Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Քաղաքականություն
09.11.2026 | 21:27
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, տնտեսական կապերի ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման, թվայնացման ոլորտում համագործակցության և Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցեր։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
«Նախարար Միրզոյանը Մարգուս Ցահքնային շնորհակալություն է հայտնել Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցության հրավերի համար: Նախարարները քննարկել են առաջիկա անելիքները և ծրագրվող այցերի օրակարգը: Կարևորվել է երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայության ավելացման հարցում երկուստեք արտահայտված հանձնառությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Էստոնիա միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա ընդլայնման հարցեր: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված՝ ընդլայնված գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացումը։
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման, առևտրաշրջանառության ընդլայնման և հայկական արտադրանքի՝ Էստոնիա և այլ եվրոպական շուկաներ արտահանման հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրանքի տեսանելիության և ճանաչելիության ուղղությամբ համատեղ նախաձեռնությունները: Այս համատեքստում գոհունակությամբ նշվել է ընթացիկ տարվա հուլիսին Տալլինում կայացած «Made in Armenia» ցուցահանդեսը և դրան նախարար Ցահքնայի անձամբ մասնակցությունը:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի «Էնթերփրայզ Արմենիայի» և Էստոնիայի բիզնեսի և նորարարության գործակալության միջև համագործակցության զարգացումը:
Կարևորվել է նաև թվայնացման, էլեկտրոնային կառավարման և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակումն ու ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացումը:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը։
Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով ներկայիս պայմաններում երկու երկրների դիմակայունության հետևողական ամրապնդման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

