Օրենքից վեր կանգնածները․ ովքեր են ապօրինի գործող բենզալցակայանների հետևում․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հասարակություն
23.01.2025 | 20:30Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում 63 բենզալցակայան չունի հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն, բայց վաճառում է։ Իսկ ովքե՞ր են իշխանության աչքի առաջ օրենք խախտող այդ ընկերությունների սեփականատերերը։ Factor TV-ն հետաքննել է շուկայի խոշորներին, որոնք շահագործում են գործունեության թույլտվություն չունեցող մի քանի բենզալցակայաններ։ Նաև պարզել ենք՝ նրանք միաժամանակ ակտիվ համագործակցում են պետական կառույցների հետ։
Եվ այսպես․ «Սի փի էս էներջի գրուպ»-ը Երևանում շահագործում է 8 բենզալցակայան, որոնք չունեն հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն։ Այս ընկերությունը պատկանում է Աշոտ Սալազարյանին։
Իսկ ով էր Աշոտ Սալազարյանը մինչև հեղափոխությունը։
Ա․ Սալազարյանն իր բիզնեսը սկսել է 1994 թվականից։ Այս ընթացքում ընկերությունների անունները փոխվել են՝ «Քաղ Պետրոլ Սերվիս», «Սիթի Պետրոլ Գրուպ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ Քորփորեյշն», բրենդը նույնն է՝ CPS։ Այն վառելանյութի մեծածախ և մանրածախ շուկայի խոշոր խաղացողներից է։
Սալազարյանի ընտանիքին են պատկանում նաև վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ռուսնեֆտ Էքսպորտ», «Արկոլև» ՍՊԸ-ները: Վերջինը Բագրատունյաց փողոցում նավթի շարժական լցակայան է շահագործում, որը տեխնիկական անվտանգության փորձաքննություն չի անցել, այսինքն՝ անօրինական է գործում, և տեսչական մարմինը 2024 թ-ի հուլիսին արգելել է դրա շահագործումը։ Ուշագրավ է, որ Ռուսաստանում 2016 թ-ին Սալազարյանի հիմնադրած «Ռուսնեվթէքսպորտ» ԲԲԸ-ն լուծարվել է 2024 թ-ի սեպտեմբերին:
CPS-ը պետական գնումների ակտիվ մասնակից է․ 2024 թ-ի ընթացքում (նոյեմբերի դրությամբ) իշխանական մարմինները «Սի փի էս էներջի գրուպ»-ից գնել են 5 մլրդ 359 մլն դրամի վառելիք, որի կեսից ավելին՝ Երևանի քաղաքապետարանն ու դրան պատկանող կառույցները՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, «Երևանտրանս» ՓԲԸ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ։ Ընդ որում՝ քաղաքային իշխանությունները 2024-ին վառելիքը հիմնականում գնել են CPS-ից:
«Սի փի էս էներջի գրուպ»-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք շահագործվող բենզալցակայաններն ունե՞ն հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն, եթե ոչ, ինչո՞ւ չունեն, արդյո՞ք բենզալցակայանները համապատասխանո՞ւմ են սահմանված պահանջներին, սակայն պատասխան չենք ստացել։ Նաև մեր զանգերին ընկերության ղեկավարությունը չի արձագանքել։
Թվով ամենաշատ ապօրինի բենզալցակայաններ ունեցող հաջորդ խոշոր ընկերությունը «Ռան-Օյլ»-ն է։ Այն մայրաքաղաքում շահագործում է գործունեության թույլտվություն չունեցող 7 բենզալցակայան։ Ընկերությունը ձեռք բերելու մասին 2021 թ-ին հայտարարել էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնը»։
Ըստ պետռեգիստրի՝ այս ընկերության 100% բաժնեմասը պատկանում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը 4-ն են՝ Գարեգին Մկրտչյան (20%), Արամայիս Գրիգորյան (60%), Իրանի քաղաքացի Արաշ Նոսրաթիալամդարի (15%) և Դոմինիկայի քաղաքացի Նեգին Նասրոլլահնատտաջամիրի (5%)։ Ուշագրավ է, որ 2022 թ-ի նոյեմբերին 20 օրով «Մեգա Թրեյդ»-ի 45%-ի բաժնետեր է դարձել Խ․Սուքիասյանի եղբորորդին՝ Լևոն Սուքիասյանը:
«Ռան-Օյլ»-ը, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի, պատվերներ չի ստացել, իսկ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն 2024թ-ին պետական կառույցների հետ վառելիքի մատակարարման 164․6 մլն դրամ ընդհանուր արժողության պայմանագրեր է կնքել։
«Ռան-Օյլ» և «Մեգա Թրեյդ» ընկերությունները մեր հարցումներն անպատասխան են թողել։
Ապօրինի բենզալցակայաններ ունի նաև ոլորտի հնաբնակներից «Ֆլեշ» ՍՊԸ-ն․ այն Երևանում շահագործում է գործունեության թույլտվություն չունեցող առնվազն 3 բենզալցակայան։ Առնվազն, քանի որ թույլտվություն չունեցող ևս 4 բենզալցակայաններ հանդես են գալիս միաժամանակ «Ավռա» և «Ֆլեշ» ապրանքանիշերի ներքո, իսկ «Ավռա»-ն հայտարարում է շուկայում 20 տարուց ավելի իր փորձառության մասին։ «Ավռա»-ի 2 բենզալցակայաններից Factor TV-ի հսկիչ գնման ժամանակ մեզ տրամադրել են տարբեր տնտեսվարողների կտրոններ։
«Ֆլեշը»՝ իր տարբեր անվանումներով հանդերձ, պատկանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ, նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր Բարսեղ Բեգլարյանի ընտանիքին։ Վերջինս, հիշեցնենք, անցնում էր «դիզվառելիքի» քրեական գործով՝ 2013 թ-ին վառելիքի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով յուրացման մեղադրանքով։
«Ֆլեշ» ՍՊԸ-ն ևս գնումների գործընթացի ակտիվ մասնակից է, պայմանագրերի քանակով նույնիսկ եռակի, քառակի գերազանցում է CPS-ին, բայց դրանք գումարային ավելի քան կրկնակի պակաս արժեք ունեն՝ 2 մլրդ 861 մլն դրամ։
Factor TV-ի հարցումը՝ ի՞նչ հիմքով է «Ֆլեշ»-ը բենզալցակայաններ շահագործում առանց անհրաժեշտ թույլտվության, մնացել է անպատասխան։
«Ավռա»-ի ղեկավար Վազգեն Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ «Ֆլեշ»-ի հետ պարզապես համագործակցում են, իսկ «Ավռա»-ն բրենդ է, որի օգտագործման թույլտվություն է տրվել տարբեր ընկերությունների և անհատների։ Առաքելյանը նաև վստահեցրել է, որ բենզալցակայաններն ունեն վաճառքի թույլտվություն և տրամադրել է դրանցից միայն մեկի փաստաթուղթը։
Factor TV-ն պարզել է, որ «Ավռա» ապրանքային գրեթե նույնանման նշան գրանցվել է 2021 և 2023 թթ-ին՝ Խաչատուր Ավետիսյանի և Վիկա Թադևոսյանի կողմից՝ նույն հասցեով։ Թադևոսյանի հայրը՝ Գագիկ Թադևոսյանը, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ է։ Վիկա Թադևոսյանը «ԼԱԿ-Ա-ԲՈՍ» ՍՊԸ-ի սեփականատերն է, որ հիմնականում շահագործում է «Ավռա» բենզալցակայանները։ Ընկերությունը հիմնադրվել է 2005 թ-ին, պետական գնումներում չի հաղթել։
«Ավռա»-ի և«Ֆլեշ»-ի բրենդի ներքո է գործում նաև բենզինի շուկայի հնաբնակներից «Փուրթոյան» ՍՊԸ-ին պատկանող 1 բենզալցակայանը Տիգրան Մեծ պողոտայում, որը նույնպես չունի գործունեության թույլտվություն։ «Փուրթոյան» ընկերությունը գրանցված է 2016թ-ից, «Արաքս» Ա/Կ-ի իրավահաջորդն է, որը հիմնադրվել է 1994 թ-ին։ Երկուսի հիմնադիրն էլ Արմեն Պուրտոյանն է։ Նա 2007-2012 թթ-ին եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, համատեղ ընկերություններ ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդու՝ Վիլիկ Կարապետյանի գործընկերն է։ Պետգնումներին «Փուրթոյան» ՍՊԸ-ն չի մասնակցել։
Ոլորտի 2 ընկերություններ՝ «Մաքս Օիլ» և «Կամօյլ», շահագործում են 7 բենզալցակայաններ, որ չունեն գործունեության թույլտվություն։ Այս 2 ընկերությունների տնօրենը նույն անձն է՝ Կամո Մելքոնյան։ Վառելիքի շուկայում 20 տարուց ավելի գործող «Մաքս Օիլ»-ի իրական շահառուն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդին է՝ Էդգար Փամբուկյանը։
«Մաքս Օիլ»-ը նույնպես պետգնումների ակտիվ մասնակից է։ 2024 թ-ին այն պետական մարմիններին մատակատարարել է 748 մլն դրամի վառելիք։ «Կամօյլ»-ը պետական պատվերներ ստացել է միայն հեղուկ գազի մատակարարման մասով, պայմանագրերի ծավալն էլ մեծ չէ՝ ընդհանուր մոտ 3․9 մլն դրամ։
Կամո Մելքոնյանը մեզ հետ զրույցում անկեղծացել է․«Բոլոր թղթերը ունենք։ Ժամանակին ավարտական ակտ մարդը չի ունեցել, բայց աշխատել ա։ Էսօր օրենք են հանել, որ ավարտական ակտ պետք ա ունենա։ Սովետական հին նորմերը բերել դրել են, մենք հենց հիմա էդ հարցն ենք քննարկում, որ էդ նորմերը փոխեն, որովհետև աշխարհով մեկ տենց նորմ չկա, որ կա Հայաստանում։ Ես պատրաստ եմ անվտանգության բոլոր հարցերը լուծեմ, բայց տրված ա 25 մ պետք ա հեռու լինի տներից, նշանակում ա ամեն մի կալոնկեն պետք ա ունենա 3000 քմ հող։ Իսկ մենք 92-95 թվերին օրինական ստացել ենք թույլտվությունները։ Հիմա Երևանում չկա մի կալոնկա, որ համապատասխանի նորմին»։
Ներկայում գործող քաղաքաշինական նորմերը, հիշեցնենք, սահմանվել են 2014 թ-ին։
Factor TV-ն ՆԳՆ-ից պարզել է, որ մայրաքաղաքի բենզալցակայններում 2022 թ-ին արձանագրվել է 2 հրդեհ, 1 մարդ տուժել է, 2024 թ-ին՝ 1 հրդեհ։
Երևանում, ըստ էության, առանց թույլտվության գործող և պատահական անձանց պատկանող բենզալցակայաններ չկան, դրանք փոխկապակցված են նախկին ու ներկա իշխանավորների հետ, ինչի շնորհիվ էլ հանգիստ աշխատում են՝ անտեսելով անվտանգության նորմերն ու սահմանված կարգը, վտանգելով հարևան շենքերի բնակիչների, մայթերով անցնող քաղաքացիների կյանքը։ Եվ այսպես՝ տասնյակ տարիներ։
Գայանե Խաչատրյան
Հ․Գ․ Մեր հետաքննության առաջին մասի հրապարակումից հետո արձագանքել է CPS-ի սեփականատեր Աշոտ Սալազարյանը՝ պահանջելով հրապարակել նաև ընկերության դիրքորոշումը։ Հիշեցնենք, հետաքննության պատրաստման ընթացքում մենք և՛ հարցում ենք ուղարկել ընկերությանը, և՛ հեռախոսով ենք դիմել՝ խնդրելով մեկնաբանություն տալ, սակայն այդ ժամանակ որևէ պատասխան չենք ստացել։
Factor TV-ն հրավիրում է պարոն Սալազարյանին հարցազրույցի՝ ներկայացնելու իր տեսակետը։