Պադավա՞տ, թե՞ պետություն․ Փաշինյանի օրոք փոխվել են միայն ծառայողական մեքենաների գները․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

21.11.2024 | 16:52
ՌԴ-ից արձակված միջամայրցամաքային բալիստիկ հրթիռը միջուկային լիցք չի կրել․ AFP
21.11.2024 | 16:40
14 ուսուցիչ այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն
21.11.2024 | 16:29
Զախարովային հեռախոսազանգով հրահանգում են չխոսել Դնեպրին բալիստիկ հրթիռով հարվածից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 16:16
Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո տարհանվել է Գրինդավիկ քաղաքը
21.11.2024 | 16:04
Factor TV-ի անդրադարձից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կայքից հեռացրել է «10 մլն ծառ» ծրագրին վերաբերող բաժինը 
21.11.2024 | 15:55
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց». կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցում» ծրագիրը
21.11.2024 | 15:51
Ադրբեջանի կառավարությունը փոխել է ՀՕՊ համակարգերի կիրառման կանոնները
21.11.2024 | 15:41
Քաղաքացու որովայնից դուրս է բերվել 1 կգ 620 գ փաթեթավորված «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
21.11.2024 | 15:39
Հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
21.11.2024 | 15:26
Իվանիշվիլին Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
21.11.2024 | 15:19
Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր
21.11.2024 | 15:15
Ուսանողների անգլերենի իմացության հարցը խնդիր է․ նախարարն այցելել է Picsart Academy
21.11.2024 | 15:04
ՀՀ-ն մտադիր է Հնդկաստանից 78 АTAGS գնել․ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
21.11.2024 | 14:50
Վերականգնվում են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրն ու Կիրանց գյուղի Սբ Երրորդություն եկեղեցին
21.11.2024 | 14:39
Սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս․ խոզերի ներկրումը կսահմանափակվի
Բոլորը

Հեղափոխական իշխանությունը հայտնվել է մոգական փակ շրջանի մեջ՝ կրճատում ու կրճատում է պետական համակարգի ծառայողական մեքենաները, բայց դրանց թիվը հանրագումարում չի պակասում։ 2024 թվականի բյուջեի նախագծով պաշտոնյաներին սպասարկելու համար նախատեսված է ճիշտ նույնքան ավտոմեքենա, որքան եղել է 2018 թվականին՝ 902։

Չնայած իշխանավորների պնդումներին, 2018թ-ից հետո ծառայողական մեքենաների քանակը ոչ թե կրճատվել է, այլ ավելացել։ Սա են փաստում պաշտոնական՝ ֆինանսների նախարարության տվյալները։

Այսպես՝ իշխանափոխությունից հետո՝ 2019թ-ին, երբ արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էր լիիրավ պատասխանատուն, ավտոմեքենաների քանակը նախ հրապարակվեց 834, ապա տվյալների ճշգրտման արդյունքում այդ թիվը կտրուկ աճեց՝ դառնալով 1082 (ցուցակում ներառվեցին այն մեքենաները, որոնց պահպանման ծախսերը 2019 թվականն էլ ներառյալ, կատարվում էին արտաբյուջետային միջոցների հաշվին)։ 2020-ին ծառայողական մեքենաների թիվը կրճատվեց 158-ով և դարձավ 924, 2021-ին՝ 923։ 2022թ-ին դրանց քանակը կրկին ավելացավ՝ 10-ով՝ դառնալով 933: 2023 թվականին «դրական» դինամիկան շարունակվեց․ ծառայողական մեքենաներն ավելացան 6-ով՝ դառնալով 939։ Եվ ահա 2024-ի բյուջեի նախագծով գործադիրը ծառայողական մեքենաների թիվը «կրճատում» է միանգամից 37-ով՝ թողնելով 902-ը։

ծառայողական մեքենաներ by Factor tv

Այսինքն՝ գործող կառավարությանը 6 տարի պահանջվեց՝ ի շրջանս յուր՝ 2018- ին առկա մեքենաների քանակին վերադառնալու համար։ Սակայն սա էլ միանշանակ չէ։

Factor TV-ին ֆինանսների նախարարությունից պարզաբանել են, որ ավտոմեքենաների քանակի այս նվազումը պայմանավորված է Արտակարգ իրավիճակների նախարարության լուծարմամբ և ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերակազմավորմամբ, որոնք ներառվել են ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում:

Ուժային մարմինների ավտոմեքենաների քանակը գաղտնի տեղեկատվություն է, և ծառայողական մեքենաների պաշտոնական ցուցակում դրանք չեն ներառվում։ Ստացվում է, որ փրկարարների և միգրացիոն ծառայության մեքենաների քանակն այսուհետ նույնպես գաղտնի է։ Հետևաբար, ծառայողականների միանգամից 37-ով կրճատումը պարզապես թվային աճպարարություն է։ Ասել է թե՝ մեքենաների թիվը ոչ թե կրճատվել է, այլ մի մասը դարձել է գաղտնի։

2024 թ-ին փաստացի պակասելու են վարչապետի աշխատակազմի մեքենաները՝ 6-ով, ՊԵԿ-ինը՝ 2-ով, Միասնական սոցիալական ծառայությանը՝ 1-ով, Հաշվեքննիչ պալատինը՝ 1-ով, Կադաստրի կոմիտեի մեքենաները՝ 4-ով։ Միաժամանակ ավելանալու են ՏԿԵՆ մեքենաները ՝ 2-ով, Ջրային կոմիտեինը՝ 3-ով, դատարաններինը՝ 2-ով։

Ի դեպ, եթե մինչև 2022 թ-ը ֆինանսների նախարարությունը բյուջեին կից հրապարակում էր ծառայողական մեքենաների ցուցակն՝ ըստ գերատեսչությունների, ապա ներկայում այդ պրակտիկան հանվել է կիրառությունից՝ պատճառաբանվելով, թե դա «օրենքի պահանջ չէ»։ Սա բաց և հաշվետու կառավարության «բարեփոխումն» է։

2022 թ-ի հոկտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց պետական ավտոպարկից հանել միանգամից 600 ավտոմեքենա։ Դրանք չօգտագործվող հին ավտոմեքենաներ են, որոնց փոխարեն պետք է ձեռք բերվեն 200 նոր տրանսպորտային միջոցներ՝ էկոնոմ դասի և էլեկտրամոբիլ։ 2023 թ-ի սեպտեմբերի վերջին որոշվեց վարչապետի աշխատակազմին հատկացնել ևս 10 ավտոմեքենա։ Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պարեկներին 75 ամենագնաց է նվիրել։  

Այսինքն՝ պետական մարմինների ավտոպարկը կրճատմանը զուգընթաց համալրվում է նորերով։

Ընդ որում, նկատի առենք, որ թշնամիներով շրջապատված և սուղ բյուջե ունեցող պետությունում բարձրաստիճան պաշտոնյաների համար ձեռք բերված մեքենաները գերթանկարժեք են։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայում սպասարկող մեքենայի գինը մոտ 300 հազար դոլար է, նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի մեքենան արժե 150 հազար դոլար, թիկնազորի մեքենաները՝ 100 հազար, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենայի համար վճարվել է մոտ 200 հազար դոլար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մեքենան շուրջ 70 հազար դոլար է, և այլն։ 

Factor TV-ին Պետական գույքի կառավարման կոմիտեից պարզեց, որ 2018 թ-ից մինչև 2023-ի սեպտեմբեր օտարվել է պետական սեփականություն հանդիսացող մոտ 900 տրանսպորտային միջոց, որից պետական բյուջե է մուտքագրվել գրեթե 600 մլն դրամ։ Ներկայում օտարման ենթակա է մոտ 250 պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոց: 

Հնացած, շահագործման ոչ ենթակա մեքենաները պետական համակարգի ավտոպարկից դուրս գրելու և դա որպես կրճատում ներկայացնելու մեխանիզմը նոր չէ։ Այդ պրակտիկան կիրառել են նաև նախկինները, 2016 թ-ին։ Այն ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր․ «Առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա»։

Նախկինների այս որոշմանը նախորդել էին այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները․ «Հայաստանի Հանրապետությունում պետք ա 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար։ Կռուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքերի առաջ կառուցել են չնաշխարհիկ պադավատապետություն»։

Նիկոլ Փաշինյանի հայտարարած այս 30-35 մեքենաներից պետական համակարգին ներկայում սպասարկող ծառայողականները մոտ 30 անգամ ավելի են։ Փաշինյանն այն ժամանակ օրինակ էր բերում Դանիան, որտեղ խորհրդարանն ունի ընդամենը 1 ծառայողական մեքենա, իսկ պետական համակարգը՝ 23։ 

Մի տպավորիչ օրինակ էլ մենք ներկայացնենք՝ Մեծ Բրիտանիան․ այնտեղ ամբողջ կառավարությանը սպասարկում է ընդամենը 45 ավտոմեքենա, որոնցից միայն մեկն է ամրակցված պաշտոնյայի՝ թագավորության վարչապետին։  

 

Որ գերատեսչությունն է «ամենամոբիլը» և ում են սպասարկում ծառայողական մեքենաները

Ամենաշատ՝ 144 ծառայողական մեքենաներն ունի Պետական եկամուտների կոմիտեն։ Եկրորդ տեղում՝ 91 ծառայողական մեքենաներով, Քննչական կոմիտեն է։ Ավտոմեքենաներով «հարուստների» շարքում երրորդը Դատախազությունն է՝ 67 ծառայողական մեքենա ունի, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ 49, Ազգային ժողովը՝ 47, վարչապետի աշխատակազմը՝ 46 մեքենա։ Ամենաքիչ՝ 1-ական ծառայողական մեքենաներ ունեն Զբոսաշրջության կոմիտեն, Բնապահպանական ԾԻԳ-ը, Անտառային կոմիտեն, Գիտության կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Ծառայողական մեքենա չունի Բարձրագույն որակավորման կոմիտեն։

Ինչպես նշեցինք, Ֆինանսների նախարարության այս ցանկն ամբողջական չէ և, բացի ուժային կառույցներից, դրանում բացակայում է, օրինակ, Երևանի քաղաքապետարանը, նաև անհամապատասխանություններ կան որոշ պետական մարմիններից մեզ տրամադրած տվյալների հետ։ Մենք դիմել ենք 29 գերատեսչությունների՝ պարզելու առկա ծառայողական մեքենաների քանակը, 2018 թ-ի համեմատ փոփոխությունը և թե ում են դրանք կցված։ Ահա թե ինչ են մեզ պատասխանել․

Պաշտպանության նախարարության ավտոմեքենաների ընդհանուր թիվը գաղտնի է։ Սակայն, ՀՀ կառավարության 17.02.2005թ. N 194-Ն որոշմամբ, ՊՆ պաշտոնատար անձանց կցված ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը 160 է, որոնք ամրակցված են պաշտպանության նախարարին, նրա տեղակալներին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, նրա տեղակալներին, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչին, նրա տեղակալներին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, ՊՆ աշխատակազմի ղեկավարին, նրա տեղակալներին, վարչության պետերին։

Նմանապես գաղտնի է Ազգային անվտանգության ծառայության ավտոմեքենաների ընդհանուր թիվը, սակայն կառավարության նույն որոշմամբ ուժային այս կառույցի պաշտոնյաներին կցված է 43 ծառայողական մեքենա, որոնք սպասարկում են ծառայության ինքնուրույն մարմինների պետերին։

Ներքին գործերի նախարարության (այդ թվում՝ ոստիկանություն, Միգրացիայի և քաղաքացիական ծառայություն) հաշվեկշռում 2023թ-ին առկա է 1739 ավտոմեքենա։ Ընդ որում՝ այդ թիվն ավելացել էր 2018թ-ի համեմատ՝ դառնալով 1461, սակայն նվազել 2022թ-ի համեմատ՝ 1942 տրանսպորտային միջոց։ ՆԳՆ-ում ծառայողական ավտոմեքենա ամրակցված է միայն նախարարին։

ՆԳՆ Փրկարար ծառայությունում առկա է 512 միավոր հրշեջ-փրկարարական, հատուկ, օպերատիվ-հերթապահ և ջրային տրանսպորտային միջոցներ, որոնք ամրակցված են ստորաբաժանումներին և շահագործվում են տարբեր վարորդների կողմից: Փրկարար ծառայությունում ծառայողական ավտոմեքենաներ առկա չեն:

Առաջիկայում ՆԳՆ ավտոպարկը կրկին կմեծանա․ Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ներդրվող պարեկային ծառայության համար նախատեսվում է ձեռք բերել նոր տրանսպորտային միջոցներ:

Վարչապետի աշխատակազմին ներկայում սպասարկում է 40 մեքենա (ըստ ֆին․նախարարության՝ 46)՝ 2018 թ-ի 84-ի փոխարեն։ Ծառայողական ավտոմեքենա է հատկացված 7 պաշտոնատար անձանց՝ փոխվարչապետերին, աշխատակազմի ղեկավարին, վարչապետի գլխավոր խորհրդականին, անվտանգության խորհրդի քարտուղարին, արարողակարգի պատասխանատուին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին:

Վարչապետի աշխատակազմից վստահեցրել են, որ ծառայողական մեքենաների կրճատման գործընթացը շարունակական է։

2018-թ-ից մինչ օրս Հանրապետության նախագահի աշխատակազմին սպասարկում է 20 ավտոմեքենա: Դրանք ամրակցված են աշխատակազմի ստորաբաժանումներին: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ մտադիր են հրաժարվել 2 ծառայողական մեքենայից, սակայն թե ե՞րբ, պարզ չէ․ 2024 թ-բյուջեի նախագծում դրանց թիվը նույնն է մնացել:

Ազգային ժողովի ավտոպարկում 2022 թ-ին եղել է 50 ավտոմեքենա, որոնցից 7-ը ամրակցված են պաշտոնյաներին (2018-ին եղել է 19 ծառայողական մեքենա) և սպասարկում են ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, խմբակցությունների ղեկավարներին, մշտական հանձնաժողովների նախագահներին և աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին։ Մինչդեռ Ֆինանսների նախարարության համաձայն՝ 2022-ին ԱԺ հաշվեկշռում 57 ավտոմեքենա է եղել, իսկ 2023-ին դրանք կրճատվել են 10-ով՝ դառնալով 47։

Ֆինանսների նախարարության հաշվեկշռում 2023-ին հաշվառված է 4 տրանսպորտային միջոց՝ 2018 թ-ի 17-ի փոխարեն: Դրանցից 1-ը կցված է ֆինանսների նախարարին, իսկ մնացած 3-ը հերթապահ տրանսպորտային միջոցներ են:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ավտոպարկում 2018 թ-ին առկա է եղել 9, հետագա տարիներին և 2023-ի դրությամբ՝ 5 ավտոմեքենա: Ծառայողական մեքենա կցված է միայն նախարարին:

Արտաքին գործերի նախարարությանը սպասարկում է 14 ավտոմեքենա՝ 2018-ի 17-ի փոխարեն։ Դրանք կցված են նախարարին, գլխավոր քարտուղարին և աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին։

Շրջակա միջավայրի նախարարությանը սպասարկում է 14 ավտոմեքենա (ըստ ֆինանսների նախարարության՝ 13)՝ 2018-ի 46-ի փոխարեն։ Անձնապես իրեն կցված ծառայողական ավտոմեքենայից ի պաշտոնե օգտվում է միայն նախարարը, իսկ մնացած ավտոմեքենաները սպասարկում են նախարարության և ենթակա կառույցների աշխատակազմերին։

Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում, ըստ այս գերատեսչության, 8 ավտոմեքենա է, մինչդեռ ֆինանսների նախարարության տվյալով՝ 28 է։ Դրանցից 1-ը կցված է նախարարին, մյուսները հերթապահ են։ 2018 թ-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ավտոպարկում (2019-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում ստեղվծել է էկոնոմիկայի նախարարությունը) եղել է 7 ավտոմեքենա, որոնք կցված են եղել նախարարին և փոխնախարարներին:

Առողջապահության նախարարությունն ունի 9 ծառայողական մեքենա (ըստ ֆինանսների նախարարության՝ 8), նույնքան էր նաև 2018 թ-ին։ Դրանցից մեկը սպասարկում է նախարարին, մնացած 8-ը՝ հերթապահ ավտոմեքենաներ են: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի 6 ծառայողական մեքենա՝ նախարարությունների միավորման ժամանակ՝ 2019-ի 15 մեքենայի փոխարեն։ Ծառայողականներից մեկը կցված է նախարարին, մնացածը հերթապահ են:

Արդարադատության նախարարության ավտոպարկում 2023-ին առկա է 4 ավտոմեքենա՝ 2018 թ-ի 9-ի փոխարեն։ Դրանցից մեկը սպասարկում է նախարարին, մնացածը հերթապահ են և սպասարկում են նախարարության անձնակազմին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրակցված է 7 ավտոմեքենա (ըստ ֆինանսների նախարարության՝ 6)՝ 2018-ի 35-ի փոխարեն։ 2022 թ-ին օտարվել է 28 ավտոմեքենա, որոնցից 2-ը ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը: 1 ավտոմեքենա կցված է նախարարին, մնացածը հերթապահ են:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոպարկում 2018-ից մինչ օրս 9 ավտոմեքենա է (ըստ ֆինանսների նախարարության՝ 8): Իրեն կցված ծառայողական ավտոմեքենայից օգտվում է նախարարը, իսկ մնացած ավտոմեքենաները հերթապահություն են իրականացնում և սպասարկում են անձնակազմին:

Պետական գույքի կառավարման կոմիտեում առկա է 2 ավտոմեքենա, որոնք 2-ն էլ հերթապահ են և կոմիտեի նախագահն օգտվում է դրանցի:

Պետական եկամուտների կոմիտեի տրանսպորտային միջոցների քանակը՝ 144, նույնն է, ինչ 2018-ին էր։ Դրանցից 1-ը սպասարկում է կոմիտեի նախագահին, 4-ը՝ տեղակալներին, 1-ը՝ գլխավոր քարտուղարին, 1-ը՝ գլխավոր քարտուղարի տեղակալին, 23-ը՝ վարչության պետերին, 45-ը՝ կոմիտեի տարածքային հարկային տեսչություններին և մաքսային ծառայությանը, 36-ը՝ օպերատիվ կամ հերթապահ մեքենաներ են, 18-ը հատուկ նշանակության մեքենաներ, 10-ը՝ ծառայողական ավտոբուսներ, 4-ը՝ բեռնատարներ, 1-ը կցված է Լարսում ՀՀ մաքսային կցորդին:

Հայաստանի 10՝ Արարատի, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի, Կոտայքի, Լոռիի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզպետարանների աշխտակազմերին, ֆինանսների նախարության տվյալների համաձայն, 2023-ին սպասարկում է 4-ական ավտոմեքենա։ Ծառայողականներից օգտվում են մարզպետները, նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները, աշխատակազմը։ Ընդհանուր առմամբ, մարզպետարաններին հատկացված է 40 ծառայողական մեքենա։ 2018-ին դրանց թիվը եղել է 65։ Այսինքն՝ այս տարիների ընթացքում կրճատումը եղել է ընդամենը 39 %:

Ծառայողական մեքենաների հարցում ամենապահպանողականը Երևանի քաղաքապետարանն է: Ինչպես 2018 թ-ին, այնպես էլ 2023 թ-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին սպասարկել է թվով 59 ծառայողական մեքենա: Անձնապես իրենց կցված ծառայողական մեքենաներից օգտվում է 37 պաշտոնյա՝ Երևանի քաղաքապետը, քաղաքապետի 5 տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, քարտուղարի տեղակալը, վարչությունների պետերը:

Չնայած կառավարության նիստում պաշտոնյաները պարբերաբար անդրադառնում են էլեկտրամոբիլների կարևորությանը, այդպիսիք առայժմ ունեն միայն ԱԳՆ-ն՝ 5-ը, և ՆԳՆ-ն՝ 6-ը։

Պետության պարտքը գործող իշխանության օրոք ավելացել է 10%-ով, աղքատությունը՝ 3-4%-ով, պաշտոնյաները շարունակում են ծառայողական մեքենաների ավանդույթն ու բյուջեից հսկայական գումարներ են ծախսում դրանց վրա։ Այս տարիների ընթացքում հեղափոխականներն այդպես էլ չիրականացրեցին իրենց խոստացած փոփոխությունը՝ չվերացրեցին «պադավատապետությունը»։ Իսկ 6-7 տարին բոլորովին քիչ ժամանակ չէր դրա համար։

 Գայանե Խաչատրյան