Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.11.2026 | 15:02«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նորմալ է համարում, որ նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը քաղաքական հայտ ներկայացնի։ Նա նաև խնդիր չի տեսնում, որ Գրիգորյանը եվրոպական ինտեգրման հարցում իշխանության դիրքորոշումից տարբերվող կարծիք ունի։
Լրագրողների հետ զրույցում Ղազարյանն անդրադարձավ Գրիգորյանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների վերաբերյալ քննադատական գնահատականներին՝ նշելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում առկա ներուժն արդեն դուրս է գործող իրավապայմանագրային հիմքի շրջանակներից։
«Եվրոպական ինտեգրացիոն գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստան-ԵՄ գոյություն ունեցող իրավապայմանագրային հիմքն արդեն չի բավարարում այն պոտենցիալին, որն առկա է Հայաստան-ԵՄ հարաբերություններում»,- ասաց պատգամավորը։
Հարցին, թե ինչու Գրիգորյանի՝ եվրոպական ինտեգրման վերաբերյալ մտահոգությունները հանրային չեն դարձել, չնայած նրա զբաղեցրած առանցքային պաշտոնին, և ինչու նա ավելի վաղ չի հեռացել պաշտոնից, եթե համաձայն չի եղել թիմի քաղաքական գծին, Ղազարյանը պատասխանեց, որ այդ հարցերի հասցեատերն ինքը չէ։
«Շատ նորմալ կլինի, եթե պարոն Գրիգորյանը քաղաքական հայտ որոշի ներկայացնել, այստեղ էլի խնդիր չեմ տեսնում: Պարոն Գրիգորյանը մեր պետության համար ահռելի գործ է արել, և ես ուզում եմ, որ դա մենք նկատենք։ Եվ պարոն Գրիգորյանը ունի տարբերվող դիրքորոշում էս պահի դրությամբ եվրոպական ինտեգրման նկատմամբ»,- ասաց Ղազարյանը։
Սոնա Ղազարյանը հանրային քաղաքական գործիչներին հրավիրեց բանավեճի՝ Գրիգորյանի ներկայացրած դիրքորոշման շուրջ։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նորմալ է համարում, որ իշխանության ներկայացուցիչը կարող է համաձայն չլինել թիմի քաղաքականությանը, բայց շարունակել պաշտոնավարել, պատգամավորը նշեց, որ այդ հարցին պետք է պատասխանի հենց Գրիգորյանը։
Մենք նաև հետաքրքրվեցին՝ արդյոք Գրիգորյանի` պաշտոնից հեռանալու պատճառը կարող էր լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե կառավարությունը ինքն է, և որևէ մեկը չի կարող հակառակ դիրքորոշում ունենալ։
Սոնա Ղազարյանի խոսքով՝ թիմի տարբեր անդամներ տարբեր փուլերում կարողացել են իրենց այլընտրանքային տեսակետները ներկայացնել և ազդեցություն ունենալ կայացվող որոշումների վրա։
Հարցին, թե արդյոք Գրիգորյանը թիմի ներսում երբևէ բարձրաձայնել է իր անհամաձայնությունը, Ղազարյանը հաստատեց, որ իրենք այդ թեմայով խոսել են։ Նա նշեց, որ Գրիգորյանն իր հոդվածում ևս արձանագրել է՝ գործընկերները տեղյակ են իր դիրքորոշման մասին։
Ղազարյանը շեշտեց, որ ինքն էլ է տարբեր հարցերում ունեցել թիմից տարբերվող դիրքորոշումներ և կարողացել է դրանք ներկայացնել։ Նա կարևորեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այլակարծության առկայությունը՝ նշելով, որ առանց դրա կուսակցությունը կարող էր հայտնվել շատ վատ իրավիճակում։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

