2018-ի 10 անակնկալ իրադարձությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

2018-ի սկիզբը Հայաստանին քաղաքական լուրջ անակնկալներ չէր խոստանում։ Հունվարին թանկացել էին առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, որոնց դեմ մտադիր էր բողոքի շարժում ծավալել «Ելք» խմբակցությունը։ Նախորդ տարվա վերջին Հանրապետականը Սերժ Սարգսյանին հայտարարել էր անփոխարինելի։ Հենց նրան էլ Հանրապետական խմբակցությունը պատրաստվում էր դարձնել Հայաստանի վարչապետ, քանի որ ապրիլին ավարտվում էր նրա նախագահության երկրորդ ժամկետը։ Սակայն ի՞նչ իրադարձություններ են տեղի ունենում 2018-ին, որոնք ոչ ոք չէր կանխատեսել։

Հունվարի 30-ին անձնական այցով Իտալիայում գտնվող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջով տեղեկացնում է, որ Հռոմում ոստիկանները պաշարել են հյուրանոցի իր համարը և փորձում են ձերբակալել իրեն։ «Պարզվում է, Հայաստանի իշխանություններն Ինտերպոլով ինձ են փնտրում»,- գրում է Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, իսկապես, հետախուզման մեջ էր 2008-ի մարտից, սակայն ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2009-ի հուլիսին նրա նկատմամբ հետախուզումը դադարեցվել է։

Փետրվարի 13-ին քաղաքապետարանում տեղի է ունենում աղմկահարույց ակցիա։ Երևանի ավագանու տարվա առաջին նիստը վերածվում է ծեծկռտուքի։ «Երկիր Ծիրանի» ավագանու երեք անդամ հագնելով բժշկական ձեռնոցներ և կրելով դիմակներ հենց նիստի ընթացքում բացում են իրենց ձեռքի տարաները և նիստերի դահլիճում տարածում գարշահոտ: Տարաները լցված էին Նուբարաշենի վթարված խողովակների կոյուղաջրերով։ Նախորդ օրը նուբարաշենցիները փակել էին դեպի Երևան տանող ճանապարհը՝ պահանջելով լուծել համայնքում գարշահոտության պատճառ դարձած վթարի վերանորոգման հարցը։ «Երկիր Ծիրանիի» անդամ երկու կին՝ Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանն այդ տարաները փորձում են հասցնել նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Վերջինս հրահանգում է փակել կանանց ճանապարհը։ Նիստն ընդհատվում է։ Սկսվում է քաշքշուկ, ծեծկռտոց, հնչում են վիրավորանքներ։ Հանրապետականներից մեկը քաշում է Մարինա Խաչատրյանի մազերից։ Քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն այս կնոջը գրկում է ու հեռացնում նիստերի դահլիճից։ Քաղաքապետարան է ժամանում շտապօգնության երկու բրիգադ, որոնցից մեկն իրականացնում է հոգեբուժական ծառայություն։ Առաջին նիստն այդպես էլ չի վերականգնվում։ Լրատվամիջոցներն ամբողջությամբ նկարահանում են այս իրադարձությունը, որից հետո Երևանի քաղաքապետարանը որոշում է լրագրողների առաջ փակել ավագանու նիստերը։

Մարտի կեսերին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է փողոցային պայքարի ճանապարհով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը կանխելու մասին, որը նախատեսված է ապրիլի 17-ին։

«Մեր գործողության բացակայությունը արդեն իսկ ժողովրդին առաջնորդում է պարտության»,- մարտի 30-ին հրավիրած մի ասուլիսում հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։

«Ելքի» երկու կուսակցություն՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» հրաժարվում են միանալ այդ պայքարին։

«Մենք մեր ընտրողներին երբեք չենք խոստացել, որ հեղաշրջում կամ հեղափոխություն ենք անելու»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասում է «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։

Մարտի 24-ին Երևանում առանց քաղաքական որևէ աջակցության տեղի է ունենում «Մերժիր Սերժին» կոչով մի ակցիա, որը նույն օրն ավարտվում է Ազատության հրապարակում։ Մարտի վերջին Նիկոլ Փաշինյանը գնում է Գյումրի, որպեսզի այնտեղից սկսի իշխանափոխության շարժումը։ «Իշխանությունը փողոցում ընկած չէ»,- զգուշացնում է Հանրապետական խմբակցության ղեկավարը։

Երբ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը մտնում է Երևան, քչերն էին հավատում, որ դեպքերը կզարգանան բոլորովին այլ տրամաբանությամբ։ Ոստիկանությունը հայտարարում է, որ «Իմ քայլը» շարժումն ընդհանուր առմամբ պահպանում է խաղաղ հանրահավաքների մասին օրենքի դրույթները։ Ապրիլի 14-ին Փաշինյանը ցուցարարների առաջնորդությամբ ձեռքերը վեր պարզած ներխուժում է  Հանրային ռադիոյի շենք և պահանջում ուղիղ եթեր։ Ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտում։ Ապրիլի 16-ից շարժումն անցնում է լայնածավալ գործողությունների, շրջափակվում են փողոցներ ու պետական հաստատություններ։ Նույն օրը ցուցարարներին խորհրդարանի շենք առաջնորդող Նիկոլ Փաշինյանը ոստիկանության արգելափակոց համարվող փշալարերն անցնելիս վնասում է ձեռքերը և տեղափոխվում հիվանդանոց։ Ապրիլի 17-ին խորհրդարանը վարչապետ է ընտրում Սերժ Սարգսյանին։ Վերջինս «Ելքի» պատգամավորներին կոչ է անում Փաշինյանին վերադարձնել խորհրդարան՝ ասելով, որ արյան ծարավ չունի։

«Երբեք որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել։ Մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես չեմ ունեցել»,- վարչապետի ընտրության օրը խորհրդարանում ասում է Սերժ Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանն ուժեղացնում է ճնշումը, որի արդյունքում Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանակցությունների։ Ապրիլի 22-ին բանակցությունները տապալվում են ուղիղ եթերում։

«-Ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները, հետևաբար ձեզ կոչ եմ անում «երկխոսություն» տերմինը չօգտագործել։

-Ուրեմն, դա բանակցություն չի, դա երկխոսություն չի, ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանությանը, դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից և եթե էդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման։ Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է, ընտրեք։

-Պարոն Սարգսյան, ուրեմն ես ուզում եմ շատ հստակ լինել, որ ընդհանրապես մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել ու չի համարձակվի սպառնալիքների տոնով խոսել, ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը»։

Նույն օրը ոստիկանությունը Էրեբունիում  ձերբակալում է Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին։ Ամբողջ մեկ օր հայ հասարակությունը չգիտի, թե որտեղ է պահվում «Իմ քայլը» շարժման առաջնորդը։ Փողոցային ընդվզումը չի դադարում։ Արդյունքում՝ հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից՝ հայտարարելով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Երկու շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանը դառնում է Հայաստանի վարչապետ։

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին որոշումը ռումբի ազդեցություն է գործում՝ ոստիկանապետ է նշանակվում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժերի փողոցային շարժումները ցրած Երևան քաղաքի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը։ Ընդամենը օրեր առաջ էլ Փաշինյանը և Օսիպյանը բարիկադների տարբեր կողմերում էին։ Նոր իշխանության պաշտպանության նախարար է նշանակվում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նույն նախարարության փոխնախարար Դավիթ Տոնոյանը։ Արդեն սեպտեմբերին Սերժ Սարգսյանի թիմակիցներից  նախկին փոխոստիկանապետ  Հունան Պողոսյանի նշանակումը  Սյունիքի մարզպետի պաշտոնում հարուցում է անգամ Փաշինյանին սատարողների սուր քննադատությունը։

Հունիսի 16-ին տեղի ունեցածն ընդհանրապես դժվար էր երևակայել ընդամենը երկու ամիս առաջ՝ ձերբակալվում է Արցախի հերոս,  գեներալ, Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանը։ Ազգային անվտանգության ծառայությունն այդ օրը հայտարարություն է տարածում, որ ձերբակալման հիմքում ապօրինի հրազեն ձեռք բերելն ու պահելն է։ Հաջորդ օրն արդեն տեսանյութով սահմռկելի մանրամասներ են հայտնի դառնում Մանվել Գրիգորյանին վերագրվող մեղքերից։ Վարչապետն ինքն է ուղիղ եթերով ներկայացնում, թե ինչեր է արել գեներալը մինչև ձերբակալությունը։

«Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրաված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված հավաքված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ։ Նա, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել է իր կենդանիներին, իր արջերին, վագրերին և այդպես շարունակ։ Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները»,- ուղիղ եթերում պատմում է Նիկոլ Փաշինյանը։

«Հերոսից իջավ տուշոնկա գողցողի»,- Մանվել Գրիգորյանի մասին կալանավորումից ժամեր անց  շտապում է հայտարարել նրա երկարամյա մարտական ընկերը՝ Սեյրան  Սարոյանը։

Հուլիսի 14-ին տեղի է ունենում Հայաստանի պատմության մեջ բառացիորեն աննախադեպ իրադարձություն՝ Գնդեվանք ուխտի մեկնած Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա են հարձակվում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստները, որոնք արդեն մոտ երկու ամիս պաշարել են Մայր Աթոռի ադմինիստրատիվ տարածքը և պահանջում են Գարեգին 2-րդի հրաժարականը։ Գնդեվանքում նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում կաթողիկոսին դուրս բերել ակտիվիստների շրջափակումից, որոնք քարերով և մեքենաներով փակել են նրա ճանապարհը։ Արձագանքելով այս իրադարձությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք գործ ունենք ներեկեղեցական խնդիրների հետ։

Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարում է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար։ Վերջինին առաջադրված մեղադրանքի հիմքում այն է, որ նա այլ անձանց հետ համաձայնությամբ 2008-ի մարտի 1-ին տապալել է սահմանադրական կարգը։ Մինչ այդ էլ ՀՔԾ-ն նույն մեղադրանքով քրեական գործ էր հարուցել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հանդեպ, որն, ինչպես պարզվեց, Ռուսաստանի քաղաքացի է։ Այս երկրից հայտնում են, որ Հարությունյանը Հայաստանին չի արտահանձնվի։

Սեպտեմբերի 11-ին հայ հասարակությունը ցնցվում է հերթական սկանդալից՝ գաղտնալսել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցը։ Նրանց թեման Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ կալանք կիրառելու հանգամանքներն են։ Ռումբի էֆեկտ թողած այս գաղտնալսման հրապարակումից րոպեներ անց ուղիղ եթերով հանրությանն է դիմում Նիկոլ Փաշինյանը։ Ըստ ձայնագրության՝ դատական իշխանության  գործունեությանը միջամտող պաշտոնյաների հրաժարականի մասին նա ոչինչ չի ասում։  Նույն օրը լրագրողների հետ հանդիպմանը թե՛ ԱԱԾ տնօրենը և թե՛ ՀՔԾ պետը  ընդունում են սկանդալային ձայնագրության իսկությունը։ Նրանք ձայնագրության մեջ կասկածում են մարդկանց, որոնք նախկին իշխանությունների օրոք թաթախվել են կոռուպցիայի և թալանի մեջ։

«Շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է հանրապետության ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը, դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, որը կպարզի ձայնագրության աղբյուրը և թե ով է եղել ձայնագրողը»,- ասում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Երեք ամիս անց հրապարակվում է հեռախոսազրույցի երկրորդ մասը՝ արդեն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, սակայն կատարողները այդպես էլ չեն բացահայտվում։

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Երևի քչերն էին հավատում, որ Հանրապետականը չնայած իշխանությունից խայտառակ ճանապարհով հեռացվելուն, ընտրություններում չի հավաքի գոնե 5 տոկոս, հատկապես որ դրանք ընթանում էին ռեյտինգային ընտրակարգով։

«Մենք ունենք բազմաթիվ աջակիցներ և դրանում կհամոզվեք դեկտեմբերի 9-ի երեկոյան»,- խորհրդարանում խոստանում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Դեկտեմբերի 9-ի երեկոյան պարզ է դառնում, որ Հանրապետականը Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ որևէ պատգամավորով ներկայացված չի լինի խորհրդարանում։ Այդ իմաստով նույնքան անսպասելի էր Դաշնակցության դուրս մնալը խորհրդարանից, քաղաքագետների պատկերացմամբ սոցիալիստական այս կուսակցությանը խանգարում է «Սասնա ծռեր» կուսակցությունը։

««Սասնա Ծռերը» երբեք չեն կարող փոխարինել ՀՅԴ-ին երկու պատճառով, երեք մարդու արյուն կա և դրա համար պիտի պատասխան տան, երկրորդ մենք խնդիրը դնում ենք էսօրվա 42 հազար քառ. կմ տարածքը, իսկ նրանք խնդիր են դնում Հայաստանից դուրս մղել Ռուսաստանին»,- նախընտրական վերջին հանրահավաքի ժամանակ փաստարկում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Վերջին 20 տարում առաջին անգամ խորհրդարանից դուրս են  մղվում ազգայնական տրամադրությունները։

«Մի բան լավ է, որ մենք չենք անցել, ասում ա՝ չկա չարիք առանց բարիքի։ Էլ այլևս մեզ չեն կարող մեղադրել։ Էլ այլևս, որ ասում են՝ ՀՅԴ-ն կա, եկեք նրան մեղադրենք, էս փուլն ավարտվեց»,- ընտրություններից հետո «մխիթարվում» է պարոն Ռուստամյանը։

Ի դեպ, պատմության մեջ առաջին անգամ բրիտանական «Էկոնոմիստ» ամսագիրը Հայաստանը ճանաչել է 2018-ի «Տարվա երկիր»։

Մհեր Արշակյան