Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին

Լուրեր

20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
Բոլորը

Ֆրանսիա կատարած քառօրյա այցելության երրորդ օրը Լուրդի սրբավայրում Հռոմի պապի մատուցած պատարագին մասնակցել է շուրջ 150,000 մարդ։ Իսպանիայի սահմանի մոտ գտնվող այս սրբավայրը կաթոլիկների կողմից մեծարվում է որպես բուժման վայր։ Վերջին տարիներին այստեղ են այցելում նաև սեռական բռնության զոհ դարձած բազմաթիվ մարդիկ՝ փորձելով հաղթահարել իրենց հասցված հոգեկան վնասվածքը։ Այս մասին ասվում է DW-ի անդրադարձում։

Լևոն 14-րդը կոչ է արել հարգել կյանքը, այդ թվում՝ հիվանդ և տկար մարդկանց կյանքը։ Նրա խոսքերը մեկնաբանվել են որպես էվթանազիայի և աբորտի քողարկված քննադատություն։

«Ձեր հենակները, անվասայլակները և թաքուն արցունքները խոչընդոտներ չեն։ Ընդհակառակը՝ հենց դրանք են այն վայրը, որտեղ դուք լիարժեք հարգվում և ընդունվում եք։ Լուրդն օրհնված է որպես կյանքի գեղեցկությունն ու սրբությունը դավանելու վայր, քանի որ այստեղ կյանքն ընդունվում է որպես Աստծո թանկարժեք պարգև»,- ասել է նա։

Ավելի ուշ Հռոմի պապը նաև հայտարարել է, որ «անհնար է մահ պատճառելը համարել նորմալ բան»։

«Այն, ինչ օրինական է, պարտադիր չէ, որ բարոյական լինի»,- հավելել է նա։

Պապի այս խոսքերը կարող են վերաբերել Ֆրանսիայի էվթանազիայի և բժշկի օգնությամբ մահվան մասին օրենքին, որն ուժի մեջ է մտել անցյալ ամիս։

«Մենք պետք է մերժենք կեղծ կարեկցանքի քողի տակ մահ պատճառելու գայթակղությունը»,- ասել է 71-ամյա քահանայապետը։

Միայն Ֆրանսիայում հարյուր հազարավոր երեխաներ են ենթարկվել բռնության

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հանդիպել է սեռական բռնությունից փրկված յոթ չափահաս անձանց։ Հանդիպումը Վատիկանի՝ տասնամյակներ շարունակվող գործընթացի մի մասն է, որի շրջանակում եկեղեցին փորձում է առերեսվել աշխարհի բազմաթիվ երկրներում հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ իրականացված լայնածավալ սեռական բռնություններին, ինչպես նաև այն քայլերին, որոնց միջոցով եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչները փորձել են թաքցնել այդ սկանդալը։

2021 թվականի զեկույցի համաձայն՝ 1950-2020 թվականներին Ֆրանսիայում շուրջ 330,000 երեխա ենթարկվել է կաթոլիկ քահանաների և աշխարհիկ եկեղեցական առաջնորդների կողմից իրականացված սեռական բռնության։

Թեև Լուրդում մատուցած պատարագի ընթացքում կաթոլիկների առաջնորդն ուղղակիորեն չի անդրադարձել այդ խնդրին, նա կոչ է արել հոգևորականներին խոնարհություն ցուցաբերել։

«Մեր սխալների ընդունումը կարևորագույն նշանակություն ունի հոգևոր աճի համար։ Եկեղեցու ներսում տեղի ունեցած խոր վերքերը, անհավատարմությունն ու ցավալի սխալները բուժելու համար մենք պետք է խոնարհաբար հանձնվենք Տիրոջ մաքրագործող հայացքին»,- ասել է Լևոն պապը ներկաներին։

Բռնությունից փրկվածներից ոմանք, սակայն, կասկած են հայտնել, որ Հռոմի պապի այցը կհանգեցնի եկեղեցում արագ փոփոխությունների, ասվում է հրապարակման մեջ։

«Ամեն ինչ շատ դանդաղ է առաջ շարժվում։ Դա մեկ գիշերում չի լինելու»,- Reuters-ին ասել է ֆրանսիացի բռնությունից փրկվածների կազմակերպության համաղեկավար Միշել Լը Ռյուն-Գենը։

Կիրակի ավելի վաղ Հռոմի պապը հանդիպել էր ֆրանսիացի եպիսկոպոսների հետ և գովաբանել նրանց «քաջարի» արձագանքը «անչափահասների նկատմամբ հոգևորականության անդամների կողմից կամ եկեղեցական համատեքստում կատարված բռնության ցավոտ պատուհասին»։ Նա շնորհակալություն է հայտնել եպիսկոպոսներին՝ «լսելու, ճշմարտության, արդարադատության, ներման և մեղքերի հատուցման որոնման» համար և գովաբանել նրանց «այդ հանցագործությունների կանխարգելման և պաշտպանության մշակույթի նկատմամբ անսասան նվիրվածությունը»։

Երկուշաբթի՝ Ֆրանսիա այցի վերջին օրը, Մեց քաղաքում ելույթ ունենալիս Հռոմի պապը նախազգուշացրել է պետությունների միջև հարաբերությունների՝ «գնալով ավելի ոչ քաղաքակիրթ» բնույթի և այն մարդկանց մասին, որոնք հպարտանում են իրենց «ստով ու խաբեությամբ»։ Նա Եվրոպային կոչ է արել «օգնել կոտրել այս շրջապտույտը՝ ուրիշների նկատմամբ հարգանքի միջոցով, որը նա սովորել է զարգացնել և պահպանել»։

Լյուքսեմբուրգի և Գերմանիայի սահմանների մոտ գտնվող Մեց կատարած այցի ընթացքում Հռոմի պապը հարգանքի տուրք է մատուցել Ռոբեր Շումանին՝ ֆրանսիացի կաթոլիկ պետական գործչին, որը համարվում է եվրոպական միասնության հիմնադիր հայրերից մեկը։

DW-ն գրում է, որ ԱՄՆ-ում ծնված քահանայապետի այս հայտարարությունները կտրուկ հակասում են Եվրոպայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչների արտահայտած տեսակետներին և շատերի կողմից կարող են ընկալվել որպես եվրոպական քաղաքական գործելակերպի անուղղակի քննադատություն։