ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը կազմակերպության գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոյին անվանել է բռնապետ:
«Նա բռնապետ է։ ՖԻՖԱ-ում աշխատող մարդիկ ինձ պատմում են, որ ոչ ոքի թույլ չի տրվում նրա հետ նույն վերելակից օգտվել։ Նա անձեռնմխելի է։
Ինֆանտինոն այլևս ոչ մի սահման չի ճանաչում։ Նա ամբողջովին կորցրել է կապն իրականության հետ։ Հնարավոր է՝ Ինֆանտինոյին պետք է ուղարկել հոգեբուժարան»,- Der Spiegel-ի հետ հարցազրույցում ասել է Բլատերը։
Հիշեցնենք, որ Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի փետրվարին՝ արտահերթ կոնգրեսի ժամանակ։ Հետագայում նա ևս երկու անգամ վերընտրվել է առանց մրցակիցների։
ՖԻՖԱ-ի նախագահի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ կազմակերպությունը հայտարարել էր աշխարհի առաջնության սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին վաճառելու մտադրության մասին։ ՖԻՖԱ-ի աղմկահարույց գաղափարին դեմ էին արտահայտվել նաև ՈՒԵՖԱ-ն, ԿՈՆԿԱԿԱՖ-ը, ԱՖԿ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը։ Դրանից հետո Ջանի Ինֆանտինոն հրաժարվել էր այդ գաղափարից։ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027թ. մարտին Մարոկկոյում։
Դավիթ Եղիազարյան

