«Խելոք, թե չէ շունիկին կկանչեմ»․ որտեղից է գալիս ընտանի կենդանու հանդեպ չարությունն ու վատ վերաբերմունքը
Հասարակություն
05.07.2023 | 14:47Արզնի գյուղի բնակիչ 84-ամյա Եվգենյա Պռազյանը պատմում է՝ երեք ամիս առաջ հարևաններից մեկի տուն գնալու ճանապարհին մի քանի շուն հարձակվել էին և մի քանի անգամ կծել նրան։ Արզնիի պոլիկլինիկայում առաջին բուժօգնությունն էր ստացել, հետո էլ 20 օր տանը բուժում ստացել։
«Ես բուժքույր եմ եղել, գիտեմ՝ նման դեպքերում ինչ են անում։ Այդ պահին շատ էի վախեցել, միայն մեր փողոցում մինչև 9 թափառող շուն կա, իսկ գյուղում ավելի շատ։ Վախիցս աջ կողմս թուլացել էր, հաց ուտել չէի կարողանում, հիմա որ տնից դուրս եմ գալիս, մի կտոր հաց եմ վերցնում, որ բարեկամություն անեմ հետները»,- պատմեց Եվգենյա Պռազյանը։
Երևանի բնակիչ Լիլի Ալմասյանն էլ հիշում է, որ մեկ տարի առաջ աշխատանքի գնալու ճանապարհին 3 շներ սկսել էին վազել իր հետևից, իսկ ինքը մինչև աշխատավայր վազել էր, որպեսզի ազատվի նրանցից։ Ամբողջ ճանապարհին մտածել էր, որ շները կհարձակվեն և չի կարողանա պաշտպանվել։ Նրա խոսքով՝ իրենց թաղամասում թափառող շներ շատ կան, երեխայի հետ ևս դուրս գալիս անհանգստանում է։ Ասում է՝ այդ դեպքից հետո միայն տրանսպորտային միջոցներով է տեղաշարժվել։
«Ես միշտ շներին շատ եմ սիրել։ Բայց այդ դեպքից հետո էլեկտրոշոկ եմ գնել ու պահել։ Չնայած երբեք չեմ կիրառել, իմ ինքնավստահության համար է մոտս ավելի շատ»,- ասաց Լիլի Ալմասյանը։
Միայն հունիսին 32 երեխա է շան կծածից հետո տեղափոխվել Մուրացան ԲԿ
Թափառող շների կողմից ագրեսիայի դեպքերի մասին հանրությունը դարձյալ սկսեց խոսել օրերս Մուրացան համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանի ֆեյբուքյան գրառումից հետո։ Դանիելյանն իր էջում գրել էր, որ միայն այս տարվա հունիսին համալսարանական բուժհաստատություն է դիմել 32 երեխա՝ շան կծելու հետևանքով։ Դանիելյանը Factor.am-ին փոխանցեց, որ բոլոր դեպքերն էլ գրանցվել են Երևանում, որից 23-ը թափառող շների հարձակման դեպքեր են եղել։
«Նմանատիպ դեպքերում երեխաները ստանում են հակակատաղության պատվաստում կամ շիճուկ ըստ ուղեցույցի, եթե արյունահոսություն չի լինում կատարվում է համապատասխան վերքերի մշակում միայն։ Շիճուկի դեպքում երեխաները որոշ ժամանակահատված մնում են բժիշկների հսկողության ներքո»,-ասաց Դանիելյանը։
Նոր կացարանը կլուծի՞ թափառող շների խնդիրը
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը նախագծում է մոտ 300 շան համար նախատեսված նոր կացարանի կառուցում։ ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանի խոսքով՝ Երևանում հիմա կա կենդաններիների մեկ կացարան, որը ժամանակավոր է, և որտեղ 100-ից 120 կենդանի է հնարավոր պահել, քանի որ հարմարեցված չէ մշտական պահպանման։ Նոր նախագծով նախապատվությունը տրվելու է Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Նոր Նորք վարչական շրջաններին։
Առաքելյանի խոսքով՝ փորձ է արվում հասարակության շրջանում բարձրացնել նաև կենդաների հետ վարվելու մշակույթը։
«Կարելի է ասել՝ մարդկանց վերաբերմունքը ոչ թե ցածր մակարդակի է, այլ առհասարակ բացակայում է, ու դրա վառ ապացույցն ամենուրեք խոշտանգված կենդանիներ տեսնել է։ Բացի այդ, նաև կծման դեպքերի առկայությունը, որոնց մի զգալի մաս հիմնականում տեղի են ունենում մարդկանց կենդանների հետ ոչ ճիշտ վարվելուց․ բակում, փողոցում կենդանի տեսնելիս հասարակության մեծ զանգված չգիտի՝ ինչ պետք է անի, ինչ՝ ոչ»։
Առաքելյանի խոսքով՝ կենտրոնի կատարած մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ երեխաների շրջանում արձանագրվող կծման դեպքերի զգալի մասը գալիս է ոչ ճիշտ վարքի կաննոներից։
«Մայիս ամսից դպրոցահասակ երեխաների շրջանում մեկնարկել է կենդանիների հետ վարվելու կաննոները խորագրով դպրոցական կրթական ծրագիր։ Դրա շրջանակներում ինտերակտիվ դասերի միջոցով երեխաներին ներկայացնել կենդանիների հետ վարքի կանոնները։ Նրանք շատ լավ ընկալում եմ ինֆորմացիան և նպաստում տարածմանը»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը։
Մարդն է իր վերաբերմունքով կենդանուն ցույց տալիս, թե արդյոք մարդը լավ բան է թե վատ, սիրելու բան է, թե հարձակվելու
Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ի նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ աշխարհում կա վիճակագրություն, ըստ որի՝ կծելու դեպքերի փոքր մասն է բաժին ընկնում թափառող կենդանիներին։
«Տերով կենդանիները մարդկանցից ավելի քիչ են վախենում և ավելի ինքնավստահ են, և հնարավոր է նաև սխալ դաստիարակված։ Եթե թափառող կենդանին կարող է հարձակվել կոնկրետ պատճառներով, օրինակ, եթե իրեն շատ ժամանակ երեխաները տանջել են, շունը մեծանում է և երեխաներին ընկալում է որպես թշնամի։ Տերով կենդանիների դեպքում դա մի քանի անգամ ավելի շատ է», – ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ որևէ կերպ չի վերահսկվում տեր ունեցող կենդանիների զբոսանքը, նրանց համար համապատասխան զբոսանքի տեղեր չկան։ Ըստ Հովսեփյանի՝ շատ հաճախ նաև ծնողները երեխաներին չեն սովորեցնում, որ տերով կենդանիներին մոտենալիս պետք է տիրոջը հարցնել՝ կարելի՞ է սիրել, թե՞ ոչ։ «Դինգո Թիմ» ՀԿ-ի նախագահի կարծիքով՝ խնդիրներից մեկը նաև այն է, որ փոքր տարիքից ծնողները երեխաների գիտակցության մեջ դնում են, որ շները վախենալու են։
«Փողոցում եթե կա թափառող շուն, ցավոք, երբեմն կարող են լիենել նաև ցավալի դեպքեր՝ հատկապես եթե խոսքը գնում է մեր նման կենդանի չսիրող հասարակության մասին։ Մեր հասարակության մեջ երեխաներին հիմնականում վախեցնում են շներով, ոչ թե սովորեցնում են սիրել։ Օրինակ՝ «շունիկը կգա, կուտի», «շունիկը ճաշդ կուտի», «խելոք, շունիկին կկանչեմ»,- ասաց Օվսաննա Հովսեփյանը։
Օվսաննայի կարծիքով՝ Հայաստանում թափառող շների մասին օրենքի չլինելը ևս մեկ խոչընդոտ է, որ այս խնդիրը վերջնական լուծում ստնա։ Չնայած կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը ՀՀ-ում քրեականացված է, ըստ կենդանապաշտպանի՝ կենտրոնը հունիսին մարդու կողմից շան նկատմամբ դաժան վերաբերմունքի մոտ 300 ահազանգ է ստացել։
«Միշտ ամենախորքային մեղավորը և պատճառը մարդն է, որովհետև նախ մարդն է կենդանուն բերել քաղաքակրթություն և մարդն է իր վերաբերմունքով կենդանուն ցույց տալիս, թե արդյոք մարդը լավ բան է թե վատ, սիրելու բան է, թե հարձակվելու։ Ուղղակի, ցավոք, դրանից տուժում են լրիվ անմեղ մարդիկ, որոնք կոնկրետ շանը բան չէին արել, բայց ենթարկվեցին հարձակման»,- ասաց Օվսաննա Հովսեփյանը։
Անի Թամրազյան