել ոչ թե հարկային արտոնությունների, այլ ծախսերի ու ներդրումների միջոցով. ինչո՞ւ են ՀՀ պետական մարմիններն ու կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները 187 մլրդ դրամ գումար պահում ՀՀ ԿԲ-ում (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1244522572362155&id=1226873220793757&__tn__=K-R): Հայաստանում չկա՞ն զարգացման ծրագրեր ու պրոեկտներ, որոնք կարելի է ֆինանսավորել այդ միջոցներով և աշխուժացնել ՀՀ տնտեսությունը: Թե՞ կառավարությունը որոշել է, որ այժմվանից սկսած պետք է միջոցներ կուտակել 2020թ.-ի սեպտեմբերին մարվող արտարժութային պետական պարտատոմսերի դիմաց վճարելու համար: Այսինքն այդ միջոցները չեն խթանելու ՀՀ տնտեսությունը:
  • Հերթական անգամ երկրի բարձրագույն ղեկավարությունն ընդգծում է հարցի ֆինանսական կողմը և շեշտը դնում հնարավոր խնայողության վրա (4.5 մլրդ դրամ): Արդյոք Հայաստանում չկա՞ն սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնք նպաստ չեն ստանում: Ինչո՞ւ չեք խոսում այդ ընտանիքների մասին:
  • Ինչո՞ւ ՀՀ կառավարությունն այս թերությունները չի հայտնաբերել ավելի շուտ: Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը լավ չի աշխատում:

Հայաստանում մոտավորապես 106 հազար ընտանիք նպաստ է ստանում և եթե նրանցից 11 հազարը կամ մոտավորապես 10.4%-ը նպաստ է ստանում, որը չպետք է ստանար (և դա էլ դեռ պետք է հիմնավորել), ապա դա պետական համապատասխան մարմինների վատ աշխատանքի վկայություն է և կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեր այդ ուղղությամբ: Ինչո՞ւ են Զինված ուժերի ծառայողներին ակնարկում, որ ՀՀ կառավարությունը չի բարձրացնում ձեր աշխատավարձը, որովհետև նպաստ են ստանում մարդիկ, որոնք չպետք է ստանային այն: Անապահով ընտանիքները ևս իրենց զավակներին ծառայության են ուղարկում Զինված ուժեր:

Հերթական անգամ «նպաստառու» և  «աղքատ» բառերն անհարկի օգտագործելով ՀՀ վարչապետը թիրախավորում է աղքատներին: Եթե ընտանեկան նպաստի համակարգը լավ չի թիրախավորում անապահով ընտանիքները, կառավարությանն ո՞վ է խանգարում բարելավել այն: Հերթական անգամ տպավորություն է ստեղծվում, որ այս կառավարությունը պայքարում է ոչ թե աղքատության, այլ աղքատների դեմ:

Իր գրառմամբ ՀՀ վարչապետը զինված ուժերի ծառայողներին հակադրում է նպաստառու ընտանիքներին: Զինված ուժերի ծառայողների աշխատավարձը պետք է բարձրացնել: Եթե կառավարությունը չգնա եկամտային հարկի բնագավառում իր նախատեսած փոփոխություններին, անհրաժեշտության դեպքում կարող է ոչ թե 10, այլ 20 և ավելի տոկոսով բարձրացնել Զինված ուժերում ծառայողների աշխատավարձը:

Արտակ Քյուրումյան