«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
03.11.2026 | 19:40«Гюмри наш город, Ты понял?! Город, ***, русских солдатиков, ***»․ Գյումրին սեփական քաղաքը համարողները ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներ են։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տրամադրության տակ հայտնված 26 վայրկյան տևողությամբ տեսանյութում տեսանելի է գետնին ընկած երիտասարդի նկատմամբ բռնությունն ու նվաստացնող վերաբերմունքը։ Բայց թե ովքեր են բռնարարներն ու տուժողը՝ այս պահին պարզ չէ։
«Մենք այդ տեսանյութում ներկա մարդկանցից որևէ մեկին չենք ճանաչում: Եվ, բնականաբար, հնարավորություն՝ ուսումնասիրելու, բացահայտելու, լրացուցիչ տեղեկություններ հայթայթելու չունենալով, նպատակահարմար ու հիմնավոր գտանք, որ միանգամից ուղարկենք իրավապահ մարմիններին՝ Գլխավոր դատախազություն, որպեսզի իրենք, որպես իրավասու և լիազոր մարմին, իրենց կարողությունները ներդնեն և այդ փաստի հիման վրա քրեական գործ հարուցեն և քննություն իրականացնեն»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը:
«Армяшка» վիրավորական անունը կրող տեսանյութի հեղինակն ո՞վ է, արդյո՞ք նոր է նկարահանվել, ո՞վ է փոխանցել․ այս հարցերի պատասխանները նույնպես դեռ չկան։ Տեսանյութում միայն որոշ կցկտուր արտահայտություններ են հասկացվում։
Իրավապաշտպանի խոսքով՝ դիմել են իրավապահ մարմիններին, թեև զուգահեռ փորձում են գտնել նաև բռնության ենթարկվածին։ Հաղորդում տալու համար կարևոր դեր է խաղացել նաև ռուս զինծառայողի կողմից «Гюмри наш город» արտահայտությունը։
«Բացի արժանապատվությունը նվաստացնող այդ վերաբերմունքը, որը շատ խայտառակ պահվածք է զինծառայողների կողմից, այդ արտահայտությունները երկրորդ հանգամանքն էին, որ մեզ դրդեց հաղորդումը տալ»,- նշում է Սաքունցը:
Ըստ նրա՝ այս արտահայտությունը ցույց է տալիս, որ ռուսական բազայի զինվորները իրենց ընկալում են որպես օկուպացիոն զորքեր․ «Օկուպանտների մտածելակերպով են մոտենում, որը ցույց է տալիս, բացահայտում ռուսական բազայի և, հանձինս, իր հրամանատարության և նաև Ռուսաստանի Դաշնության իրական նպատակները իրենց ռազմական բազայի դերի և նշանակության առումով: Սա, իհարկե, ոտնձգություն է, ես համարում եմ սպառնալիք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը»:
Ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողից ֆիզիկական ներգործության հոդվածի հատկանիշներով։ Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, այս պահին մեղադրյալի աթոռը դատարկ է: Factor TV-ի տեղեկություններով՝ փորձաքննությունից հետո պարզ կլինի՝ ով կամ ովքեր կլինեն մեղադրյալներ։ Այս թեմայով Factor TV-ն այսօր հարց ուղղեց ՔԿ նախագահին․ պարզվեց՝ նա աղմկահարույց այս դեպքի մասին տեղյակ չէ։
«Այս պահին տեղյակ չեմ, բայց այսպես ասեմ, որպես կանոն, օրինակ՝ եթե տեսանյութ է տարածվում, օրինակ` ծեծի վերաբերյալ, մենք գիտենք, որ քրեական վարույթ նախաձեռնելու առիթները հստակ թվարկված են օրենքով: Այսինքն, քննիչը կարող է վարույթ նախաձեռնել, երբ իր լիազորությունների իրականացման ընթացքում է հայտնաբերում հանցագործության նյութական հետքեր»,- նշեց Արթուր Պողոսյանը:
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ աղմկահարույց դեպքեր և սպանություններ եղել են պարբերաբար՝ ոչ սթափ վիճակում անկանոն կրակոցներից մինչև Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանություն: Այս դեպքերով հարուցված քրեական գործերով անցնող ամբաստանյալները պահվում են ռազմաբազայի տարածում՝ այդպես էլ չներկայացվելով հայաստանյան դատարաններում։ Ավելին, Գյումրիում դաժանորեն սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևին հենց ռազմաբազայի հրամանատարն էր իր պաշտպանության տակ վերցրել։
«Ակնհայտ է, որ հրամանատարը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը: Սա փաստ է: Եվ դրանում պատասխանատու եմ համարում նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, որոնք քաղաքական զսպվածություն են ցուցաբերում ռուսական ռազմական բազայի հրամանատարի նկատմամբ՝ չիրացնելով, չապահովելով Հայաստանի օրենսդրության իրականացումը»,- ընդգծում է Սաքունցը:
Ռուսական ռազմաբազայի ներկայությունը ինչ է տալիս ՀՀ-ին․ այս թեման հատկապես վերջին շրջանում հասարակական – քաղաքական քննարկումների առանցքում է․ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպմանը հաջորդած ասուլիսում ՌԴ նախագահը հայտարարեց՝ եթե Երևանը համարում է, որ ռուսական բազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Փաշինյանի հեռակա պատասխանեց՝ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

