Ինչո՞ւ Հայաստանի մի քանի հարյուր դպրոցներում տնօրեններ չկան․ ԿԳՄՍՆ-ն  գաղտնի է պահում մասնագիտական հանձնաժողովների կազմը  

Լուրեր

02.03.2026 | 21:51
ԱՄՆ նախագահը չի բացառում Իրանում գործողության ժամկետի երկարաձգումը
02.03.2026 | 21:48
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը
02.03.2026 | 21:37
Անկարան հերքում է, որ Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազային
02.03.2026 | 21:27
Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. քննարկվել են AZAL-ի ինքնաթիռի խոցումը, տրանսպորտային հաղորդակցությունների հարցեր
02.03.2026 | 21:22
Ինչպես կաթողիկոսը դարձավ մեղադրյալ․ ով է Սարոյանին պաշտոնում վերականգնած դատավորը
02.03.2026 | 21:09
Ցավակցություն՝ մեկ օր անց. ինչպես ՀՀ-ն պետք է արձագանքի Իրանում պատերազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 21:00
Սկսվել է տարածաշրջանային պատերազմ, Իրանի դեմ հարձակմանը կարող են նոր երկրներ ներգրավվել․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 20:50
«Բուրջ Խալիֆա»-ն կառուցած Emaar-ն արդյոք կգա Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 20:40
Կատարի պետական​​ էներգետիկ ընկերությունը դադարեցրել է հեղուկ բնական գազի արտադրությունը՝ Իրանի հարվածների պատճառով
02.03.2026 | 20:31
Օմանի ափերի մոտ նավթային լցանավի վրա հարձակման հետևանքով անձնակազմի անդամ է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 20:23
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին քննարկվել են դատական համակարգին վերաբերող կարգավորումներ
02.03.2026 | 20:10
Ֆիդանն ու Բայրամովը տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն են քննարկել
02.03.2026 | 20:00
Տեր-Պետրոսյանի կոչը՝ համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ, վիրավորական է հենց ՀԱԿ-ի համար․ գոնե իր կուսակցի շուրջ միավորվելու կոչ աներ․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 19:52
«Խնդրել եմ ազատման դիմում գրեն»․ ինչու են ազատվել Էրեբունու թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները
02.03.2026 | 19:40
Մեքենաները մնացել էին ցեխի մեջ․ ինչ է տեղի ունեցել Նուբարաշենի խճուղում
Բոլորը

2023 թ․ ՀՀ կառավարությունը փոխեց դպրոցի տնօրենի ընտրության կարգը և դրա հետ կապված հիմնական գործառույթները կենտրոնացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ Որոշումը, որով այս կարևորագույն գործընթացն արմատական փոփոխությունների էր ենթարկվում, կառավարության նիստին ներկայացված չզեկուցվող հարցերից մեկն էր:

Կառավարության որոշման հիմնավորումներում ԿԳՄՍՆ-ն նշել էր, որ դպրոցի տնօրենի ընտրությունը «մրցութային կարգով իրականացնելու դեպքում հնարավոր կլինի խուսափել մի շարք ռիսկերից, այդ թվում՝ համակարգին և պաշտոնային պարտականություններին ոչ իրազեկ մարդկանց ներգրավման առումով»։

Առկա համակարգի թերությունները բացահայտելու և ԿԳՄՍՆ-ին իրազեկելու նպատակով 2026 թ․ հունվարի 22-ին 4 գրություն էինք հղել ԿԳՄՍՆ՝ խնդրելով տրամադրել գործընթացի հետ կապված որոշակի տեղեկատվություն։ Գերատեսչությունից, սակայն, մեր 4 հարցումներին պատասխանել են  մեկ գրությամբ՝  ներկայացնելով ընդամենը  գործող կարգավորումները, որոնք, այսպես թե այնպես, հասանելի են։

Քանի որ ԿԳՄՍՆ-ն հրաժարվել է տրամադրել մեր հայցած տեղեկատվությունը,  տվյալների մեծ մասը ստացվել է այլընտրանքային  աղբյուրներից։ Հնարավոր է 1-2 վրիպակ (մի քանի հազար տվյալի մեջ), և եթե ԿԳՄՍՆ-ն համամիտ չէ ներկայացված քանակական ցուցանիշների հետ, կարող է ներկայացնել իր սեփական հաշվարկները։

Այսպիսով՝ 2023 թ․ մարտից 2025 թ․ դեկտեմբեր ժամանակահատվածում ԿԳՄՍՆ կայքում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի վերաբերյալ հրապարակվել է  6504 հայտարարություն (անկախ դպրոցի ենթակայությունից, յուրաքանչյուր դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է ԿԳՄՍՆ կայքում)։  Դրանք վերաբերել են Հայաստանում գործող 1399 դպրոցներից 642-ին, այդ թվում՝ Արարատի մարզի 61 դպրոցի (631 հայտարարություն), Արագածոտնի՝ 53 դպրոցի (749 հայտարարություն), Արմավիրի՝ 53 (415), Գեղարքունիքի՝ 52 (579), Լոռիի՝ 78 (821), Կոտայքի՝ 43 (262), Շիրակի` 77 (917), Սյունիքի՝ 51 (887), Վայոց ձորի՝  23 (272), Տավուշի՝ 30 (278), Երևանի՝ 65 (339), ԿԳՄՍՆ՝ 56 (354)։

Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղերի վերաբերյալ հայտարարությունների թվաքանակն ըստ ամիսների

Պատկեր 1-ը վկայում է, որ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղերն ավելանում են ձնագնդի նման։ Որոշ, հատկապես մարզային դպրոցների դեպքում, արդեն իսկ մեծ թվով հայտարարություններ են հրապարակվել։ Օրինակ, Սյունիքի մարզի Արավուսի տարրական դպրոցի դեպքում 2023 թ․ մարտի 6-ից 2025 թ․ դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում տնօրենի պաշտոնի թափուր տեղի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է 41 անգամ, ընդ որում, 2025 թ․ դեկտեմբերին՝ 2 անգամ (դեկտեմբերի 1-ին և 22-ին), 2025 թ․ սեպտեմբերին՝ 2 անգամ (8 և 29), 2025 թ․ ապրիլին՝ 2 անգամ (2 և 23), 2024 թ․ դեկտեմբերին՝ 2 անգամ (9 և 30), 2024 թ․ հոկտեմբերին՝ 2 անգամ (7 և 28), 2024 թ․ մայիսին՝ 2 անգամ (3 և 27), 2024 թ․ փետրվարին՝ 2 անգամ (6 և 27), 2023 թ․ դեկտեմբերին՝ 2 անգամ (1 և 22), 2023 թ․ սեպտեմբերին՝ 2 անգամ (7 և 29), 2023 թ․ մարտին՝ 2 անգամ (3 և 30)։ Ներկայացված տվյալները վկայում են, որ տնօրենի ընտրության գործող մոդելը չի աշխատում։

Առանձին դպրոցների տնօրենի պաշտոնի թափուր տեղի վերաբերյալ հայտարարությունների թիվը 2023թ մարտից 2025թ դեկտեմբեր 31 ժամանակահատվածում

 

ԿԳՄՍՆ կողմից նման մեծ թվով հայտարարությունների հրապարակումը նշանակում է, որ յուրաքանչյուր պահի  Հայաստանի մի քանի հարյուր դպրոց տնօրեն չունի։ Աղյուսակում ներկայացված տվյալները վկայում են, որ մի շարք դեպքերում արդեն գրեթե 3 տարի դպրոցը ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կամ պարտականությունները կատարողը։ Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կամ պարտականությունները կատարողի նշանակման հատուկ ընթացակարգ գոյություն չունի, և այդ որոշումը հիմնականում թողնվել է դպրոցի վերադասին՝ ԿԳՄՍՆ-ին, Երևանի քաղաքապետարանին կամ մարզպետներին։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է․ «Ստեղծվել է մի յուրօրինակ իրավիճակ, երբ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կամ տնօրենի պարտականությունները կատարողն առանց որևէ զարգացման ծրագիր ներկայացնելու 2-3 տարի փաստացի ղեկավարում է դպրոցը։ Առանձին դեպքերում, երբ պաշտոնակատարը տնօրենի պաշտոնի հավակնորդ չէ, նա կարող է նաև չունենալ հավաստագիր։ Այսինքն, այդ անցումային փուլում, որը երբեմն տևում է 2-3 տարի, դպրոցը փաստացի ղեկավարում է մարդ, որը որևէ կերպ չի բավարարում օրենքով տնօրենին ներկայացվող պահանջները, չունի զարգացման ծրագիր, չի մասնակցել որևէ վերապատրաստման և չի ստանում մենթորական աջակցություն։ Եթե հնարավոր է մի քանի տարի դպրոցը ղեկավարել առանց զարգացման ծրագիր ունենալու, ինչո՞ւ է հարկավոր զարգացման ծրագիրը»։

Գործող կարգավորումները նաև չեն պահանջում, որպեսզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ունենա հավաստագիր։ Այսինքն, չի բացառվում, որ մի շարք դեպքերում դպրոցը փաստացի ղեկավարում է տնօրենի հավաստագիր չունեցող անձ։

Չնայած ակնհայտ է, որ տնօրենի ընտրության՝ 2023 թ․ ներդրված մեխանիզմը չի աշխատում, ԿԳՄՍՆ-ն շարունակում է համառորեն հրապարակել հայտարարությունները և չի փորձում վերլուծել խնդրի պատճառները։

Ինչո՞ւ է ստեղծվել այս իրավիճակը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ էական խնդիրներ կան դպրոցի տնօրենի ընտրության ներկա գործընթացի բոլոր փուլերի հետ կապված։ Հավաստագրման գործընթացը, ըստ էության, ստուգում է միայն իրավական գիտելիքները և խիստ տեխնիկական բնույթ կրում, այստեղ հաջողության են հասնում այն մարդիկ, որոնք կարողանում են անգիր անել օրենսդրության առանձին հատվածներ։ Չի կարելի բացառել, որ թեկնածուն կարողանա լավ ծրագիր գրել, սակայն չկարողանա այն լավ ներկայացնել, կամ կյանքի կոչել և հակառակը՝ ծրագիր գրելու հմտություններ չունեցող մարդը կարող է տեղում լավ ղեկավարել կոլեկտիվը։

Սոցիալական ցանցերում և ռադիոյի միջոցով արդեն եղել են հայտարարություններ, որոնց հեղինակներն առաջարկել են որոշակի վճարի դիմաց դպրոցի զարգացման ծրագիր գրել։ Սովորաբար վճարովի հիմունքներով զարգացման ծրագիր գրելու գովազդը քողարկվում է «խորհրդատվական դասընթաց» առաջարկելով։ Առանձին օրերի նույնիսկ զեղչեր են կիրառվում։

ՀՀ կառավարության կողմից ներդրված մոդելը ենթադրում է, որ մի շարք բարձրակարգ մասնագետներ դպրոցի զարգացման ծրագիր են ներկայացնում, ընթանում է ծրագրերի և գաղափարների պայքար, հաղթում է լավագույնը, և այդ հավակնորդը նշանակվում է տնօրեն և բարելավում այդ դպրոցում կրթության որակը։ Մինչդեռ Հայաստանի մարզերում և հատկապես գյուղական համայնքներում չկան դպրոցի զարգացման ծրագիր գրելու և այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ կրթություն, գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ունեցող մեծ թվով մասնագետներ։ ԿԳՄՍՆ-ն, ըստ էության, ոչինչ չի արել և չի անում այդ հմտությունները զարգացնելու ուղղությամբ։

Իսկ ովքեր են ընտրում տնօրենին

ՀՀ կառավարության 2023 թ․ փետրվարի 9-ի №181-Ն որոշմամբ նախատեսված մասնագիտական հանձնաժողովն առանցքային դեր ունի տնօրենի ընտրության գործընթացում։ Սակայն մասնագիտական հանձնաժողովը գաղտնի կառույց է։ Հայտնի է, որ մասնագիտական հանձնաժողովների ձևավորման հետ կապ ունեն ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ մարտի 1-ի №191-Ա և 2023 թ․ դեկտեմբերի 14-ի №1653-Ա հրամանները։ Սակայն հայտնի չէ, թե էլ ինչ հրամաններ կան,  որովհետև յուրաքանչյուր մարզի դեպքում հանձնաժողովը պետք է կազմված լինի տվյալ մարզը ներկայացնող անդամներից։ 2026 թ․ հունվարի 22-ին ԿԳՄՍՆ հղված գրություններից մեկը վերաբերում էր հանձնաժողովի կազմին։ Նախարարությունը, սակայն,  հրաժարվել է տրամադրել մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատող որևէ փաստաթուղթ։

Գերատեսչությունը հրաժարվել է տրամադրել նաև «մասնագիտական» հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները։ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է, որ «մասնագիտական» հանձնաժողովի նիստերի արձանագրությունները հրապարակման ենթակա չեն։ Սա նշանակում է, որ արդեն 3 տարի Հայաստանում գործում է մի «մասնագիտական» կառույց, որը որոշումներ է կայացնում դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված, սակայն իր գործունեության վերաբերյալ հանրությանը որևէ հաշվետվություն չի ներկայացնում։ Հանրությանը հայտնի չէ, թե այդ ինչ «մասնագետներ» են հանձնաժողովում և որտեղ են նրանք ստացել անհրաժեշտ մասնագիտական կրթություն, գիտելիք, հմտություն և կարողություն, որպեսզի որոշեն հավակնորդի տրամաբանելու և խնդրահարույց իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությունը, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման հմտությունները, այլ հատկանիշներ։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է․ «Մասնագիտական հանձնաժողովը փակ կառույց է, որը, ըստ տեղեկությունների, կազմված է միայն պետական պաշտոնյաներից և որի գործունեության վերաբերյալ հանրությունը որևէ տեղեկատվություն չի ստանում։ Մասնագիտական հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության ներկայացուցիչների ներառումը կարող էր այն որոշ չափով բացել հանրության համար»։

Չնայած մասնագիտական հանձնաժողովի կազմի և գործունեության վերաբերյալ հանրային դաշտում տեղեկատվության սակավությանը, մեզ հաջողվել է այդ հանձնաժողովի հետ շփման անձնական փորձի վերաբերյալ տեղեկություններ ստանալ այն անձանցից, ովքեր բացասական եզրակացություն են ստացել հանձնաժողովից։ Բոլոր մեր զրուցակիցները  նշել են, որ հանձնաժողովի նիստը ղեկավարել է ԿԳՄՍ նախարարը կամ տեղակալը։ Հայաստանի Հանրապետությունում նախարարի և նրա տեղակալի պաշտոնները քաղաքական են, ինչը նշանակում է, որ «մասնագիտական» հանձնաժողովը ղեկավարում են քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։ Զրուցակիցների մեծ մասը նշել է, որ հարցեր հիմնականում տվել է նախարարը կամ տեղակալը,  մեծ մասը նաև նշել է, որ հանձնաժողովի մնացած անդամներն ուշադիր հետևել են, թե ինչպես է գնահատում նախարարը և տվել են նախարարի գնահատականին համահունչ գնահատական։

Տեղերում իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ զուգահեռ ընթանում են մի քանի այլ «բարեփոխումներ»,  որոնց հետ կապված խնդիրները ևս  լուծումներ չեն ստանում։ Այսպես, չի կատարվել կամավոր ատեստավորումը լավ հանձնած, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների և նրանց տրամադրած կրթության որակի միջև կապ բացահայտող ուսումնասիրություն։ Առանձին դեպքերում մեր զրուցակիցները նշել են կամավոր ատեստավորման արդյունքում բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների գործունեության նկատմամբ տնօրենների, տնօրենների պաշտոնակատարների և պարտականությունները կատարողների ազդեցության թուլացումը, քանի որ, եթե վերջիններս ուշադրություն հրավիրեն կամավոր ատեստավորման արդյունքում բարձր աշխատավարձ ստացող առանձին ուսուցիչների կողմից տրվող կրթության ցածր որակի վրա, կստացվի, որ դեմ են գնում տարվող պետական քաղաքականությանը։ Կամավոր ատեստավորման արդյունքում բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչները  մոտիվացիա չունեն բարելավել տրվող կրթության որակը, քանի որ իրենց աշխատավարձի չափը դրանով չի պայմանավորվում։

ՀՀ Արարատի մարզի դպրոցներում տնօրենների նշանակման պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ առանձին դեպքերում, հատկապես գյուղական համայնքներում, դպրոցի նախկին տնօրենը հաջողությամբ հաղթում է մրցույթում և վերանշանակվում տնօրեն։ Սա ամրապնդում է այն համոզմունքը, որ ԿԳՄՍՆ կողմից կազմակերպվող մրցույթը ձևական բնույթ է կրում։ Հատկապես գյուղական համայնքներում չկան մեծ թվով հավաստագրված, բարձրակարգ մասնագետներ, որպեսզի իրական մրցույթ լինի։ 

Այս իրավիճակի պատասխանատուն տնօրենները կամ տնօրենների պաշտոնի հավակնորդները չեն։ Մի շարք առումներով, այս իրավիճակի պատասխանատուն նաև մարզպետները չեն, իրավիճակի պատասխանատուն ԿԳՄՍՆ-ն է, որը հանրությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրում մասնագիտական հանձնաժողովի կազմի, գործունեության և ձևավորված մեխանիզմների արդյունքների վերաբերյալ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը անդրադարձել էր ԿԳՄՍՆ պատասխանին։

Ի դեպ, ի պատասխան Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցման ԿԳՄՍՆ-ն կրկնել է, «որ կարգը չի նախատեսում մասնագիտական հանձնաժողովների կազմերի և նիստերի արձանագրությունների հրապարարկում»։ Հայցված տեղեկատվությունը, մինչդեռ, չի հանդիսանում պետական գաղտնիք, ուստի ենթակա է հրապարակման․ ԿԳՄՍՆ-ն պարտավոր է հանրությանը ամբողջական և սպառիչ տեղեկատվություն տրամադրել մասնագիտական հանձնաժողովի կազմի և գործունեության վերաբերյալ,  պատասխանել հանրության ներկայացուցիչների հարցերին։

Ամփոփելով՝ պետք է արձանագրենք, որ այսօր Հայաստանում ստեղծվել է դպրոցի տնօրենի ընտրության  քաղաքականացված, խտրական, գաղտնի, գործընթացի տարբեր փուլերում կոռուպցիոն էական ռիսկեր կրող մեխանիզմ, ինչի հետևանքով  հանրապետության մի քանի հարյուր դպրոց չունի տնօրեն։

 

Արտակ Քյուրումյան