Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո

Լուրեր

13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
13.05.2026 | 19:08
Թեժ բանավեճ Մարությանի քարոզարշավի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:00
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելը մեր ուժի վերջնանպատակն է․ վստահ չեմ՝ Փաշինյանը 2 տարուց ռուսամետ քաղաքականություն չի վարի․ Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Բալայանը

Խոսրով Ավագյանը 20 տարի առաջ երկու տարեց քույրերի սպանության համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել։ Գործի նոր քննությամբ նրա ցմահ ազատազրկման դատավճիռը փոխվել է 15 տարի ժամկետով ազատազրկման: Ավագյանը մինչև դատավճռի կայացումը 12 տարի անազատության մեջ է եղել: Դատարանը պատժին հաշվակցել է Ավագյանի՝ անազատության մեջ գտնվելու 12 տարի 6 ամիս 10  օրը և թողել կրելու ազատազրկում 2 տարի 5 ամիս 20 օր ժամկետով:

80-ամյա Ավագյանի նկատմամբ, սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է 5 տարի ժամկետով փորձաշրջան: Դատավճիռը կայացրել է Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

Մեկ անգամ սպանության համար պատժի կրումից ազատվելուց հետո Ավագյանը մեղադրվում է երկու կնոջ սպանելու մեջ

2001 թվականին Խոսրով Ավագյանը դատապարտվել է սպանության համար։ Ըստ այս գործով մեղադրանքի՝ Ավագյանը 1995-1999 թվականներին նպատակային դիտավորությամբ հոգատար վերաբերմունք է ցուցաբերել միայնակ, տարեց և նյութական ծանր վիճակում գտնվող կանանց նկատմամբ, ապա խարդախությամբ տիրացել է վերջիններիս բնակարաններին, իսկ նրանցից Գոհար Կիրակոսյանին, շահադիտական դրդումներից ելնելով, բնակարանին տիրանալու նպատակով, 1998 թվականի մայիսի 12-ին սպանել է։ 2004-ին Ավագյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, սակայն ազատվել է պատժի կրումից` հիվանդության պատճառով։

Ազատության մեջ հայտնվելով՝ Խոսրով Ավագյանը շարունակել է հանցավոր գործունեությունը։

2007 թվականին նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ այս անգամ երկու տարեց քույրերի սպանության համար։ Ըստ այս գործով մեղադրանքի՝  Ավագյանը,  2006 թվականի գարնանը ծանոթանալով նյութական ծանր վիճակում գտնվող միայնակ և տարեց քույրեր, 1922 թվականին ծնված Վարսենիկ Գյուրջինյանի և 1925 թվականին ծնված Մարգո Գյուրջինյանի հետ, նրանց Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանին տիրանալու համար խաբեությամբ հանդես է եկել որպես բարեգործ, նպատակային դիտավորությամբ հոգատար վերաբերմունք է ցուցաբերել նրանց նկատմամբ` երբեմն ապահովելով նրանց սննդամթերքով և դեղորայքով, որով վերջիններիս մոտ վստահություն ձեռք բերելուց հետո` 2006 թվականի ապրիլի 5-ին, առանձնապես խոշոր չափի` 8 145000  դրամ արժեք ունեցող բնակարանը սեփականատեր Վարսենիկ Գյուրջինյանին խաբեությամբ կտակել է տվել իրեն։

Այնուհետև, 2006 թվականի դեկտեմբերի վերջին, շահադիտական դրդումներից ելնելով, հիշյալ բնակարանը փաստացիորեն տիրապետելու նպատակով, քույրեր Վարսենիկ և Մարգո Գյուրջինյաններին հիշյալ բնակարանում ԲԻ-58 տեսակի թունաքիմիկատով թունավորել է, որի հետևանքով վերջիններս մահացել են, իսկ դիակները հայտնաբերվել են 2007 թվականի հունվարի 2-ին: Նրանց մահից հետո` 2007 թվականի փետրվարի 14-ին, Վարսենիկ Գյուրջինյանից խաբեությամբ վերցրած կտակն Ավագյանը ներկայացրել է Կենտրոն նոտարական գրասենյակ և համաձայնություն տվել ընդունելու նրանց մահից հետո մնացած բնակարանը:

Այսպիսով, Խոսրով Ավագյանը նախկինում առանձնապես խոշոր չափերի խարդախություն և շահադիտական դրդումներով սպանություն կատարելուց հետո, կրկին շարունակել է իր հանցավոր գործունեությունը` կատարելով առանձնապես խոշոր չափերի խարդախություն և շահադիտական դրդումներով երկու անձի սպանություն։

2008 թվականին Խոսրով Ավագյանը երկու տարեց քույրերի սպանության համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով ճանաչվել է մեղավոր և դատապարտվել ցմահ ազատազրկման, պատժի կրման սկիզբը հաշվարկվել է 2007 թվականի սեպտեմբերի 24-ից։ Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։

2009 թվականին Ավագյանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

2011-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածում փոփոխություններ են եղել, Ավագյանը դիմել է դատարան՝ իր դատավճիռն օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ, ինչն արվել է․ Խոսրով Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նախատեսված հանցանքը կատարելու մեջ, այսինքն՝ երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով սպանությունը։ Ավագյանի նկատմամբ  որպես պատիժ նշանակված ցմահ ազատազրկումը թողնվել է անփոփոխ։

2011 թվականի դեկտեմբերին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է դատավճիռն ու գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

2012 թվականին, վերանայելով Ավագյանի դատավճիռը՝ դատարանը նրան  առաջադրված մեղադրանքից հանել է արարքի կրկնակիությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 15-րդ կետով առաջադրված մեղադրանքը և դատավճիռը համապատասխանեցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 1-ին և 8-րդ կետերին: Դատավճիռը պատժի և մնացած մասով թողնել անփոփոխ։

2012 թվականի մայիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատարանի դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ։

2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Խոսրով Ավագյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճռով ճանաչել է Խոսրով Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը։

2019 թվականին  Խոսրով Ավագյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և դատարանի  նույն թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Այս անգամ գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։

Դատավորը 2020 թվականի մարտի 3-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Խոսրով Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, փոփոխել ստորագրությամբ չհեռանալու մասին և նրան անհապաղ ազատ արձակել կալանքից դատական նիստերի դահլիճից։

Ինչպես են հայտնաբերվել սպանված քույրերի դիերն ու ինչ ապացույցներ են դրվել Ավագյանի դատավճռի հիմքում

Ամբաստանյալ Խոսրով Ավագյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել  և, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ:

Այս գործով տուժողի իրավահաջորդը եղել է Թամարա Հարությունյանը, որը սպանվածների քրոջ դուստրն է։ Նրան Վարսենիկ Գյուրջիյանը որդեգրել է, մինչև ամուսնանալն ապրել է քույրերի հետ։ Ըստ դատավճռում առկա տեղեկության՝

Դատարանը միջոցներ է ձեռնարկել տուժողի իրավահաջորդ Թամարա Հարությունյանի ներկայությունը դատաքննությանն ապահովելու ուղղությամբ, սակայն, ինչպես դատական ակտում նշվում է, ձեռնարկված միջոցներն արդյունք չեն տվել: Որոշում է կայացվել հրապարկել վերջինիս նախկինում տված ցուցմունքները:

2008 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննված Թամարա Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ փոքր տարիքից իրեն որդեգրել է իր մորաքույր Վարսենիկը:

Դատավճռում առկա է Հարությունյանի ցուցմունքը, որը ներկայացնում ենք ստորև․

«Այդ ժամանակվանից ինքն իրեն զգացել է որպես մորաքրոջ դուստր և խնամել է նրան: 1972-1983 թվականներին բնակվել է Վարսենիկի բնակարանում, որից հետո ամուսնացել է և տեղափոխվել է քաղաք Սևան: Վերջին տարիներին Վարսենիկի հետ ապրել է նաև իր մյուս մորաքույրը` Մարգարիտան: Ինքը միշտ պարտավորված է զգացել որպես դուստր շաբաթը մեկ անգամ, իսկ ձմռանը 20 օրը մեկ անգամ այցելել նրանց: Մարգարիտան 4 տարի առաջ ընկել էր և կոտրել ոտքը: Իրենք Մարգարիտային բուժելու համար բժիշկ և «սնղչի» են կանչել տուն: Սնղչին Խոսրովի եղբայր Ջիվան Ավագյանն է եղել, որը նախկինում բուժել է նաև իր քրոջ ձեռքը:

Ջիվանը Մարգարիտային բուժելու նպատակով իրենց տանը եղել է 3 անգամ: Իրենք չեն իմացել, որ Ջիվանը եղբայր ունի: Վերջին ժամանակները Վարսենիկի տեսողությունը վատացել է, բայց նա կարողացել է դուրս գալ, սննդամթերք գնել: Վարսենիկը հաճախել է ինչ-որ բարեգործական ճաշարան: Նա իրեն ասել է, որ այնտեղ մի տղամարդ է հանդիպել իրեն և տարել բժշկի, որն էլ աչքի կաթիլներ է նշանակել: Ինքն առաջարկել է, որպեսզի Վարսենիկը ցույց տա այն պոլիկլինիկայի տեղը, որտեղ նրան բուժում են նշանակել, սակայն նա հրաժարվել է` ասելով, որ երևի Շինարարներ փողոցի վրա էր, սակայն իր տեսողության պատճառով ստույգ տեղը չի կարող ասել: Նրա տեսողությունը մեկ շաբաթվա ընթացքում միանգամից վատացել է, և նա ոչինչ չի կարողացել տեսնել: Նրա տեսողության համար դիմել են բժշկի: Բժիշկն առաջարկել է նրան շտապ վիրահատել: Բժշկին ցույց են տվել նաև այն կաթիլների սրվակը, որը Վարսենիկին տվել էր այդ տղամարդը: Բժիշկը սրվակի տարողությունը չի ստուգել, միայն կարդացել է վրայի գրվածը և ասել, որ դա վտանգ չներկայացնող վիտամին է, որը Վարսենիկին չի օգնի: Վարսենիկին վիրահատել են, որից հետո ինքը դայակ է վարձել, որը մոտ 1 ամիս խնամել է նրանց: Վարսենիկին հիվանդանոցից տուն բերելուց հետո նույն կաթիլների սրվակը ձեռքին տուն է եկել Խոսրով Ավագյանը, որն ասել է, որ իրեն պոլիկլինիկայի բժիշկն է ուղարկել, և որ Վարսենիկն  այդ դեղերը պետք է շարունակի կաթեցնել: Ինքը նրան ասել է, որ իրենք Վարսենիկին վիրահատել են, և բժիշկը նրան դեղեր է նշանակել, ուստի նրա այդ դեղերը հարկավոր չեն: Հաջորդ օրը դայակն ասել է, որ այդ նույն մարդը եկել և տարել է իր բերած սրվակը: Վիրահատությունից հետո նրա տեսողությունը լավացել է, և նա սկսել է ճանաչել բոլոր հարևաններին: Իրենք կասկածել են այդ սրվակի պարունակության իսկության մեջ: Հանգուցյալները եղել են շատ ծեր և տառապել են սկլերոզով: Նրանք միշտ բողոքել են, որ տանը ծուխ կա, բայց իրականում տանը ծուխ չի եղել: Այդ տարիքում նրանք ստույգ որոշում չէին կարող կայացնել: 2006 թվականի դեկտեմբերի 15-ին կամ 16-ին այցելել է մորաքույրներին: Վարսենիկն իրեն ասել է, որ իրեն ինչ-որ մեկը հետապնդում է և փորձում է գցել մեքենայի տակ, սակայն ինքը մտածել է, որ դա նրա հերթական երևակայությունն է և լուրջ չի ընդունել: Հարևաններն իրեն ասել են, որ մորաքույրներին տարօրինակ մարդիկ են այցելում: Իրենց տանից կորել է նաև տան սեփականության վկայականը և Մարգարիտան ասել է, որ ինչ-որ տղամարդ է այն վերցրել, իսկ Վարսենիկը պատասխանել է, որ չգիտի վկայականը որտեղ է։ Վարսենիկն իրեն լիազորագիր է տվել, որի հիման վրա ինքը 2006 թվականի ամռանը վերցրել է վկայականի կրկնօրինակը: Ինքը Վարսենիկին հարցրել է, թե կարող է ինչ-որ թուղթ ստորագրած լինի, իսկ նա պատասխանել է, որ ոչ: 2007 թվականի հունվարի 2-ին եկել է շնորհավորելու մորաքույրներին, սակայն դուռը չեն բացել: Զանգահարել է մորաքրոջ տղային` մտածելով, որ միգուցե նա նրանց տարել է իր տուն, սակայն նա տեղյակ չի եղել: Այնուհետև կոտրել են դուռը. տան բոլոր լույսերն եղել են անջատված, դռները` փակված, անկողինները` հարդարված, իսկ էլեկտրական սալիկն անջատված վիճակում: Տան խոհանոցում տեսել են մորաքույրների դիակները: Փորձագիտական եզրակացության համաձայն` նրանք մահացել էին ցրտահարությունից, որը միանգամից անհավատալի է թվացել, քանի որ նրանք շատ ցրտադիմացկուն են եղել, իսկ տունը տաքացվել է գազով և էլեկտրական սալիկով:

Թամարա Հարությունյանը նաև հայտնել է, որ  հունվարի վերջերին ինքը դիմել է նոտարին, ով հաստատել է, որ իր կտակը փոփոխված չէ, սակայն մայիսի վերջին պարզվել է, որ մեկ այլ կտակ գոյություն ունի, որի հիման վրա տունը հանդիսացել է Խոսրով Ավագյանի սեփականությունը: Խոսրովը ցանկացել է անշարժ գույքի գործակալության միջոցով վաճառել այն: Դրանից հետո իմացել են, որ Խոսրովը Ջիվանի եղբայրն է, այսինքն՝ այն սնղչու, որն այցելել էր մորաքրոջը: Ինքը քաղաքացիական գործի քննության ժամանակ է տեսել Խոսրովին և վերհիշել, որ Խոսրովն այն տղամարդն է, ով վիրահատության օրն աչքի կաթիլներ էր բերել Վարսենիկին»:

Վկա Աիդա Աբրահամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է որպես նոտար:

Ներկայացնում ենք դատավճռում ցուցմունքի վերաշարադրանքը․

«Սահմանված կարգով Վարսենիկը ներկայացել է նոտարական գրասենյակ և հայտնել, որ ցանկանում է իր տունը կտակել Խոսրովին: Զրուցել է Վարսենիկի հետ, և նրա զրույցից բավարարված լինելով` հաստատել է գործարքը: Չի կարողանում հիշել՝ Վարսենիկը 1, թե՞ 2 անգամ է եկել նոտարական գրասենյակ: Չի կարողանում հիշել նաև Վարսենիկից հարցրել է այլ կտակի մասին, թե՝ ոչ, սակայն իր պրակտիկայից ելնելով` համոզված է, որ հարցրել և ստացել է բացասական պատասխան, քանի որ, եթե պատասխանած լիներ դրական, ապա ինքն անպայաման կառաջարկեր նախկին կտակը վերացնել: Այնուհետև Խոսրովը բերել է Վարսենիկի մահվան վկայականի բնօրինակը, և ինքը հաստատել է կտակի օրինականությունը։ Նոտարը դատարանին հայտնել է նաև, որ դեպքից անցել է երկար ժամանակ, ու այդ պատճառով կատարված գործարքի մանրամասները չի հիշում: Դատաքննության ընթացքում հրապարակվել է վկայի նախաքննական ցուցմունքը, որի ընթացքում վերջինս, ի թիվս այլնի, հայտնել է, որ հիշում է՝ հերթերի առկայության պատճառով Խոսրովը մի քանի անգամ դիմել է ներկաներին՝ ասելով․ «Ծեր կին է, թույլ տվեք շուտ ներս մտնի»։ Հիշում է նաև, որ Խոսրովը փորձել է Վարսենիկի հետ միասին ներս մտնել, սակայն ինքը թույլ չի տվել դա։ Հրապարակումից հետո վկան հայտնեց, որ նախաքննության ընթացքում հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»։

Վկա Հայկ Գյուրջինյանը ցուցմունք է  տվել այն մասին, որ մահացողներն իր հորաքույրներն են:  Դատավճռում առկա է վկայի ցուցմունքը, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինքը Խոսրովին չի ճանաչել: Շաբաթը 1 կամ 2 անգամ այցելել է նրանց և հոգացել նրանց կարիքները: Նրանց մասին հոգ է տարել նաև Թամարան: Նրանց առողջական վիճակը եղել է բարվոք: Վարսենիկի տեսողությունը վիրահատությունից հետո լավացել է: Մարգարիտան ասել է, որ Խոսրով անունով մի մարդ իրենց վախեցնում է: Խոսրովի անունը նրանից լսել է 1 կամ 2 անգամ: Վարսենիկն ասել է, որ մեկն ուզում է իրեն գցել մեքենայի տակ: Ինքը նրանց մոտ անհանգստություն նկատել է, սակայն նրանց ծեր լինելու պատճառով դրան լուրջ չի վերաբերվել: Տեղյակ է, որ Վարսենիկը հաճախել է բարեգործական ճաշարան: Ձմռանը նրանց տանը տաք է եղել, նրանք միշտ բաց են թողել պատշգամբի դուռը: Առիթների ժամանակ հորաքույրները խմիչք օգտագործել են: Նրանց մոտ տեսել է միայն մի ծեր կնոջ, այլ մարդկանց չի տեսել: 2007 թվականի հունվարի 2-ին Վաչիկի հետ կոտրել են դուռը և տեսել, որ տատիկները մահացած վիճակում պառկած են խոհանոցում. Մարգարիտան` մեջքի վրա, իսկ Վարսենիկը` դեմքը դեպի հատակը:  Վկան պատմել է նաև, որ  տան սեփականատերը Վարսենիկն է եղել, և իրենք բոլոր հարազատներով իմացել են, որ նա այն կտակել է Թամարային, որի դեմ ոչ մի առարկություն չեն ունեցել: Մարգարիտան իրեն ասել է, որ միջին հասակի մի մարդ պոլիկլինիկայից սրվակով աչքի կաթիլներ է բերել»։

Վերարտադրվել է նաև սպանված քույրերի հարևան Մարինե Էֆենջյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքը, որի ժամանակ Էֆենջյանը հայտնել է, որ Խոսրովին ճանաչել է Աջափնյակ թաղամասում գտնվող դատարանից, ում ինքը մինչ այդ երկու անգամ տեսել էր իրենց բակում:

«Առաջին անգամ նա ծանրոցը ձեռքին բարձրանալիս է եղել Վարսենիկենց տուն, իսկ երկրորդ անգամ նրան տեսել է Վարսենիկենց տուն մտնելիս: Այդ ժամանակ Խոսրովին տեսել է դռան դիտանցքից, ով ուժգին թակելիս է եղել իր դռան հարևանությամբ գտնվող Վարսենիկենց դուռը: Վարսենիկենց այցելել են տարբեր մարդիկ` Թամարան, բժիշկներ, ԺԵԿ-ի աշխատողներ և այլ բարեկամներ: Տատիկներն իրեն դիմել են տարբեր հարցերով` մթերքներ գնելու, Թամարային կանչելու և այլ կենցաղային հարցերով: Տատիկները սիրել են ոգելից խմիչքներ խմել: Ամռանը հիմնականում նրանց բնակարանի դուռը բաց է եղել: Նրանք միշտ դժգոհել են, որ տանը ծուխ է: 2006 թվականի դեկտեմբերի 27-ին կամ 28-ին նրանց ձայները չլսելու պատճառով զանգահարել է Թամարային և այդ մասին հայտնել նրան, Թամարան խնդրել է դուռը թակել, սակայն նրանք դուռը չեն բացել: Իրենք մտածել են, որ ուշ է, միգուցե նրանք քնած են, սակայն առավոտյան նրանք նույնպես դուռը չեն բացել: 2007 թվականի հունվարի 2-ին Թամարան եկել է,  կոտրել են դուռը և տեսել, որ տատիկները մահացած վիճակում պառկած են խոհանոցում, էլեկտրական սալիկը շուռ եկած, տատիկներից մեկի հողաթափի մի մասը այրված: Առաջին իսկ պահից մտածել է, որ նրանք իրենց մահով չեն մահացել, որովհետև նրանցից մեկի մահվան դեպքում մյուսն անմիջապես կասեր իրենց: Տատիկները հաճախ են իրենց դուռը թակել և իրենցից օգնություն խնդրել»:

Նախաքննության ընթացքում վկա Անթառամ Վարդանյանը ցուցմունք է տվել, որ շուրջ մեկ ամիս խնամել է Վարսենիկ և Մարգարիտա քույրերին:

«Խնամելու պայմանավորվածություն է ձեռք բերել Թամարայի հետ, ով էլ վճարել է խնամելու համար պայմանավորված գումարը: Խնամելու համար իրեն միջնորդել է Վարսենիկին վիրահատող բժշկուհին: Քույրերը սիրել են գինի խմել, և իր խնամելու ժամանակահատվածում մեկ անգամ նրանց գինի է տվել: Պատշգամբում տեսել է մոտ 10 հատ գինու դատարկ շշեր: Նրանք շատ կռվարար են եղել, որի պատճառով ինքը 1 ամիս խնամելուց հետո հրաժարվել է նրանց խնամել: Քույրերը Թամարայից շատ գոհ են եղել, որի վերաբերյալ բազմիցս ասել են իրեն: Վարսենիկն իրեն ասել է, որ տունը կտակել է Թամարային: Վարսենիկին հիվանդանոցից բերելու օրը կամ դրանից 2 օր հետո, երբ Թամարան իջել է խանութ գնումներ կատարելու, տան դուռն առանց թակելու ներս է մտել Խոսրովը: Ինքը նրան չի թողել առաջ գնալ` ասելով, որ տան տերը տանը չէ, պետք է սպասել մինչև տիրոջ վերադառնալը, սակայն Խոսրովն իրեն չի լսել և, տանից վերցնելով սպիտակ գույնի մի սրվակ, հեռացել է: Մինչ հեռանալն ինքը բանավիճել է Խոսրովի հետ, որի ժամանակ իմացել է, որ նա բարեգործ է, սակայն նրա չար հայացքը բարեգործի տպավորություն չի ստեղծել: Վարսենիկը վախեցած ձայնով ասել է, որ նա լավ մարդ է, բարեգործ է, թող ներս գա, հետո իրեն պատմել է, որ այդ մարդն իրեն տարել է պոլիկլինիկա, սակայն տեղը չի հիշում: Այդ միջադեպի մասին ինքը պատմել է Թամարային և ասել, որ շատ կասկածելի տղամարդ էր: Ինքն ու Թամարան տանը փնտրել են տան սեփականության վկայականը, սակայն չեն կարողացել գտնել և Թամարան կադաստրից վերցրել է դրա կրկնօրինակը»:

Վկա Անթառամ Վարդանյանը առերես հարցաքննվել է Խոսրով Ավագյանի հետ, որի ընթացքում պնդել է իր ցուցմունքը։ Գործի շրջանակներում նաև խուզարկվել է Խոսրով Ավագյանի բնակարանը։ 24.09.2007 թվականին խուզարկություն կատարելու վերաբերյալ կազմված արձանագրության համաձայն` Խոսրով Ավագյանի բնակության վայրից հայտնաբերվել և առգրավվել են դռան փականների 12 հատ տարբեր բանալիներ և «հիվանդների հասցեն» գրառումով գիրք։

Սպանության գործի շրջանակներում նշանակված են եղել փորձաքննություններ, որոնց եզրակացությունների համաձայն՝ Վարսենիկ Գյուրջինյանի մահը վրա է հասել օրգանիզմի վրա ցածր ջերմաստիճանի ընդհանուր ներգործության հետևանքով, իսկ Մարգարիտա Գյուրջինյանի մահը՝  սրտի պսակաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարումից։

Հետագայում քույրերի դիերն արտաշիրիմվել են, նշանակվել են կրկնակի դատաբժշկական փորձաքննություններ և, ըստ փորձագիտական եզրակացության՝ նրանց մահը վրա է հասել ֆոսֆորօրգանական միացություններով, մասնավորապես` ԲԻ-58 տեսակի թունաքիմիկատով թունավորելու հետևանքով:

Դատարանը, համադրելով և վերլուծելով քրեական գործով հետազոտված բոլոր ապացույցները, գտնում է, որ դրանք վերաբերելի, թույլատրելի, արժանահավատ և իրենց ամբողջության մեջ բավարար են Խոսրով Ավագյանին վերագրվող արարքների փաստական հիմքերը հաստատված համարելու համար։

Հետազոտված ապացույցների համակցությունից պարզվում է ամբաստանյալի վարքագծի տրամաբանական և պատճառահետևանքային շղթան, այն է՝ տուժողների հետ նպատակային ծանոթանալը, նրանց վստահությունը շահելը, հոգատարության պատրանք ստեղծելով նրանց վրա հոգեբանական ներգործություն ունենալը բնակարանի նկատմամբ իրավական և փաստացի վերահսկողություն ձեռք բերելու ձգտումը, այդ նպատակով Վարսենիկ Գյուրջինյանի անունից կտակ ձևակերպել տալը, այնուհետև տուժողների մահվանից հետո նշված կտակը նոտարական կարգով շրջանառության մեջ դնելու և ժառանգությունն ընդունելու ուղղությամբ գործողություններ կատարելը, ինչպես նաև Վարսենիկ և Մարգարիտա Գյուրջինյանների մահվան իրական պատճառը՝ ԲԻ-58 տեսակի թունաքիմիկատով թունավորումը։

Դատարանը փաստում է, որ Խոսրով Ավագյանը պատահական անձ չի եղել տուժողների կյանքում և նրանց հետ կապի մեջ է մտել նպատակային կերպով և գործի քննությամբ ապացուցված է համարել, որ Խոսրով Ավագյանը կատարել է արարք, որը համապատասխանում է 18.04.2003 թ.-ին  ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նախատեսված արարքի հատկանիշներին, այն է՝ շահադիտական դրդրումներով 2 անձի սպանությունը։

Ինչու դատարանը կրկին ցմահ ազատազրկման չի դատապարտել Խոսրով Ավագյանին

Դատավոր Դավիթ Բալայանը 2 քույրերի սպանության համար մեղավոր ճանաչելով Խոսրով Ավագյանին, այնուամենայնիվ, իրավական դիրքորոշում է հայտնել, որ ամբաստանյալի կողմից կատարված արարքը ենթակա չէ համապատասխանեցման 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասին` հիմք ընդունելով, այն իրողությունը, որ նշված հոդվածով նախատեսված սանկցիան, համեմատած արարքը կատարելու պահին գործող օրենսդրության հետ, ավելի խիստ է և չի բարելավում ամբաստանյալի իրավական վիճակը։

Այսպես.

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված (արարքը կատարելու պահին) ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով որպես պատիժ է նախատեսված ազատազրկումը՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով որպես պատիժ է նախատեսված ազատազրկումը՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախկին և նոր քրեական օրենսգրքերով նախատեսված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա, դատարանը արձանագրել է, որ նոր ընդունված օրենսդրությունը համարվում է պատիժը խստացնող, քանի որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժաչափի նվազագույն չափը անհամեմատ ավելի խիստ է, քան արարքը կատարելու պահին գործող օրենսդրությամբ: Մասնավորապես՝ գործողության մեջ դրված քրեական օրենսդրությամբ բարձրացվել են քննարկվող արարքների համար նախատեսված պատժի նվազագույն չափը: Հետևաբար՝ գործողության մեջ դրված քրեական օրենսգրքով ղեկավարվելու դեպքում ամբաստանյալ Խոսրով Ավագյանի համար միանշանակ կառաջանան անբարենպաստ հետևանքներ, ինչը կհակասի նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասին, այն  է՝ «արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի»:

Բացի այդ՝ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքով հրաժարվել է երկու կամ ավելի անձանց սպանության՝ որպես առանձին որակյալ տեսակի նախատեսումից։ Նման պայմաններում ամբաստանյալ Խոսրով Ավագյանի կողմից կատարված արարքը նոր քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու դեպքում այն ենթակա կլիներ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ յուրաքանչյուր տուժողի մասով առանձին, այսինքն՝ երկու դրվագով։ Այսինքն, հանցագործությունների համակցության կանոններով պատիժ նշանակելիս, ինչպես նաև հաշվի առնելով նշված հոդվածով նախատեսված պատժի նվազագույն շեմի էական բարձրացումը, ամբաստանյալի նկատմամբ կարող էր նշանակվել անհամեմատ ավելի խիստ պատիժ, քան արարքը կատարելու պահին գործող քրեական օրենսգրքի կիրառման դեպքում։

Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալին վերագրվող արարքները կատարվել են 2006 թվականի դեկտեմբերին, և այդ ժամանակահատվածից անցել է ավելի քան 19 տարի, անհրաժեշտ է համարել անդրադառնալ Խոսրով Ավագյանին վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորության հարցին։

Այսպես՝

արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե առանձնապես ծանր հանցանք կատարելու օրվանից անցել է տասնհինգ տարի։ Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ անձը կատարել է ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք, վաղեմության ժամկետի կիրառման հարցը լուծում է դատարանը, և եթե դատարանը հնարավոր չի գտնում անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում։

Վերլուծելով գործի նյութերը՝ դատարանը եզրահանգում է, որ թեև ձևականորեն վաղեմության ժամկետը լրացել է, սակայն տվյալ դեպքում վաղեմության ինստիտուտի կիրառումը նպատակահարմար չէ։ Մասնավորապես, դատարանը հաշվի է առնում այն, որ Խոսրով Ավագյանի կողմից կատարված արարքը առանձնանում է իր բացառիկ ծանրությամբ և բարձր հանրային վտանգավորությամբ՝ այն արտահայտվել է շահադիտական դրդումներով երկու անօգնական, տարեց անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ, ինչը ոտնահարում է մարդու կյանքի հիմնարար իրավունքը և ուղղված է հասարակության բարոյական հիմքերի դեմ։

Դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ հանցագործությունը կրել է նպատակաուղղված և նախապես մտածված բնույթ․ ամբաստանյալը նախ ստեղծել է վստահության մթնոլորտ, ապահովել է գույքային շահի իրավական ձևակերպումը, ապա կյանքի դեմ ուղղված գործողություններով ավարտին է հասցրել իր հանցավոր մտադրությունը։ Նման վարքագիծը վկայում է ոչ միայն արարքի բարձր հանրային վտանգավորության, այլև բնութագրում է ամբաստանյալի անձը՝ որպես դիտավորությամբ և նպատակաուղղված կերպով ծանր հանցագործություն կատարած անձ։ Հետևաբար, գնահատելով հանցագործության բնույթը, կատարման եղանակը, հետևանքները՝ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հնարավոր չէ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Խոսրով Ավագյանին ազատել քրեական պատասխանատվությունից։

Միաժամանակ, ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից, դատարանը արձանագրել է, որ ամբաստանյալի նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառվել չի կարող։

Այսպիսով, դատարանը, հաստատված համարելով հանցագործության և դրա կատարման մեջ Խոսրով Ավագյանի մեղքի ապացուցված լինելը՝ գտել է, որ նա ենթակա է պատժի կատարածի համար:

Դատարանը ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես նրա կատարած հանցագործության բնույթը, կատարման եղանակը, դիտավորության աստիճանը, հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի վրա ազդեցությունը, այնպես էլ նրա անձը բնութագրող տվյալները՝ այն, որ ամբաստանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք հաստատված են 2020 թվականի փետրվարի 25-ին միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի տված եզրակացությամբ։

Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել պատիժ նշանակելու պահին նրա 65 տարին լրացած լինելը:

Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք առկա չէ:

Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի արարքում առկա են հանցագործությունների ռեցիդիվի հատկանիշներ, սակայն, դիտարկել է, որ արարքը կատարելու պահին գործող քրեական օրենսդրությամբ հատուկ կարգավորում չի նախատեսվել ռեցիդիվի պայմաններում պատիժ նշանակելու առանձնահատկությունների վերաբերյալ։

Այս պայմաններում դատարանը գտել է, որ 2022 թվականի հունիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված կանոնները չեն կարող կիրառվել, քանի որ դրանք սահմանում են պատժի նշանակման ավելի խիստ կարգավորում և, ըստ էության, հանգեցնում են ամբաստանյալի վիճակի վատթարացման։ Հետևաբար, նոր օրենսդրության հիշյալ նորի կիրառումը կհակասի քրեական օրենքի հետադարձ ուժի արգելքի սկզբունքին, համաձայն որի՝ անձի վիճակը վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի տվյալ դեպքում ենթակա է կիրառման արարքը կատարելու պահին գործող քրեական օրենսդրությունը։

Դատավոր Դավիթ Բալայանն, այսպիսով,  հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությունը և ծանրացնող հանգամանքի բացակայությունն ու ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին, 55-րդ և 69-րդ հոդվածներով գտել է, որ Խոսրով Ավագյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկումը 15 տարի ժամկետով:

Դատարանը, ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ հանցագործության կատարման պահին գործող քրեական օրենքով տվյալ արարքի համար նախատեսված է եղել նաև ցմահ ազատազրկում պատժատեսակը, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից ելնելով նշված պատժատեսակը տվյալ դեպքում կիրառման ենթակա չէ: Այդուհանդերձ, հաշվի առնելով արարքի բարձր հանրային վտանգավորությունը, այն է՝ շահադիտական դրդումներով երկու անձի սպանությունը, դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափը՝ 15 տարի ազատազրկումը։

Միևնույն ժամանակ, դատարանը գտել է,  որ Խոսրով Ավագյանի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 2007 թվականի սեպտեմբերի 24-ից 2020 թվականի ապրիլի 3-ն ընկած ժամանակահարվածը՝ 12 տարի 6  ամիս 10  օրը, պետք է հաշվակցել նրա նկատմամբ նշանակված 15 տարի ժամկետով ազատազրկմանը և թողնել կրելու ազատազրկում՝ 2 տարի 5 ամիս 20 օր ժամկետով:

Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու կամ այն պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցին` դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն՝

«1. Եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս հանգում է հետևության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

(…)

  1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները.

1) անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,

2) պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) հանցանք կատարածի անձը,

4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել»:

Վերլուծելով գործով հաստատված հանգամանքները՝ դատարանը եզրահանգում է, որ Խոսրով Ավագյանի նկատմամբ նշանակված պատժի մնացած մասի իրական կրումը տվյալ փուլում չի հանդիսանում անհրաժեշտ և համաչափ միջոց՝ քրեական պատասխանատվության նպատակների իրագործման տեսանկյունից։

Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալը հանցագործությունը կատարել է 60 տարեկանում, իսկ ներկայում 79 տարեկան է, այսինքն՝ գտնվում է կյանքի այն փուլում, երբ նրա ֆիզիկական և սոցիալական ակտիվությունը էականորեն սահմանափակված է։ Միաժամանակ, նրա կողմից արդեն իսկ կրված՝ 12 տարի 6 ամիս 10 օր ժամկետով ազատազրկումը իր տևողությամբ ունեցել է նշանակալի ազդեցություն նրա անձի վրա՝ նպաստելով վարքագծի վերագնահատմանը և հասարակական վտանգավորության նվազմանը։

Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված չափանիշները՝ դատարանը գնահատել է հանցանքի բնույթը և վտանգավորությունը, ամբաստանյալի անձը, պատժի կրման ընթացքում նրա վիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշանակված պատժից մնացած մասը՝ 2 տարի 5 ամիս 20 օր ժամկետով, համեմատաբար կարճ է և իր լրիվ ծավալով կրումը տվյալ փուլում էականորեն չի նպաստի պատժի նպատակների առավել արդյունավետ իրագործմանը, այլ ընդհակառակը կկրի առավելապես ձևական բնույթ։

Ուշադրության է արժանի այն, որ 2020 թվականի փետրվարի 25-ին միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությամբ ամբաստանյալի մոտ հայտնաբերվել են մի շարք այնպիսի հիվանդություններ, որոնց պայմաններում նա ճանաչված է 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձ և մշտապես կարիք ունի օգնության և այլ անձանց կողմից վերահսկման:

Դատարանն արձանագրում է, որ թեև նշված բժշկական եզրակացությունը տրվել է այլ ընթացակարգի շրջանակներում, այնուամենայնիվ այն չի կարող անտեսվել պատժի նշանակման և, մասնավորապես, պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելիս, քանի որ այն բնութագրում է ամբաստանյալի առողջական վիճակի իրական ծանրությունը։ Ընդ որում, ամբաստանյալն ունի նաև ինքնուրույն տեղաշարժման սահմանափակ հնարավորություն։ Այսպիսով, ամբաստանյալի տարիքը՝ 79 տարեկան լինելը, ու առողջական ծանր վիճակը վկայում են, որ պատժի իրական կրման դեպքում կարող են առաջանալ նրա առողջության համար լուրջ և անդառնալի բացասական հետևանքներ, ինչը պետք է հաշվի առնել պատժի անհատականացման և համաչափության սկզբունքների շրջանակում։

Միևնույն ժամանակ, դատարանը գտել է, որ ամբաստանյալի նկատմամբ իրականացված երկարատև քրեական հետապնդումը և ազատազրկման վայրում 12 տարուց ավելի ժամկետով գտնվելու հանգամանքը բավարար չափով ապահովել են ինչպես սոցիալական արդարության վերականգնումը, այնպես էլ հանցագործության դատապարտման հանրային նպատակների իրագործումը։ Նման պայմաններում պատժի մնացած մասի իրական կրումը, ըստ դատարանի,  չի բխում նաև համաչափության և նպատակահարմարության սկզբունքներից։

Այսպիսով, ամբաստանյալ Խոսրով Ավագյանի ուղղումն ու վերադաստիարակումը, ըստ դատարանի, հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները: Տվյալ դեպքում կապահովվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:

Դատարանն ընդգծել է, որ Խոսրով Ավագյանի վարքագծի նկատմամբ պետք է սահմանել վերահսկողություն և դրա կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանմանը` պարտավորեցնելով նրան բնակության վայրը փոխելու դեպքում՝ սեղմ ժամկետում, վերահսկողություն իրականացնող մարմնին հայտնել նոր բնակության հասցեն:

Դատարանն արձանագրում է, որ տուժողի կողմից քաղաքացիական հայց չի ներկայացվել։

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը վճռել է Խոսրով   Ավագյանին մեղավոր ճանաչել արարքը կատարելու պահին գործող՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նախատեսված արարքում և պատիժ նշանակել ազատազրկում 15 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնով՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցել՝ 2007 թվականի սեպտեմբերի 24-ից 2020 թվականի ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Խոսրով Ավագյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 12  տարի 6 ամիս 10 օրը և թողնել կրելու ազատազրկում 2 տարի 5 ամիս 20  օր ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով:

 

Արաքս Մամուլյան