Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2023-ին 47 միավոր է, նախորդ տարվա 46-ի փոխարեն։ Այս մասին հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը։
Միջազգային կազմակերպությունն այսօր է հրապարակել կոռուպցիայի ընկալման 2023-ի ինդեքսը։ Նախորդ տարվա համաթվի համեմատ 1 միավոր աճն արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց է գրանցել․ Վարուժան Հոկտանյանը նշում է՝ իրականում ոչինչ չի փոխվել։
«Հայաստանի ԿԸՀ թիվ մեկ միավոր ավելացել է, բայց հաշվի առնելով վիճակագրական սխալի մեծությունը՝ մեկ միավոր ավելի, մեկ միավոր պակաս, դա վիճակագրական սխալի սահմաններում է գտնվում։ ՀՀ-ի դեպքում վիճակագրական սխալը 2,47 է, այսինքն՝ մեկ միավորն ավելի փոքր է, քան վիճակագրական սխալը։ Եթե մաթեմատիկական գիտելիքներ ունենանք, ապա կարող ենք ասել, որ փոփոխություն չի եղել, իսկ, թե ոչ մաթեմատիկոսներն ինչ կասեն, չգիտեմ։ Այսինքն՝ անցած տարվա համեմատ որևէ փոփոխություն չի կատարվել»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։
Factor.am-ը Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեց՝ 47 միավորը ՀՀ-ի համար լավ ցուցանիշ համարվո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Ըստ նրա լավագույն ցուցանիշ է համարվում, եթե երկրի համաթիվը 50 և ավելի միավոր է, Հայաստանը երբեք չի հատել այս շեմը։
«Եթե մենք ունենք 50-ից պակաս ցուցանիշ, ապա դա նշանակում է, որ կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է երկրի համար։ Կարևոր է, որ կոռուպցիան լինի կառավարելի, բայց, եթե 50-ից ցածր ենք, նշանակում է, որ չի կառավարվում։ Մենք ունենք պոտենցիալ, որ կոռուպցիան կդառնա կառավարելի, կոռուպցիան արմատախիլ անելը հնարավոր չէ»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։
Համաթիվը ձևավորվել է 2022 թվականի ամբողջ ընթացքում և 2023 թվականի առաջին կեսում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։ Հակակոռուպցիոն ոլորտի փփորձագետի խոսքով՝ այս տարի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության Բեռլինում գտնվող կենտրոնակայանը ուսումնասիրում է համաթվի կապը տարբեր ոլորտների հետ։ 2023-ին ուսումնասիրվել է արդարադատության ոլորտը։
Նարեկ Կիրակոսյան