Փոփոխություն՝ Հայաստանի հավաքականի հայտացուցակում
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի F խմբի հանդիպումներին։
Գևորգ Տարախչյանը երկրորդ անգամ է հրավիրվում Հայաստանի հավաքական, որի կազմում 2024թ․ հունիսին մասնակցել է Սլովենիայի դեմ ընկերական հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հունգարացիներին, իսկ 3 օր անց Պորտուի «Դրագաու» ստադիոնում վերջին տուրի խաղը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ։ Չորրորդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 5, Իռլանդիան՝ 4, իսկ խմբի հետնապահ Հայաստանը՝ 3 միավոր։