Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
Քաղաքականություն
12.11.2026 | 17:02
Աբովյանի ավագանու դեկտեմբերի 13-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փաստաթղթերում թերություններ են հայտնաբերվել։ Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Պալաչ մականունով հայտնի գործարար Արթուր Հարությունյանը։
Factor TV-ն պարզել է, որ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կուսակցությանը 48 ժամ է տրամադրել թերությունները վերացնելու համար։ Սահմանված ժամկետը լրանում է նոյեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին։
Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով է ներկայացրել նոյեմբերի 8-ին։ Դրանց ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ընտրական ցուցակի առաջին համար Արթուր Հարությունյանի և 49-րդ համար Տիգրան Գևորգյանի փաստաթղթերում բացակայում են լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքները։
Լիազոր մարմնի տեղեկանքը պետք է հավաստի, որ թեկնածուն հաշվառված է համայնքի բնակչության ռեգիստրում։
Հանձնաժողովը թերություններ է արձանագրել նաև կուսակցության կանոնադրության պատճենի և ընտրական ցուցակի ձևակերպման մեջ։ Մասնավորապես, ներկայացված փաստաթղթերի ոչ բոլոր էջերն են կնքված և ստորագրված եղել կուսակցության լիազոր ներկայացուցչի կողմից։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հնարավորություն է տվել լրացնելու բացակայող փաստաթղթերը և շտկելու արձանագրված անճշտությունները։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե սահմանված ժամկետում կուսակցությունը չվերացնի ընտրական ցուցակի թերությունները, դրա գրանցումը կմերժվի։ Իսկ եթե չլրացվեն առանձին թեկնածուների փաստաթղթերը, կմերժվի տվյալ թեկնածուների գրանցումը, և նրանց անունները կհեռացվեն ցուցակից։
Հիշեցնենք՝ Արթուր Հարությունյանն Աբովյանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր հոկտեմբերի 2-ին՝ համակիրների հետ հանդիպման ժամանակ։ Նա գլխավորում է Լևոն Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակը։
Պալաչ մականունով հայտնի գործարարը նախկինում ևս փորձել է ընտրվել Աբովյանի համայնքի ղեկավարի պաշտոնում։ 2015 թվականին նա մասնակցել է համայնքապետի ընտրություններին, սակայն չի հաղթել։
Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի սանիկն է և նախկինում եղել է նրա մերձավոր շրջապատից, սակայն հետագայում նրանց միջև սուր հակասություններ են ի հայտ եկել։
Եվգենյա Համբարձումյան

