Արցախի ղեկավարությունը Մոսկվա՞ է մեկնել. չհերքվող տեղեկություններ՝ երկամսյա շրջափակման ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
10.02.2023 | 22:20Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 2 ամիս։ Մի խումբ ադրբեջանցիներ, որոնց շարքերում քաղաքացիական հագուստով զինվորականներ կան, որպես բնապահպան ներկայանալով՝ դեկտեմբերի 12-ին ռուս խաղաղապահների ներկայությամբ վրաններ տեղադրեցին ճանապարհի հենց մեջտեղում։
Նրանք պահանջում էին մուտքի հնարավորություն Կաշենի ու Դրմբոնի հանքավայրեր, որպեսզի «ստուգումներ» իրականացնեն, և փակեցին Լաչինի միջանցքը, երբ արցախցիները դեկտեմբերի 10-ին նրանց թույլ չտվեցին մտնել Կաշենի հանքավայր։ Ու թեև Արցախի իշխանությունները որոշեցին ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը՝ մինչև միջազգային էկոլոգիական փորձաքննության ավարտը, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, միևնույն է, չբացվեց։
Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն ասում է՝ միջանցքի ապաշրջափակման հնարավոր է հասնել դիվանագիտական ճանապարհով՝ օգտագործելով յուրաքանչյուր հնարավոր լծակ։
«Նաև առաջին հերթին աշխատել Ռուսաստանի հետ, այլ երկրների հետ՝ միջազգային կառույցներում ցույց տալու, որ պետք է պարզապես արագ ապաշրջափակվի միջանցքն առանց շահարկումների ու կենացների. սա մարդասիրական հարց է, 120 հազար մարդ իսկապես սովամահ է լինում»,- ասում է Դավիթ Բաբայանը:
Պաշտոնական Մոսկվան կարծում է, որ կարիք չկա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտել, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում հստակորեն ամրագրված են խաղաղապահների գործունեության եղանակները: Դավիթ Բաբայանը, մինչդեռ, հակառակն է կարծում։
«Մենք մտածում ենք, որ եթե ռուս խաղաղապահներն ունենային միջազգայնորեն ճանաչված մանդատ ՄԱԿ-ի կողմից, ապա շատ ավելի լավ կլիներ, որովհետև նրանք կստանային նաև խաղաղություն պարտադրող լիազորություն»,- ընդգծում է Բաբայանը:
Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն կարողանում երկու ամիս շարունակ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու շուրջ համաձայնության գալ ադրբեջանական կողմի հետ, կամ եթե չունեն այդ կարողությունը, ինչո՞ւ չեն համաձայնում, որ այլ ուժեր օգնեն․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ չունի այս հարցերի պատասխանը։
«Ասում են, որ բանակցում են, որպեսզի բացվի միջանցքը, և մի օր կհասնեն այդ արդյունքին»,- ասում է Եղոյանը:
Մինչ շրջափակված Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախի նախագահն ու պետնախարարը վերջին օրերին Մոսկվա են մեկնել։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս․ այս ընթացքում, ըստ հրապարակային տեղեկությունների, Լաչինի միջանցքով անցել են միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ՌԴ խաղաղապահներին պատկանող մեքենաները։ Արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջև հակասություններ կան։ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չհերքեց այս լուրերը։
«Եթե Արցախում կան խնդիրներ, այդ խնդիրները լուծվում են բացառապես ներսում»,- ասաց նա:
Արցախցի ընդդիմադիր գործիչ, «Վաղվա Արցախը» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանի տվյալներով՝ Արայիկ Հարությունյանը գնացել է Մոսկվա և արդեն վերադարձել է։ Նա քննադատություն է հնչեցնում Արայիկ Հարությունյանի հասցեին. «Միասնականությունից ենք խոսում, բայց հենց առաջին պառակտիչը Արայիկ Հարությունյանն է»:
Պետրոսյանի տվյալներով՝ Ռուբեն Վարդանյանը չի վերադարձել, դեռ Մոսկվայում է, կարծում է, որ կվերադառնա, բայց իր հրաժարականի մասին լուրով։
Մինչ այդ, Արցախում հունվարի 10-ից ընդհատված է էլեկտրաէներգիայի մատակարարումը․ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել իր վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր հատվածով անցնող միակ բարձրավոլտ հոսանքագծի վթարը։ Բաքուն պարբերաբար դադարեցնում է նաև Արցախի գազամատակարարումը։ Երեկ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս խնդրին։
«Նման վայրիվերումները երբեմն օրվա մեջ կարող են տեղի ունենալ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ: Ընդ որում՝ սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել»,- նշեց վարչապետը:
Արցախի «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն ասում է՝ իրենք վաղուց են հատել հումանիտար ճգնաժամի շեմը։ Արցախում խանութները դատարկ են, դպրոցներն ու մանկապարտեզները փակ են, բենզին ու դիզվառելիք չկա։ Հարությունյանի խոսքով՝ Լաչինի ապաշրջափակմանը հասնելու երկու տարբերակ կա՝ դիվանագիտական և ռազմական, իրենք ընտրել են առաջին տարբերակը և այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։
«Միջազգային հանրության կողմից ճնշումը դեռևս այնպիսին չէ, որպեսզի Ադրբեջանը արդեն իսկ իր ստանձնած պարտականությունները կատարի և, ցավոք սրտի, մենք այս առումով հաջողության չենք հասել: Իհարկե ունենք միջազգային հանրության կողմից արդեն ձևավորված կարծիք, բայց պետք է նաև այդ կարծիքը փոխվի արդեն գործողությունների, որոնք կստիպեն Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը»,- նշում է Հարությունյանը:
Ադրբեջանին Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման կոչ է անում Amnesty international միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Ծավալուն հայտարարությունում հեղինակավոր իրավապաշտպան կառույցը փաստում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումը լուրջ հարված է Լեռնային Ղարաբաղում առողջապահության հասանելիությանը, սննդի և վառելիքի պակասը խորացնում է շրջափակման հետևանքները։ Իրավապաշտպանները պնդում են, որ Ադրբեջանը չի իրականացնում իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում՝ որևէ քայլ չձեռնարկելով շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Բաքուն անտեսում է մինչ այս հնչած բոլոր պահանջներն ու կոչերը։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան