ՌԴ-ն հայտարարել է, թե ԵՄ-ն Հայաստանից «դուրս է մղում Ռուս ուղղափառ եկեղեցուն»
Քաղաքականություն
03.06.2026 | 13:28
Եվրամիության ղեկավարությունն «ագրեսիվ կերպով ձգտում է Ռուս ուղղափառ եկեղեցուն (ՌՈՒԵ) դուրս մղել Հայաստանից՝ Երևանին պահանջ ներկայացնելով լիովին խզել դարավոր կրոնական և հոգևոր կապերը Մոսկվայի հետ»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվրահակաքրիստոսները նշանառության տակ են վերցրել Հայաստանում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցուն։ ԱՀԾ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԵՄ ղեկավարությունն ագրեսիվ կերպով սկսել է Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից վտարել։ Որպես եվրոպական ինտեգրման նախապայման՝ Հայաստանի իշխանություններին պահանջ է ներկայացվում լիովին խզել Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը»,- պնդում է ռուսական գերատեսչությունը։
Հայտարարությունում նշվում է, թե ապրիլին ստեղծված ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում «կատաղի հարձակում է սկսում Ռուս ուղղափառության դեմ»՝ այդ քաղաքական և գաղափարախոսական առաջադրանքի շրջանակում։
«ԵՄ-ն փորձում է զրկել Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի թեմին եկեղեցական գույքն օգտագործելու իրավունքից, նաև արգելափակել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ առաքելական եկեղեցու հետ»,- հաղորդել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, թե Եվրամիությունը հստակ ցույց է տվել՝ ինչպես է մտադիր պայքարել Հայաստանում «հիբրիդային» սպառնալիքների դեմ՝ «Գյումրիի Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմական բազային կից Միքայել Հրեշտակապետ եկեղեցու քահանա, Ռուս ուղղափառ եկեղեցու անդամ Հայր Տիմոֆեյ Ղազարյանի վրա կոշտ հարձակում» իրականացնելով։
«Բրյուսելի կողմից աջակցվող ՀԿ-ները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, մեղադրել են համեստ քահանային հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ոչ պակաս միջամտության մեջ։ ԱՀԾ-ի ունեցած տեղեկությունների համաձայն, այսպես կոչված, եվրոպացի գործընկերները ներկայում կեղծում են Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան թեմի այլ ներկայացուցիչների դեմ կոմպրոմատային տեղեկություններ՝ Հայաստանի իշխանություններին հրահրելու նրանց դեմ լայնածավալ հետապնդումներ սկսել»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, թե Ռուսաստանի և Հայաստանի «եղբայրական ժողովուրդների միջև կապերն ավելի ամուր են, քան ԵՄ ցանկացած քաղաքական տեխնոլոգիական նախագիծ և կդիմանան եվրոպացիների հարձակումներին»:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառմամբ արձագանքել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը։ «ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը մի ամբողջ հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ու «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» մասին՝ մեզ անվանելով «ԵվրոհակաՔրիստոսներ» («Евроантихристы»)։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք ոչ թե եվրոհակաՔրիստոս ենք, այլ եվրոմոնարխիստ ու եվրոկոմունիստ։ Ամբողջությամբ կիսում եմ ՌԴ հատուկ ծառայությունների տխրությունն ու վիշտը՝ Հայաստանի ընտրություններին միջամտության տապալվող փորձերի կապակցությամբ։ Հ․Գ․ Ուզում եմ հասկանամ, «Իրազեկն» ու ՀՔԱՎ–ն են այդքան հզոր դարձե՞լ, թե՞ ՌԴ հատուկ ծառայություններն են այդքան խուրդվել, որ մեր մասին հաղորդագրություն են տարածում»,- գրել է Իոասննիսյանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

