Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
Քաղաքականություն
09.11.2026 | 21:58
Արցախ այցից հետո Թուրքիա վերադառնալիս լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ավարտել են այցը Շուշի, որտեղ մասնակցել են Հաղթանակի օրվա տոնակատարություններին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։
«Թուրքիան և Ադրբեջանը երկու եղբայրական երկրներ են, որոնք կապված են անխզելի կապերով։ Մենք մեր համագործակցությունը պսակել ենք բազմաթիվ ռազմավարական ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում մեգանախագծերով։ Աստծո կամքով մեր ձեռնարկած նոր քայլերով մենք ավելի կամրապնդենք մեր համերաշխությունը։ Մենք քննարկեցինք այս բոլոր հարցերը իմ եղբոր՝ Իլհամի հետ հանդիպման ժամանակ։ Մենք նաև խոսեցինք վերջին տարածաշրջանային զարգացումների մասին։ Իմ այցի ընթացքում ես անձամբ ականատես եղա Ղարաբաղում իմ եղբոր՝ Իլհամի ղեկավարությամբ իրականացվող զարգացման նախաձեռնություններին։ Որպես Թուրքիա՝ մենք ամեն հնարավոր աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղի զարգացմանը, ինչպես որ արել ենք նրա ազատագրման համար»,- ասել է էրդողանը։
Նա նշել է, որ ուրախ են Ղարաբաղում հիմնել Թուրքիա-Ադրբեջան միջազգային անտառտնտեսության ուսումնական կենտրոն և տնկարան ու նախատեսում են հաջորդ տարի բացել ի դպրոց։
«Նրանք, ովքեր ձգտում են պառակտում ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կա լիակատար համերաշխություն, ընդհանուր ճակատագիր և եղբայրություն։ Աստծո կամքով, Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ուս ուսի քայլել հանուն տարածաշրջանի խաղաղության, կայունության և բարգավաճման»,- մասնավորապես հայտարարել է Էրդողանը։
Հավելենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում լարվածություն է առաջացել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի պատճառով։ Այս սահմանափակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, Թուրքիայից նույնպես հնչել ու հնչում են քննադատական հայտարարություններ, որոնք էլ պաշտոնական Բաքվի դժգոհությունն են առաջացրել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Բաքուն իր հերթին Անկարայից պահանջել էր պաշտոնից հեռացնել Սարալին։ Ի վերջո, Սարալը պաշտոնանկ էր արվել։ Թուրք հայտնի լրագրող Իսմայիլ Սայմազը, վկայակոչելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների և աղբյուրների, հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցի Անկարայում հոկտեմբերի 29-30-ը կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, եթե Սարալը շարունակեր պաշտոնավարել։
Չնայած Էրդողանի այս քայլին՝ Ալիևը, այդպես էլ չէր մասնակցել Անկարայում հոկտեմբերի 30-ին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Ադրբեջանը հանդիպմանը ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախօրեին Էրդողանը այցով Արցախում էր և մասնակցում էր, Բաքվի, այսպես կոչված,«Հաղթանակի օրվա» միջոցառումներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

