Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ ամբողջությամբ

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագիր ներկայացնելիս, հանդես եկավ ելույթով: Ստորև ներկայացնում ենք վարչապետի ելույթի ամբողջական տարբերակը:

 

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ,

Քանի որ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստում առաջին անգամ եմ հանդես գալիս, նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և բեղմնավոր և առաքինի ծառայություն մաղթել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Բայց ուզում եմ նաև մեզ բոլորիս շնորհավորել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այդ խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետև տեղական ու միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների միջազգային կազմակերպությունների և, ընդհանրապես, միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական: Նույն գնահատականը տվեց նաև հայաստանյան հանրությունը: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններն առաջին էին երրորդ Հանրապետության պատմության մեջ, որի արդյունքները չվիճարկվեցին ո՛չ Սահմանադրական դատարանում, ո՛չ էլ հանրայնորեն: Հետևաբար ունենք լեգետիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող խորհրդարան և լեգետիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն կարող ենք արձանագրել, որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններով ավարտվեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության քաղաքակն փուլը, երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի: Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգն անթերի է և հետագա կատարելագործման ու լրջագույն բարեփոխումների կարիք չունի: Սա ընդամենը նշանակում է, որ քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից:

2018 թվականի ընտրությունները բացառիկ էին նաև իրենց բովանդակային իմաստով, որովհետև Հայաստանի քաղաքացիներն առաջին անգամ ընտրում էին ոչ միայն խորհրդարան այլև երկրի ղեկավարի լիազորություններով օժտված վարչապետ և հետևաբար, անձամբ ինձ համար բացառիկ մեծ պատիվ է, որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության քվեն ստանալը: Եվ ուզում եմ կրկին անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին ովքեր քվեարկեցին «Իմ քայլը» դաշինքի և անձամբ իմ օգտին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր դեկտեմբերի 9-ին գնացին ընտրական տեղամաս և արտահայտեցին իրենց քաղաքական կամքը որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկելով: Եվ հետևաբար հարկ եմ համարում ընդգծել, որ ինձ համարում եմ ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի այլև մնացած բոլոր ուժերի օգտին քվեարկած քաղաքացիների, ինչպես նաևվ ընտրություններին չմասնակցած քաղաքացիների վարչապետը, ում առաքելությունը ծառայելն է պետությանը, հայրենիքին և ժողովրդին:

Սիրելի՛ պատգամավորներ,

Պատիվ ունեմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը: Ի՞նչ է ուզում կառավարությունը, ի՞նչ նպատակի է ուզում հասնել առաջիկա 5 տարվա ընթացքում: Մեր նպատակը ձևակերպված է Ազգային ժողով ներկայացված ծրագրի հենց առաջին պարբերությունում, որտեղ մասնավորապես ասվում է, մեջբերում եմ՝ «Առաջիկա հինգ տարիներին՝ Հայաստանի կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն», մեջբերման ավարտը: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ 5 տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները: Խոսքն արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաների ընդարձակ կիրարկման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ստեղծման կամ առնվազն դրանց ստեղծմանն էական մասնակցություն ունենալու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական հմտությունների, արտադրանքի և ապրանքների թողարկման, արտահանման և կիրառման այնպիսի ծավալների հասնելու մասին է, որ տեխնոլոգիատար այս ոլորտները դառնան Հայաստանի տնտեսության հիմնական բնորոշիչը:

Սիրելի՛ պատգամավորներ,

Շատ կարևոր է արձանագրել, թե ինչի մասին է խոսքը: Այստեղ խոսքը բոլոր տեսակի տեխնոլոգիաների մասին է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, արտադրական տեխնոլոգիաների, տեխնոլոգիաների արտադրության, տեխնոլոգիական ապրանքների արտադրության, գյուղատնտեսկան տեխնոլոգիաների, կրթական տեխնոլոգիաների, զբոսաշրջային տեխնոլոգիաների, պետական կառավարման տեխնոլոգիաների, առողջապահական տեխնոլոգիաների, բնապահպանական տեխնոլոգիաների, պաշտպանական տեխնոլոգիաների, անվտանգային տեխնոլոգիաների, շինարարական տեխնոլոգիաների և այսպես շարունակ: Կարճ ասած, մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը: Ասվածն առավել պարզ դարձնելու և մեր ամենօրյա իրականության հետ կապելու համար բերեմ կոնկրետ օրինակ: Մեր խնդիրը պետք է լինի այն, որ օինակ՝ գյուղատնտեսության ոլորտում զբաղված մեր հայրենակիցներն ավելի քիչ ֆիզիկական աշխատանք կատարեն և ավելի շատ մտավոր աշխատանք, որ միավոր գյուղատնտեսական արտադրանքի թողարկման համար ավելի քիչ ֆիզիկական ուժ կիրառվի և ավելի շատ մտացվոր ուժ կամ մտավոր աշխատանքի արգասիք, այսինքն՝ տեխնոլոգիա: Ու որպեսզի կոնկրետ այս օրինակը որևէ մեկը չմեկնաբանի որպես քամահրանք էկոլոգիական պահանջների նկատմամբ, վերը մեջ բերված ձևակերպման մեջ մենք առանձնակի կարևորություն ենք տվել Հայաստանի համապատասխանությանը էկոլոգիական բարձր չափանիշներին: Եվ սա վերաբերում է ինչպես գյուղատնտեսությանը, այնպես էլ արդյունաբերությանը, այնպես էլ հանքարդյունաբերությանը և տնտեսության բոլոր ոլորտներին՝ առանց բացառության:

Մեր տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն էկոլոգիական բարձր չափանիշներին՝ գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, արդյունաբերությունը, շինարարությունը, փոքր և միջին բիզնեսը, քաղաքային տնտեսությունը: Էկոլոգիակասն նոր գիտակցումով պետք է համակված լինի նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որի էկոլոգիական վարքագծի հեղափոխությունը կարևոր նշանակություն ունի մեր ապագայի համար: Խոսքն այստեղ վերաբերում է ինչպես ծխող և ծխախոտը գետնին նետող, այնպես էլ շրջակայքի մաքրությունը սեփական անելիքների տիրույթից դուրս դիտող քաղաքացուն:

Մեր նպատակադրումների մեջ է նաև մեր տնտեսության արտահանմանը միտված լինելը: Սա կարևոր է հատկապես Հայաստանը երկար տարիներ համակած մենաշնորհների և մենաշնորհների դեմ պայքարում կառավարության արձանագրած հաջողությունների ֆոնին: Հայաստանի շուկան չափազանց փոքր է տարբեր ոլորտների թռիչքաձև առաջընթացի հենարան լինելու համար, և արհեստական մենաշնորհային որևէ դրսևորում ինքնին պետք է վկայի երկրի տնտեսության հուսահատ լինելու մասին այն իմաստով, որ ներքին շուկայի համար խելագար և անազնիվ պայքարը վկայում է տնտեսական աշխարհընկալման տեղային և փոքր լինելու մասին: մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղերի հայացքները պետք է ուղղված լինեն արտաքին շուկաներին: Խոսքը վերաբերում է նաև միկրոբիզնեսին, փոքր և միջին բիզնեսին, որոնց արտահանման հիմնական և առանցքային խոսղովակը պետք է լինի զբոսարջությունը, ինչպես նաև ապրանքների արտահանումը ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես, ինտերնետ առևտրի միջոցով:

Արտահանմանը միտված լինելու հրամայականը վերաբերում է նաև գյուղատնտեսությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, թեթև արդյունաբերությանը: Հուսով ենք առաջիկայում ունենալ նաև ծանր արդյունաբերություն, նույնը վերաբերում է նաև ծանր արդյունաբերության: Հուսով ենք առաջիկայում ունենալ էական ծավալների մետալուրգիա , խոսքը վերաբերում է նաև մետալուրգիային, խոսքը վերաբերում է նույնիսկ բանկային համակարգին, առողջապահությանը և կրթությանը, որոնց հիմնական խնդիրը պետք է լինի իրենց ծառայությունների արտահանումը, իսկ ավելի հասկանալի ասած օտարերկրացի հաճախորդների ներգրավումը:

Իհարկե, ներքին շուկան կարող է և պետք է հենման կետ լինի մեր երկրի տնտեսության բոլոր ճյուղերի համար: Եվ ես կրկին օգտվելով առիթից՝ ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել բոլոր ոլորտներում նախընտրությունը տալ տեղեկատվական ապրանքներին և ծառայություններին, բայց և այնպես մեր տնտեսության զարգացման հեռանկարն արտահանումն է, և մենք այստեղ ունենք, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, մյուս կողմից՝ ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր ունի մի շարք երկրների, ինչպես օրինակ՝ Իրանի, Վիետնամի հետ, այս կարգի պայմանագրերի աշխարհագրությունն առաջիկայում կընդլայնվի: Հայաստանն օգտվում է արևմտյան մի շարք երկրների հետ առևտրային արտոնյալ GSP և GSP+ համակարգերից, այնպես որ արտահանման չօգտագործված պոտենցիալը հսկայական է: Արտահանման ոլորտում մեր հիմնական խնդիրը մեր ապրանքների համապատասխանեցումն է միջազգային ամենաբարձր որակի ստանդարտներին, համապատասխան ծավալների առկայությունը և մարկետինգային խնդիրները, և մեր կառավարությունն ամեն ինչ անելու է այս հարցերում բիզնեսին աջակցություն ցուցաբերելու և նրանց համար շուկաների իրական հասանելություն ապահովելու համար:

Արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է: Ընդ որում, այս կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը լրջագույնս մեծացնելը մեր առանցքային ամբիցիան է, մեր առանցքային հավակնությունը: Նման խնդիր լուծելու համար էական է հայաստանյան ապրանքների և ծառայությունների մրցունակությունը: Եվ սա լինելու է կառավարության գործունեության հաջորդ կարևոր ուղղությունը, երբ հարկային հավասարակշռված համակարգի աշխատանքի արտադրողականության շարունակական բարձրացման միջոցով էականորեն պիտի աճի տնտեսության մրցունակությունը: Այս առումով չափազանց էական է վարկերի հասանելիությունը, նկատի ունեմ տոկոսադրույքների շարունակական նվազումը և ֆինանսական կայունությունը: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը կկարողանա արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը:

Եվ ի վերջո, մեր տնտեսական նպատակադրումների առումով առանցքային է Հայաստանի տնտեսության ներառականությունը: Ի՞նչ է նկատի առնվում ներառական տնտեսություն ասելով: Մեր երկրի տնտեսական աճը և տնտեսական աճի մոդելը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից, և ինչպես նախկինում ասել եմ, Հայաստանում կան ընկերություններ, որոնց ղեկավարության տվյալ օրվա տրամադրություններն ու քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ տնտեսության ընթացիկ վիճակի վրա և նույնիսկ ցնցումներ առաջացնել: Մեր նպատակադրումն է ստեղծել տնտեսական մի այնպիսի համակարգ, տնտեսության այնպիսի մոդել, որ համախառն ներքին արդյունքի ձևավորմանը մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընկերություններ ու քաղաքացիներ, և նրանց ազդեցությունը տնտեսության վրա լինի հնարավորինս ապակենտրոնացված, հնարավորինս սփռված: Սա չի նշանակում, թե մեր պատկերացմամբ երկրում խոշոր ընկերություններ չպետք է լինեն կամ մենք բացասական ենք վերաբերում խոշոր ընկերություններին: Ընդհակառակը, մենք հույս ունենք, որ խոշոր ընկերությունների թիվը Հայաստանում շարունակաբար կմեծանա, բայց մյուս կողմից համախառն ներքին ասրդյունքի վրա առանձին վերցրած ընկերությունների կամ մեկ ընկերության ազդեցությունն էական չի լինի և այդ ազդեցությունները հավասարակշռված կլինեն այլ ընկերությունների գործունեությամբ, և որ առավել կարևոր է միկրո, փոքր և միջին բիսնեսով:

Ընդհանուր առմամբ ես կարող եմ արձանագրել, որ մեր տնտեսական նպատակադրումների մեջ չկա շատ կարևոր մի այսպիսի մի նրբություն: Մենք չենք ուզում, որ միկրո բիզնեսը մնա միկրոբիզնես, չենք ուզում, որ փոքր բիզնսեը մնա փոքր բիզնես, միջին բիզնեսը մնա միջին բիզնես: Ընդհաառակը, ուզում ենք, որ մեր տնտեսական այս շերտերի միջև լինեն հաղորդակցության ուղիներ, և մեր տնտեսության ծավալները աճեն և նրանց հետ մնիկրոբիզնեսը՝ փոքր, միջին և խոշոր բիզնեսը դառնալու հնարավորություն ունենան, և այսպիսի հնարավորություն ստեղծելը նաև մեր տնտեսական քաղաքականության հիմնական նպատակադրումներից է:

Սիրելի՛ պատգամավորներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Ահա սա է ընդհանուր առմամբ առաջիկա 5 տարիների Հայաստանում տեղի ունենալիք տնտեսական փոփոխությունների մասին մեր ընդհանրական պատկերացումը: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրում է տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական զարգացման քաղաքականության փոխարինելու ուղեգիծ: Ո՞րն է երկուսի տարբերությունը՝ ըստ էության այն, ինչի մասին խոսեցի հենց նոր: Կարելի տնտեսական աճ ապահովել մի քանի ընկերությունների գործունեության արդյունքում, բայց սա բացի թվաբանությունից, ուրիշ ոչինչ չի նշանակում, և քաղաքացիները չեն զգում տնտեսական այդ աճի ազդեցությունն ինչքան էլ այն մեծ լինի: Մեզ հարկավոր է տնտեսական զարգացում, ինչպես ասացի՝ համախառն ներքին արդյունքի ձևավորումը, հանրային լայն համագործակցության, հնարավորինս մեծ ու անընդհատ մեծացող թվով ընկերությունների ու մարդկանց գործունեության արդյունք է և հետևաբար դա արդյունք է, որը հասանելի և տեսանելի է բոլորին: Եվ որպես այդ զարգացման ամենատեսանելի արգասիք կառավարությունը նպատակադրվում է առաջիկա 5 տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության էական կրճատմանը, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին և արտահանման տեմպերի բազմապատկմանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ պատգամավորներ,

Հենց վերը նշված որակական ու քանակական ցուցանիշների և նպատակների համադրությունն է, որ մենք համարում ենք տնտեսական հեղափոխություն: 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հենց տնտեսական հեղափոխություն իրականացնելու մանդատ է ստացել ժողովրդից: Եվ մենք հավատում ենք, որ ՀՀ քաղաքացիները, հայ ժողովուրդը, Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովն ունեն բավարար քաղաքական կամք, մտավոր ու բարոյական ներուժ՝ վերը նշված խնդիրների լուծման համար: Եվ ուրեմն, ինչպես 2018 թվականի ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնից, ՀՀ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի առաջ, ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի առաջ ազդարարում եմ Հայաստանի Հանրապետությունում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում:

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահություն,
Սիրելի՛ պատգամավորներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Գլխավոր հարցը, ըստ այդմ, որ ծագում է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին իմ հայտարարությունից հետևյալն է ՝ իսկ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել այդ հեղափոխությունը: Այս հարցի պատասխանը տրված է կառավարության քննարկվող ծրագրում, որի ամենավերջին պարբերության մեջ ասվում է, որ կառավարության ծարգրի գաղափարական հենքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի գաղափարական հենքն իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն է: Սա ասում եմ արձանագրելու համար, որ տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր դարձավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը: 2013 թվականին հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորմանը, որը հետագայում դարձավ համանուն կուսակցություն, 5 տարի անհրաժեշտ եղավ Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացնելու, այդ հեղափոխությանը հասնելու համար: 5 տարի ՀՀ քաղաքացներին հղած մեր հիմնական ուղերձն այն էր, որ հանրային վերափոխման կարևորագույն գործոնն անհատի վերափոխումն է և որ հանրային վերափոխման էֆեկտի հասնելու ճանապարհին յուրաքանչյուր քաղաքացու անելիքը սեփական անձի վերափոխումն է: Մենք ասում ենք, որ հանրային կյանքի ցանկացած ոլորտում զարգացման կարևորագույն գործոններից մեկն անհատական ջանքն է և որ առանց անհատական ջանքի գործադրման չի կարող լինել որևէ փոփոխություն, առավելևս քաղաքական: Մեզնից քաղաքական հեղափոխություն պահանջող մեր սիրելի հայրենակիցներին մենք անընդհատ և հետևողական բացատրում էինք, որ մենք հեղափոխությունն իրականացնողը չենք, այլ ընդամենը դրա համար հարթակ ու հնարավորություն ստեղծողը, և հեղափոխության միակ հեղինակն ու կատարողը կարող է լինել մարդն՝ իր անհատական ջանքի, իր անհատական վարքագծի փոփոխության անկյունաքարային և վճռական նշանակությունը գնահատող քաղաքացին: Մենք ասում էինք, որ մերժում ենք բռնությունը որպես ներհայաստանյան որևէ հարցի, այդ թվում՝ քաղաքական հարցերի լուծման միջոց: Մենք ասում էինք, որ նույնիսկ ամենակոռումպացված, հանցավոր պաշտոնյայի, իշխանության դեմ չենք պատրաստվում բռնություն գործադրել: 2013 թվականից ի վեր մենք հավատարիմ մնացինք մեր գծին, մենք միլիմետր անգամ չշեղվեցինք մեր սկզբունքներից՝ այդ ընթացքում արժանանալով ամենանվաստացուցիչ մեղադրանքների: Մեզ մեղադրում էին կոմֆորմիզմի մեջ, մեզ մեղադրում էին կեղծ ընդդիմություն լինելու մեջ, մեզ մեղադրում էին ծախվածության մեջ: Բայց մենք ամուր կանգնեցինք մեր ոտքերի վրա և ՀՀ քաղաքացուն ընդամենը մեկ բան էինք ասում. ուզո՞ւմ ես փոփոխություն՝ ի ցույց դիր փոփոխությունների քո կամքը, և մենք կերաշխավորենք քո կամքի հաղթանակը: Մենք ասացիք, որ քաղաքական փոփոխության գործում մեր դերը տեսնում ենք միայն ու միայն մի բանում՝ ՀՀ քաղաքացիների կամարտահայտման, անհատական ջանքի արտահայտման համար հուսալի և կիրառելի հարթակ ստեղծելու մեջ:

Եվ ի վերջո, մենք ապացուցեցինք նախկին իշխանության ներկայացուցիչների և որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից մեզ հասցեագրված մեղադրանքների սնանկ լինելը և 2018 թվականի ապրիլ-մայիսին կարողացանք կատարել մեր խոստումը և դառնալ Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացու կամքի հաղթանակի երաշխավորը: Եվ այդ հաղթանակի համար որևէ մեկի վրա զինված հարձակումներ գործելու կամ բռնության ենթարկելու անհրաժեշտություն չեղավ: Մենք կարողացանք հեղափոխությունը կազմակերպել ընդամենը մեր մտքի գործադրմամբ՝ օգտագործելով մեր ձեռքի տակ եղած ժամանակակից տեխնոլոգիաները և հեղափոխական նոր տեխնոլոգիաներ մտածել և ստեղծել: Մեր ձեռքի տակ եղած կարևոր տեխնոլոգիաներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցն էր, կամ ավելի ճիշտ նրա ընձեռած ուղիղ եթերի հնարավորությունը, որն ի հայտ եկավ ընդամենը 2015-16 թվականներին: Այդ տեխնոլոգիայի կիրառմամբ մենք կարողացանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավատ ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, նրանց ուժերի իրացման համար հնարավորություններ ստեղծել և այդ հնարավորության իրացման անվտանգությունն ապահովող, ըստ էության, տեխնոլոգիա մտածել, և այդ տեխնոլոգիան բաց ձեռքերի սինվոլիկան էր: Հենց այս սինվոլիկան էր, որ մարդկանց 2008թ. մարտի 1 տեսած հանրությանն օգնեց հաղթահարել վախը պոտենցիալ բռնություններից, որովհետև մի պահ բոլորը հասկացան, որ նույնիսկ Հայաստանում հաստատված նախկին իշխանության համար չափազանց դժվար է, եթե ոչ անհնար բռնություն գործադրել այն մարդկանց նկատմամբ, ովքեր բոլորին ի ցույց են դնում իրենց վեր պարզած և բացված ձեռքերը՝ ի նշան նրա, որ իրենք չեն պատրաստվում բռնություն գործադրել որևէ մեկի, նույնիսկ իրենց նկատմամբ բռնություն գործադրողների նկատմամբ:

Մեր ձեռքի տակ եղած հաջորդ տեխնոլոգիան օնլայն դրամական փոխանցումների հարթակն էր, որի միջոցով հնարավորություն ստացանք ֆինանսական աջակցություն ստանալ աշխարհով և Հայաստանով սփռված մեր հայրենակիցներից, և առանց այդ ֆինանսական աջակցության, ի վերջո, չափազանց դժվար կլիներ, որովհետև հեղափոխությունը սկսելու պահին մեր շարժումն ուներ ֆինանսական խնդիրներ ու անորոշություններ: Եվ այնուամենայնիվ, ստանալով շոշափելի ֆինանսական աջակցություն մեր հայրենակիցներին մենք կարողացանք համախմբել և իրականացնել մարդկության պատմության ամենաոչծախսատար հեղափոխությունը՝ ի հեճուկս Հայաստանում տարածված այն կարծրատիպերի, որ Հայաստանում փոփոխություններ իրականացնելու համար հարկավոր են միլիոնավոր դոլարներ, դաբրոներ և ազդեցիկ տնտեսական շրջանակների աջակցություն: Ի վերջո, մեր հեղափոխությունը բացառիկ դարձավ ևս մեկ պատճառով. մեր քաղաքական թիմը և ես՝ անձամբ, հեղափոխության արդյունքներով և, ընդհանրապես, չունի որևէ քաղաքական, տնտեսական, ֆինանսական պարտավորություն որևէ անհատի, որևէ ուժի, որևէ շրջանակի առաջ, լինի դա Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս, և սա Հայաստանի և նրա ժողովրդի ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործոն է: Մեր միակ պարտավորությունը մեր ժողովրդի առաջ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացու առաջ, և մենք մտադիր ենք նրա տված մանդատը կիրառել Հայաստանի Հանրապետությունում իրական տնտեսական փոփոխություններ հարուցելու համար:

Եվ ի վերջո, հաջորդ պայմանական տեխնոլոգիան, որը դարձավ հայկական հեղափոխության նոու-հաուն, ապակենտրոնացվածությունն էր, երբ մենք հայտարարեցինք, որ մեր հեղափոխությունը չունի առաջնորդ, չունի կենտրոնացված կառավարում, և յուրաքանչյուր քաղաքացին ինքն է այս հեղափոխության առաջնորդը, ինքը պիտի պլանավորի և իրականացնի իր գործողությունները՝ իհարկե մեր հռչակած սկզբունքների և գործիքակազմի շրջանակներում: Այս նորամուծությունը դարձավ այն վճռական գործոնը, որն ուղղակի ջարդեց կոռումպացված իշխող կլանի ողնաշարը, երբ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունը չգիտեր ում դեմ պայքարել, ինչպես պայքարել և որտեղ պայքարել, որովհետև հեղափոխությունն ամենուր էր և ամեն ոք: Հեղափոխությունը չուներ ժամ, տեղ, հասցե և հեղափոխությունն անսահմանափակելի էր: Մանավանդ, որ վերը նշված նորամուծությունների արդյունքում հայկական հեղափոխությունն արդեն իսկ արտահանվել էր Հայաստանից՝ գրավելով նորությունների համաշխարհային շուկան, դառնալով լրատվական ամենապահանջված և ամենաթանկարժեք ապրանքն ամբողջ աշխարհում և դառնալով հայկական ամենաարտահանված բրենդն առնվազն Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում:

Այս ամենի արդյունքում Հայաստանը դարձավ քաղաքական բոլորովին նոր մակարդակի երկիր, ձեռք բերեց ազատ և ժողովրդավարական երկրի համարում և քաղաքական իմաստով դարձավ բարձր տեխնոլոգիական, մրցունակ, ներառական և այլաբանորեն ասած՝ բնապահպանական, քաղաքական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր: Եթե վերադառնամ տնտեսական ձևակերպումներին, կարող եմ ասել հետևյալը, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, ըստ էության, մեր երկրի պատմության մեջ ամենամեծ ծավալները ստացած ստարտափն էր: Ընդհանրապես, այս ամենն ինչու եմ ասում, ես չեմ ասում պատմական էքսկուրս կատարելու և հիշողություններ արթնացնելու համար: Սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը, ըստ էության, նույնն է, ինչ քաղաքական հեղափոխությանը և պետք է անցնի այն նույն կետերով, ճանապարհով, ինչ անցավ քաղաքական հեղափոխությունը:

2018թ. գարնանը հեղափոխությունը հնարավոր դարձավ միայն ու միայն այն բանի շնորհիվ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին փոխեց իր քաղաքական վարքագիծը: Մենք ընդամենը նրան քաջալերեցինք այդ վարքագիծը փոխելու ճանապարհին և հնարավորություն ստեղծեցինք այդ փոխված վարքագիծն արդյունավետ կիրառելու համար: Տնտեսական հեղափոխությունը հետևապես իրական կդառնա ու կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը և հետևաբար, մեր կառավարությունն իր անելիքը տեսնում է ՀՀ տնտեսական վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու և այդ փոփոխված վարքագծի իրացման իրական հնարավորություն ստեղծելու մեջ: Կրկնում եմ, տնտեսական հեղափոխությունն իրականա կդառնա ու կհաղթի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը և, հետևաբար, մեր կառավարությունն իր անելիքը տեսնում է ՀՀ քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու և այդ փոփոխված վարքագծի իրացման իրական հնարավորություններ ստեղծելու մեջ:

Սիրելի՛ հայերնակիցներ,
Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Հենց սրա մասին է ՀՀ կառավարության այնքան քննադատված ծրագիրը: Հենց այս է պատճառը, որ այն հարուստ չէ թվային ցուցանիշներով, իսկ եղած թվային ցուցանիշները բավական համեստ են: Սրա պատճառն այն է, որ տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին և քանի հոգի կորոշի օգտվել այդ նույն հեղափոխության հարթակի ընձեռած հնարավորություններից: Մենք հավատում ենք, որ նման քաղաքացիները լինելու են հարյուր հազարավոր, միլիոնավոր, հավատում ենք լրջորեն և խորապես, բայց չենք պատրաստվում կանխատեսումներով վիրավորել նրանց կամքի ազատությունը և ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ չենք կարող կանխատեսել: Նույն կերպ ոչ մի թվային և ժամանակային ցուցանիշ չկար «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման հիմնարար փաստաթղթում, որը ստեղծված լինելով 2013 թվականին, դարձավ 2018 թվականի հեղափոխության գաղափարական հենքը: Այդ փաստաթղթի հրապարակման ժամանակ էլ մեզ հարցնում էին՝ լիբերալ եք դուք, թե սոցիալիստ, սոցիալ-դեմոկրատ պահպանողական, թե կոմունիստ, և երբ պատասխանում էինք, թե այդ կատեգորիաներն, ընդհանրապես, մեզ չեն հետաքրքրում, որովհետև մեր մտածողությունն ուրիշ հարթության մեջ է, մեր մտածողությունը կառուցում է բոլորովին ուրիշ հարթության մեջ, մեզ համարում էին քաղաքական դիլետանտ, ասում էին՝ ոնց կարող է քաղաքական ուժ լինես, սոցիալիստ չլինես, կամ պիտի սոցիալիստ լինես, կամ լիբերալ, կամ սոցիալ-դեմոկրատ, կամ կոմունիստ և այլն: Այսինքն հասկանում եք, որն է մտածողության ուրիշ հարթությունը, այս ինչ բաժանում է՝ սոցիալիստ: Ինչ որ մարդիկ՝ շատ խելոք, հարգելի, խելացի, որոշել են, որ մենք 100 տարի առաջ, կամ 150, 200 տարի առաջ, որ մենք 2013 թվին, որ ստեղծենք քաղաքական միավոր, մեր ընտրությունն այս է՝ կամ այս պետք է լինես, կամ այս, այսինքն ընտրեք, սրանից դուրս չեք կարող: Մենք հենց սա մերժեցինք, մենք ասեցինք մենք մտածողության ուրիշ հարթություն ենք ստեղծում, մենք մտածողության ուրիշ հարությունում ենք գործելու և ուրիշները չեն կարող որոշել մենք ինչ անենք, երբ անենք, որտեղ անենք և ինչպես անենք, մենք ինքներս կորոշենք: Եվ մեր վրա ծիծաղում էին:

Եվ տեղի ունեցավ այն, ինչ որ Մահաթմա Գանդին ժամանակին մի առիթով ասել էր՝ սկզբից քեզ վրա ծիծաղում են, հետո դու հաղթում ես: Հիմա էլ մեր տնտեսական ծրագրի վրա են ծիծաղում: Այն ժամանակ էլ մեզ ասում էին, դե ասեք ինչպես եք անելու ձեր թավշյա հեղափոխությունը՝ կոնկրետ երբ, որտեղ, տարվա որ եղանակին: Այն ժամանակ նույնպես, մենք հիմնականում խուսափում էինք կոնկրետ թվեր ասելուց, մենք պարզապես հավատում էինք, որ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիներ արձագանքելու են մեր կոչին, բայց չէինք համարձակվում կանխատեսել: Գուցե նաև չէինք կարող կանխատեսել ու սրանում ամոթալի ոչինչ չկա: Հենց սրանում է հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխության հմայքը, որ մնացել է անկանխատեսելի Հայաստանի և աշխարհի բոլոր առաջատար քաղաքագետների, վերլուծական կենտրոնների և նույնիսկ հատուկ ծառայությունների համար: Այսինքն, աշխարհում չի եղել որևէ վերլուծական կենտրոն, որևէ հատուկ ծառայություն, որևէ մտքի տիտան, որոնք զբաղվել են Հայաստանով և իրենց երկրների ղեկավարներին հաստափոր զեկույցներ են ներկայացրել ՀՀ-ի մասին, մի կանխատեսում անգամ չի եղել: Նաև հենց սրա արդյունքում մեր հեղափոխության հաղթանակը դարձավ առավել շռնդալից, առավել ցնցող և առավել տպավորիչ: Եվ հետևաբար, մենք այդպիսի կանխավարկածով ենք մոտենում նաև հայկական տնտեսական հեղափոխությանը, մեր առանցքային պարտավորությունը համարելով անկեղծ և անմնացորդ ծառայելը նրա հաղթանակին, ՀՀ քաղաքացու տնտեսական հաղթանակի համար իրական հնարավորություններ ստեղծելը: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարությունը ՀՀ քաղաքացիների համար տնտեսական ակտիվության հնարավորություններ ստեղծելն է, քաղաքացիների տնտեսական ակտիվությունը և աշխատանքը քաջալերելը: Նույնը վերաբերում է նաև օտարեկրյա ներդրողներին:

Այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում անդրադառնալ մի հարցի. արդեն երկար ժամանակ ով չի ալարում, մեր կառավարությանը մեղադրում է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարություն չունենալու մեջ, մինչդեռ հեղափոխությունից անմիջապես հետո մենք հստակ հայտարարել ենք, որ տնտեսական զարգացման մեր առանցքային ռազմավարությունը ժողովրդավարությունն է, օրենքի կամ իրավունքի գերակայության հաստատումը, պայքարը կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը, հարկային համակարգի պարզեցումը, ուղղակի հարկերի թեթևացումը: Մեր այս հայտարարությունները մինչև հիմա էլ ոմանց քիմքին շարունակում են անհաճո թվալ և նրանք շարունակում են աղաղակել, թե կառավարությունը տնտեսությունը զարգացնելու ռազմավարություն չունի: Մինչդեռ անցյալ տարի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ լույս տեսավ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք վերնագրին, «Ինչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» վերնագրված հոդվածների ժողովածու, որը Հայաստանի հեղինակավոր տնտեսագետները, ամենահեղինակավոր տնտեսական կառույցների ներկայացուցիչներն իրենց պատկերացումներն էին շարադրել այդ գրքում, թե ինչ պետք է անել Հայաստանի տնտեսական կայուն զարգացման ռելսերի վրա դնելու համար: Եվ ով զարմանք՝ նրանց նկարագրածը գրեթե 100 տոկոսով համապատասխանում է կառավարության պատկերացումներին: Տնտեսական գիտությունների դոկտորը, պրոֆեսորը, մեր ամենահեղինակավոր դոկտորները, պրոֆեսորները, ասում են մեր տնտեսական զարգացման համար ինչ է պետք ու թվարկում են՝ պայքար կոռուպցիայի դեմ, օրենքի գերակայություն, անկախ դատական իշխանություն, մենաշնորհների դեմ պայքար, այսինքն նույնը՝ ինչ-որ 100 տոկոսով անում է կառավարությունը: Եվ հետևաբար, մեր տնտեսական քաղաքականության առանցքային գործոնը հենց դա է՝ ապահովել հավասար հնարավորություններ և քաջալերել մարդկանց տնտեսական ակտիվությունը, քաջալերել աշխատանքը, քաջալերել ստեղծագործությունը:

Այս առումով, իհարկե, կան մի քանի շատը կարևոր և առանցքային բարեփոխումներ, որ մենք պատրաստվում ենք իրականացնել և այդ բոլոր բարեփոխումների իմաստը լինելու է հետևյալը՝ քաջալերել մարդկանց աշխատանքը, քաջալերել մարդկանց տնտեսական ակտիվությունը և երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար և, ի վերջո, ամենակարևոր նպատակներից մեկը, իհարկե, աղքատության հաղթահարումն է: Ես ուզում եմ ասել, որ աղքատության հաղթահարման գործում շատ կարևոր ենք համարում Հարկային օրենսգրքի փոփոխության մեր ունեցած պատկերացումների մի հատվածը, որը պլանավորում է Հայաստանի տնտեսական համակարգում նոր հասկացություն ներմուծել պայմանականորեն, որը պիտի անվանենք միկրո բիզնես և որը պետք է ազատված լինի բոլոր հարկերից: Խոսքը մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսների մասին է և մենք առաջիկայում ձեր օգնությամբ, ձեր հետ միասին, հույս ունեմ կընդունենք այդ օրենքը, որը հնարավորություն կտա իսկապես քաջալերել մարդկանց փոքր բիզնեսը: Ընդհանրապես, մենք կարծում ենք, որ այն նորամությունը չափազանց կարևոր է աղքատության հաղթահարման տեսակետից: Ընդհանրապես ՀՀ-ում աղքատության հաղթահարման միջոցների և մեթոդների վերաբերյալ կան տարբեր պատկերացումներ, տարբեր մոտեցումներ, և ցավոք, աղքատություն հաղթահարել ասելով շատ դեպքերում հասկացվում է աղքատ մարդկանց սնունդ, հագուստ և այլ նյութական միջոցներ մատակարարելը, առանց պատասխանելու հետևյալ հարցին, եթե դա հնարավոր է անել մի օր, մի շաբաթ, մի ամիս, մի տարի, դրանցի հետո ինչ է տեղի ունենալու և ես նախկինում էլ ասել եմ բազմիցս, որ իմ կարծիքով այս մտածողությունը հատուկ ներդրված, գուցե ենթագիտակցորեն, մտածողություն է, որը պիտի ծառայի կոռուպցիոն համակարգին, այսինքն մարդկանց ոչ թե աջակցել աղքատությունը հաղթահարելու գործում, այլ մարդկանց աջակցել աղքատության մեջ ավելի թաղվելու գործում, որովհետև ընտրությունից ընտրություն հնարավոր լինի ընտրակաշառքներով գնալ և հարյուր հազարավոր ձայներ հավաքել: Ես ուզում եմ շատ հստակ ասել, որ աղքատության հաղթահարման մեր պատկերացումն առաջին հերթին աշխատանքն է: Չկա և չի կարող լինել աղքատության հաղթահարման որևէ այլ մեթոդ, քան աշխատանքն է: Եվ մենք պիտի ՀՀ քաղաքացիներին օգնենք, քաջալերենք, խոսքն աշխատունակ քաղաքացիների մասին է, որպեսզի նրանք կարողանան իրենք իրենց համար՝ առաջին հերթին, մենք մյուս աշխատատեղերին նույնպես կանդրադառնանք, բայց առաջին հերթին իրենք իրենց համար կարողանան, ի վիճակի լինեն ստեղծել աշխատատեղեր և հաղթահարել աղքատությունը: Ընդհանրապես, մենք այսպիսի մի գաղափար ունենք և այդ գաղափարի իրագործումը մեզ համար շատ կարևոր է, չափազանց կարևոր է, մենք ասում ենք, որը ներառված է նաև մեր ծրագրում, ասում ենք, որ ՀՀ-ում պետք է լինի զրոյից բիզնես ստեղծելու հնարավորություն: Ես ինչու մեր հեղափոխության պատմությունը ցույց տվեցի և ինչու դրեցի այդ ստարտափի տրամաբանությունը: Ինչն է ստարտափը, դա այն է, որ դու ունես գաղափար, որն այնքան գրավիչ է, նաև ուրիշների համար, ովքեր կարող են նաև ֆինանսական ներդրումներ անել և այդ ներդրման միջոցով դու կարող ես այդ գաղափարի կիրառման և ընդգրկման ծավալները մեծացնել:

Եվ հետևաբար, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ՀՀ-ում մարդը զրոյից բիզնես անելու հնարավորություն ունենա: Ինչ պետք է անել սրա համար: Սրա համար նախ պետք է հարկային արտոնյալ պայմաններ ստեղծել, որպեսզի հարկերի տակ մարդը, քաղաքացին չճռա, երկրորդը՝ մեծացնել ֆինանսական հոսքերի հասանելիությունը, որպեսզի մարդը որոշակի վարկավորում ունենանալու և հնարավորինս էժան տոկոսներով վարկավորում ունենալու հնարավորություն ունենա և նաև օգնել նրան իր բիզնես կրթության մակարդակը բարձրացնելու առումով, որպեսզի նա կարողանա հաղթահարել իր աղքատությունը: Հետևաբար, մեր տնտեսական քաղաքականության կարևոր նրբություններից մեկը միկրոբիզնես հասկացության հիմնումն է և միկրոբիզնեսի ծավալման, ստեղծման, ձևավորման զարգացման համար ստեղծել առավել նպաստավոր պայմաններ:

Ընդհանրապես, աղքատություն հասկացության մեկնաբանությունը չափազանց կարևոր է: Տեղյակ եք անշուշտ, որ այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է, և ես այսօր առավոտյան օրը սկսեցի Հրանտ Մաթևոսյանից մի փոքր հատված մեջբերելով նրա հայտնի «Ծառերը» ստեղծագործությունից և ես այդ կտորը հատուկ էի ընտրել այսօրվա քննարկման առիթով, որովհետև, ես կարծում եմ, որ աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երևույթ է: Աղքատությունը նաև հոգեբանական երևույթ է, աղքատությունը նաև մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի, և ես կարծում եմ, որ մտածողության այս որոշակի տեսակի մասին է ահազանգել Հրանտ Մաթևոսյանը իր «Ծառերը» ստեղծագործության մեջ: Ես առավոտյան այդ մի կտորը կարդացի Հրանտ Մաթևոսյանի հոբելյանի առիթով, և հիմա այստեղ, անկեղծ ասած, պատեհ եմ համարում ևս մեկ անգամ կրկնել՝ հույս ունենալով, որ Ազգային ժողովից հնչածն առավել հասանելի և լսելի կլինի մեր քաղաքացիներին:

Ես սա ասում եմ աղքատության առիթով՝ ցույց տալու համար և հիմնավորելու համար իմ այն պնդումը, որ աղքատությունը միայն զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չէ: Մարդու աղքատությունն առաջին հերթին գլխում է: Որևէ մարդ, որն իր մտքում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա, չի հաղթահարի. տար ամեն օր 1000, 100000 դոլար տուր, եթե ինքն իր գլխում աղքատությունը չի հաղթահարել, չի հաղթահարի:

Եվ ուրեմն, ի՞նչ է ասում Հրանտ Մաթևոսյանը՝ իմ կարծիքով նկարագրելով աղքատությունը որպես մտածողություն. «Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում – իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է – իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս:

Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է»:

Խեղճությունն է աղքատությունն առաջին հերթին: Մեր կառավարության նպատակը, մեր քաղաքական թիմի նպատակը և իմ անձնական նպատակն իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում եղել է հետևյալը, որ Հայաստանի քաղաքացին խեղճությունը հաղթահարի: Հայաստանի քաղաքացին քաղաքական իմաստով հաղթահարել է խեղճությունը, և դա քաղաքական հեղափոխությունն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տնտեսական իմաստով հաղթահարի խեղճությունը, և դա է տնտեսական հեղափոխությունը:

Վերադառնալով միկրոբիզնեսին՝ ուզում եմ ասել, որ ինչպես և խոստացել ենք, այս կատեգորիայի տակ կմտնեն նաև անհատ տաքսու վարորդները, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր նորամուծություն է սոցիալական խնդիր լուծելու համար: Եվ ահա վերադառնալով գաղափարական մասին՝ շատ կարևոր է, թե ինչպես են մարդիկ արձագանքելու այս հնարավորությանը: Մենք ասելու ենք՝ ով տարեկան մինչև 24 միլիոն շրջանառություն ունի, հարկեր չի վճարում: Ի դեպ, ասեմ, որ դրա հետ կապված կա 2 հարց, որ մենք իրար հետ պետք է քննարկենք. եկամտահարկ չի վճարվելու, միանշանակ, բայց հարցը հետևյալն է. արդյոք կենսաթոշակային կամ սոցապ վճար պիտի վճարի՞, թե՞ ոչ, որովհետև դա, ըստ էության, ոչ թե վճարում է պետությանը՝ որպես հարկ, այլ սոցիալական վճար՝ ինքն իր կենսաթոշակային ապագան որոշելու համար: Բայց սա ուրիշ տեխնիկական թեմա է: Հիմա հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս են արձագանքելու մարդիկ, և ինչպե՞ս ենք որոշելու մենք՝ մարդը տարեկան 24 միլիոն շրջանառություն ունի, թե՞, օրինակ, 80 միլիոն: Դա որոշվելու է ՀԴՄ-ների աշխատանքի արդյունքում, այսինքն՝ մարդն աշխատելու է, տարվա արդյունքում իմանալու ենք՝ իր շրջանառությունն ինչքան է: Եվ հետևաբար, այստեղ մենք ունենք մի հարց. այս առաջարկի, այս հնարավորության արդյունքում մեզ մոտ 0-ից ստեղծվելո՞ւ են միկրոբիզնեսներ, թե՞, ասենք, 100 միլիոնանոց բիզնեսները դառնալու են 5 կամ 6 հատ միկրոբիզնեսներ: Այս պրոբլեմը մենք այսօր արդեն ունենք Հայաստանի Հանրապետությունում: Երբ Հայաստանում շրջանառության հարկը ներդրվեց, բոլորիս թվում էր, թե մենք տնտեսության համար մի բալասան ենք գտել: Ասում էինք՝ փոքր բիզնեսին աջակցելու ենք, բայց միլիարդանոց ընկերությունները դառան շրջանառության հարկ վճարող, և այդ դեպքերը բոլորս գիտենք. բերեցին, խանութներում ամեն մեկը 65 հատ հաշվիչ դրամարկղային մեքենա շարեցին 65 տարբեր անհատ ձեռներեցների անունով և հարկերից սկսեցին խուսափել:

Սա է պարտնյորությունը, սա է մեր պատկերացումը, և շատ կարևոր է, թե ամեն հնարավորությանը ինչպես են արձագանքում՝ հիմա էլի սկսելո՞ւ ենք այդ ՀԴՄ մեքենայությունները, թե՞ չենք անելու: Ե՛վ գործարարի, և՛ քաղաքացու, և՛ պաշտոնյայի համար ՀԴՄ տալը դառնալո՞ւ է մշակույթ, թե՞ չի դառնալու: Ուզո՞ւմ եք կանխատեսենք՝ ինչ է լինելու հռչակված տնտեսական հեղափոխության արդյունքում: Թող ամեն քաղաքացի ասի՝ ՀԴՄ կտրոն խփել-չխփելու հետ կապված իր դիրքորոշումն ինչպիսին է լինելու, և ես կասեմ՝ ինչ է լինելու տնտեսական հեղափոխության արդյունքում: Եթե քաղաքացին էլի ասելու է՝ ՀԴՄ կտրոն մի տուր կամ մի խփի, ինձ պետք չի, կամ նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները խանութներում շարունակելու են այդ գործելակերպը, ոչ մի բան էլ չի ստացվելու: Մենք էլի մեր խեղճության մեջ տապակվելու ենք, ասելու ենք՝ դե կառավարություն, բա ինչի՞ այս հարցն այսպես չլուծեցիր:

Կառավարությունն իր բաժինը կանի: Ընդ որում, տառապանքս փորձ ունի. ինչպես հիշում եք, մենք, նաև հանրային դրսևորումներ հաշվի առնելով, սեպտեմբերին որոշում կայացրեցինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներ ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարում իրականացնելու պարտավորության վերաբերյալ: Այս խուճուճ վերնագրով որոշումն այն մասին էր, որ քաղաքացիները մինչ այդ կարող էին 25 կգ ապրանք ներկրել առանց հարկային պարտավորությունների, որոնք պետք է լինեին ոչ առևտրային նպատակներով: Այսինքն՝ կառավարության այդ որոշման ընդունման ժամանակ ես նույնիսկ ասացի, որ մեր ժողովուրդը սիրում է, որ գնում է դուրս, տնեցիների, հարևանների, ամեն մեկի համար մի նվեր բերի: Մենք այդ չափաքանակը բարձրացրեցինք, դարձրեցինք 50 կգ: Եվ մեր սիրելի հայրենակիցներն ինչպե՞ս արձագանքեցին դրան՝ բերում էին, ֆուռերը կանգնեցնում էին Բագրատաշենի չեզոք գոտում, և 50, 50 կգ-ով մի ֆուռ ապրանքը ներկրում էին Հայաստանի Հանրապետություն: Հիմա լավ արեցի՞նք, որ այդ հնարավորությունը քաղաքացիների համար ստեղծեցինք, թե՞ վատ արեցինք: Մենք սրա համար ենք ասում. ինչպես քաղաքացիներին ասում էինք, որ այդ հեղափոխությունն առաջնորդ չունի, դուք եք ամեն մեկդ այդ հեղափոխության առաջնորդը, մենք հիմա էլ ենք ասում, մենք մեր մասն ենք անում, մեր ներդրումն ենք անում: Ամեն մարդ իր ներդրումը բերո՞ւմ է, թե՞ չի բերում՝ սրանից է կախված տնտեսական հեղափոխության ճակատագիրը:

Ընդհանրապես պետք է էական փոփոխություն լինի հարկեր վճարելու գործընթացի վերաբերյալ վերաբերմունքում: Եկեք հետևենք մեր երկրում տեղի ունեցող դիսկուրսին. ում ուզում ես մոտենաս, ասես, դու պետք է հարկ վճարես, մեկը հայտնի երգիչ է, մյուսը հայտնի փաստաբան է, մյուսը՝ հայտնի մտավորական, մյուսն ընդհանրապես հայտնի երիտասարդ է, ու ում մոտենում, ասում ես՝ դու պիտի հարկ վճարես, ասում է՝ ո՞նց, ես պիտի հարկ վճարեմ: Ես ինչի՞ հարկ վճարեմ: Բայց չէ՞ որ ես հայտնի եմ, ո՞նց, երգիչներից կարելի՞ է հարկ վերցնել, փաստաբաններից հա՞րկ եք ուզում վերցնել, այս ի՞նչ խայտառակություն է: Ոչ ոք չի ուզում հարկ վճարել, բայց բոլորն ուզում են թոշակները բարձրանան, աշխատավարձերը բարձրանան, պաշտպանության մակարդակը բարձրանա, ճանապարհները լավ լինեն, բայց ոչ մեկը հարկ չվճարի: Սա Հայաստանի Հանրապետության ամենամեծ դիլեման է:

Հիմա մենք ասում ենք՝ կոռուպցիայի դեմ պայքարում ենք, մենաշնորհների դեմ պայքարում ենք և պայքարել ենք և դաշտ ենք ստեղծել: Մենք հրավիրում ենք տնտեսական հեղափոխությունն անելու: Այո՛, բոլորը պատրաստ են դա անել, միայն թե իրենք կողքից հետևեն, հանկարծ իրենց չվերաբերվի, իրենց վրա ոչ մի պարտավորություն չլինի: Պարտավորություն լինի միայն կառավարության վրա՝ սա կանեք, նա կանեք և լավ կլինի վերջում աշխատավարձ չստանաք:

Բայց ես ուզում եմ նշել, որ աղքատության հաղթահարման գործում մենք ամեն դեպքում, քավ լիցի, չենք բացառում սոցիալական աջակցության էֆեկտը: Դա նույնպես կարևոր է, բայց մենք բոլորս գիտենք, որ այս ոլորտում նույնպես մենք ունենք լրջագույն պրոբլեմներ, որոնցից մեկը աղքատության նպաստների և ընտանեկան նպաստների հասցեականության պրոբլեմն է: Ընդհանրապես մենք ասում ենք, մեր ծրագրում գրել ենք, որ ծայրահեղ աղքատությունը մինչև 2023 թվականը վերացնելու ամբիցիա ունենք: Իրականում դա շատ մեծ ամբիցիա չէ, որովհետև հաշվարկներն ասում են, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար հարկավոր է ամեն տարի եղած գումարից հավելյալ ընդամենը 1.4 մլրդ դրամ ծախսել: Չնայած դա միակ հաշվարկը չէ, այսինքն՝ իրականում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար պետք է մեզ համար հենց այսօր հասանելի գումար ծախսել: Բայց կա մի պայման՝ պետք է այդ գումարը գնա և ճիշտ հասցեատիրոջը հասնի:

Հիմա մեր ամբողջ սոցիալական նպաստի համակարգն ինչպե՞ս է գործում: Օրինակ, մենք ինչպե՞ս ենք վերաբերվում այն պրոբլեմին, որ այսօր ՀՀ-ում կա ընտանեկան նպաստի, այսինքն՝ «Փարոս» համակարգից օգտվող մարդ, ով ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում: Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք հազարավոր մարդիկ, որոնք ամեն ամիս 500000 դրամ և ավելի վարկ են փակում՝ հիպոթեկային վարկ, տարբեր վարկեր և այլն: Եվ այդ մարդիկ համարվում են Հայաստանի Հանրապետությունում աղքատ, և ուրիշ մարդիկ, որ աղքատ են: Բայց կարևորը սա չէ: Մենք չենք ուզում ուրիշին վատություն անել, բայց նրանք այս գումարը, ըստ էության, տանում են այն մարդկանցից, ովքեր իրականում աղքատ են: Հիմա այս տվյալը մենք ունենք դեռևս չհասցեավորված, այսինքն՝ որոշակի վարժություններ կատարելու արդյունքում մենք այս տվյալն ստացել ենք, և հիմա առաջիկա մեր խնդիրը լինելու է հասցեական դարձնելը, այսինքն՝ անուն, ազգանուն, հեռախոսի համարներով այդ մարդկանց տեղորոշելը: Եվ ընդհանուր առմամբ մեր խնդիրը լինելու է աղքատության նպաստների համակարգն առավել հասցեական դարձնելը:

Հաջորդ կարևոր խնդիրը հետևյալն է. ցավոք, այսօր ստեղծվել է մի վիճակ, որ «Փարոս» համակարգը մարդկանց հետ է պահում աշխատելուց, այսինքն՝ մարդիկ նախընտրում են չաշխատել, որպեսզի աղքատության այդ «Փարոս» համակարգի մեջ գտնվելով՝ որոշակի արտոնություններից օգտվեն: Մենք այս խնդիրը շատ արագ պետք է լուծենք, և կա շատ արմատական լուծման տարբերակ, որը քննարկում ենք: Մենք վստահ չենք, որ դա ճիշտ լուծում է, որովհետև շատ կարևոր է այստեղ այնպիսի քայլերով գնալ, որ ունքը սարքելու տեղը աչքը չհանենք: Օրինակ, տարբերակներից մեկը՝ մենք կարող ենք ասել, որ այն մարդիկ, ում գնահատականները, ում հավաքած միավորներն օբյեկտիվ են, առաջիկա մի տարվա մեջ աշխատելու պատճառով կամ շնորհիվ եկամուտների ավելացման պարագայում ընդհանրապես նպաստից նրանցից որևէ մեկը չի զրկվելու, այսինքն՝ թող մարդիկ հանգիստ գնան, ընդունվեն աշխատանքի, ձևակերպվեն և այլն: Այս մի տարվա ինֆորմացիան վերլուծենք և խոստանանք նաև հետագայում այդ մի տարվա ինֆորմացիան իրենց դեմ չենք օգտագործելու, եթե խոսքը վերաբերում է ընդամենը աշխատելուն և աշխատանքը ձևակերպելուն և չի վերաբերում ընդհատակյա միլիոնատեր լինելուն: Սա մի գործիք է, որը մենք առաջիկայում պետք է անպայման կիրառենք:

Հաջորդ կարևոր փոփոխությունը Հարկային օրենսգրքում է, որն էլի շատ մեծ քննարկումների տեղիք է տալիս: Դա համահարթ եկամտահարկի հաստատումն է, և մենք մտադիր ենք եռաստիճան եկամտահարկի համակարգը դարձնել միաստիճան, այսինքն՝ բոլոր տիպի աշխատավարձերի համար նախ սահմանել 23 տոկոս եկամտահարկ և պարտավորվել, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք եկամտահարկը կդարձնենք էլի համահարթ 20 տոկոս: Ինչո՞ւ ենք սա անում՝

1. Մեզ քննադատում են, ասում են, որ մենք փաստորեն բարձր աշխատավարձ ստացողներին ենք սրանով աջակցում: Սրա մեջ կա ճշմարտության որոշակի հատիկ, և ըստ էության՝ դա մեր նպատակադրումների մեջ է, որովհետև մենք ուզում ենք խրախուսել բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Մենք ուզում ենք ոչ թե խոչընդոտներ ստեղծել աշխատավարձի բարձրացման համար, որովհետև այսօրվա հարկային համակարգի պայմաններում ամեն գործատու աշխատավարձ բարձրացնելուց առաջ պետք է մտածի, որ իր վրա այսքան հավելյալ հարկային բեռ է գալիս: Մենք ուզում ենք ստեղծել պայմաններ, որ խթանվի բարձր աշխատավարձը, ոչ թե ցածր աշխատավարձը, որովհետև եթե մենք ուզում ենք տեխնոլոգիական երկիր լինել, տեխնոլոգիական երկրում ցածր աշխատավարձերի քաղաքականություն չի վարվում, պետք է վարվի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, և սա հաջորդ մեր նպատակն է: Տեխնոլոգիական ոլորտի համար՝ մենք ասում ենք, որ մեր շուկան ուզում ենք տեխնոլոգիական ներդրումների համար դարձնել առավել գրավիչ: Ինչպե՞ս պետք է դարձնենք առավել գրավիչ՝ հենց այսպես. երբ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչը, պոտենցիալ ներդրողը կտեսնի, որ իր պոտենցիալ ներդրման պայմաններում Հայաստանում աշխատավարձերի հարկման առավել նպաստավոր պայմաններ են գործում:

Եվ հաջորդ կարևոր նպատակադրումը, որ մենք ասում ենք, ամենամեծ բողոքը, որ մենք լսում ենք ընդհանրապես պոտենցիալ ներդրողներից, ո՞րն է. այն, որ մեր հարկային համակարգն ընդհանրապես չափազանց բարդ է, չափազանց խուճուճ է, և նույնիսկ պրոֆեսիոնալ հաշվապահները երբեմն առանց ՊԵԿ-ի աջակցության չեն կարողանում հասկանալ՝ ինչն ինչպես պետք է անել, որպեսզի օրենքը խախտած չլինեն: Շատ դեպքերում նույնիսկ ՊԵԿ-ի աջակցությամբ հնարավոր չի լինում դա պարզել: Գուցե նաև սա էլ է գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ուղիղ արվել՝ այնքան խճճել, որպեսզի հնարավոր չլինի օրինական դաշտում աշխատել, որպեսզի հնարավոր լինի ամբողջ տնտեսական դաշտը վերցնել վերահսկողության տակ: Մենք կարծում ենք, որ մեր հարկային համակարգը պետք է հնարավորինս պարզ լինի: Այո՛, մենք այս հարկային թեթևացումով նաև ակցիզային հարկով հարկվող ապրանքների պարագայում որոշակի հարկային բեռի ավելացում ենք անելու, և դա պայմանավորված է նաև ԵԱՏՄ շրջանակում արդեն իսկ գոյություն ունեցող օրենսդրությունների հետ: Ի դեպ, ասեմ՝ այն 50 կգ-երը, որ հունվարի 1-ից դարձել են 25 կգ, որի մասին քիչ առաջ ասում էի, դա ոչ թե մեր կառավարության որոշմամբ է տեղի ունեցել, այլ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում, և մենք այս ամիսներին ուզում էինք մեր քաղաքացիներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք առավել նպաստավոր պայմաններով աշխատեն՝ ոչ թե աշխատեն, այլ ճամփորդեն, բայց մենք տեսանք, թե դա ինչի հանգեցրեց: Ես էլի ուզում եմ ասել՝ մեր կարևոր նպատակադրումը ընդհանուր առմամբ հարկային համակարգի պարզեցումն է, և հարկային համակարգի պարզեցման միջոցով մենք որոշակի հարկային դիվերսիֆիկացիա կունենանք: Կարծում ենք, որ սա ճիշտ քաղաքականություն է՝ պետք է ուղղակի հարկերի վրայից բեռը հանել և տեղափոխել անուղղակի հարկերի վրա, որովհետև սա առաջին հերթին խթանում է գործարարությունը և տնտեսական ակտիվությունը:

Հաջորդ կարևորագույն գործոնը, որ մենք մտադիր ենք իրականացնել՝ Հայաստանի տնտեսական դաշտն առավել գրավիչ դարձնելու համար, կարգավորումների հնարավորինս նվազեցումը և պարզեցումն է: Մենք ասում ենք, որ այն կարգավորումները, լիցենզավորումները, արտոնագրերը, որոնք պետությունը չի տալիս որևէ ռիսկ կառավարելու համար, ընդհանրապես պետք է վերացվեն: Այսինքն՝ եթե այդ կարգավորման վերացման արդյունքում որևէ ռիսկ չի առաջանում՝ կլինի անվտանգության, առողջապահական իմաստով անվտանգության կամ որևէ իմաստով անվտանգության հետ կապված կամ այլ ռիսկեր, բոլոր կարգավորումները պետք է հանվեն, որպեսզի բիզնեսը կարողանա անկաշկանդ և ազատ գործել: Սա կառավարության գործունեության հաջորդ կարևոր ուղղությունն է:

Ես ուզում եմ ասել, որ հենց սրա հետ է կապված նախարարությունների թիվը կրճատելու կառավարության նպատակադրումը, որի վերաբերյալ օրենքի նախագիծը առաջիկայում մենք կներկայացնենք Ազգային ժողով: Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ՝ մի քիչ գործնական և մի քիչ էլ գաղափարական և փիլիսոփայական, որովհետև եթե շատ է նախարարությունների թիվը, եթե շատ են պետական աշխատողները, այդ նախարարությունները պետք է ինչ-որ բան կարգավորեն, չէ՞, այսինքն՝ ինչքան մեծանում են նախարարությունները, այնքան ավելանում են կարգավորումները: Երբ փոքրանում են նախարարությունները, նախարարությունների թվի փոքրացման արդյունքում ամենամեծ հնչող մտահոգությունն այն է, որ ասում են՝ այդ ծավալով կառավարությունը, պետական համակարգը չի կարողանա աշխատանքի ամբողջ ծավալն անել: Մենք էլ դա ենք ասում, հետևաբար, պետք է փոքրացնել այդ աշխատանքի ծավալը, որպեսզի միջամտությունը բիզնեսին և բոլոր այն տեղերում, որտեղ այդ միջամտության կարիքը չկա ռիսկերի կառավարման առումով, կարողանանք հանել:

Այս առումով ես ուզում եմ միանգամից ասել, որ չեմ կիսում այն գնահատականները, որ նախարարությունների թվի կրճատման հարցին պետք է նայել պոտենցիալ աշխատատեղերի կրճատման կամ ավելացման տրամաբանության մեջ, որովհետև, այո՛, այդ թվում խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ասում են՝ բա նախարարությունների թիվը որ կրճատում ենք, աշխատատեղերի մասին չե՞նք մտածում: Եթե պետական կառավարման համակարգը մենք դիտում ենք որպես աշխատատեղ, եկեք ուրեմն գնանք ուրիշ ճանապարհով. Ազգային ժողով-կառավարություն համաձայնությամբ ևս մի 20000 նոր աշխատատեղ բացենք: Նախարարությունների թիվը Սահմանադրությամբ չենք կարող ավելացնել, բայց կարող ենք հաստիքացուցակն ավելացնել. եկեք ամեն նախարարությունում 1000 հաստիք բացենք և 1000 մարդ ընդունենք գործի, ասենք աշխատատեղ ենք բացել, մարզպետարանների աշխատողների թիվը կրկնապատկենք, եռապատկենք, քառապատկենք, հնգապատկենք: Ինչո՞ւ որ ասում են՝ կառավարությունը պետք է մտածի աշխատատեղերի մասին, նկատի ունեն նախարարություննե՞րը: Այսօր որևէ մասնավոր ընկերություն համաձա՞յն է իր հաստիքների թիվն ավելացնել այնպիսի հաստիքներով, որի կարիքն ինքը չունի: Ովքեր այդպիսի քննադատություն են հղում կառավարությանը, ես առաջարկում եմ՝ թող իրենց ընկերություններում հազարավոր աշխատատեղեր ստեղծեն, և տեսնենք՝ այդ ընկերությունների հետ ինչ կլինի մեկ տարի, տարիուկես հետո:

Բայց, մյուս կողմից, արդյոք մենք ասո՞ւմ ենք, որ այդ մարդկանց սոցիալական վիճակի մասին ընդհանրապես չենք մտածում, և մեզ դա չի էլ հետաքրքրում: Ոչ, ամենևին, դրա համար մենք ամեն ինչ անում ենք՝ այս պրոցեսը հնարավորինս սահուն իրականացնելու համար: Դրա համար մենք այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի խոշոր կրճատումներ, այսպես ասած, ազատումներ տեղի չունենան, և յուրաքանչյուր պետական պաշտոնյա, նախարարության աշխատող այս գործընթացում ստանա իր հնարավորությունը՝ ապացուցելու, որ ինքն անում է կոնկրետ աշխատանք և ունի բավարար որակավորում՝ այդ աշխատանքն իրականացնելու համար: Հետևաբար, առաջին փուլում ուղղակի նախարարություններն ավտոմատ կմիանան իրար: Իհարկե, կլինեն որոշակի հաստիքների կրճատումներ, դրանք կլինեն կրկնվող հաստիքներ, բայց ընդհանուր առմամբ խոշոր կրճատումներ չեն լինի, այլ ժամանակի ընթացքում մենք կտեսնենք և այդ պրոցեսը կիրականացնենք բացառապես որակական և գործառութային տրամաբանության մեջ, այսինքն՝ ավտոմատ կրճատումներ չեն լինի:

Բայց նախարարությունների և պետական կառավարման համակարգի համատեքստում ես ուզում եմ մի խնդրի անդրադառնալ՝ վերադառնալով քաղաքացիների վարքի փոփոխությանը: Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության համատեքստում ես հասկանալիորեն կարևորեցի քաղաքացու քաղաքական վարքագծի փոփոխությունը՝ արձանագրելով, որ հենց քաղաքացու քաղաքական վարքագծի փոփոխությունն էր, որ բերեց հեղափոխության: Բայց արդար չեմ լինի, եթե չնկատեմ, որ 2018 թ. գարնանը Հայաստանի քաղաքացու քաղաքական վարքագծի փոփոխությունը տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Հայաստանի քաղաքացին տեսավ Հայաստանի Հանրապետության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կամ ընդդիմադիր առաջնորդների վարքագծի փոփոխությունը: Այդ պաշտոնյաներից մեկն Ազգային ժողովի խմբակցության ղեկավար էր, մյուսները՝ ԱԺ պատգամավորներ, նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Եվ ահա մի օր նրանք ոչ թե ուղղակի հարցազրույցներ էին տալիս, ինչպես ընդունված է Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության համար, ոչ թե ուղղակի հանրահավաք կամ երթ էին հրավիրում, այլ քայլում էին անձրևի ու արևի տակ՝ այդ ընթացքում անընդհատ խոսելով քաղաքացու հետ, քնում անտառներում, դաշտերում, փողոցներում, ոչ թե ուրիշներին էին ուղարկում պառկելու ավտոբուսների ու մեքենաների տակ, այլ իրենք էին դա անում, ոչ թե ուրիշներին էին ուղարկում իշխանության հետ դիմակայության առաջին գիծ, այլ իրենք էին հայտնվում այնտեղ, ոչ թե ուրիշներին էին հրահանգում փշալարեր անցնել, այլ իրենք էին դա անում, ոչ թե ուղղակի սուր քննադատության էին ենթարկում իշխանություններին, այլ, օրինակ, ծխաջահեր էին պարզում ԱԺ բարձր ամբիոնից՝ ազդարարելով խոսքից գործի անցնելու ժամանակի մեկնարկը:

Քաղաքական առաջնորդության վարքագծի փոփոխությունն էր, որ բերեց քաղաքացիների վարքագծի փոփոխության և նաև՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: Եվ այդ հեղափոխության առաջնորդները և նույնիսկ մասնակիցներից շատերն այսօր պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են: Հեղափոխության հարթակը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության կառավարող քաղաքական ուժն է, և այդ ուժը հայտարարում է տնտեսական հեղափոխության մեկնարկը, և այդ ուժն արձանագրում է, որ տնտեսական հեղափոխության առանցքային գործոնը քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխությունն է:

Բայց մենք ինքներս մեզ հետ և հանրության հետ ազնիվ չենք լինի, եթե չխոստովանենք, որ քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխության համար առանցքային նշանակություն ունի պետական պաշտոնյայի վարքագծի փոփոխությունը, և այս փուլում շատ կարևոր է բարձրաձայնել և պատասխանել մի չափազանց կարևոր հարցի՝ իսկ որքանո՞վ է այս ընթացքում մեզ հաջողվել փոխել պետական պաշտոնյայի վարքագիծը, և ինչքանո՞վ ենք մենք՝ թավշյա հեղափոխության կազմակերպիչներս, ի վիճակի եղել փոխել մեր կողմից ստանձնած պետական պաշտոնների վարքագիծը: Եթե ավելի պարզ ձևակերպեմ խնդիրը՝ որքանո՞վ ենք մենք ի վիճակի եղել լինել այնպիսի պաշտոնյա, ինչպես վայելում է լինել ժողովրդի ուժով և ժողովրդական հեղափոխությամբ բարձրաստիճան դարձած պաշտոնյաներին: Այս հարցի քննարկման ընթացքում, սիրելի պատգամավորներ, կառավարության սիրելի անդամներ, սիրելի հայրենակիցներ, պարտավոր եմ լինել մաքսիմալ անկեղծ և արդար՝ չտրվելով ո՛չ ականջահաճո գնահատականների, ո՛չ ինքնախարազանման չափազանցությանը, և ո՛չ էլ իրականությունից փախչելու հարմարավետ մեթոդաբանությանը:

Եվ ուրեմն, փոխվե՞լ է արդյոք պետական պաշտոնյայի վարքագիծը վերջին 10 ամիսների ընթացքում: Այս հարցի պատասխանին անդրադառնալիս պետք է նախ արձանագրել, որ պետական պաշտոնեությունն այսօր միատարր չէ կամ ավելի ճիշտ բազմազան է՝ առավել, քան երբևէ: Շատերը սրան ուշադրություն չեն դարձնում, ես հարկ համարեցի այսօր ընդգծել. այսօր պետական պաշտոնյա է և՛ քաղաքական ակտիվիստը, ով 2 կամ 10 տարի առաջ պայքարում էր իշխող կլանի դեմ, և՛ չինովնիկը, ոստիկանը, դատախազն ու քննիչը, ով հալածում էր իշխանության դեմ պայքարող այդ նույն ակտիվիստին, այսինքն՝ 2 տարի առաջ նրանցից մեկը պայքարում էր իշխանության դեմ, մյուսը հետևից ընկած բռնում էր, հալածում էր: Հիմա երկուսն էլ պետական պաշտոնյա են՝ և՛ այն պաշտոնյան, ով «նալոգներ» էր հավաքում բիզնեսից, իր փայը վերցնում, վերևների փայը տալիս վերևներին, և՛ պրոֆեսիոնալը, ով բացարձակապես անտարբեր է եղել քաղաքական նրբությունների նկատմամբ և առանց զգացմունքների կատարել է իր աշխատանքը՝ դրա դիմաց պահանջելով միայն համարժեք, այսինքն՝ բարձր վարձատրություն: Այսինքն՝ այն մարդը, ով պետական պաշտոնյա է եղել, միայն «նալոգ» է վերցրել-տվել, տվել-վերցրել, վերցրել-տվել, և՛ ինքն է այսօր պետական պաշտոնյա, և՛ այն մարդը, ով ասել է՝ ես պրոֆեսիոնալ եմ, իմ աշխատավարձը տվեք, ես իմ աշխատանքը կանեմ: Ե՛վ կաշառքով և ընտրակեղծարարության շնորհիվ պաշտոնն ստանձնածը, որի առաջնահերթ խնդիրը պաշտոնի համար ծախսած կաշառքը ետ բերելն է և այդ ներդրման բավարար շահութաբերությունն ապահովելը, և՛ չինովնիկը, որի համար պետական ծառայության միակ գրավչությունը ոչինչ չանելու անսահմանափակ հնարավորությունն է, և՛ ծառայողը, որի համար պետական կարգավիճակի միակ նպատակն ուրիշների նկատմամբ առավելություն ձեռք բերելն է, այդ առավելությունը հոգեբանական, երբեմն՝ ֆիզիկական, երբեմն ֆինանսական արդյունքներ արձանագրելը, երբեմն՝ բոլորը միասին:

Եվ ուրեմն, այսօր մենք ունենք մի վիճակ, երբ պետական պաշտոնյաների 10 կամ ավելի քիչ տոկոսը նորերն են, իսկ 90 կամ ավելի տոկոսը՝ հները: Սա նաև այսպես է, որովհետև 2018 թ. հեղափոխության հարթակից անձամբ ես տասնյակ անգամ խոստացել եմ, որ հեղափոխությունից հետո կադրային ջարդ տեղի չի ունենալու և տեղի չի ունեցել: Սա մեր պարտավորությունն է եղել, իմիջիայլոց, հեղափոխությունից առաջ: Մենք տասնյակ անգամ ասել ենք՝ ժողովուրդ, մենք իշխանության հասանք, կադրային ջարդ չենք անելու, այսինքն՝ գերանդին չենք վերցնելու և աջուձախ չենք հնձելու: Այսպես է նաև այն պատճառով, որ կառավարությունը խնդիր է ունեցել և ունի ապահովելու կառավարման համակարգի կայունություն: Պատկերացրեք՝ մենք հասնում էինք իշխանության և նախարարություններից հարյուրավոր և կառավարման համակարգից հազարավոր մարդկանց ինչ-որ մի ձևով, հեղափոխական տրամաբանությամբ ազատում էինք: Իսկ ի՞նչ էր լինում դրանից հետո:

Այսպես է նաև այն պատճառով, որ մենք չենք ցանկացել ու չենք ցանկանում քարուքանդ անել պետական կառավարման համակարգը և այն լցնել ու լցոնել մերոնցականներով: Մենք, ինչպես վերը նշեցի, չենք ուզում լինել խմբի կամ խմբային կառավարություն և նոր բաժանարար գծեր քաշել մեր հանրության մեջ՝ մարդկանց բաժանելով հների և նորերի, որովհետև կարծում ենք, որ յուրաքանչյուր հին նորանալու շանս պիտի ունենա, եթե դրա համար չկան անհաղթահարելի խոչընդոտներ, և ցանկացած նոր կարող է շատ արագ հնանալ, եթե երկրում չեն գործում հակակշիռների և փոխզսպումների իրական մեխանիզմներ: Եվ ուրեմն, խնդրո առարկա հարցի մասին խոսելիս պետք է նախ արձանագրել, որ մենք գտնվում ենք նոր պաշտոնյաների 10 տոկոսի և հին պաշտոնյաների 90 տոկոսի փոխազդեցության միջավայրում, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը և փորձում է ազդել մյուս կողմի պատկերացումների վրա:

Եվ ուրեմն, կարողացե՞լ ենք արդյոք վերջին 10 ամիսների ընթացքում փոխել պետական պաշտոնյայի վարքագիծը, թե՞ ավելի շատ պետական պաշտոններն են փոխել մեր վարքագիծը: Պետք է խոստովանել, և սա բնական է՝ այս հարցը չունի շատ հստակ պատասխան: Կամ ավելի ճիշտ ունի հստակ պատասխան և ամենաազնիվ պատասխանը հետևյալն է. այո՛, մենք կարողացել ենք պետական պաշտոնների վարքի, այսինքն՝ ինքներս մեզ վրա ազդել: Հույս ունեմ ճիշտ կարողացա նկարագրել՝ օրինակ, որ ես վարչապետ եմ դարձել, կարողացե՞լ եմ վարչապետի վարքի վրա ունենալ ազդեցություն, որ վարչապետը չլինի այնպիսին, ինչպիսին վարչապետը էր: Եվ այդպես պատգամավորը, նախարարը, ԱԺ փոխնախագահները, նախագահը: Պետք է խոստովանել, որ այստեղ ազդեցությունները փոխադարձ են: Այո՛, և՛ փոխվել է, և՛ չի փոխվել:

Ես ուզում եմ բերել շատ պրիմիտիվ օրինակներ, որոնք կարող են դա ցույց տալ, որովհետև համակարգը շատ լուրջ ազդեցության լծակ է: Երբեմն շատ դժվար է այդ համակարգին դիմադրելը, և դրա համար կրկնակի ջանքեր են պահանջվում: Բերեմ մի օրինակ. բնականաբար, իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում իմ տեքստերը ես ինքս եմ գրել, այսինքն՝ չի եղել երբևէ՝ մինչև վարչապետ դառնալու օրը, մի դեպք, երբ որևէ ուրիշ մեկն աշխատած լինի իմ ելույթի վրա, ինչ-որ պիտի ասեի, ես եմ ասել: Բնականաբար, վարչապետ դառնալուց հետո լինում են դեպքեր, որովհետև տարբեր առիթներ կան, երբ ինձ համար տեքստեր են գրում, որովհետև ես չեմ կարողանում անձամբ այդքան տեքստերը գրել և կարդալ: Եվ երբեմն ինձ բերում են տեքստեր, ես այդ տեքստը կարդում եմ, և այդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը: Ու ես զարմանում եմ՝ լավ, մարդիկ այս տեքստը որ գրել են, իրենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններ չե՞ն նկատել, տեղյակ չե՞ն՝ երկրում ինչ է կատարվել: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանը հիմա լիներ վարչապետ և գնար այդ միջոցառմանը, նույն տեքստն էր կարդալու: Նույն տեքստը բերվում և տրվում է ինձ՝ ենթադրենք այդ հանդիպումից մեկ կամ կես ժամ առաջ: Գուցե 3 օր դրած է այնտեղ, բայց ես ուղղակի ժամանակ չեմ ունեցել 3 օր առաջ դա նայել, գնալուց առաջ վերցնում, մեքենայի մեջ կարդում եմ:

Այս միջավայրում ենք աշխատում, և ես սա չեմ ասում որպես վատ, ոչ էլ ասում եմ որպես լավ բան: Ես ասում եմ սա որպես օբյեկտիվ իրականություն: Այո, մենք շատ դեպքերում ազդել ենք պետական պաշտոնյայի վարքագծի վրա: Օրինակ՝ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի կորտեժը փոքրացել է, չի վերացել, սակայն կարմիր լույսի տակ կանգնում է, դա փոփոխությո՞ւն է, թե՞ փոփոխություն չէ:

Խստագույն հսկողություն է իրականացվում, քանի որ ուզում ձեզ ուղիղ և պարզ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա, որովհետև սկզբից գիրք են նվիրում, հետո մի ուրիշ բան, հետո ոսկեղեններ, հետո թանկարժեք ինչ-որ բաներ և այլն: Ես ինչքան էլ շատ դեպքերում նույնիսկ վատ եմ զգում, բայց որովհետև հնարավոր չի կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս այդքան խիստ հսկողություն չեն անցնում մարդիկ, ինչքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետև դա միակ տարբերակն է: Ես համենայնդեպս 7 ամսվա արդյունքներով համոզվեցի դրանում, որ դա միակ տարբերակն է, որովհետև խնդրելով, աղաչելով, համոզելով չես կարող մարդկանց հետ անընդհատ կոնֆլիկտի մեջ մտնել:

Այսօր մենք ունենք նաև ուրիշ երևույթ, երբ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր ակտիվիստը մտածում է, թե ինքը պետք է գործի նույնկերպ, ինչպես նախկինում: Սա ավելի շատ վերաբերում է մեր հատվածին՝ չմտածեք հանկարծ, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, դադարել եմ ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել, ճիշտ է, ես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, բայց ես շարունակում եմ ընդդիմադիր մնալ այն ընդդիմադիր տրամաբանությամբ, որ ով աչքիս դեմը գալիս է՝ քլնգում եմ: Բայց պետք է հասկանալ, որ եթե չես կարող այս կարգավիճակում խոսել այնպես, ինչպես առաջ, դա չի նշանակում, որ ծախվել ես ինչ-որ մութ ուժերի, այլ պարզապես փոխվել է կարգավիճակը, պատասխանատվությունն ու հարաբերությունը: Եվ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա, ով ակտիվիստից դարձել է պետական պաշտոնյա, պետք է սա գիտակցի, որովհետև եթե չգիտակցի՝ պրոբլեմ է: Մարդը պաշտոն է ստացել, բայց իրեն թվում է, թե ինչպես նախկինում իր գործունեության ոլորտը ֆեյսբուքի էջն էր, հիմա էլ է դա: Եվ պետք է ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրելով՝ ասենք գնա ստուգի որևէ կազմակերպություն, առանց մտածելու որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնա, ասենք, փաստորեն դուք մինչև ստուգելը դուք արդեն որոշել եք: Չի կարող այդպես շարունակվել:

Եվ ի՞նչ պետք է անենք այսօր: Սիրելի հայրենակիցներ, պետք է պետական ծառայության ստանդարտները բարձրացնենք: Ստանդարտները պետք է բարձրացնենք ոչ թե ըստ քաղաքական ուժի, այլ ըստ հատկությունների, ըստ որակների: Եվ պետք է խոստովանել, հիմա ասելու եմ ամենացավոտ բանը բոլորիս համար, որ պետական պաշտոնի ստանդարտի բարձրացումն անհնար կլինի առանց պետական պաշտոնյաների և ապարատի վարձատրության բարձրացման: Դա ուղղակի անհնար է:

Կառավարությունից այսօր միտում է նկատվում՝ հոսք դեպի մասնավոր հատված: Ինչո՞ւ, որովհետև այսօր մենք ասում ենք պարգևավճարներ, պարգևավճարներ, պարգևավճարներ, ճիշտ ենք ասում, բայց այդ պարգևավճարները հրապարակային թափանցիկ ստացած մարդիկ տարի ու կես առաջ ծրարով փող են ստացել, ազատ են եղել բիզնես գործունեությունը պաշտոնների հետ համատեղել: Իսկ այսօր այդ ամեն ինչը չկա: Ու այդ մարդը մտածում է, թե 150 հազար դրամ աշխատավարձով ինչու մնամ այստեղ: Ես կառավարության աշխատակազմից արդեն կոնկրետ մի քանի դեպք գիտեմ: Մարդիկ գնում եմ մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այնտղ 400 հազար դրամի փոխարեն իրենց 1 մլն 200 հազար դրամ են առաջարկում: : Ասենք՝ ով կմնա այստեղ աշխատելու:

Եվ ամենադրական բանը վերջին շրջանում համարում եմ, որ այս ամեն ինչի վերաբերյալ այսպիսի բուռն հանրային բանավեճ է տեղի ունենում: Դա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք ինչ ենք անում և ինչի համար ենք անում: Շատ ճիշտ են ասում, երբ ասում են՝ պետական պաշտոնյայի աշխատավարձը պե՞տք է բարձր լինի, իսկ թոշակառո՞ւն: Շատ ճիշտ է հնչում, բայց հարց՝ պետական այն պաշտոնյան, որը պետք է զբաղվի թոշակառուի թոշակը բարձրացնելու խնդրի լուծմամբ, բավարար չափով չվարձատրվեց, արդյոք կարողանալու է արդյունավետ գործել թոշակառուի աշխատավարձը բարձրացնելու ուղիների վերաբերյալ: Կամ այսօր ընդհանուր առմամբ շատ է խոսվում, և արդարացի է խոսվում, Պետեկամուտների կոմիտեի պարգևատրումների չափերի վերաբերյալ: Եվ այո, շատ բան ճիշտ է ասվում և ես արդեն ասել եմ, որ 2019 թվականին նախկինում գոյություն ունեցող պարգևատրման ֆոնդը մենք ուղիղ 50 տոկոսով կրճատել ենք: Եվ դարձյալ ուզում եմ ասել, որ միշտ այս թեմաների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձ տալու ավադույթը միշտ ներկա է եղել: Այս վեճը իմ և համակարգի միջև սկսվել է մայիսից, և ամենակարևոր ահազանգը, որ ես լսում եմ նման գործողությունների արդյունքում հետևյալն է՝ իսկ արդյոք մենք հաշվել ենք, թե նման գործողությունները պետական բյուջեի եկամուտների հավաքագրման համար ինչ ռիսկեր կառաջացնեն, այդ թվում՝ թոշակառուների թոշակները վճարելով: Բայց չէ որ ասում են, որ 90 տոկոսն այդ պետական կառավարման համակարգում նույն մարդիկ են: Եվ մենք գալիս ենք և առաջին գործով նրանց եկամուտները, վարձատրությունը 50,60,70 տոկոսով կրճատում ենք: Այդ մարդուն առնվազն կաշառքից զրկում ենք, նալոգ հավաքելուց զրկում ենք, աշխատավարձն իջեցնում ենք, ասում ենք՝ գնա հարկեր հավաքի , ասում է՝ չեմ հավաքում, ընդհակառակը չեմ հավաքի հարկեր, որ ձեր հեղափոխական կառավարությունը, չկարողանա պետական բյուջեի եկամուտները հավաքի, չկարողանա թոշակ, աշխատավարձ վճարի, որ բունտ լինի: Իմիջայլոց, հակահեղափոխություն որ ասում են, դա շատ կոնկրետ պարամետրեր ունի: 2018 թվականի մայիսից առաջին խնդիրը, և սա ասում եմ օպերատիվ տեղեկատվությանը տիրապետելով, որոնք, համենայնդեպս, ինձ մատակարարվել է օպերատիվ ծառայությունների կողմից, ամենառաջին խնդիրը եղել է այն, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն, որովհետև այդ համակարգում 90 տոկոսով իրենց պատկերացմամբ եղել են իրենց մարդիկ: Եվ հեղափոխության ձախողումն ապացուցելու ամենակարճ ճանապարհը որ՞ն է՝ այո, մարդիկ 2018 թվականի հունվարին վատ էին ապրում, դժգոհ էին, բայց գոնե թոշակ էին ստանում, ցածր, բայց ստանում էին, գոնե աշխատավարձ էին ստանում, ցածր, բայց ստանում էին: Պատկերացրեք, այս 7 ամսվա ընթացքում մեկ էլ պարզվեր, որ բյուջեն չի հավաքագրվել և հնարավոր չէ թոշակ տալ: Կարո՞ղ էր լինել այդպիսի սցենար, իհարկե կարող էր, աշխատո՞ւմ էին ոմանք, որ այդպիսի սցենար լիներ, իհարկե աշխատում էին: Քաղաքական այլ ենթատեքստ չտաք, բայց եկեք գնանք ուշադիր հեռազոտենք, թե Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենաշատ ձայները որտե՞ղ է հավաքել՝ այն տեղերում, որտեղ կա այս պահին որոշ համակարգերում գործող պետական պաշտոնյանների որոշակի համակենտրոնացում: Ահա այդ տեղերում է Հանրապետական կուսակցությունն ամենաշատ ձայները հավաքել: Եվ եթե ուզում եք իմանալ, որ մեր կառավարությանը շատ դեպքերում նաև քննադատում են նման դեպքերի համար՝ կառավարությունը, այո, շատ դեպքերում նույնիսկ ստիպված է եղել ինչ-որ առումով փրկագին վճարել, որպեսզի այդ դրսևորումները կարողանա և հնարավորություն ունենա կառավարել: Որովհետև եթե թոշակառուն 7- 10 ամսվա ընթացքում թոշակ չստանար, իրեն չէր հետաքրքրի դրա պատճառները:

Հարգելի գործընկերներ, շարունակելով միտքը, ուզում եմ ասել, որ ՀՀ-ում տնտեսական հեղափոխություն իրականացնելու մեր ռազմավարությունը նույն տրամաբանսության մեջ է և մենք դա տեսնում ենք հետևյալի մեջ. ստեղծել հնարավորություններ, ապահովել կապիտալի և սեփականության անվտանգությունը, հասանելի դարձնել ֆինանսական, ներդրումային միջոցները, ապահովել հարկային բալանսավորված քաղաքականություն, անապահով խավերին աշխատանքի քաջալերել, այդ թվում՝ հարկային արտոնյալ միջավայր ձևավորելու միջոցով և մարդկանց գիտակցության մեջ առաջինը հարուցել տնտեսական հեղափոխություն, որի առանցքային նպատակն է տնտեսական վարքի փոփոխությունը:

Իհարկե, մենք ունենք նաև որոշակի առաջնահերթություններ և գործիքակազմ և այդ առաջնահերթությունների տրամաբանությամբ են տեղի ունենում նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունները, որ մենք պետք է առաջարկենք ՀՀ ԱԺ-ին: Ինչպես տեղյակ եք, մենք մտադիր ենք ՀՀ-ում հիմնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և սա մենք դիտում ենք որպես կարևոր առաջնահերթություն ՀՀ-ում տնտեսական կառուցվածքի և համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ փոփոխություններ իրականացնելու համար: Ըստ էության, մենք սրանով ուղերձ ենք հղում, որ ՀՀ-ն մի երկիր է, որը հետարքրքված է այս ոլորտի զարգացմամբ և մենք նաև պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել, այդ թվում ինչպես ասացի, հարկային օրենսգրքի փոփոխությամբ ոլորտն առավել գրավիչ դարձնելու միջազգային հանրության համար:

Շատ կարևոր մի հանգամանք եմ ուզում ընդգծել ոչ միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, այլև ընդհանրապես ներդրումային միջավայրի բարելավման տեսակետից: ՀՀ կառավարությունն ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի և արդյոք այս ընթացքում որևէ գործիքակազմ կիրառվել է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրը բարելավելու համար, և ընդհանրապես դա ի՞նչ է նշանակում: Անկեղծ ասած, մեր պատկերացմամբ, երկրի ներդրումային վիճակի բարելավում նշանակում է առաջին հերթին երկրի միջազգային իմիջի բարելավում, որովհետև եթե որևէ տեղից միջազգային բիզնեսը ստանում է նեգատիվ ազդակներ, նեգատիվ լուրեր, այդ թվում՝ քաղաքական միջավայրի վերաբերյալ, դա բնականորեն պետք է ազդի այդ երկրում ներդրումների գրավչության վրա: Եվ այս առումով, կարող եմ ասել, որ հիմա Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բոլորովին այլ իրավիճակում, որովհետև երկար տարիներ ՀՀ-ում հիմնական դիսկուրսը եղել է այն, որ գումարներ ծախսենք, որպեսզի CNN-ով, BBC-ով, աշխարհի առաջատար այլ լրատվամիջոցներով Հայաստան անունը հնչի, Հայաստանի մասին պատմեն, պատմեն, որ Հայաստանում դրական միջավայր և դրական փոփոխություններ կան: Եվ ըստ էության, անցած տարվա ապրիլ-մայիսից այս պրոցեսը շարունակվում է և Հայաստանի Հանրապետությունը որպես երկիր գնալով առավել ու առավել ճանաչելի է դառնում միջազգային հանրության համար: Այս պրոցեսը շարունակվում է այսօր և շարունակվելու է վաղը, իհարկե, եթե Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կուրսը հստակ շարունակվի, իսկ որ դա կշարունակվի, կարծում եմ որևէ կասկած չկա:

Ամենապարզագույն օրինակը, այն որ Economist միջազգային հեղինակավոր հանդեսը Հայաստանը ճանաչում է որպես տարվա երկիր, սա ևս մեկ ներդրում է Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման համար: Այն, որ միջազգային մամուլում անընդհատ գրվում է Հայաստանի մասին, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական պրոցեսների մասին, միջազգային հեղինակավոր հանդեսների առաջին էջերի շապիկներին հայտնվում է Հայաստան անունը՝ դա ներդրումային միջավայրի չափազանց կարևոր բարելավում է, ինչը իհարկե է պետք է ուժեղացնել այլ ազդակներով, օրենսդրության, կարգավորումների բարելավումներով և իհարկե ներդրումային նախաձեռնությունների ու նախագծերի ուղեկցությամբ, ինչը մեր կառավարության համար կարևոր առաջնահերթություն է: Մենք մտադիր ենք առաջիկայում ՀՀ-ում ստեղծել ներդրումային հայկական ֆոնդ, որի նպատակը կլինի յուրաքանչյուր ներդրումային ծրագրի մեկնարկի պահից ուղեկցել մինչև ի կատար ածումը, ինչպես նաև իրականացնել հետներդրումային սապասարկում:

Այս տեսակետից, չափազանց կարևոր եմ համարում Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններում էական փոփոխություններ մտցնելը: Ինչպես գիտեք, կառավարության կառուցվածքի փոփոխությունն իրականացնելիս մենք նկատի ենք առնում ոչ այնքան և ոչ միայն ֆիզիկական կառուցվածքի փոփոխությունները, այլև ֆունկցիոնալ փոփոխությունները և մենք կարծում ենք, որ պետական կառավարման համակարգում յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի մեկ գործառույթ, որովհետև եթե միևնույն գործառույթն իրականացնում են մի քանի կառույցներ, կարող ենք արձանագրել, որ այդ գործառույթները փաստացի չեն իրականացվում: Ընդհանուր առմամբ, դրդապատճառներից մեկը, որ որոշեցինք, որ ՀՀ-ն պետք է չունենա Սփյուռքի նախարարություն՝ հենց սա էր, որովհետև Սփյուռքի նախարարությունում իրականացվում էին գործառույթներ, որոնք իրականացվում էին այլ նախարարությունների կողմից: Խոսքը կրթական, մշակութային, երիտասարդական, կազմակերպական գործառույթների մասին է: Եվ սրա փոխարեն, կարևոր գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն Սփյուռքի հետ հարաբերությունների տեսակետից, ըստ էության չէին իրականացվում: Եվ ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ կառավարությունը միտված է ՀՀ կառավարության կառուցվածքում չունենալ Սփյուռքի նախարարություն: Սրա փոխարեն ՀՀ վարչապետի աշխատակազմում մենք կունենանք Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, որը վարչապետի անունից և հանձնարարությամբ կիրականացնի Սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականությունը, ինչպես նաև վարչապետի հանձնարարությամբ կկոորդինացնի նախարարությունների աշխատանքը Սփյուռքի հետ հարաբերություններում, միևնույն ժամանակ ապահովելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բավական բարձր և պատշաճ մակարդակ:

Բայց այս տրամաբանության մեջ մեր կառավարությունը Սփյուռքի հետ հարաբերություններում երկու խնդիր է դրել իր առաջ, որոնք ըստ էության, պետք է անվանել հեղափոխական: Առաջինը, որքան էլ զարմանալի լինի, մենք անկախության ձեռքբերման առաջին օրերից խոսելով Սփյուռքի ներուժի մասին՝ մինչ օրս չունենք Սփյուռքի ներուժի քարտեզագրում: Մենք մինչև այսօր չգիտենք, թե որ երկրում ինչպիսի պոտենցիալ ունի Սփյուռքը, ազդեցության ինչպիսի միջավայր և ծավալ: Հետևաբար, այս ամբողջ համակարգը բավարար չափով կազմակերպված չէ և եթե նկատել եք՝ կառավարության գործունեության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված համահայկական ցանցի ստեղծմանը: Մենք կունենանք մի համակարգ, որն իր մեջ կներառի ամփոփ և կիառելի ամենօրյա տեղեկատվություն, թե Սփյուռքի որ հատվածում մենք ինչպիսի պոտենցիալ ունենք և այդ պոտենցիալի հետ կառավարությունն ինչ համագործակցություն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով: Իհարկե, Սփյուռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ունի պարտավորություններ և ծառայություններ ու մենք ամեն ինչ պետք է անենք դրանք պատշաճ մակարդակով ապահովելու համար:

Հաջորդ կարևորագույն խնդիրը և գործոնը, որ մենք առաջադրում ենք ինքներս մեզ և բոլորիս, և որի լուծումը չափազանց բարդ է և մեծ մարտահրավերների հետ է կապված լինելու, բայց մենք միևնույն ժամանակ բոլորիս կոչ ենք անում չհուսահատվել այդ խնդրի լուծման ճանապարհին, ոքան էլ մեծ լինի բարդությունը, դա Սփյուռքը ներկայացնող միասնական կառույցի և միասնական կազմակերպության կամ ֆորմատի ստեղծումն է: Մենք պետք է կարողանանք ձևավորել և ձևակերպել կոնկրետ հասցե՝ արձանագրելու համար, թե Սփյուռքի հետ խոսելու համար մենք ում հետ պետք է խոսենք: Շատ հարցեր կան կառավարության, քաղաքական օրակարգում, երբ ասվում է, որ այս հարցերը պետք է քննարկել Սփյուռքի հետ, իսկ կոնկրետ ո՞ւմ հետ, որովհետև Սփյուռքը շատ մեծ ծավալներ ունի և շատ ընդգրկուն է: Կան հազարավոր կազմակերպություններ և եթե նույնիսկ ֆիզիկապես նրանց մի մասի հետ հնարավոր է քննարկել, ապա մյուս մասի և բոլորի հետ հնարավոր չէ քննարկել: Եվ ամեն անգամ քննարկումների պրոցես սկսելիս միշտ առաջանում է գայթակղությունը, որ Սփյուռքի ինչ որ մի հատված իրեն մեկուսացած կզգա պրոցեսից և կհամարի, որ ՀՀ կառավարությունն ընդհանրապես իր հետ այդ հարցը չի քննարկել: Հետևաբար, մենք խնդիր ունենք ձևավորելու ամբողջ Սփյուռքը ներկայացնող ինչ որ ներկայացուցչական կառույց և մենք բոլորս հասկանում ենք, որ սա լինելու է չափազանց մեծ մարտահրավեր և լրջագույն խնդիր, որովհետև գիտեք, որ Սփյուռքը բազմաշերտ է, շատ բարդ է, այնտեղ կան բազմաթիվ հարաբերություններ, հակասություններ: Այսօր մենք ունենք նաև մի իրավիճակ, որ սփյուռքահայության մի զգալի հատված դուրս է մնացել Սփյուռքի կազմակերպման մեզ հայտնի և ավանդական շրջանակից և մենք խնդիր ունենք այդ պոտենցիալը կենտրոնացնել ու այդ պոտենցիալի և ՀՀ-ի հարաբերությունների համար ստեղծել պլատֆորմ, ստեղծել կոնկրետ հասցե: Եվ երբ այդ պլատֆորմի հետ մենք քննարկած լինենք որևէ հարց՝ ունենանք լեգիտիմ իրավունք՝ ասելու, որ այս հարցը քննարկվել, համաձայնեցվել է Սփյուռքի հետ:

Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի պատգամավորներ,

Առանձնահատուկ ուզում եմ կարևորել նաև կառավարության կառուցվածքի փոփոխության առումով այն հարցը, որ մենք մտադիր ենք նաև մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միավորել և դարձնել մեկ միասնական կառույց: Սա նույնպես մեզ համար կարևոր, սկզբունքային հարց է և մեզ համար ծրագրային թեզ է, որովհետև մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները պետք է ինստիտուցիոնալ կերպով ամրացվեն և ունենան ինստիտուցիոնալ զարգացումներ: Եվ այդ զարգացումների մեջ մենք շատ կարևոր ենք համարում մշակույթի, կրթության և իրականության կապը: Մշակույթը մեզ համար առաջին հերթին կրթական գործոն է և մեր կառավարության ծրագիրն ու քաղաքականությունն ուղղված է լինելու մշակույթը և մարդկանց միմյանց հետ կապելը, մշակույթի կիրառման, արծարծման միջոցով ՀՀ-ում միջանձնային, տնտեսական, քաղաքական հարաբերությունները փոխելը, հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: Ասել եմ և ասում եմ, որ մշակույթը, մշակութային քաղաքականությունը մեզ համար ՀՀ կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը բարձրացնելն է: Եվ այս խնդիրն անհնար ենք համարում լուծել առանց մշակույթի ամենօրյա կիրառման, որովհետև մշակույթը մեզ համար առաջին հերթին մի միջոց է, որը պետք է նպաստի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և ընդհանրապես հայ հանրության կրթական ցենզի շարունակական բաձրացմանը, որն ինչպես արդեն իմ խոսքի նախորդ մասում ասացի՝ էական նշանակություն ունի Հայաստանում տնտեսական փոփոխություններ իրականացնելու առումով:

Կարծում եմ, չափազանց կարևոր է անդրադառնալ նաև Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ մեր պատկերացումներին: Վերջին ամիսներին Արցախի հարցի վերաբերյալ տեղի ունեցած զարգացումների ամենատարբեր վարկածներ են հնչում, ամենատարբեր քննարկումներ են տեղի ունենում և ինչպես գրված է կառավարության ծրագրում՝ մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում: Եվ, ըստ էության, մեր կառավարությունը հավատարիմ է մնացել, վարչապետ ընտրվելուց հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում հայտարարել եմ, որ որպես ՀՀ վարչապետ կարող եմ, պատրաստ եմ և պետք է բանակցեմ ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև չունեմ Արցախի վարչապետի կամ նախագահի կարգավիճակ, որովհետև ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և Արցախի վարչապետը չեմ՝ իհարկե, այն ընդգծումով, որ Հայաստանի Հանրապետությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ, ըստ էության, մեր կարևորագույն խնդիրներից մեկն Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: Գիտեք, որ այս պատմությունը և մոտեցումը նոր չէ և սա ունի նախկինից հայտնի մի քանի կարևոր զարգացումներ և այս ընթացքում ձևավորվել է որոշակի բովանդակություն: Ո՞րն է այդ բովանդակությունը: Ըստ էության, Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում այս ընթացքում եղել է մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Եվ նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմն ամեն անգամ բանակցային գործընթացում Արցախի ընդգրկվելու առաջարկներին և թեմաներին արձագանքում է հետևյալ կերպ, որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին՝ որպես բանակցային կողմ, ադրբեջանական կողմն իր հերթին կներգրավի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին: Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի և խնդիրը հետևյալն է: Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ընթացքում միշտ մասնակցել է և այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին: Ըստ էության, անգամ տեղի չի ունեցել մեկ բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի և մասնակցություն չունենա: Ի՞նչպես: Մի պարզ պատճառով, որ Ղարաբաղի ադրբեջանցիները, Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ, հետևաբար, Ադրբեջանի նախագահն ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից և հետևաբար Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի կառավարությունը և Ադրբեջանի խորհրդարանն ունեն մանդատ ներկայացնելու նաև այդ մարդկանց: Եթե չեմ սխալվում, նույնիսկ Ադրբեջանում նախագահական, խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործում են ընտրական տեղամասեր և ասվում է, որ դրանք Ղարաբաղի ընտրական տեղամասերն են: Եթե չեմ սխալվում՝ Ադրբեջանում գոյություն ունեն նույնիսկ Աղդամի, Ստեփանակերտի ընտրական տեղամասեր և այդպես շարունակ: Հետևաբար, Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցը, Ադրբեջանն իր հերթին կպնդի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության հարցը, մի շարք հարցեր է առաջացնում: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ադրբեջանի գործող իշխանությունը հայտարարում է ի սկզբանե, որ ինքը չունի լիազորություն ներկայացնելու ողջ ադրբեջանական ժողովրդին, ողջ Ադրբեջան պետությունը բանակցային գործընթացում: Սա շատ կարևոր նրբություն է և ես ուզում եմ այս միտքը շատ մանրամասն պարզաբանել: Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել և Ադրբեջանի ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ ինքը լիազորված չէ ներկայացնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, այստեղ հետևաբար հարց է ծագում, իսկ Ադրբեջանի ղեկավարությունն արդյոք լիազորված է ներկայացնել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, որոշակի ռեգիոնների, թե մենք պետք է ստուգենք այդ լիազորությունը: Հետևաբար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանը և Ադրբեջանի ժողովրդին, ապա ի՞նչ մանդատով է այդ կառավարությունն ընդհանրապես մասնակցում բանակցություններին: Մեր կառավարությունը շատ ուղիղ ասում է՝ մենք չունենք մանդատ և լիազորություն ներկայացնել Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովրդին այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չեն մասնակցում, հետևաբար, Ղարաբաղի քաղաքացիներն իմ օգտին, ձեր օգտին չեն քվեարկել խորհրդարանական ընտրություններում և չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով: Սրա փոխարեն նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը և իրենք ունեն իրենց ներկայացուցիչները բանակցություններում ներկայանալու: Ես այս քննարկումները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթանում Ղարաբաղի ներկայացուցիչներին ներգրավելու վերաբերյալ՝ իրականում համարում եմ բավականին լուրջ առաջընթաց, որովհետև ես տեսնում եմ շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում: Մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ մեթոդները կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ:

Սիրելի պատգամավորներ,

Արդեն ասել եմ, որ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարը և դա համարում եմ մեր կառավարության կարևոր հաջողություններից մեկը: Ըստ էության, համակարգային կոռուպցիայի մեջքը Հայաստանի Հանրապետությունում ջարդված է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն քաղաքականությունն ունեն որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք: Եվ ես կարծում եմ, որ կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարում հետևյալն է, որ մենք պետք է ուժեղացնենք բոլոր այն լծակները, որոնցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի և ունեցվածքի են տիրապետում Հայաստանի Հանրապետության ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ: Թեզը հետևյալն է, որ ՀՀ ցանկացած պետական պաշտոնյա և պետական պաշտոնի հավակնող մարդ ՀՀ-ում գործող լիազորված մարմնին պետք է տա նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որ այդ մարմինն աշխարհի ցանկացած տեղում իր անունից կարող է փնտրել, գտնել, այսինքն արձանագրել իր ունեցած գույքի տեղը, ծավալը, տեղաբաշխումը և այդ մասին տեղեկություն ներկայացնել հանրությանը: Որպեսզի այս թեզն առավել հասկանալի լինի՝ խնդիրը հետևյալն է, բերեմ իմ օրինակի վրա. եթե ես հավակնում եմ ՀՀ վարչապետի կամ ԱԺ պատգամավորի պաշտոնին, պետք է պետական լիազոր մարմնին տամ լիազորություն, որ նա աշխարհի ցանկացած վայրում հնարավորություն ունենա իմ անունից, այսինքն որպես սեփականատիրոջ ներկայացուցիչ, ոչ թե որպես հետաքննության մարմին, որի գործունեության համար կարող են լինել խոչընդոտներ, համաձայնություն, ընթացակարգ և այլն, այլ որպես սեփականատիրոջ ներկայացուցիչ իմ անունից աշխարհի ցանկացած վայրում, օֆշորային, ոչ օֆշորային գոտիներում փնտրել, տեղորոշել իմ և իմ հարազատների անունով ունեցած գույքը և այդ մասին տեղեկություն տալ հանրությանը: Ավելին, բոլոր այն պաշտոնյաները, պաշտոնների թեկնածուները, որոնք հրաժարվում են համապատասխան մարմին այդպիսի լիազորագիր տալ, նրանք ուղղակի պետք է զրկվեն ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Այստեղ արդեն քանի ամիս իրավաբանների հետ շատ բուռն բանավեճեր են տեղի ունենում, թե արդյոք նման քաղաքական գիծ տանելով մենք չենք ոտնահարում մարդկանց իրավունքները: Ես կարծում եմ, որ չենք ոտնահարում մարդկանց իրավունքները, որովհետև մենք բոլորին չենք պարտադրում այդպես վարվել, մենք այդպես պարտադրում ենք այն մարդկանց, ովքեր հավակնում են լինել պետական պաշտոնյա, ովքեր հավակնում են ծառայություններ մատուցել Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Հետևաբար, այդ մարդկանց ծառայության վերցնող ժողովուրդը պետք է 100 տոկոսանոց թափանցիկության երաշխիք ունենա արձանագրելու, թե պաշտոնը ստանձնելիս այս մարդն ինչ ուներ, որտեղ ուներ, ինչքան ուներ, ընթացքում ինչ ունի, որտեղ ունի ինչքան ունի և պաշտոնից հեռանալուց հետո նրա գույքային իրավիճակն ինչպես է փոխվել: Սա, ըստ էության, մի գործիք է, որ երաշխավորում է ՀՀ-ում կոռուպցիան վերացնելը: Եվ այս առումով ես չափազանց կարևոր եմ համարում, որ Հայաստանում իսկապես ստեղծվի իրական հակակոռուպցիոն մարմին: Գիտեք, շատ մեծ և լուրջ բանավեճի թեմա է, թե հակակոռուպցիան այդ մարմինն ինչ լիազորություններ ունենա՝ քննչական, հետաքննչական, նախաքննական, օպերատիվ, հետախուզական, դա բոլորովին ուրիշ թեմա է, որը պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկել: Ըստ էության, այս պրոցեսը կարող է տեղի ունենալ փուլային տարբերակով, բայց որ ՀՀ-ում պետք է լինի հակակոռուպցիոն մարմին՝ դա միանշանակ է:

Ուզում եմ արձանագրել նաև հետևյալը. ՀՀ-ում հեղափոխությունից հետո վերջին ամիսներին հակակոռուպցիոն բավականին լայն պայքար է ընթացել, բայց այսօր Ազգային ժողովի ամբիոնից ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնող մարմինները, քննչական մարմինները կարիք ունեն ապացուցելու իրենց առավել մեծ գործունակությունը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, որովհետև կարծում եմ, որ հետհեղափոխական ոգևորությունից հետո հակակոռուպցիոն պայքարը և հակակոռուպցիոն բացահայտումների մակարդակը, գործողությունը որոշակի տեղապտույտի վիճակում է հայտնվել և իմ ուղերձը եղել է և կա մեր իրավապահ մարմիններին, որ նրանք պետք է լինեն առավել արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարում: Եվ սա չափազանց կարևոր է:

Տնտեսական միջավայրի բարելավման առումով իհարկե մեզ համար չափազանց կարևոր է անկախ դատական համակարգի կայացումը և ուզում եմ ասել հետևյալը. տեսեք, շատ են խոսում ծրագրային դրույթների մասին, շատ են խոսում, թե ինչ է գրված և ինչպես է գրված որևէ ծրագրում, կամ ինչ է հռչակված: Բայց կարող եմ միանշանակ ասել, որ մեր կառավարությունն իր գործունեության վերջին 10 ամսվա ընթացքում դատական իշխանության անկախությունն ապահովելու առումով հասել է աննախադեպ հաջողությունների, այն առումով, որ կառավարությունը հստակ որդեգրել է և հստակ պահում է իր քաղաքական պարտավորությունը՝ չմիջամտել դատական համակարգի գործերին: Իհարկե, այս իրավիճակը նաև որոշակի խնդիրներ է առաջացնում նաև հանրային ընկալման շրջանում: Բայց ես ուզում եմ ասել, որ մեր պատկերացմամբ, դատական համակարգի անկախությունն ապահովելու կարևորագույն երաշխիքը հենց սա է: Պետք է ՀՀ-ում լինի իշխանություն, որն ունենա քաղաքական կամք ապահովելու անկախ դատական համակարգի գործունեությունը, որն ուժ ունենա առերեսվելու երկրում անկախ դատական համակարգի գոյության հետ: Եվ ես կարող եմ արձանագրել, որ ՀՀ-ում հաստատված է այդպիսի կառավարություն և ՀՀ կառավարությունը չի շեղվելու այս ուղեգծից, որովհետև սա մեզ համար չափազանց կարևոր և սկզբունքային հարց է:

Ընդհանուր առմամբ, մենք այստեղ տեսել ենք և տեսնում ենք ռիսկեր, որ Հայաստանի դատական համակարգը ցավոք սրտի սովոր է աշխատել որոշակի հրահանգավորման մեխանիզմների շրջանակում: Եվ այն պայմաններում, երբ առաջանում է վակուում՝ հիմնական ռիսկը հետևյալն է, թե արդյոք կառավարության հրաժարումի պայմաններում չեն ձևավորվում հրահանգավորման այլ մեխանզիմներ այլ տեղերից, իշխանության տարբեր օղակներից, իշխանությունից դուրս գտնվող օղակներից: Սրանք ռիսկեր են, որոնք իհարկե ՀՀ կառավարությունը պետք է կառավարի, բայց ընդհանուր առմամբ, մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ դատական համակարգում տեղի են ունենում առողջացման գործընթացներ, ինչը չի նշանակում, որ ՀՀ դատական համակարգը գործում է անթերի և անսխալ, ինչը նշանակում է, որ ՀՀ դատական համակարգը գործում է նոր պայմաններում և խնդիր ունի ադապտացվել այդ նոր պայմաններին:

Սիրելի հայրենակիցներ, հասկանալի է, որ ընդհանուր առմամբ կառավարության գործունեության ամենակարևոր արգասիքը պետք է լինի տնտեսական արդյունքը: Եվ մենք քաղաքական, իրավական այս պրոցեսների մասին խոսելով առաջին հերթին նկատի ենք ունենում Հայաստանում տնտեսական համակարգի և իրավիճակի փոփոխությունները: Այդ առումով, արդեն ասացի, որ մեր պատկերացմամբ կառավարությունը տնտեական փոփոխությունների և տնտեսական հեղափոխության մասնակիցն է միայն: Եվ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի քաջալերելը մարդկանց, որպեսզի նրանք օգտվեն ընձեռված հնարավորություններից:

Բայց այնուամենայնիվ, կա մի ոլորտ, որտեղ կառավարության պարտավորությունը հստակ է, միանշանակ և աներկբա. դա ենթակառուցվածքների որակն է և ենթակառուցվածքների վիճակը: Այս առումով, կառավարության համար առաջնային նշանակություն ունեն Հայաստանում ենթակառուցվածքների որակը և ենթակառուցվածքների վերափոխումները: Խոսքը վերաբերում է ավտոճանապարհներին, ջրային ենթակառուցվածքներին, չնայած այս համակարգում նույնպես մեր ռազմավարական մոտեցումն է օգտվել պետություն-մասնավոր ընձեռած հնարավորություններից:

Ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ ՀՀ կառավարության կարևորագույն տեսլականներից մեկը Հայաստանում ջրամբարաշինությանը նոր թափ հաղորդելն է, որովհետև դա, կարծում ենք, որ էական նշանակություն ունի նաև աղքատության հաղթահարման ճանապարհին: Մեր ռազմավարական նպատակն է, որ ՀՀ-ում ոռոգման ջուրը լինի նույնքան հասանելի, պայմանական ասած, ինչքան հասանելի է էլեկտրական հոսանքը: Չնայած մենք գիտենք, որ զուտ բիզնեսի առումով էլեկտրական հոսանքի հասանելիության համար մենք բազմաթիվ խնդիրներ և խոչընդոտներ ունենք, բայց դա բոլորովին ուրիշ թեմա է:

Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել հետևյալը, որ մենք, իհարկե, շատ կարևորում ենք արտաքին պարտքի ցածր բեռ ունենալու հանգամանքը, բայց և կարծում ենք, որ այն պայմաններում, երբ Հայաստանի կառավարությունն ի վիճակի կլինի երաշխավորել արտաքին ներգրավված միջոցների և, ընդհանրապես, պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, պետք է չխուսափել նաև արտաքին ներդրումների և վարկերի միջոցով ՀՀ-ում ջրային, ավտոտրանսպորտային ենթակառուցվածքների որակն էականորեն բարձրացնելու տրամաբանությունից: Կառավարությունը լրջորեն քննարկում է այս հնարավորությունը և կառավարությունը պիտի լրջորեն գնա այս ճանապարհով, իհարկե այդ ընթացքում խորհրդարանի դերը և խորհրդարանի խոսքը շատ կարևոր է լինելու, և մենք հույս ունենք, որ այս իմաստով նույնպես կկարողանանք հասնել արդյունավետ համագործակցության:

Շուկայի կառուցվածքի փոփոխության առումով մեր կառավարությունը չափազանց կարևոր է համարում կապիտալի շուկայի կայացումը և չափազանց կարևոր է համարում ՀՀ քաղաքացիներին ներդրումների հնարավորություններ տալը: Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի մեծագույն թերություններից մեկն այն է, որ ըստ էության, ՀՀ քաղաքացիներն իրենց խնայողությունները ներդնելու այլընտրանքային տեղ չունեն, բացի բանկային համակարգից, որտեղ նրանք հնարավորություն ունեն իրենց խնայողությունները ներդնել և ստանալ բանկային որոշակի տոկոսներ: ՀՀ կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում կապիտալի շուկան զարգացնելու առումով, այն իմաստով, որ մասնավոր և պետական արժեթղթեր դրվեն շրջանառության մեջ և բորսայական գործարքների միջոցով հնարավոր լինի այդ արժեթղթերում մասնավոր հատվածի և ֆիզիկական ու իրավաբանական հատվածի կողմից ներդրումներ իրականացնել: Առավել մանրամասն ուզում եմ պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Խոսքն այն մասին է, որ օրինակ պետական որևէ ընկերություն իր բաժնետոմսերի 10 կամ 20 տոկոսը, այսպես ասած, ցուցարկման միջոցով բորսայում վաճառքի է հանում և մարդիկ հնարավորություն են ունենում այդ բաժնետոմսերից գնել և հետևաբար, օգտվել նաև այդ շահույթներից: Սա շատ կարևոր տնտեսական փոփոխություն կլինի և, ըստ էության, հեղափոխական փոփոխություն, որովհետև ՀՀ-ում այսպիսի նախադեպ մենք նախկինում չենք ունեցել, բայց ընկերություններն այսպիսի մակարդակի հասցնելու համար պահանջվում է շատ երկար ճանապարհ՝ այդ ընկերությունների թափանցիկության մակարդակը պետք է էականորեն բարձրացվի, այդ ընկերությունների կառավարման որակը պետք է էականորեն բարձրացվի և այդ ընկերությունները պետք է լինեն արդյունավետ կառավարվող: Ցավոք, ՀՀ-ում, հատկապես պետական հատվածում, այդպիսի ընկերությունների թիվը մեծ չէ և մենք, այնուամենայնիվ, խնդիր ենք դրել, որպեսզի առաջին հինգ տարիներին կարողանանք ՀՀ-ի որոշակի պետական շահութաբեր ձեռնարկությունների արժեթղթերը հանել բորսա, որպեսզի իրավաբանական ընկերությունները, անհատները հնարավորություն ունենան դրանցում ներդրումներ անել:

Ես ուզում եմ ասել, որ այս ուղղությամբ մենք որոշակի խոսակցություն ենք տանում նաև մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի նրանք նույնպես անցնեն այդպիսի քաղաքականության, որովհետև դա, ըստ էության, շահութաբեր է նրանց համար, որովհետև այսպիսով նրանք հնարավորություն են ունենում կապիտալ ներգրավվելու այլընտրանքային ուղիներ ձեռք բերել և, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին ներգրավել որպես բաժնետերեր և կիսել ՀՀ քաղաքացիների հետ իրենց շահույթները, իհարկե նաև ռիսկերը: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ սա այն փոփոխություններից է, որ մենք կարող ենք, իսկապես, համարել հեղափոխական փոփոխություն:

Սիրելի՛ հայերնակիցներ,
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Ընդհանուր առմամբ, այսքանն էի ուզում ասել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին և էլի ուզում եմ ընգծել, որ տնտեսական փոփոխությունների մասին կառավարության ռազմավարական պատկերացումը հետևյալն է՝ մենք ՀՀ քաղաքացիների համար պետք է ստեղծենք տնտեսական ակտիվության հնարավորություն, պետք է քաջալերենք այդ տնտեսական ակտիվությունը և պետք է ստեղծենք հնարավորություններ, որպեսզի այդ տնտեսական ակտիվության հնարավորությունը լինի ոչ թե դեկլարատիվ, այլ իրականում հասանելի: Հայաստանի Հանրապետությունում հիմնական կարգախոսը պետք է դառնա աշխատանքը: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ երկրում հաստատված որևէ խնդիր հնարավոր չէ լուծել առանց աշխատանքի և սա ունիկալ վիճակ չէ ՀՀ-ի համար. այդպես է, այդպես եղել է և այդպես կլինի: Հաջողակ են համարվում այն երկրները, որտեղ մարդիկ ոչ թե սպասում են, որ ինչ-որ տեղից կգա փոփոխություն, այլ իրենք իրենց ձեռքն են վերցնում նախաձեռնությունը, նախաձեռնում են փոփոխություններ և կարողանում են համագործակցել, ստեղծել ներհանրային իրական համագործակցության՝ փոփոխությունների հասնելու համար:

Եվ ուրեմն, ես հռչակելով Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխության մեկնարկը, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին, հավատալ իրենց ուժերին, հավատալ Հայաստանի Հանրապետության ապագային: ՀՀ կառավարության առանցքային պարտավորությունն է այնպես անել, որ այս հավատը և վստահությունը տնտեսական ակտիվության և հնարավորությունների նկատմամբ չսասանվի: Հայաստանի Հանրապետության կառավարությունն անելու է առավելագույնը և որևէ կասկած չկա, որ մենք հասնելու ենք կոնկրետ արդյունքների, որովհետև ՀՀ քաղաքացին արդեն հավատացել է և հավատում է իր քաղաքական ուժին, ՀՀ քաղաքացին պիտի հավատա իր տնտեսական ուժին, և մենք միասին պիտի հաղթահարենք այն խեղճությունը, որը շատ երկար ժամանակ համակել է մեր պետությանը և ժողովրդին՝ նույնիսկ պետականություն ունենալու տարիներից առաջ և նույնիսկ Երրորդ հանրապետության հռչակման տարիներից և պատմության ընթացքում: Այնպես որ, ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը հայտարարում եմ մեկնարկած:
Շնորհակալություն: