Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
Քաղաքականություն
12.11.2026 | 16:20
Վարչապետի, նախագահի, նախարարների, պատգամավորների, փոխնախարարների և պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը հունվարի մեկից չի բարձրանալու։ Այսօր երկու ամսով հետաձգվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկումը։
«Նախագիծը լավարկելու նպատակով հավելյալ քննարկումների անհրաժեշտություն է առաջացել և մեզ տեղեկացրել են կառավարությունից, որ հեղինակը չի մասնակցելու նիստին։ Նախագիծը երկու ամիս ժամկետով հետաձգվում է»,-հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, որի ղեկավարած հանձնաժողովում էլ պետք է քննարկվեր նախագիծը։
Հիշեցնենք՝ Factor.am-ը դեռ երկու օր առաջ էր գրել, որ իշխանությունները զգուշավորություն են ցուցաբերում այս հարցում և առայժմ ձեռնպահ են մնում կրկնապատկել իրենց իսկ աշխատավարձերը։ Թեև պաշտոնապես նշվում է, որ նախագծի լավարկման հետ է կապված հետաձգումը, բայց առանձին ՔՊ-ականները մասնավոր զրույցներում ակնարկում են քաղաքական որոշման մասին։
Առաջարկվում է Նիկոլ Փաշինյանի աշխատավարձի բարձրացում 68,4 տոկոսով կամ 1 մլն 80 հազար դրամով՝ ներկայիս շուրջ 1,5 մլն դրամի փոխարեն 2 մլն 662 հազար դրամ։ ՀՀ նախագահի աշխատավարձը 1 մլն 664 հազար դրամից առաջարկվում է դարձնել 2 մլն 662 հազար դրամ, փոխվարչապետներինը՝ 1 մլն 289 հազար դրամից՝ 2 մլն 163 հազար դրամ։ 116 տոկոսով նախատեսվում է բարձրացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նախարարների աշխատավարձը՝ 998 հազար դրամից 2 մլն 163 հազար դրամ։
Նարեկ Կիրակոսյան

