Եթե ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, անցողիկ շեմը չի հաղթահարի. Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.08.2018 | 18:16Եթե «Հանրապետական» կուսակցությունը մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, ապա անցողիկ շեմը չի հաղթահարի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ավելին՝ պնդեց, որ այդպիսով հերթական անգամ կհայտնվի քաղաքացիների վիրավորանքների թիրախում:
«Իրենց նկատմամբ ատելության ալիքը, որ մինչև հիմա պահպանվում է, նորից կզարթնի: Հանրապետականները հիմար չեն, բավական խելացի են և հասկանում են, որ բացարձակ իմաստ չունի մասնակցել ընտրություններին»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի՝ ընտրություններին չպետք է մասնակցեն նաև այն քաղաքական ուժերը, որոնք այս կամ այն փուլում իշխանության մաս են կազմել:
«Այն ուժերը, որոնք հանրության կողմից ընդունելի չեն, պետք է մի պահ դադար առնեն ու չմասնակցեն: Պետք է մասնակցության հայտ ներկայացնեն այն դեպքում, երբ իրենց հանրային հին դեմքերը կփոխվեն, որովհետև հին հանրային դեմքերը հասարակության կողմից ընդունված չեն, նոր դեմքեր պետք է լինեն»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Factor.am-ի դիտարկմանը՝ չէ՞ որ «ժառանգությունն» էլ հին դեմքով է ներկայանում՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, որի հասցեին մինչև այժմ էլ քննադատություններ են հնչում 2013 թվականի հայտնի իրադարձություններից հետո, Մարտիրոսյանը հակադարձեց. «Նախ պարոն Հովհաննիսյանն իշխանության մաս չի եղել, ընդամենը, մի տարի եղել է արտաքին գործերի նախարար և դրական է հիշվել հասարակության կողմից: Պարոն Հովհաննիսյանն անձնավորություն է, որը 2013 թվականին ստացել է քաղաքացիների մեծամասնության ձայները և այդ առումով բացարաձակ համեմատելի չէ»:
Արմեն Մարտիրոսյանին խնդրեցինք անդրադառնալ նաև երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից կուսակցություն հիմնելու և ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտին: Ծռերի որոշ անդամների հետ պայքարի ելած Մարտիրոսյանը նրանց հաջողություն մաղթեց՝ նշելով, որ նրանց հետ համագործակցության լայն դաշտ կունենան:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի՝ երեկ ասուլիսի ընթացքում արած հայտարարությանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահը ընդգծեց, որ Ավետիսյանը իրավաբանորեն ճիշտ է բնութագրել ՊՊԾ գնդի գրավման ընթացքում երեք ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Ծռերին անազատության մեջ պահելու-չպահելու հիմքերը․
«Ինձ հասած տեղեկություններով` Վանոյանն է առաջինը կրակել, իրեն ասել են՝ մի կրակի, բայց ինքը շարունակել է կրակել, որին հետևել է պատասխան կրակոց: Ակնհայտ է, որ ցավալի է, որևէ մեկը չէր ուզենա այդպիսի իրավիճակ լիներ, ոստիկանները եղել են ծառայողական պարտականությունների մեջ՝ չնայած այսօր կարող ենք հստակ ասել, որ իրենք կատարել են ապօրինի իշխանության հրամանը»,- շեշտեց Արմեն Մարտիրոսյանն, ապա հավելեց. «Վարուժան Ավետիսյանը ճիշտ է, եթե իրենց կողմից խախտվել են հումանիստական օրենքները, բնականաբար, պետք է պատիժ կրեն, բայց եթե ապստամբությունը եղել է հումանիստական օրենքների շրջանակում, այդ թվում՝ ռազմագերիներին որևէ կերպ չվնասելու, այդ դեպքում պետք է ցուցաբերվի այլ մոտեցում, դա ակնհայտ է »:
Մեր հարցին՝ այդ դեպքում ո՞վ պետք է պատասխանատվություն կրի ոստիկանների սպանության համար, նրանց հարազատներն արդարադատություն են ակնկալում, Մարտիրոսյանը նշեց, որ ոստիկանների ընտանիքներին պետք է հատուկ սոցիալական փաթեթ տրվի, իսկ Ծռերն էլ՝ որպես ապստամբներ, պետք է ազատության մեջ լինեն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Շողիկ Գալստյան