15 ջրամբարից որևէ մեկի կառուցումը դեռ չի սկսվել․ իշխանության խոստման հետքերով
Տնտեսություն
26.08.2024 | 16:31Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված էր 2021-2026 թթ․ Հայաստանում կառուցել 15 փոքր և միջին ջրամբար, սակայն, 4 տարվա ընթացքում որևէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ մեկնարկել են 15 ջրամբարներից 6-ի՝ Ելփինի, Քասախի, Լիճքի, Արթիկի, Աստղաձորի և Արգիճիի ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքերը։
Դրանցից 5-ի՝ Ելփինի, Քասախի, Լիճքի, Արթիկի և Աստղաձորի ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներն ավարտական փուլում են, Արգիճիի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները գտնվում են տեխնիկական դադարի փուլում։
Նախարարությունից տեղեկացրել են, որ մնացած 9 ջրամբարների մասով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի հետ համագործակցությամբ նախատեսվում են իրականացնել տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ։
Հարցմանն ի պատասխան ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը նաև փոխանցել է, որ այս 15 ջրամբարներից բացի ջրամբարների կառուցման համար ուսումնասիրվում են նոր տարածքներ․ ներկայում աշխատանքներ են տարվում Ասիական Զարգացման բանկի հետ համատեղ Կարմիր գյուղի, Գառնահովիտի և Գետիկի ջրամբարների տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների իրականացման մասով։ Իսկ ի՞նչ վիճակում են հանրապետության մյուս ջրամբարները, որոնք կառուցման փուլում են։
Վեդիի ջրամբարի շինարարությունը դեռ ավարտական փուլում է։ Փոխնախարարը պարզաբանել է, որ շինարարությունը դանդաղել էր կորոնավիրուսի համավարակով, պատերազմական իրավիճակով պայմանավորված։
«Ներկայումս «Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակում կառուցվող Վեդիի ջրամբարը գտնվում է շինարարության ավարտական փուլում՝ աշխատանքների 97 տոկոսն արդեն ավարտված է։ Վեդիի ջրամբարի հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների՝ մասնավորապես մեծ պատվարի հողային աշխատանքներն արդեն իսկ ավարտված են, իսկ փոքր պատվարի աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկայում»,- մանրամասնել են գերատեսչությունից։
Վեդիի ջրամբարի կառուցումը, ըստ պատասխանատուների, հնարավորություն կտա ապահովել շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգում։ «Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի արժեքը 60, 710 մլն եվրո է։ Ծրագիրը, ինչպես հավաստիացնում են, ՏԿԵՆ-ից, նախատեսվում է ավարտել այս տարի։
Օգոստոսի 21-ին Արարատի մարզ այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքներին։ Փաշինյանն արձանագրել է՝ «Լավ էլ ջրամբար է դառնում»։
2023 թվականի հունիսի 9-ին մեկնարկած Կապսի ջրամբարի շինաշխատանքներն ընթանում են շինարարական ճամբարի հիմնման և Ախուրյան գետի հունի տեղափոխման համար ջրահեռացման խրամուղու կառուցման ուղղությամբ։ Կապսի ջրամբարի շինարարությունը նախատեսված է ավարտել 34 ամսվա ընթացքում։
Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարական պայմանագիրը կնքվել է անցած տարի ապրիլի 21-ին՝ 74, 2 մլն եվրո արժեքով։
«Կապսի ջրամբարի ստորին բիեֆի 14 բնակավայրում ավարտվել են վաղ ազդարարման համակարգի տեղադրման, ջրածածկման տարածքից ծառերի հատման և բուսաշերտի տեղադրման աշխատանքները»,-նշել են նախարարությունից։
Դեռևս խորհրդային ժամանակներից՝ 1983 թվականին, մեկնարկել է Եղվարդի ջրամբարի շինարարությունը։ Ծրագիրը դադարեցվեց 1998-99 թթ․ և վերսկսվեց միայն 2012 թվականին, երբ ՀՀ կառավարությունը դիմեց Ճապոնիայի կառավարությանը՝ հայցելով վարկային օգնության ծրագիր: Ջրամբարի կառուցումը կարևորվում էր մի քանի կետերով՝ Սևանա լճից վերցվող ջրի տնտեսում տարեկան 50 մլն խ/մ-ով։
Այս ջրամբարը կառուցելու խոստում տվել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավին։ Հանդիպելով Եղվարի բնակիչների հետ՝ Սերժ Սարգսյանն ասել էր․ «Մենք պատրաստվում ենք կառուցել այնպիսի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են Եղվարդի, Քաղսիի և Վեդիի ջրամբարները: 2013-2014 թվականներին կսկսվեն դրանց կառուցողական աշխատանքները: Եվս մեկ ջրամբար` ավելի փոքր չափի, կկառուցվի Արմավիրի մարզում: Այդ նախագծերի ֆինանսավորումն արդեն գտնվել է: Ջուրը հարստություն է, որը պետք է օգտագործել տնտեսելով, և պահպանել ապագա սերունդների համար»։
Եղվարդի ջրամբարի մասով մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից նշել են, որ անցած տարի քննարկել են 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների հիման վրա ջրամբարի կառուցման հնարավորությունները։
ՏԿԵ փոխնախարարը տեղեկացրել է, որ Կառնուտի ջրամաբարում ներկա պահին որևէ աշխատանք չի իրականացվում։ Հավելենք, որ Շիրակի մարզի բնակիչները ամեն տարի գյուղատնտեսական սեզոնին բողոքում են, որ Կառնուտի ջրամբարը դատարկ է և իրենց դաշտերը չորանում են ոռոգման ջուր չլինելու պատճառով։
Ջրամբարների կառուցման խնդրին 2023-ին անդրադարձել էր վարչապետը։ Նախորդ տարի օգոստոսի 3-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, դժգոհելով ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումից, շեշտել էր, թե Հայաստանում ջրամբարներ նախագծող միայն մեկ ընկերություն կա, և հավելել, որ պետք է միջոցներ ձեռնարկել նաև օտարերկրյա ընկերությունների ներգրավելու համար, քանի որ մեկ ընկերության պարագայում ջրամբարների կառուցման տեմպը կարող է չափազանց դանդաղ լինել: Եթե Կառավարությանը հաջողվի ամբողջովին իրագործել 15 ջրամբարի կառուցման ծրագիրը, ապա, խիստ մոտավոր հաշվարկով, կամբարվի 117.17 մլն խ/մ ջուր:
Նշենք, որ այս պահին հանրապետության տարածքում առկա է ոռոգման նպատակով օգտագործվող 72 ջրամբար։
Մանյա Պողոսյան