Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
28.09.2026 | 19:00Նկարը գեներացված է ԱԲ-ով։
16-ամյա տղան շուրջ մեկ ամիս ապրել է մետաղյա տնակում և հարակից անասնագոմում աշխատել, որպեսզի մարի մահացած հոր պարտքը՝ մոտ 40-ից 60 հազար դրամ։
Հայաստանի մարզերից մեկի երկու բնակիչներն ունեցել են շուրջ 30 խոշոր եղջերավոր անասուններ և փնտրել են անասնապահությամբ զբաղվելու համար աշխատողի: Աշխատակից են գտել այլ մարզից, որի հետ ձեռք են բերել բանավոր պայմանավորվածություն աշխատանքի, ժամանակի, վարձավճարի մասին: Այս անձը երբեմն իր հետ տարել է նաև իր անչափահաս՝ 16-ամյա որդուն, որն այժմ գործով տուժողի կարգավիճակ ունի։ Ըստ քննիչ Ներսես Խանոյանի՝ երեխան տառապել է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն վարքային խանգարումներով, և հիվանդությունն այնպիսի ակնհայտ դրսևորումներ է ունեցել, որ հնարավոր չի եղել չնկատել դրա առկայությունը։
Հոր աշխատավարձը չի բավականացրել, երբեմն պարտքով գումար է վերցրել մեղադրյալներից։ 2025 թվականի օգոստոսին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, ստիպված է եղել հեռանալ իր բնակության վայր՝ բուժման նպատակով, որտեղ մահացել է։ Երեխան մնացել է մեղադրյալների մոտ և աշխատել։ Քննիչի խոսքով՝ տղան չի ունեցել այլընտրանք։
«Նույնիսկ եղել է դեպք, որ աշխատանքային պարտականությունները լավ չկատարելու ժամանակ մեղադրյալներից մեկը հարվածել է նրա դեմքին: Այս ամենի համագումարի հետևանքով անչափահասին պատճառվել է հոգեկան ծանր տառապանք, հուզականորեն արտահայտված»,- պատմում է քննիչը:
Այս պատմությունը, գուցե, չբացահայտվեր, եթե տղային մեկ այլ քրեական գործով որպես վկա հարցաքննության չկանչեին։
«Անչափահաս երեխայի բնակության վայրում տեղի էր ունեցել գողության դեպք: Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այդ երեխան հանդիսացել է վկա: Այդ երեխային որոնելու, գտնելու ընթացքում դիմել են նրա մորը: Մորից տեղեկություն են ստացել, որ երեխան գտնվում է այլ մարզում աշխատանքի»,- վարույթից մանրամասներ է հայտնում քննիչ Խանոյանը։
Ոստիկանության աշխատակիցները գնացել են այն մարզ, որտեղ եղել է երեխան։ Նա իրավապահներին պատմել է հոր թողած պարտքի և գումար աշխատելու իր ցանկության մասին: Տղայի հայտարարությունից հետո թրաֆիքինգի հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել։
Գործն այժմ դատարանում է։ Մեղադրյալի աթոռին երկու անձ է, որոնք միմյանց հետ մտերիմ, բարեկամական հարաբերություններ ունեն։ Նրանց պաշտպանները հերքում են երեխային թրաֆիքինգի ենթարկելու հանգամանքը։
«Իր կամքով մնացել է, աշխատել է, չկա նման բան, որ պարտքի դիմաց է մնացել, ստիպողաբար է մնացել։ Նման տվյալ չկա, նման բան չկա, դա ուղղակի այդպես դրվել է մեղադրանքի հիմքում, բայց դրա վերաբերյալ հենց գործի նյութերում առկա են հակառակն ապացուցող բազմաթիվ հանգամանքներ»,- ասում է պաշտպան Նարեկ Իսկոյանը՝ հավելելով նաև, որ երեխան փորձաքննության է ենթարկվել, ներկայացրել է դեպքի հանգամանքներն ու հայտնել, որ իր կամքով է մնացել։
Պաշտպանի խոսքով՝ երեխան մնացել է, որպեսզի տան համար միջոցներ ապահովի, մայրը փակոց անի։ Նշել է, որ ցանկացած պահի ինքը կարող էր այդտեղից գնալ։
Մյուս մեղադրյալի պաշտպան Խաչատուր Խաչատրյանը նույնպես փորձաքննությունից հատված է ընթերցում, որի համաձայն՝ տղան հոգեբաններից բաղկացած փորձագիտական խմբին հայտնել է, որ ինքնակամ է մնացել։ Մինչդեռ հանրային մեղադրող Տիգրան Պողոսյանը դիտարկում է, որ երբ անձը հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի, առավել բարդանում է նրան որպես թրաֆիքիգի զոհ նույնակացնելու հարցը։ Ընդհուպ լինում են դեպքեր, երբ հոգեկան հիվանդությամբ տառապող տուժողը դատարանում խնդրում է ազատ արձակել ենթադրյալ հանցագործին։
Փաստաբան Խաչատուր Խաչատրյանի խոսքով՝ այն մետաղյա տնակում, որտեղ, ըստ գործի, բնակվել է երեխան, մինչ այդ բնակվելիս է եղել իր պաշտպանյալի ընտանիքը՝ մինչև կավարտեն իրենց տան վերանորոգումը։ Փաստաբանը նաև վստահեցնում է՝ երեխան հաճախակի մնացել է նաև իր պաշտպանյալի տանը։
«Միասին հաց են կերել երեխաների հետ, այսպես կոչված, շահագործողի երեխաների հետ խաղացել է բակում, ասենք՝ շահագործում երևույթը, եկեք մի հատ ռեալ հասկանանք՝ ինչի՞ հետ մենք գործ ունենք, արդյո՞ք սա շահագործում կարող է լինի, երբ ապահովվում է կենցաղ, սնունդ, չակերտավոր «շահագործողի» երեխաների հետ խաղում է, ունի հեռախոսային հասանելիություն, օրվա մեջ պարբերաբար զրույցներ է ունեցել»,- ասում է Խաչատուր Խաչատրյանը։
Մինչդեռ կենցաղ կիսելն ու սնունդով ապահովելը դեռևս չի բացառում անձի շահագործումը։ Դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ, այս գործով հանրային մեղադրող Տիգրան Պողոսյանը դիտարկում է՝ անասնաֆերմաներում և, առհասարակ, գյուղատնտեսության ոլորտում ավելացել են աշխատանքային շահագործման բացահայտումները։ Թիրախավորվում են հիմնականում խոցելի խմբերը՝ մտավոր կամ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, անչափահասները, կրթություն, մասնագիտություն կամ աշխատանք չունեցողները։
«Այստեղ հարցը գյուղատնտեսական ոլորտում ձևավորված աշխատանքային հարաբերություններն են, որտեղ շատ երևույթներ ընկալվում են որպես «նորմալ» (օրինակ՝ «մի փոր հացի» կամ կացարանի դիմաց աշխատելը՝ առանց աշխատավարձ ստանալու)։ Սա բավարար է, և մարդն աշխատավարձ չի ստանում»,- բացատրում է Տիգրան Պողոսյանը։
Պաշտպանները հերքում են նաև երեխային բռնության ենթարկելու հանգամանքը։ Տիգրան Պողոսյանը նշում է, որ պարտադիր չէ՝ թրաֆիքինգն ուղեկցվի անձի նկատմամբ բռնությամբ, ազատության սահմանափակմամբ կամ սպառնալիքներով։ Վերջին տարիներին, ըստ Պողոսյանի, տարածված է, այսպես ասած, «պարտքային փոսի» մեխանիզմը, որի դասական դրսևորումներից մեկն էլ երեխայի հետ տեղի ունեցածն է։
«Սննդամթերքի, կենցաղային իրերի տրամադրմամբ պայմանավորված, կենդանիների անկման պատճառով տուժողների վրա պարտքեր են առաջանում։ Այդ պարտքերը հասնում են 2-3 միլիոնից մինչև 15 միլիոն դրամի։ Մարդկանց առջև պահանջ է դրվում՝ մնալ և աշխատել մինչև պարտքը փակելը, ինչի հետևանքով նրանք տարիներով ստիպողաբար մնում են ֆերմաներում։ Մարդիկ ստիպողաբար մնում, աշխատում են, մինչև ընկնում են իրավապահ մարմինների տեսադաշտ»,- բացատրում է հանրային մեղադրողը։
Մեղադրյալներից մեկի փաստաբան Խաչատուր Խաչատրյանի պնդմամբ՝ առկա են երեխայի մոր քարտին կատարված փոխանցումներ, որոնք հավաստում են, որ երեխան աշխատանքի դիմաց վարձատրվել է։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ երեխան շուրջ մեկ ամիս աշխատելու դիմաց, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ստանար 120 հազար դրամ, մինչդեռ մոր քարտին շուրջ 80 հազար դրամ է փոխանցվել։ Եթե այս թիվը համադրենք հոր թողած մոտ 40,000 դրամ պարտքի հետ, կստացվի, որ երեխային պակաս է վճարվել մոտավորապես հոր թողած պարտքի չափով գումար։
Չնայած այս հանգամանքին՝ Խաչատուր Խաչատրյանը պնդում է, որ հայրը պարտք չի եղել գործատուներին։
«Երեխայի հայրը երեք տարի շարունակ պարբերաբար աշխատել է իմ վստահորդի մոտ, վարձատրությամբ աշխատել է, ըստ սեզոնայնության եկել, գնացել է: Այս ընթացքում որոշակի գումարներ է նաև վերցրել, այսպես կոչված, այսպես ձևակերպենք՝ ապառիկով, այսինքն՝ տան համար գումարն անհրաժեշտ է եղել դեռ իր աշխատանքը չավարտած, որը վճարվել է իրեն»,- ասում է Խաչատուր Խաչատրյանը։
Հստակեցնող հարցին՝ երբ հայրը գնացել է բուժման, դեռևս չաշխատած գումար ստացե՞լ էր, պաշտպանը պատասխանեց․ «Իմ վստահորդի պնդմամբ՝ այնտեղ պարտքի մասին հասկացություն չի եղել, որովհետև երբ հայրը գնացել է, երեխան մնացել է հոր և երեխայի ցանկությամբ, որովհետև հայրը վատառողջ է եղել, ասել է՝ ես գնում եմ, մի քանի օրից ապաքինվելու եմ, հետ գամ, երեխեն թող մնա»։
Դատախազ Տիգրան Պողոսյանը փաստում է՝ վերջին տարիներին թրաֆիքինգի դեպքերի բացահայտումն աճել է։ Եթե 2010-ական թվականներին, 2020-ականների սկզբներին տարեկան հարուցվում էր 8-ից 12 քրեական գործ, ապա վերջին տարիների ընթացքում թրաֆիքինգի դեպքերով վարույթների թիվը տարեկան հասնում է 30-ից 40-ի։
2023 թվականին թրաֆիքինգի վերաբերյալ նախաձեռվել է 27 քրեական վարույթ, որից 4-ը սեռական, 23-ը՝ աշխատանքային շահագործման դեպք է։ 2024-ին նախաձեռնված 38 վարույթից 20-ը սեռական, 18-ը՝ աշխատանքային շահագործման դեպք է, 2025-ի 29-ը վարույթից 14-ն է աշխատանքային շահագործման դեպք, իսկ 2026-ի 1-ին կիսամյակի 9 վարույթից՝ 8-ը։
Ինչպե՞ս հասկանալ, որ ենթարկվում ես շահագործման։ Տիգրան Պողոսյանի խոսքով՝ որպես կանոն, տուժողները գումար չեն ստանում, կամ նրանց վրա հաշվարկվող պարտքը չի նվազում, այլ ավելանում է։ Սահմանը սկսվում է կամքի բացակայության պայմաններում աշխատելուց։
«Երբ մարդն իր կամքին հակառակ մնում է այնտեղ (բռնության, սպառնալիքների կամ «ֆինանսական պարտավորությունների» պատճառով)։ Եթե աշխատավարձ չի վճարվում և պարտք է հաշվարկվում, դա արդեն ահազանգ է»,- բացատրում է դատախազը։
Չլռել, չվախենալ և դիմել իրավապահ մարմիններին՝ հորդորում է Տիգրան Պողոսյանը՝ վստահեցնելով, որ թրաֆիքինգի վերաբերյալ գործերը գտնվում են իրավապահների և դատախազության հատուկ ուշադրության կենտրոնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան

