Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.11.2026 | 17:23«Հույսներդ կտրե՛ք։ Չի՛ լինելու։ Հայաստան 300,000 ադրբեջանցի չի՛ գալու, չի՛ բնակվելու, Հայաստանը չի՛ գրավվելու ադրբեջանցիների կողմից։
Հանգի՛ստ եղեք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանը։
Նա նաև քննադատեց ընդդիմության՝ նոր Սահմանադրության դեմ իրազեկման արշավ սկսելու որոշումը՝ նշելով, որ հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ է ևս 6 պատգամավորի ձայն։ Չախոյանի խոսքով՝ եթե ընդդիմությունը պատրաստ չէ այդ ձայները տալ, անհասկանալի է, թե ինչի դեմ է պայքարում։
Խոսելով ընդդիմադիր ուժերի համախմբման մասին՝ Չախոյանը պնդեց, որ Հանրապետական կուսակցության, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և այլ քաղաքական ուժերի միավորումը որևէ արդյունք չի տա։ Նա այդ համախմբումն անվանեց «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական հոգեհանգիստը՝ պնդելով, որ այդ ուժերը նախկինում ևս բազմիցս հայտարարել են միավորման մասին, սակայն չեն կարողացել հասնել իշխանափոխության։
Անդրադառնալով կալանավայրում մահացած Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի դեպքին՝ Չախոյանը ցավակցություն հայտնեց նրա հարազատներին՝ միաժամանակ մեղադրելով ընդդիմությանը տեղի ունեցածը քաղաքական շահարկման առարկա դարձնելու մեջ։
«Շատ ցավում եմ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան հետ կապված։ Ցավակցություններս իր հարազատներին, իր մտերիմներին։ Ես թերևս փորձում էի մինչ այս պահը զերծ մնալ այս թեմայից ու քաղաքական շահարկման առարկա չսարքել այս ամեն ինչը, որովհետև մենք ունենք շատ մեծ, վատ, դժբախտ պատահար՝ մարդ է մահացել»,- ասաց նա։
Չախոյանի խոսքով՝ Գևորգյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս բժշկական հետազոտություն է իրականացվել, և որևէ առողջական խնդիր կամ գանգատ չի արձանագրվել։ Նրա պնդմամբ՝ մահվան օրը առավոտյան Գևորգյանն իրեն վատ է զգացել, արձանագրվել է սրտի կանգ, և նա մահացել է։
Մեր դիտարկմանը, որ կալանավայրում հերթապահ բժիշկ չի եղել, իսկ շտապօգնությունը խուց է մտել կանչից 28 րոպե անց, Չախոյանը պատասխանեց, որ այդ հարցերի հասցեատերն ինքը չէ, և առաջարկեց դիմել քրեակատարողական հիմնարկ։ Չախոյանը պնդեց, որ ընդդիմության նպատակը իշխանության վրա քաղաքական բիծ գտնելն ու իշխանափոխության հասնելն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

