Նոր կյանք՝ «կյանքի գնով»․ ինչ է մանկաբարձական բռնությունը

Լուրեր

11.01.2025 | 10:13
Պաշտոնյաների նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելով 16 000 ԱՄՆ դոլար ստացած 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
10.01.2025 | 23:14
ՊԵԿ նախագահն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
10.01.2025 | 23:00
Թուրքիան արգելափակել է կառավարությանը քննադատող 7 լրատվական կայքերի մուտքը
10.01.2025 | 22:44
Իսրայելի պաշտպանության նախարարը կարգադրել է ՀԱՄԱՍ-ին ջախջախելու ծրագիր նախապատրաստել
10.01.2025 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.01.2025 | 22:13
Ադրբեջանական SOCAR-ը վաճառել է Թուրքիայի գազաբաշխման իր 2 խոշորագույն ընկերությունները
10.01.2025 | 22:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ալիևի սպառնալիքն ու Փաշինյանի պատասխանը, ի՞նչ սպասել ԵՄ-ին անդամակցելու որոշումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:45
Փաշինյանի գլամուրային բլոգը` Ալիևի սպառնալիքների ֆոնին. ինչի է ձգտում ՀՀ վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:29
Լրագրողներն ավելի քան 88 հազար ռուս զինվորների անուններ են պարզել, որոնք զոհվել են Ուկրաինայի դեմ պատերազմում
10.01.2025 | 21:15
Դեղերը վաճառում են օրենք խախտելով․ Factor TV-ի շրջայցը դեղատներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:00
ԵՄ-ին անդամակցելու մեկնարկով՝ ՀՀ-ն վեկտոր չի փոխում, այլ՝ հասանելիություն ունենալ հարուստ շուկային, մրցունակ տնտեսություն․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 20:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենին չեն հրավիրել Թրամփի երդմնակալությանը
10.01.2025 | 20:28
Մերկասառույց և մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
10.01.2025 | 20:13
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը
10.01.2025 | 20:00
ՀՅԴ-ն երբեք դեմ չի եղել ԵՄ-ի անդամ դառնալուն, 2017-ին է կնքվել CEPA-ն․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե բռնաբարության ենթարկված, պարբերաբար ծեծի ենթարկվող և մանկաբարձական բռնության ենթարկված կանայք գրեն իրենց հույզերի ու ապրումների մասին հենց այդ պահին՝ առանց նշելու, թե ինչպիսի բռնության հետևանք են դրանք, ապա ընթերցողը պարզապես չի տարբերի մեկը մյուսից։ Ապրումներն ու հետևանքներն այդքան նման են իրար։ Սա ասում է մասնագիտությամբ հոգեբան Արփի Խալաթյանը, որն արդեն 8 տարի է՝  ուսումնասիրում է մանկաբարձական բռնության թեման ու առաջիններից էր, որ Հայաստանում բարձրաձայնեց այդ մասին։ Իսկ պատճառը սեփական դառը փորձն էր։

«Ծննդաբերական աթոռը մեծ հաճույքով կուղարկեի կտտանքների պատմության թանգարան՝ որպես կարկառուն ցուցադրանմուշ: Անհնար է հորինել դրանից ավելի անհարմար բան ծննդաբերության համար», – ասում է նա, որովհետև անգամ ծննդաբերությունից 8 տարի անց ցավացող պոչուկը հիշեցնում է այդ օրը ապրածն ու զգացածը։

«Մտածեցի, որ ես ինչ-որ սխալ կին եմ, սխալ մայր»

«Առաջնեկիս էի սպասում։ Ջրերս գնացին ու միանգամից ծննդատուն շտապեցինք։ Ծնարանին մոտենալիս ծննդաբերող կանանց աղիողորմ ճիչերից զատ նաև «աջակցող» բժիշկի ձայնը ականջիս հասավ՝ «Դու էս երեխուն արժանի չես», «Հանգստացի մի հատ», «Դու քո երեխու մասին մտածու՞մ ես, նորմալ ուժ տուր», «Երեխուդ ասելու եմ, թե քեզ ոնց ես պահել»: Երեկոյան ժամը վեցն էր, երբ մտա ծնարան: Եկավ իմ գինեկոլոգն ու առանց որևէ բառ ասելու միացրեց կաթիլային համակարգը։ Ես վախվորած հարցրի, թե ինչի՞ համար է դա։ Չպատասխանեց: «Ցավեր չունեմ, դրա՞ համար»,- կրկին հարցրի ես: «Խի՞, ունե՞ս,- մուննաթով ընդհատեց բժիշկը,- չոր ծնունդ ա, պետք ա արագացնենք, թե չէ վատ կլինի»: Նրա պատասխանն ասես ապտակ լիներ: Միանգամից մտածեցի, որ ես ինչ-որ սխալ կին եմ, սխալ մայր եմ, որովհետև «ճիշտ» ծննդաբերության ժամանակ սկզբից պիտի լինեն ցավերը, հետո պտղաջրերի արտահոսքը։ Իսկ ինձ մոտ հակառակն է, ուրեմն ես ուր որ է կսպանեմ իմ երեխային: Մեղքի զգացումը խոր արմատներ գցեց իմ հոգում, և ես երեք տարի պայքարում էի դրա դեմ, այդ թվում հոգեթերապիայի օգնությամբ», – պատմում է Արփին։

Գինեկոլոգը Արփիին հրամայական տոնով հորդորեց քայլել ու հեռացավ սենյակից։ Օքսիտոցինն իր գործն անում էր, ցավերը գնալով ուժգնանում էին։ 

«Ինչ-որ մի պահի ես ուզեցի ծնկի իջնել: Զգացի, որ մարմինս հիմա այդ դիրքն ընդունելու կարիքն ունի։ Կռացա, բայց այդ պահին ծնարանի կողքով անցնող բուժքույրը, հասկանալով՝ ինչ եմ պատրաստվում անել, դռան շեմից նետեց. «Մի՛ չոքի», ու գնաց։ Կրկին ամրապնդվեց արդեն առաջացած մեղքի զգացումը. «Երևի դա վտանգավոր է երեխայի համար, իսկ ես միայն իմ մասին եմ մտածում»: Իսկ ծնկի իջնել, իհարկե, կարելի էր, պարզապես այդ դեպքում բուժքույրը ստիպված էր լինելու մնալ ինձ մոտ, որպեսզի օգներ հարմար դիրք ընդունել: Սակայն դա արդեն իրեն հարմար չէր», – հիշում է նա:

Ծննդաբերության ժամանակ արտազատվում է էնդորֆին հորմոն, որը ցավազրկում է և օգնում հաղթահարել սթրեսը, իսկ արհեստական օքսիտոցինով խթանված ծննդաբերության դեպքում, ինչը հաճախ կիրառվում է մեր ծննդատներում, ցավը կարող է անտանելի լինել: «Երբ ես ծննդաբերում էի, ցավից անշարժացել էի: Թվում էր, թե ձեռքերս ու ոտքերս կապել են ու ձգում են տարբեր ուղղություններով, ուր որ է կտոր-կտոր կլինեմ: Ի վիճակի չէի որևէ այլ բանի մասին մտածել: Ծննդկանը պիտի թուլացած լինի, իսկ իմ մարմինը կիթառի լարի պես ձգված էր: Անգամ տնքալու ուժ չունեի, իսկ կողքիս կանգնած բուժքույրերը գոհունակութամբ արձանագրում էին. «Ինչ համեստ ա ցավ քաշում»: Ես ասես անկամ տիկնիկ լինեի: Մարմինս այլ բան էր զգում, իսկ սպիտակ խալաթավորներն այլ բան էին հրահանգում, բայց վերջին խոսքն իրենցն էր։ Ես շփոթված էի, չէի կարողանում կենտրոնանալ, չէի հասկանում, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ։ Նույնը կատարվում էր նաև իմ ուղեղում, որի բնականոն աշխատանքը դրսից խաթարվել էր: Երջանկության հորմոն արտադրելու ժամանակ չկար էլ», – պատմում է զրուցակիցս:

Արփին հետո պետք է ուսումնասիրեր ու հասկանար, որ իրեն ներարկված օքսիտոցինի չափաքանակը եղել է ավելի, քան պետք էր։ Արհեստական օքսիտոցինի ներդիրի վրա նշված է, որ այն սկզբում պետք է միացնել րոպեում ընդամենը հինգ կաթիլ, այնուհետև աստիճանաբար՝ երեսուն րոպեն մեկ, ավելացնել հնգական կաթիլով, սակայն իրեն միացվել է մոտ տասը կաթիլ, 20 րոպե հետո հոսքն ուժեղացվել է մինչև երեսունվեց կաթիլ: Պատճառն, ըստ Արփիի ակնհայտ էր, բժիշկը ցանկանում էր արագ ավարտել ծննդաբերությունն ու շտապել տուն՝ որդու ծնունդին։ Արփին ծննդաբերեց 4 ժամը չլրացած։

«Արհեստականորեն խթանված ծննդաբերության հետևանքով ես հոգեբանական ու առողջական խնդիր ձեռք բերեցի, շատ պատռվածքներ ունեցա, պոչուկս խախտվեց, որովհետև ուժ տալիս դեմ էր առնում մանկաբարձական չոր աթոռին, երեխան կոնքազդրային հոդի խախտում ունեցավ։ Իհարկե, սա ո՛չ կարող ենք հերքել, ո՛չ հաստատել, որ եղել է ագրեսիվ խթանման հետևանք, բայց ես դա չեմ բացառում։ Բացի այդ երկար ժամանակ չէի ուզում մտածել ևս մեկ հղիության ու ծննդաբերության մասին», – հիշում է Արփին։

Չի բացառվում, որ մանկաբարձական բռնությունը Հայաստանում  կեսարյան հատումների թվի աճի պատճառներից է, բայց սա հաստատող ուսումնասիրություն չկա։ Մեր երկրում ծննդաբերությունների 37,7 տոկոսն ավարտվում է կեսարյան հատմամբ, փաստում է ԱՀԿ-ն, մինչդեռ այս թիվը չպետք է գերազանցի 15 տոկոսը:

Արփիի հետ տեղի ունեցածը մանկաբարձական բռնություն է։ Բժշկական անձնակազմի կողմից նման վերաբերմունքը, սակայն, ընդունված չէ անվանել ու ընկալել որպես բռնություն։ Ըստ ԱՀԿ-ի, բռնությունը տարբեր ձևերով կարող է դրսևորվել՝ կոպիտ ու անհարգալից վերաբերմունքից, նվաստացումից մինչև ֆիզիկական միջամտություն, գաղտնիության խախտում ու խտրական վերաբերմունք։ Վերջինին ավելի շատ արժանանում են կանայք, ովքեր ունեն կրթվածության ցածր մակարդակ, աղքատություն ու սոցիալապես անապահով վիճակ, հաշմանդամություն կամ տարբեր վարակիչ հիվանդություններ։  

«Հա՜, եկել ես այնպես անես, որ չհղիանա՞ս»

Կարինե Գրիգորյանը, որ 2020 թ-ին հիմնեց հաշմանդամություն ունեցող կանանց աջակցող «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը, հաճախ չի խոսում իր հետ տեղի ունեցածի մասին, բայց նաև չի թաքցնում, որ կյանքի տարբեր փուլերում արժանացել է խտրական ու վատ վերաբերմունքի՝ սկսած դպրոցական տարիներից։

Երբ Կարինեն ծնվել է, նրա մորը հենց ծննդատանն առաջարկել ու հորդորել են հրաժարվել երեխայից՝ չկերակրել, որ մահանա, քանի որ դաունի սինդրոմ են կասկածել։ Մինչդեռ Կարինեն չունի դաունի սինդրոմ․ ծննդաբերության ժամանակ բժշկների սխալ միջամտության պատճառով է հաշմանդամություն ձեռք բերել։ Տարիներ անց, երբ Կարինեն որոշեց, որ ուզում է ծնող դառնալ, չէր պատկերացնում, թե ինչ բարդ ճանապարհով է անցնելու։  Բժշկական միջամտությունից հետո նրան հաջողվել է գրանցել ցանկալի հղիություն։

«Երբ ես առաջին անգամ այցելեցի վերարտադրողական կենտրոն, ասացի, որ ամուսնացած եմ, միանգամից հարցրեցին՝ «Հա՜, եկել ես այնպես անես, որ չհղիանա՞ս»։ Ես ասացի, որ ոչ, ընդհակառակը, ուզում եմ հղիանալ», – հիշում է Կարինեն։  Բժիշկների պատասխանը հուսահատեցնող էր․ ասել են, որ իր դեպքում հավանականությունը փոքր է, բայց Կարինեն վստահ է եղել իր վրա, ու բարդ ճանապարհ անցնելուց հետո այսօր հրաշք որդուն է մեծացնում։

«Հետագա հղիությունը վարել եմ ինձ ծանոթ բժիշկի մոտ, որտեղ վատ վերաբերմունք այլևս չեմ տեսել, բայց հիշում եմ նաև, որ արհեստական բեղմնավորումից առաջ ինձ թուղթ տվեցին ստորագրեկու, որ ես իմ կամքով եմ դիմում այդ միջամտությանը։ Այսինքն՝ նման թուղթ հաստատ բոլոր կանանց չեն տալիս», – ասում է Կարինեն։

«Բան չե՛մ տեսնում, գնա Երևան»

Խոցելի մեկ այլ խումբ էլ համարվում են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ, ովքեր ստիպված են գաղտնի պահել իրենց կարգավիճակը՝ տարբեր վայրերում խտրական վերաբերմունքից խուսափելու համար, սակայն բժշկական հաստատությունում դա գրեթե հնարավոր չէ։

Մեր մյուս զրուցակիցը Տաշիր քաղաքում է բնակվում։ ՄԻԱՎ է ձեռք բերել ՌԴ-ում աշխատող ամուսնուց։ Անահիտը (անունը փոխված է) հղիության ընդհատման համար դիմել է տեղամասային հիվանդանոց, սակայն հրաժարվել են սպասարկել։

 «Շատ կոպիտ բժիշկ էր, ինքը հիմա չկա, մահացել է։ Երբ պետք է ինձ զններ հղիությունը հաստատելու համար և իմացավ կարգավիճակիս մասին, ուղղակի հրաժարվեց ինձ սպասարկել։ Ասեց՝ «Բան չե՛մ տեսնում, գնա Երևան, թող էնտեղ նայեն»։ Թե որքան վատ ինձ զգացի, չեմ կարող նկարագրել, բայց չէ՞ որ մեզնից ոչ մեկը ապահովագրված չէ։ Ուղղակի մեզ մոտ իմանալով կարգավիճակի մասին միանգամից կնոջ բարոյականության վրա են կասկածում», – ասում է զրուցակիցս։

(Ի գիտություն՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կարող են առողջ երեխաներ ունենալ հետեւելով բժշկի ցուցումներին եւ կանոնավոր խմելով ՀՌՎ (հակառետրովիրուսային) դեղորայքը)

Բժիշկների ու բուժառուների վախերը

Բժիշկները վախենում են ծննդաբերության վատ ելքից, ուստի՝ նախընտրում են գործընթացն ավելի կառավարելի դարձնել՝ խթանելով ծննդաբերությունը կամ պատռվածքներ անելով։ Կինն էլ իր հերթին վախեր ունի առողջ երեխա լույս աշխարհ բերելու, իր սխալի հետևանքով երեխային չվնասելու առումով։  Բացի այդ, ըստ Արփի Խալաթյանի, ստեղծված իրավիճակի պատճառը նաև համակարգային մոտեցման բացակայությունն է։

«Հաճախ մեր բժիշկները ստիպված են լինում աշխատել 30 ժամից ավելի, ինչը չի կարող չբերել «մասնագիտական այրման»։ Դա նպաստում է մանկաբարձական ագրեսիայի, անհարկի միջամտությունների շատացմանը: Իմ օրդինատուրան անցել է Իտալիայում, այնտեղ նման բան չեմ տեսել, բժիշկն անմիջապես դուրս էր գալիս, հենց լրանում էր ութ ժամը: Նույնիսկ լինում էր, որ երեխայի գլուխն արդեն դուրս է եկել, իսկ նրա ժամը հենց այդ պահին լրացավ, և նա դուրս էր գալիս՝ առանց հետ նայելու: Ոչ ոք չէր ասում. «Լավ, վերջացնեմ, հետո գնամ»: Փոխարենը գալիս էր հաջորդ հերթափոխի գինեկոլոգը և շարունակում կիսատ մնացած գործը», – պատմում է նա:«Հաճախ մեր բժիշկները ստիպված են լինում աշխատել 30 ժամից ավելի, ինչը չի կարող չբերել «մասնագիտական այրման»։ Դա նպաստում է մանկաբարձական ագրեսիայի, անհարկի միջամտությունների շատացմանը: Ինձ հետ զրույցում կանանց շրջանում հայտնի գինեկոլոգներից մեկը, ում օրդինատուրան անցել է Իտալիայում, պատմեց, որ այնտեղ նման բան չի տեսել, բժիշկն անմիջապես դուրս էր գալիս, հենց լրանում էր ութ ժամը: Նույնիսկ լինում էր, որ երեխայի գլուխն արդեն դուրս է եկել, իսկ նրա ժամը հենց այդ պահին լրացավ, և նա դուրս էր գալիս՝ առանց հետ նայելու: Ոչ ոք չէր ասում. «Լավ, վերջացնեմ, հետո գնամ»: Փոխարենը գալիս էր հաջորդ հերթափոխի գինեկոլոգը և շարունակում կիսատ մնացած գործը», – պատմում է նա:

Փոփոխությունների հասնելու համար պետք է երկկողմանի աշխատանք։ Բժիշկը պետք է խոսի կնոջ հետ, որ կինն էլ վստահի բժիշկին։ Կինն էլ իր հերթին պետք է տեղեկացված լինի, քանի որ ավելի պատրաստված ու կրթված լինելով կարող է փոխել նաև բժիշկի վերաբերմունքն ու մոտեցումը։

Փոփոխություն բերելու համար կարևոր է նաև խնդրի մասնագիտական ուսումասիրությունն ու երևույթի հստակ սահմանումը։ «Մանակաբարձկան բռնություն» տերմինը որևէ իրավական փաստաթղթում սահմանված չէ, չկա նաև մինչ օրս արված որևէ ուսումնասիրություն պետության կողմից։ Առաջին ու առայժմ միակ հետազոտությունը «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավակարգավորումներ և իրավունքներ» հետազոտությունն է, որն իրականացրել է Կետ33 տեղեկատվական, իրավապաշտպան կազմակերպությունը։ Կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ իրականացվում է ևս մեկ հետազոտություն «Մանկաբարձական բռնություն» թեմայով։ Ուսումնասիրվում են Երևանում, Գյումրիում և Վանաձորում  մանկաբարձական բռնության դրսևորումներն ու հետևանքները։  «Սա լինելու է որակական հետազոտություն և իրականացվելու են հարցազրույցներ կանանց հետ, ովքեր վերջին 3 տարիներին են ծննդաբերել։ Հասել ենք դաշտային հետազոտությունների փուլին, իսկ գրականության վերլուծությունն արդեն արվել է», – նշում է Աստղիկ Կարապետյանը։

Աստղիկը, որը մասնագիտությամբ նաև լրագրող է, առաջինն էր, որ 2 տարի առաջ այս թեմայով հոդված գրեց։ Միայն դրանից հետո շատ մայրեր իմացան, որ իրենք իրականում ենթարկվել են մանկաբարձական բռնության։ Այսինքն շատերը չեն էլ գիտակցում, որ իրենց հետ տեղի ունեցածը հենց բռնություն է։ 

«Հոդվածից հետո ընկերներս սկսեցին ինձ գրել ու պարզվեց, որ ծննդաբերած ընկերներիցս գրեթե բոլորի մոտ ծննդաբերության ժամանակ կատարվել է շեքահատում՝ առանց նրանց զգուշացնելու։ Կինը պետք է իմանա իր իրավունքները և մինչ ծննդաբերությունը խոսի բժիշկի հետ, պահանջի իրեն տեղյակ պահել իր հետ կատարվող միջամտությունների մասին», – նշում է նա։ 

Այս խնդիրները լուծելու համար 2013թ-ին White Ribbon Alliance-ը հրապարակել է Հարգալից մայրական խնամքի ջատագովության ուղեցույցը։ Ըստ Աստղիկ Կարապետյանի՝ դրանում աշխարհի փորձի և վերհանված խնդիրների հիման  վրա առանձնացվել են այն իրավունքները, որոնց պաշտպանությունն ուղղակի առաջնահերթություն է և կարող է կանխել մանկաբարձական բռնությունը։ Առանձնացվել է 7 իրավունք․

 

    1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի զերծ լինել ֆիզիկական վնասվածքներից ու վատ վերաբերմունքից։ 
    2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինելու տեղեկացված, դրա հիման վրա համաձայնություն տալու կամ մերժելու, լինելու հարգված իր որոշման և նախընտրությունների համար։ 
  • Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մեկուսիության և գաղտնիության։
  • Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարգալից և արժանապատիվ բուժսպասարկման։ 
  • Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հավասար, խտրականությունից զերծ և արդար բուժսպասարկման։
  • Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բուժօգնություն ստանալու և բուժօգնության հասանելիության բարձր մակարդակի։ 
  • Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատության, ինքնավարության, ճնշումներից զերծ լինելու։ 

 

«Գուցե կարիք կա ենթաօրենսդրական ակտերի, լրացումների կամ փոփոխությունների, բայց Հայաստանում ունենք բոլոր օրենսդրական կարգավորումները, որոնք կարող են կանխել մանկաբարձական բռնությունը, սակայն փորձը ցույց է տալիս, որ բռնության դեպքերը բազմաթիվ են ու տարատեսակ»,- նշում է Աստղիկ Կարապետյանը։

«Բռնության ձևերը շատ տարբեր են, սահմանափակումներ չկան, երբ անհարկի վիտամիններ են նշանակում, դա էլ է բռնություն, երբ բարձր տոնով են խոսում կամ ՈՒՁՀ-ի ժամանակ, երբ ներքին ստուգում է արվում ու ասենք սառնությունից վեր ես թռնում քեզ ասում են՝ «Չեմ հասկանում, ամուսնացած չե՞ս», այսինքն անհարկի ռեպլիկ են թողնում, սա էլ է համարվում բռնություն, ագրեսիա», – նշում է Աստղիկ Կարապետյանը։

Լինելով նաև իրավական ոլորտը լուսաբանող լրագրող, Աստղիկը միայն մեկ դատական գործ է հիշում իր պրակտիկայում, երբ բժիշկը հրաժարվել էր բուժօգնություն ցույց տալ՝ իր պահանջած գումարը չստանալու պատճառով։  

Աշխարհը պայքարում է մանկաբարձական բռնության դեմ

Եթե Հայաստանում նոր են սկսում խոսել երևույթի մասին, ապա զարգացած երկրներում միջոցներ են ձեռնարկվում՝ մանկաբարձական բռնությունը կանխելու համար։

Իսպանիայում գործում է “Roses Revolution” շարժումը, որը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը մանկաբարձական բռնության մասին և աջակցել կանանց, ովքեր բախվել են այս խնդրին։ Ֆրանսիայում մանկաբարձական բռնության դեմ պայքարի շրջանակներում իրականացվում են կրթական ծրագրեր և հասարակական իրազեկման արշավներ, Հնդկաստանում 2014 թվականին ընդունվել է “Մանկաբարձական բռնության կանխարգելման ծրագիր”, որի շրջանակներում սահմանվել են հատուկ օրենսդրական ակտեր, որոնք բժշկական անձնակազմին վերապահում են պատասխանատվություն ծննդաբերող կանանց նկատմամբ բռնություն կիրառելու համար, իսկ Բրազիլիայում գործող  “Օրենք ծննդաբերության իրավունքի մասին” օրենքը պահանջում է, որ ծննդաբերող կանայք ունենան տեղեկացված համաձայնություն և բուժաշխատողները մասնագիտական ուսուցում ստանան՝ կանանց իրավունքների մասին։ 

Սաթենիկ Հայրապետյան