Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները՝ ըստ ԱՀ ՄԻՊ-ի
Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները․
1. 2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը:
2. Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում է միայն մարդկանց և Արցախի խաղաղ բնակչության համար նախատեսված ապրանքների փոխադրման համար: Լաչինի միջանցքի արգելափակումը փաստացի նշանակում է շրջափակում 120 000 բնակչություն ունեցող ամբողջ Արցախի համար: Բացի այդ, ճանապարհի արգելափակման պատճառով Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող համայնքները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ մայրաքաղաք Ստեփանակերտից և ամբողջ Արցախից:
3. Վերջին 10 օրվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման երկրորդ դեպքն է: 2022թ. դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ նույն հորինված բնապահպանական պատրվակներով փակել էին Լաչինի միջանցքը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներգրավմամբ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքում ճանապարհը ապաշրջափակվել է:
4. Քանի որ Լաչինի միջանցքը նախ և առաջ հումանիտար նշանակություն ունեցող ճանապարհ է արցախահայության կենսաապահովման համար, դրա փակումը, թեկուզ կարճ ժամանակով, հղի է անդառնալի և աղետալի մարդասիրական հետևանքներով: Հայաստանի Հանրապետությունից Արցախ է ներկրվում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ, տնտեսական ապրանքներ և այլն: Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների և էներգակիրների մատակարարումը դեպի Արցախ:
5. Ձմռան ցուրտ պայմաններում շուրջ 1100 խաղաղ բնակիչներ` այդ թվում կանայք, ծերեր և 270 երեխաներ, Լաչինի միջանցքում հայտնվել են անորոշ վիճակում` չկարողանալով վերադառնալ Արցախ` իրենց տները և ընտանիքների մոտ: Բացի այն փաստից, որ կտրված են իրենց ընտանիքներից, նրանք նաև զրկված են կրթության իրավունքից:
6. Դեպի Արցախ և Արցախից դուրս տանող միակ ճանապարհի արգելափակումը նաև բժշկական լուրջ ճգնաժամ է ստեղծել Արցախի առողջապահական համակարգի համար: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի և Արցախի առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Լաչինի միջանցքի շարունակական խցանման պատճառով Հայաստանի հանրապետական բժշկական կենտրոններում անհետաձգելի բուժում ստանալու և հոսպիտալացնելու կարիք ունեցող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը անհնարին է դարձել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին և արձանագրել, որ Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող ահաբեկչական գործողությունների հետևանքով այդ հիվանդների կյանքին մեծ վտանգ է սպառնում:
7. Անհերքելի ապացույցներ կան, որ այդ քարոզարշավը կազմակերպված է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նախ և առաջ, Ադրբեջանի այսպես կոչված «բնապահպանական» քարոզարշավը ուղեկցվում է մի շարք ադրբեջանական լրագրողների կողմից, որոնք ապահովում են ընթացիկ գործողությունների ամբողջական լուսաբանում ուղիղ եթերով: Բացի այդ, լրագրողները անընդհատ սադրում են ռուս խաղաղապահներին և խաթարում նրանց առաքելությունը` փորձելով ներխուժել նրանց դիրքերը և նույնիսկ քաշքշել նրանց: Նրանցից ոմանք, ովքեր ներկայանում են որպես «բնապահպան» ակտիվիստներ, իրականում որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք ֆինանսավորվում են ադրբեջանական իշխանությունների և Ալիևի հիմնադրամի կողմից: Ավելին, ապացույցներ կան, որ ճանապարհը փակողների թվում կան նաև Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ:
8. Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, ադրբեջանական կողմը միտումնավոր դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ողջ տարածքում, ինչը 2022թ. փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների կրկնողությունն է, որը հանգեցնում է մի շարք անբարենպաստ հումանիտար հետևանքների, ինչպիսիք են` 1. գազով ջեռուցվող դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարում, 2. գազով ջեռուցվող պետական գերատեսչությունների և կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքի խաթարում, 3. մարդկանց տները գազով տաքացնելու անհնարինություն, 4. մի շարք տնային տնտեսություններում տաք ջրի բացակայություն, 5. գազով ջեռուցվող հիվանդանոցների աշխատանքի խաթարում, 6. տրանսպորտային միջոցների վառելիքի բացակայություն և այլն:
9. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, որը հիմնականում ծառայում է մարդասիրական նպատակների համար, երաշխավորված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ: Եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածում մասնավորապես նշվում է. «Լաչինի միջանցքը (5կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցությունը և միևնույն ժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:»:
Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է հայտարարության դրույթները և դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
10. Հարկ է նշել նաև, որ բժշկական և հիվանդանոցային բոլոր պարագաների ազատ փոխադրումը երաշխավորված է նաև միջազգային մարդասիրական իրավունքով, մասնավորապես` Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին ժնևյան IV կոնվենցիայով: Լաչինի միջանցքի արգելափակումը կոնվենցիայի ակնհայտ խախտում է:
11. Արցախի շրջափակումը առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս, որն ուղղված է արցախցիներին հայրենի հողից իսպառ հեռացնելուն: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երաշխավորված հրադադարի հաստատումից ի վեր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտնել է ադրբեջանական կողմի նմանատիպ սպառնալիքների և սադրանքների կրկնության մասին: Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը` 1. միտումնավոր և բազմիցս հարձակվել է Արցախի ենթակառուցվածքների վրա` նպատակ ունենալով ահաբեկել և վախեցնել Արցախի բնակչությանը, 2. շաբաթներով Արցախի բնակչությանը թողել է առանց գազի և ջրի մատակարարման, 3. խափանել է սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները` թիրախավորելով գյուղացիներին, 4. բարձրախոսներով մշտապես հոգեբանական ճնշումների է ենթարկել իրենց դիրքերի մոտակայքում գտնվող հայկական համայնքների բնակիչներին, 5. փորձել է ապատեղեկատվություն և խուճապ տարածել մարդկանց շրջանում` կիբեռհարձակումներ իրականացնելով Արցախի պետական տեղեկատվական ռեսուրսների վրա:
12. Ադրբեջանի այս անսահման պահվածքի հիմնական պատճառը միջազգային հանրության և դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայությունն է: Միջազգային հանրությունը պետք է անհապաղորեն միաձայն և միանշանակ դիրքորոշում ընդունի, ինչպես նաև ձեռնարկի հասցեական գործողություններ` դատապարտելու, պատժելու և կանխարգելելու Ադրբեջանին շարունակ գործել բացարձակապես անպատժելիության զգացումով և հասնել իր վերջնական նպատակին` Արցախի ժողովրդի բնաջնջմանը: