Հումանիտար աղետ ստեղծողը չի կարող հումանիտար աջակցություն ցուցաբերելու լիազորություն ստանալ. ԱՀ ՄԻՊ
Քաղաքականություն
23.07.2023 | 15:48Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատշաճ չի աշխատում` այն առումով, որ չի պահպանում իր առջեւ դրված ոչ հրապարակային գործելու սկզբունքը։ «Արցախպրես»-ին տված հարցազրույզի ժամանակ այս մասին ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Սա իրենց համար կարևորագույն սկզբունք է, և շատ հաճախ, երբ մենք էլ ներկայացնում ենք մեր դժգոհությունները, մտահոգությունները կատարած աշխատանքի վերաբերյալ, միշտ մատնանշում են սա։ Նույն Կարմիր խաչը և ոչ միայն Կարմիր խաչը, այլ նաև՝ մարդասիրական և իրավապաշտպան գործառույթներ իրականացնող կազմակերպություններն ունեն նման պրակտիկա, երբ աղետալի իրավիճակում կարմիր կոճակ են սեղմում: Մեր կառույցի ակնկալիքը նույն Կարմիր խաչից հենց սա է, և կարծում եմ, որ ոչ միայն մեր, այլև՝ Արցախի 120 հազար ժողովրդի ակնկալիքը։ Իհարկե, շնորհակալ ենք այն աշխատանքի համար, որն իրականացնում է կառույցը, բայց, միևնույն ժամանակ, պահանջում ենք և շարունակելու ենք պահանջել, որ Կարմիր խաչը` որպես Արցախում ներկայացված միակ միջազգային կազմակերպություն, ինչ-որ առումով տեր կանգնի իր կողմից մշակված այդ ոչ հրապարակայնության սկզբունքին, իր զեկույցներում, ինչու չէ նաև հրապարակային հայտարարություններով ահազանգի աշխարհին, որ Արցախի ժողովուրդը կանգնած է սովի, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի և սպառնալիքի ներքո»,-նշել է Գ. Ստեփանյանը։
ԱՀ ՄԻՊ-ը անդրադարձել է նաև միջազգային տարբեր կառույցներից հնչող կիսաառաջարկներին, այդ թվում` հումանիտար հետևանքները մեղմելու նպատակով Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելը նաև, և նշել է, որ Թվիթթեր սոցիալական հարթակում ինչ-որ չափով արձագանքել է Տոյվո Կլարի հայտարարությանը՝ հատուկ նշելով, որ այդ հայտարարությունը առնվազն ազնիվ չէ, որովհետև վստահ է, որ իրենց մոտ էլ կա գիտակցում, որ Արցախի ժողովուրդը չի ընդունելու որևէ «հումանիտար» աջակցություն, որը գալիս է Ադրբեջանից։
«Եվ չկա ազնվություն առնվազն այն առումով, որ հումանիտար աղետ ստեղծողին չեն տալիս լիազորություն հումանիտար բեռ տեղափոխելու կամ հումանիտար աջակցություն ցուցաբերելու։ Ես այդ հայտարարությունը, որ հնչել է Շառլ Միշելի միջնորդությամբ ընթացած բանակցություններից հետո, համարում եմ ուղղակի թղթի վրա խզբզանք կամ հայտարարություն, որն անհիմն է և որևէ ձևով իրականությունը չի արտահայտում: Կարող եմ ևս մեկ անգամ ասել, որ վստահ եմ, որ այդ հայտարարությունը հնչեցնողն անգամ ինքը շատ լավ հասկանում է, որ Արցախի ժողովուրդը չի ընդունելու, այսպես կոչված, հումանիտար աջակցությունը։ Իսկ երկրորդ` զուտ մասնագիտական մակարդակին վերաբերող հարցն այն է, որ հումանիտար օգնությունը չի կարող քաղաքականացված լինել, կամ կողմնակալ, կախված սրա կամ նրա հայեցողությունից»,- մանրամասնել է Գ. Ստեփանյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ միջազգային տարբեր դերակատարների վրա պետք է ճնշում գործադրել, որպեսզի կատարեն գործնական քայլեր։
«Այս առումով մենք ունենք անելիք՝ Արցախում մեր մշտական միասնական ձայնը բարձրացնելու։ Հիմա շատերը կարող են ասել՝ հանրահավաք է կազմակերպվում, մենք էլ նույն բաներն ենք ասում։ Այո, մենք պետք է նույն բաները պետք եղած ժամանակ հարյուր, հազար, միլիոն անգամ ասենք, որ Ադրբեջանը չկարողանա ներկայացնել, որ Լեռնային Ղարաբաղում ինչ-որ «սեպարատիստական խունտա» է, որը կասկածի տակ է դնում ամբողջ բնակչության կյանքը և առողջությունը և այլն։ Այսինքն՝ պետք է նաև միջազգային կառույցներին հասանելի դառնա, որ մենք բարձրացնում ենք մեր միասնական ձայնը, այդ ձայնը դուրս է գալիս մեկ բերանից և բոլորը նույն բանն են ուզում ու պահանջում։ Սա է մեր անելիքը։ Միջազգային տարբեր ատյանների հետ աշխատող անգամ ազգությամբ ոչ հայ մեր բարեկամներին մենք անմիջականորեն փոխանցում ենք մեր փաստաթղթերը, պահանջները, իրավունքները ապացուցող նյութերը՝ խնդրելով, որ շարունակեն մեր փոխարեն արտաքին տարբեր ատյաններում լինել մեր ձայնը: Սփյուռքի մեր հայրենակիցներին ևս մենք անընդհատ դիմում ենք խնդրանքով, որ ճնշում գործադրեն սեփական Կառավարությունների վրա։ Մենք տեսանք, որ հայտարարություններ եղան Կանադայում, Բելգիայում, Ֆրանսիայում, աշխարհի տարբեր այլ կետերում։ Մեր հայրենակիցները աշխարհի տարբեր կետերում պետք է այնպիսի հանրահավաքներ անեն, ինչպիսիք Հարաստանում և Արցախում են կազմակերպվում` պահանջելու, որ սեփական Կառավարությունները, միջազգային հյուրընկալ պետությունները` որպես միջազգային հանրության մասնիկներ, հստակ դիրքորոշում արտահայտեն և գնան գործնական քայլերի։ Եվ քանի որ մենք Արցախում չունենք դիվանագիտական ներկայացուցչություններ, Հայաստանում մեր հայրենակիցների հիմնական խնդիրն է որքան հնարավոր է, բարձրաձայնել առկա օրհասական իրավիճակի մասին թե՛ միջազգային կազմակերպությունների, թե’ ինչու չէ նաև՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջ»,- եզրափակել է ԱՀ ՄԻՊ-ը։