ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Քաղաքականություն
12.11.2026 | 16:39
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ» հայտարարության նախագծին։ Քննարկումն անցավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև սուր բանավեճի պայմաններում։
Նախագիծը ներկայացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Որպես ժողովրդավարության հետընթացի դրսևորումներ՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց կալանքի՝ որպես խափանման միջոցի լայն կիրառումը, քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի թվի աճը, ինքնասպանությունները, գաղտնալսումները և «քաղաքական հետապնդումները»։
Գալստյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը նույնպես վկայում են քաղաքական հետապնդումների մասին։ Նա մասնավորապես պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի անազատության մեջ գտնվելը քաղաքական հետապնդումների դրսևորում է։
Իր պնդումները հիմնավորելու համար պատգամավորը հղում արեց նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներին։
Մասնավորապես, Human Rights Watch-ի 2026 թվականի համաշխարհային զեկույցում անդրադարձ կա Հայաստանում նախնական կալանքի կիրառման, դատական համակարգի անկախության և քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերի հետ կապված խնդիրներին։
Amnesty International-ի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցում ևս բարձրաձայնվել են մարդու իրավունքների պաշտպանության, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ դատական գործընթացների, նախնական կալանքի և ազատազրկման վայրերում պայմանների հետ կապված մտահոգություններ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, սակայն, վիճարկեց ընդդիմության ներկայացրած գնահատականները։ Նա հարցրեց, թե միջազգային որ զեկույցում են Հայաստանում անազատության մեջ գտնվող անձինք հիշատակվում որպես «քաղաքական բանտարկյալներ»։
Ի պատասխան՝ Գալստյանը մատնանշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործը՝ նշելով, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը 2023 թվականի նոյեմբերի 14-ի բանաձևում անդրադարձել է նրա կալանավորմանը և մտահոգություն հայտնել։
Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորը հիշատակեց նաև Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի և Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործերը։ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականին՝ Վանաձորի ավագանու ընտրություններում իր գլխավորած դաշինքի հաղթանակից հետո։ Նա ավելի քան երկուսուկես տարի անցկացրել էր անազատության մեջ, իսկ 2026 թվականի հոկտեմբերին արդարացվեց։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նոյեմբերի 10-ին նա մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Քննարկման ընթացքում բանավեճ ծավալվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի և Լիլիթ Գալստյանի միջև։
Եղոյանը քննադատեց ընդդիմադիր պատգամավորին՝ հորդորելով ժողովրդավարության նահանջի փոխարեն խոսել «ծովից ծով Հայաստանի» մասին։
Գալստյանը հակադարձեց, որ իշխանական պատգամավորը չի կարող որոշել, թե ինքն ինչ հարցերի պետք է անդրադառնա։ Նրա գնահատմամբ՝ իր ելույթի թեման թելադրելու փորձն ինքնին հակաժողովրդավարական վերաբերմունքի դրսևորում է։
Բանավեճին միացավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նա, դիմելով Արման Եղոյանին, ասաց, որ «կրքոտ հռետորի դերն արդեն զբաղված է»՝ ակնարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ իր հասցեին օգտագործած բնորոշումը։
Ի վերջո, երկարատև քննարկումից հետո հանձնաժողովի իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծին։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում նաև «Ժողովրդավարության նահանջի վերաբերյալ» թեմայով լսումներ է հրավիրել։
Եվգենյա Համբարձումյան

