Ինչ հիմնավորմամբ է ՍԴ-ն Հռոմի ստատուտը համապատասխան ճանաչել մայր օրենքին 

Լուրեր

16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
Բոլորը

Մարտի 24-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշում, համաձայն որի՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում և 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

Օրենքով սահմանված եռօրյա ժամկետում դատարանը կայքում տեղադրվել է որոշումը՝ մատնանշելով, թե ինչ հիմնավորմամբ են Կանոնադրությամբ ստանձնած պարտականությունները համապատասխանում Սահմանադրությանը։

Հիշեցնենք, որ Հռոմի կանոնադրությունը ստորագրելուց հետո՝ 2004 թվականին  Հայաստանի Սահմանադրական դատարանը դրանով սահմանված պարտականություններից մի քանիսը  հակասող էր ճանաչել այն ժամանակ գործող Սահմանադրության  դրույթներին։

Մասնավորապես՝ դատարանը գտել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 91 և 92 հոդվածներին, որոնցով սահմանվում է, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, ինչպես նաև նշվում է, թե որոնք են այդ դատարանները։

Բացի այդ, Դատարանը գտել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը, չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության մի քանի դրույթներին։

2022-ի տարեվերջին, սակայն, Կառավարությունը որոշեց, որ պետք է կրկին դիմել Սահմանադրական դատարան՝ կանոնադրության դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով։

 

Կառավարության դիրքորոշումը

 

Կառավարությունը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով, անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, նշել  է, որ դրա հիմքում ընկած է կոմպլեմենտարության (փոխլրացման) սկզբունքը, համաձայն որի՝ Միջազգային քրեական դատարանը հանդես է գալիս որպես ածանցյալ օղակ և միջամտում է Կանոնադրությամբ սահմանված առանձնապես ծանր հանցագործությունների հիմքով քրեական գործերի քննությանը բացառապես որոշակի պայմանների առկայության պարագայում։ Մասնավորապես՝  Միջազգային քրեական դատարանը ներգրավվում և իրականացնում է իր գործառույթները միայն այն պարագայում, երբ պետության ազգային իրավական համակարգը չի ապահովում գործի պատշաճ քննությունը, այդ թվում՝  երբ իրականացվող քննությունը ձևական բնույթ է կրում, և պետությունը չի ցանկանում կամ չի կարող ապահովել նման պատշաճ քննությունը։ Այսինքն՝ կոմպլեմենտարության սկզբունքի նպատակն է պահպանել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ոչ պատասխանատու պետությունների նկատմամբ, որոնք հրաժարվում են քրեական պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հանցագործություններ կատարողներին:

Կառավարությունը նշել է,  որ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված, պատերազմական և ագրեսիայի հանցագործությունները, որոնք ենթակա են Միջազգային քրեական դատարանի քննությանը, ընդհանուր միջազգային իրավունքի jus cogens (իմպերատիվ)  նորմերով արգելված են, որ  այդ հանցագործությունների արգելքին, կանխարգելմանը և դրանց համար պատասխանատվությանը վերաբերող միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերը պետությունների համար ստեղծում են անվերապահ պարտավորություններ, որոնք ուղղված են ողջ միջազգային հանրությանը (erga omnes), և պետությունները պարտավոր են միջազգային հարաբերությունների բոլոր մակարդակներում ղեկավարվել իմպերատիվ նորմերով, թույլ չտալ դրանց խախտումը, իսկ խախտման փաստի առկայության դեպքում՝ բարեխղճորեն պատասխանատվության ենթարկել դրանք կատարած անձանց։

Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների համար քրեական հետապնդում իրականացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու միջազգային պարտավորությունը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային մի շարք պայմանագրերից։

Կառավարությունը կարծում է, որ «… կոմպլեմենտարության սահմանադրականության հարցը քննարկելիս անհրաժեշտ է հենց այս ելակետից մոտենալ, քանի որ ՀՀ Սահմանադրությունը չի կարող մեկնաբանվել միջազգային  իրավունքից կտրված՝ վակուումի մեջ, հատկապես, երբ խոսքն ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ (jus cogens) նորմերի մասին է»։

Կառավարությունը նշել է, որ Սահմանադրության՝ դատական իշխանության մարմինների համակարգը սահմանող դրույթները (1995 թվականի Սահմանադրության 91 և 92-րդ հոդվածներ, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 162 և 163-րդ հոդվածներ) որևէ կերպ չեն բացառում միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանների ստեղծումը, Հայաստանի Հանրապետության կողմից դրան միանալը և այդ դատարանների իրավազորության իրականացումը։

Ներկայացնելով 1995 թվականի Սահմանադրության 40-րդ հոդվածը, 55-րդ հոդվածի 17-րդ կետը, 81-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության՝ նույն հարցերը կարգավորող 70, 117 և 135-րդ հոդվածները, որոնք վերաբերում են ներմանը և համաներմանը, Կառավարությունը  նշել է, որ ներման և համաներման ինստիտուտներին վերաբերող դրույթներն այժմ  չունեն միևնույն բովանդակությունը և ենթարկվել են որակական փոփոխությունների, մասնավորապես՝  Սահմանադրությամբ ներման և համաներման ինստիտուտների կարգավորումը ներկայումս վերապահվում է օրենքին, իսկ առավել ծանր միջազգային հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ ներում կամ  համաներում կիրառելն ինքնին հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի jus cogens (իմպերատիվ)  նորմերին, և այդպիսի արգելքն իր արտացոլումն է գտել նաև 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներում:  

 

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը 

 

Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին հարցը քննելիս Սահմանադրական դատարանն  արձանագրել է, որ 2004 թվականին Սահմանադրական դատարանի որոշումը կայացվել է 1995 թվականի սահմանադրության պայմաններում, իսկ այժմ հարցը քննվում է 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կարգավորումների համատեքստում։

Ըստ Սահմանադրական դատարանի՝ Կանոնադրության նախաբանի 10-րդ մասի և 1-ին հոդվածի՝ 17-րդ հոդվածի դրույթների հետ համակցված վերլուծությամբ ակնհայտ է դառնում, որ Կանոնադրության՝ կոնկրետ գործի ընդունելիությանը վերաբերող կանոններով՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորության իրականացման հնարավորությունը սահմանափակվում է  ազգային քրեական իրավազորության արդյունավետ իրականացմամբ:

Կանոնադրության նպատակների համար Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը չունի առաջնայնություն ազգային քրեական իրավազորության նկատմամբ և չի նախատեսվել դրա համար, այլ հանդես է գալիս բացառապես որպես լրացնող իրավազորություն՝ ազգային քրեական իրավազորությունը արդյունավետորեն իրականացնելու գործում կամքի կամ կարողության բացակայության դեպքում:

ՍԴ-ն արձանագրել է, որ Միջազգային քրեական դատարանն իրավասու չէ քննության ընդունել այնպիսի գործ՝

ա) որի կապակցությամբ իրականացվում է քննություն կամ հարուցված է քրեական հետապնդում այն պետության կողմից, որն իրավազորություն ունի տվյալ գործի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պետությունը չի ցանկանում կամ անկարող է պատշաճ կերպով իրականացնել քննությունը կամ քրեական հետապնդումը, կամ

 բ) որի կապակցությամբ քննություն է իրականացվել այն պետության կողմից, որն իրավազորություն ունի տվյալ գործի նկատմամբ, և այդ պետությունը որոշել է տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որոշումն արդյունք է պետության՝ պատշաճ կերպով քրեական հետապնդում իրականացնելու ցանկության բացակայության կամ անկարողության, կամ

գ) որով համապատասխան անձի նկատմամբ արդեն իսկ անցկացվել է դատաքննություն այն արարքի համար, որը տվյալ բողոքի առարկան է, և Միջազգային քրեական դատարանի կողմից գործի քննությունը, 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի թույլատրվում, կամ

դ) որը բավարար ծանրության աստիճանի չէ, որպեսզի հիմնավորված լինեն Միջազգային քրեական դատարանի հետագա գործողությունները։


Սահմանադրական դատարանը, հղում կատարելով 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշմանը՝ նշել է, որ  Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության նախաբանը որպես Սահմանադրության անփոփոխելի դրույթ ճանաչելը հանգեցրել է Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության ստուգման ընթացքում կիրառելի սահմանադրական դրույթների նոր ընկալման։

Սահմանադրական դատարանը վերը նշված որոշմամբ  արձանագրել է, որ «… Սահմանադրության անփոփոխելի դրույթներն այն հիմնարար և կենտրոնական առանցքն են, որի հիման վրա և շուրջ ձևավորվել և զարգանալու է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը»՝ միաժամանակ Սահմանադրության անփոփոխելի դրույթների շարքին դասելով Սահմանադրության նախաբանը, իսկ  Սահմանադրության նախաբանում՝ Հայ ժողովուրդը, ի շարս այլ նպատակների և սկզբունքների, Սահմանադրությունն ընդունել է նաև՝ «հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին»: Սահմանադրության նախաբանում այս հավաստիքի արձանագրումը «համամարդկային արժեքներ» սահմանադրական եզրը դարձնում է Սահմանադրության նորմերի նպատակային մեկնաբանման համար կիրառելի առաջնային ուղենիշ:

Մեկնաբանելով Կանոնադրությունը՝ Դատարանը նշել է․

«Կանոնադրությունը Միջազգային քրեական դատարանի գործունեության իրավական հիմքն է, որն ընդունվել է՝ ճանաչելով և հաշվի առնելով այն իրողությունը, որ Կանոնադրությունն ընդունելուն նախորդած հարյուրամյակի ընթացքում «միլիոնավոր երեխաներ, կանայք ու տղամարդիկ զոհ են դարձել մարդկության խիղճը խորապես ցնցող աներևակայելի ոճրագործությունների» (Կանոնադրություն, նախաբան, 2-րդ մաս), և որ «նման ծանրագույն հանցագործություններն սպառնում են համընդհանուր խաղաղությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը» (Կանոնադրություն, նախաբան, 3-րդ մաս):

Կանոնադրության նախաբանից բխում է, որ այն ընդունող պետությունները հաստատակամ դիրքորոշում են ունեցել առ այն, որ «միջազգային ողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործություններն անպատիժ չպետք է մնան, և որ դրանց արդյունավետ քրեական հետապնդումը պետք է ապահովվի ինչպես ազգային մակարդակով միջոցներ ձեռնարկելով, այնպես էլ միջազգային համագործակցությունն ընդլայնելով» (Կանոնադրություն, նախաբան, 4-րդ մաս):

Կանոնադրության ընդունման համար շարժիչ ուժ է եղել նրանց վճռականությունը՝ «վերջ դնելու նման հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությանը և դրանով իսկ նպաստելու այդպիսի հանցագործությունների կանխարգելմանը» (Կանոնադրություն, նախաբան, 5-րդ մաս):

Վերը նշված նպատակների իրագործման համար և ի բարօրություն ներկա ու ապագա սերունդների՝ հիմնադրվել է անկախ Միջազգային քրեական դատարանը, որն օժտված է միջազգային ողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների նկատմամբ իրավազորությամբ (Կանոնադրություն, նախաբան, 9-րդ մաս)»,- Կանոնադրությունից մեջբերումներ են արված ՍԴ որոշման մեջ։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կանոնադրության նախաբանում ամրագրված և վերը հիշատակված արժեքները, մասնավորապես՝ համընդհանուր խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված և պահպանվող համամարդկային արժեքներ են և անառարկելիորեն կազմում են Սահմանադրության նախաբանում արձանագրված «համամարդկային արժեքների» առանցքը: Հետևաբար՝ դրանց պաշտպանությանը և պահպանությանն ուղղված՝ Կանոնադրությամբ արձանագրված նպատակների իրագործման՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը լիովին  համահունչ է Սահմանադրության նախաբանում Հայ ժողովրդի՝ համամարդկային արժեքներին հավատարմության հավաստիքին:

Դատարանը նաև ընդգծել է , որ Սահմանադրության նախաբանում հայ ժողովրդի համամարդկային արժեքներին հավատարմության հավաստիքը՝ հատկապես համընդհանուր խաղաղությանն սպառնացող ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարին վերաբերելի մասով՝ որպես Սահմանադրության դրույթների մեկնաբանման արժեբանական ուղենիշ դիտարկելու սահմանադրական հրամայականի հիմքում ընկած է նաև այն պատմական, էթիկական և քաղաքակրթական չափորոշիչը, որ Կանոնադրության նախաբանում շարադրված ոճրագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարի կարևորությունն արդեն իսկ արձանագրված է եղել Հայաստանի անկախության գործընթացում՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին հռչակմամբ (Հայաստանի անկախության մասին հռչակագիր, կետ 11):

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին դրույթը Հայաստանի անկախության հռչակագրում ունի ոչ միայն պատմական իրողության հետադարձորեն ճանաչման, այլև առավել ևս ապագայում նման ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարի միջոցով համընդհանուր խաղաղության և անվտանգության պաշտպանության միջազգային ջանքերին մասնակցության քաղաքակրթական բնույթի պարտավորության նշանակություն:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը, քննելով Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, դրանով նախատեսված միջազգային քրեական արդարադատության համակարգի բաղադրիչների, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորության լրացնող կամ կոմպլեմենտար բնույթի սահմանադրականության ստուգումն իրականացնելու է նաև սույն կետում նշված՝ Հայ ժողովրդի՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի դրույթների հեղինակի քաղաքակրթական հանձնառության լույսի ներքո»,- ասված է ՍԴ որոշման մեջ։

Արձանագրելով Սահմանադրության և Կանոնադրության հիմքում ընկած արժեբանական համապատասխանությունը՝ Սահմանադրական դատարանը խնդիր է դրել պարզել,  թե որքանո՞վ է Կանոնադրությամբ Միջազգային քրեական դատարանի իրավազորության իրականացման հիմքում ընկած լրացման կամ կոմպլեմենտարության սկզբունքը համատեղելի Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը միայն Սահմանադրությամբ նախատեսված արդարադատության համակարգի կողմից իրականացվելու՝ Սահմանադրությամբ ամրագրված բացառիկության սկզբունքի հետ: Դատարանը փաստել է, որ միջազգային քրեական դատարանի կողմից իր իրավազորության իրականացումը չի փոխարինում ազգային իրավազորության համակարգերին և չի միջամտում ազգային իրավազորության շրջանակին, այլ միայն լրացնում է նրանց այնքանով, որքանով նրանք իրենց հետապնդած խնդրում ձախողում են այն:

«Սահմանադրությամբ նախատեսված արդարադատության համակարգի, մասնավորապես՝ քրեական արդարադատության համակարգի գոյությունը, դրա կողմից Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորության իրականացման համար նախատեսված պայմանների և կարգավորումների ամբողջությունը, ինչպես նաև դրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորությունն իրականացնելու հարցում բացառիկության պահանջը չեն կարող մեկնաբանվել այդպիսին ձևավորելու և սահմանելու՝ սահմանադրի նպատակներից անկախ: Սահմանադրությամբ հիմնված և երաշխավորված՝ Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորության համակարգը կոչված է ապահովելու, ի թիվս Սահմանադրությամբ ամրագրված այլ արժեքների, նաև Սահմանադրության նախաբանի իմաստով «համամարդկային արժեքների» պաշտպանությունը, որն առաջնահերթությամբ սահմանադրական հրամայական լինելուց բացի՝ նաև jus cogens նորմերով պարտավորություն է ցանկացած պետության համար:

Հետևաբար՝ միջազգային հանրության մտահոգությունը հարուցող ծանրագույն հանցագործությունների, ինչպիսիք են Կանոնադրության 5-8-րդ հոդվածներում նշված ցեղասպանությունը, մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունները, արդյունավետ քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու միջոցով համընդհանուր խաղաղության և բարօրության պաշտպանությունը ապահովելու՝ Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորության համակարգի ձախողումը որևէ պատճառով՝ անկարողության կամ ցանկության բացակայության, իր էությամբ հակասահմանադրական իրավիճակ է, և այն սահմանադրական հուն վերադարձնելուն միտված լրացնող իրավազորության իրականացումը Սահմանադրության նախաբանում արձանագրված նպատակներին համահունչ նպատակներ հետապնդող մարմնի՝ Միջազգային քրեական դատարանի կողմից չի կարող գնահատվել որպես Հայաստանի Հանրապետության քրեական ինքնիշխան իրավազորությանը հակասահմանադրական միջամտություն»,- ասված է ՍԴ որոշման մեջ։

Անդրադառնալով ներմանը և համաներմանը վերաբերող, Կանոնադրության 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի՝ 2004 թվականի  որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ դրա  հիմքում ընկած է եղել  այն դատողությունը, որ ՝ «… Կանոնադրության 5 հոդվածում նախատեսված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեական իրավազորություն իրականացնում են ՀՀ ներպետական դատարանները, վերջիններիս կողմից ազատազրկման դատապարտված անձինք կարող են օգտվել ներում հայցելու հնարավորությունից և համաներման միջոցով պատժի կրումից ազատվելու կամ ազատազրկման ժամկետի կրճատման հնարավորությունից, մինչդեռ, նույն հանցագործությունների համար Դատարանի` որպես ներպետական քրեական իրավազորության համակարգը լրացնող մարմնի, կողմից դատապարտված` ՀՀ ընդհանուր իրավազորության ներքո գտնվող անձինք Կանոնադրության 105 հոդվածի պահանջներին համապատասխան զրկվում են ՀՀ Սահմանադրության 40 հոդվածով նախատեսված ներման իրավունքից, ինչպես նաև 81 հոդվածով ամրագրված համաներման հնարավորությունից»:

Այս հարցին անդրադառնալով՝ Սահմանադրական դատարանը Մարտի 24-ի որոշմամն նշել է՝

 «Պատժի կատարումը» վերտառությամբ 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը, այն է՝ Կանոնադրության 103-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված պայմանների շրջանակում ազատազրկման ձևով պատժի նշանակման վերաբերյալ դատավճռի վերջնականության և անփոփոխելիության ճանաչմամբ կատարելը տարածվում է միայն այն պետության նկատմամբ, որը՝ պատրաստակամություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի դատավճիռն ի կատար ածելու նպատակով դատապարտված անձ ընդունելու մասին և Միջազգային քրեական դատարանի հետ համաձայնեցրել է դատապարտված անձի պատիժն ի կատար ածելու պայմանները  և համապատասխան դատավճռի առկայության դեպքում Միջազգային քրեական դատարանի նախագահության կողմից նշանակվել է որպես պատիժն ի կատար ածող պետություն և Միջազգային քրեական դատարանի նախագահության կողմից որպես պատիժն ի կատար ածող պետություն նշանակվելուն համաձայնություն է տվել»։

Այսինքն՝ Միջազգային քրեական դատարանի կողմից ազատազրկման դատապարտված անձի պատժի կրման առնչությամբ պետության՝ Կանոնադրության 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունն անմիջականորեն չի ծագում Կանոնադրության վավերացմամբ, այլ այն Կանոնադրության կողմ հանդիսացող պետության կողմից կամընտրաբար ստանձնվող պարտավորություն է, որն ստանձնվում է վերը թվարկված բոլոր պայմանների առկայությամբ»:

«Կանոնադրության 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը չի ծագում Կանոնադրության վավերացմամբ, այլ միայն վերը նկարագրած ընթացակարգով Հայաստանի Հանրապետության կողմից դատապարտյալներին ընդունելու վերաբերյալ պատրաստակամություն հայտնած պետությունների ցանկում ներառվելու նպատակով Միջազգային քրեական դատարանի հետ համապատասխան միջազգային պայմանագրով:  Կանոնադրության 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների ծագման և բնույթի մասին սույն որոշման վերլուծությունները կիրառելով ստուգման ենթակա միջազգային պայմանագրով՝ Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի լուծման նպատակով Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում Կառավարության ներկայացուցչի՝ Սահմանադրական դատարանի հարցմանն ի պատասխան 2023 թվականի մարտի 17-ի գրությամբ ներկայացրած պաշտոնական հավաստումն առ այն, որ Կառավարությունը չունի Կանոնադրության 103-րդ հոդվածով նախատեսված՝ Միջազգային քրեական դատարանի կողմից ազատազրկման դատապարտված անձանց՝ պատիժն ի կատար ածելու նպատակով ընդունելու մասին հայտարարություն անելու մտադրություն։ Հետևաբար՝ Կանոնադրության 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն կարող համարվել Սահմանադրության 168-րդ հոդվածի 3- րդ կետի իմաստով միջազգային պայմանագրով «ամրագրված պարտավորություններ», քանի որ դրանք Հայաստանի Հանրապետության համար չեն ծագելու Կանոնադրության վավերացմամբ, այլ միայն նկարագրված ընթացակարգի արդյունքում կնքվող միջազգային պայմանագրով, որոնք սույն դիմումով քննության առարկա չեն»,- ասված է ՍԴ որոշման մեջ։

Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների մասով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիշյալ հայտարարությունը չի պարունակում Կանոնադրությամբ նախատեսված պարտավորություններից տարբերվող որևէ պարտավորություն, Ազգային ժողովին առաջարկվող այդ հայտարարության իրավական բովանդակությունը բացառապես վերաբերում է Կանոնադրության 6-8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր ճանաչելու արդյունքում՝ հիշյալ հանցագործությունների նկատմամբ Միջազգային քրեական դատարանի իրավազորության ճանաչմանը՝ նույն հայտարարությամբ նշված պահից: Հետևաբար Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի երեք դատավոր՝ Հրայր Թովմասյանը, Երվանդ Խունդկարյանը և Արայիկ Թունյանը հատուկ կարծիք են հայտնել, ինչը նշանակում է, որ համաձայն չեն որոշման հետ։

Արաքս Մամուլյան