Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
Քաղաքականություն
19.11.2024 | 19:44Վերջին տարիներին նկատվում է հայ կանանց դերի որոշակի ընդլայնում խաղաղության և անվտանգային ոլորտներում, սակայն առաջընթացը դեռևս բավարար չէ։ Այն պետք է շարունակվի, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչու և ինչպես է կարևոր այն խթանել, ինչպես խուսափել դրա ձևական դրսևորումներից ու հասնել կանանց իրական և իմաստալից ներգրավման։
Դեռևս 2020-ի պատերազմից առաջ, ինչպես նաև անմիջապես հետո, Հայաստանում արմատացած էին կարծրատիպեր անվտանգային կառույցներում կանանց դերի վերաբերյալ։ Կանայք փոքրաթիվ մասնակցություն ունեին անվտանգային կառույցներում և սովորաբար աջակից, այլ ոչ թե առանցքային ու ղեկավար դերերում։ Դա վերաբերում էր արտաքին քաղաքականության, պաշտպանության և ներքին անվտանգության ոլորտներում կանանց դերին։ Կար այն թյուրընկալումը, թե քանի որ կանայք բանակում չեն ծառայում կամ ֆիզիկապես առավել փխրուն են համարվում, նրանք չեն կարող հասկանալ երկրի պաշտպանության և անվտանգության հարցերը։ Անվտանգային ոլորտներում ակտիվություն ցուցաբերող կանանց կարող էին անլուրջ վերաբերվել, նրանց հիշեցնել հասարակության մեջ կնոջ ավանդական դերերի կամ առավել «կանացի» մասնագիտությունների մասին։ Սակայն տղամարդկանց մենաշնորհ հանդիսացող անվտանգային համակարգը Հայաստանում իրեն չարդարացրեց և հանգեցրեց ճգնաժամի։
Միջազգայնորեն ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը հաճախ ասոցացվել է խաղաղասիրության հետ, իսկ վերջինս՝ ապառազմականացման, այսինքն՝ եղել է այն ընկալումը, որ կանայք հակված են ապառազմականացումը և լիբերալ խաղաղաշինությունը դիտարկել որպես խաղաղության միջոց։ Սակայն վերջին երկու տասնամյակում միջազգային իրավիճակի փոփոխությունները հանգեցրին այդ մտածողության փոփոխությանը։ Ավտորիտար, ռազմատենչ և ծավալապաշտական պետությունները մարտահրավեր են նետել մարդու իրավունքների արժեքներին և միջազգային իրավակարգին։ Այդ վարչակարգերը ձգտում են առավել ժողովրդավար ու խաղաղասեր հարևանների հետ հարաբերություններում ռազմական ճանապարհով հասնել հակամարտությունների միակողմանի «լուծումների», սպառնալ հարևանների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ձգտել տարածաշրջանային հեգեմոնիայի հաստատմանը։ Ռազմաքաղաքական անհավասարակշռությունից օգտվելով՝ դիվանագիտության մեջ ուժի սպառնալիքի կիրառումը և անընդունելի զիջումների պարտադրումը դարձել է որոշ պետությունների գործելաոճը։
Այդ ամենն անխուսափելիորեն հիշեցնում է հին հռոմեական գեներալ Ռենատուսի հայտնի ասացվածքը՝ «եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և Սառը պատերազմի ժամանակ նաեւ կային պետություններ, որոնք ընտրել էին ռազմական չեզոքություն, ինչը նրանց մղել էր նաև պաշտպանական ամուր համակարգի ստեղծմանը, ինչպես օրինակ՝ Շվեյցարիան, Իռլանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Սինգապուրը։
Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու վերջին տարիներին ծագած անվտանգային մարտահրավերները ցույց են տվել, որ Հայաստանի համար տևական խաղաղության ու անվտանգության հասնելն ունի թե՛ դիվանագիտական, և թե՛ պաշտպանական ասպեկտներ։ Հայաստանը մի կողմից պետք է ձգտի բնականոն հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ, եթե անգամ դրանց հետ ունի ցեղասպանության, էթնիկ զտման և հակամարտության ծանր պատմություն։ Մյուս կողմից՝ Հայաստանը պետք է վերականգնի և արդիականացնի իր պաշտպանական համակարգը։ Վերջինս ոչ միայն ապահովում է Հայաստանի պաշտպանունակությունը ռազմական ագրեսիայի ենթարկվելու դեպքում, այլև պայմաններ է ստեղծում խաղաղության համաձայնագրի ստորագրման և իրագործման համար։ Հակառակ դեպքում Հայաստանին կարող են պարտադրվել անվերջանալի միակողմանի զիջումներ, տարածքային կորուստներ, ինքնիշխանության փաստացի կամ անգամ իրավական կորուստ։
Հայաստանի հանրային կյանքում ակտիվ կին փորձագետները պաշտպանության ոլորտի արմատական և համապարփակ բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում գիտակցում էին պատերազմից անմիջապես հետո։ Նրանք բավարարված չէին պաշտպանության ոլորտի` 2021-ին կառավարության կողմից խոստացված, սակայն ձգձգվող բարեփոխումներով, կամ էլ դրանց մակերեսային բնույթով։ Հայաստանում կին փորձագետներն ու քաղաքացիական հասարակության անդամները նաև ջատագովում էին Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը։
Հայաստանում աստիճանաբար սովորում են կանանց ներգրավմանն անվտանգային ոլորտում։ Անվտանգային կառավարման ոլորտում մի քանի կանանց վստահվել են ղեկավար դերեր, մասնավորապես՝ նորաստեղծ Արտաքին հետախուզության ղեկավարի, Ներքին գործերի փոխնախարարի, ինչպես նաև անվտանգության ոլորտի հետ սերտորեն կապված իրավունքի գերակայության ոլորտում՝ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնները։ Պետական մակարդակով սկսել է խրախուսվել զինված ուժերում և ոստիկանությունում կանանց ծառայությունը։ Փոքրաթիվ կին մասնագետներ հրավիրվում են երկրի իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև անցկացվող հանրային ու փակ քննարկումների։ Անվտանգության կին փորձագետներին հրավիրում են հեռուստատեսային հարցազրույցների և բանավեճերի։ Կանայք կամավոր վերապատրաստում են անցնում քաղաքացիական պաշտպանության վարժանքներով զբաղվող հասարակական կազմակերպություններում։
Այնուամենայնիվ, Հայաստանում անվտանգային ոլորտում կանանց մասնակցության առաջընթացը դանդաղ է ընթանում, և դեռևս շատ աշխատանք կա անելու՝ թե՛ երկրի ղեկավարության, պետական հաստատությունների և անվտանգային կառույցների, և թե՛ քաղաքացիական հասարակության ու առավել լայն հանրության կողմից։
Առաջին ակնհայտ նկատվող բացն այն է, որ երկրի անվտանգային ամենակարևոր հարցի լուծման՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցային թիմերում կանայք ներգրավված չեն։ Այնինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2000-ին առաջին անգամ ընդունված կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևը և դրանից բխող այլ փաստաթղթերը ենթադրում են կանանց ներգրավում հակամարտությունների կանխարգելման, խաղաղապահության, խաղաղաշինության, և հետհակամարտյան վերականգնման մեջ։ Այդ փաստաթղթերի իրագործման վերաբերյալ դիտարկումները ցույց են տալիս, որ խաղաղության այն համաձայնագրերը, որոնք բանակցվել են կանանց մասնակցությամբ, առավել տևական խաղաղություն են ապահովում։ Դա կարելի է պայմանավորել նրանով, որ կանայք չեն անտեսում մարդու իրավունքների և մարդկային անվտանգության հարցերը, ինչը նպաստում է դրական և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Մինչդեռ տղամարդիկ կարող են հակված լինել աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի վրա հիմնված իրավիճակային լուծումների, որոնք կարող են պրագմատիկ թվալ, տեղավորվել ռեալպոլիտիկի տրամաբանության մեջ, սակայն հանգեցնել բացասական և կարճաժամկետ խաղաղության։
Պատերազմի կամ փխրուն խաղաղության դեպքում բնակչության առնվազն կեսը կազմող կանայք զգում են դրա տարբեր ցավալի դրսևորումները։ Նրանք կարող են կորցնել որդիներին, ամուսիններին, եղբայրներին, հայրերին, ընկերներին, զուգընկերներին ու գործընկերներին՝ համապատասխան սոցիալական, հոգեբանական, տնտեսական և ժողովրդագրական հետևանքներով։ Լեռնային Ղարաբաղում շրջափակման ժամանակ կանայք մեծ դեր էին խաղում սահմանափակ սննդամթերքից կերակուր պատրաստելու գործում։ Կանայք կարող են զոհվել որպես հակամարտությունների և սահմանային գոտիներում ապրող քաղաքացիական անձինք, ինչպես մի շարք կանայք զոհվել են Լեռնային Ղարաբաղում 2020-2023-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։ Նրանք կարող են զոհվել առաջնագծում ծառայելիս, ինչպես չորս կին զինծառայող զոհվեցին 2022-ի սեպտեմբերին Ջերմուկի շրջակայքում հրահրված ռազմական ագրեսիայի ժամանակ։ Թե՛ քաղաքացիական, և թե՛ զինծառայող կանայք աշխարհի տարբեր զինված հակամարտություններում կարող են ռազմագերու դերում ենթարկվել սեռական բռնության։ Հետևաբար, կանայք կարող են ունենալ անվտանգային առանձնահատուկ կարիքներ և անվտանգության վերաբերյալ յուրահատուկ և արժեքավոր մոտեցումներ։
Առհասարակ կանայք առավել մեծ ուշադրություն են հատկացնում անվտանգային կառույցների քաղաքացիական վերահսկողությանն ու մարդու իրավունքների նորմերի ամրապնդմանը, առավել են արժեվորում յուրաքանչյուր զինծառայողի կյանքն ու արժանապատիվ ծառայությունը։ Զինված ուժերում կանանց ծառայությունը կարող է բարելավել բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը և մարդու իրավունքների իրավիճակը, եթե այն կատարվի կամավոր հիմունքներով և միջազգային նորմերին համապատասխան։ Դրա համար պետք է ապահովվեն համապատասխան պայմաններ, ինչպես օրինակ՝ ենթակառուցվածք, նրանց ոտնձգություններից պաշտպանող օրենսդրություն և կանոնակարգ, դրանց իրագործման ու դիտարկման մեխանիզմներ։ Վերջերս ՄԱԿ-ը հրապարակել է ծավալուն փաստաթուղթ պաշտպանության ոլորտում կանանց հավասար հնարավորությունների վերաբերյալ՝ այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների համապարփակ առաջարկներով։
Հայաստանում կանայք պետք է շարունակեն մասնագիտանալ և նախաձեռնողականություն ցուցաբերել անվտանգության ոլորտում, և անառողջ մրցակցության փոխարեն համերաշխություն դրսևորեն միմյանց հանդեպ։ Տղամարդիկ պետք է կանանց ներգրավեն, խրախուսեն և աջակցեն խաղաղության բանակցությունների, անվտանգային դիվանագիտության, անվտանգության կառավարման և վերահսկողության, անվտանգության և պաշտպանության ապահովման գործում։ Կանայք պետք է մասնակցեն անվտանգության քաղաքականության ձևավորմանն ու որոշումների կայացմանը։ Այդ ամենն անհրաժեշտ է ոչ միայն այդ կանանց ներուժի բացահայտման ու իրագործման, այլև առավել տևական ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատման համար։
Հեղինակ` Սոսի Թաթիկյան
Արտաքին քաղաքականության և անվտանգության կառույցների բարեփոխումների փորձագետ