ՌԴ-ի հետ սրված հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանն ու Ղազախստանը՝ ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանում․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում բարձր մակարդակի հանդիպումների շաբաթը։ Նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 13-ին, սակայն դրա հիմնական մասն ավանդաբար համարվում է վերջին շաբաթը՝ տասնյակ երկրների նախագահների, վարչապետների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։
Մասնակիցները համաճարակից հետո առաջին անգամ են անձամբ այցելում Նյու Յորք։ Բացառություն է արվել միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար, որը տեսակապով ելույթ կունենա Գլխավոր վեհաժողովում։

BBC-ի ռուսական ծառայությունը, հղում կատարելով հայկական և ղազախական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մասնակցելու են Գլխավոր վեհաժողովին։

Լրատվականը նշում է, որ երկու երկրներն էլ վերջին շրջանում լարված հարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ։ Ղազախստանը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո փորձում է հեռու մնալ Կրեմլից, իսկ Հայաստանը Մոսկվայից աջակցություն չի գտել Ադրբեջանի հետ հակամարտության վերջին փուլում։ Փոխարենը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, արձագանքելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին բռնկմանը, նախաձեռնել է այդ երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպում։

Ուկրաինայում պատերազմը կլինի այս գագաթնաժողովի գլխավոր թեման։

«Այդ պատերազմից տուժում է ոչ միայն Ուկրաինան։ Ուկրաինայի ժողովրդին հրթիռակոծում ու գնդակոծում են, մնացած ամբողջ աշխարհն իր վրա զգում է էներգիայի և սննդամթերքի գնաճը։ Տնտեսական խնդիրները վտանգել են բոլորի պարենային անվտանգությունը։ Կարելի է ասել, որ պատերազմը հուզել է երկրագնդի յուրաքանչյուր մարդու»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ այս պատերազմը և աշխարհաքաղաքական բաժանումներն աշխարհի այլ տարածաշրջաններում կաթվածահար են արել աշխատանքներն այնպիսի կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սովը, անհավասարությունը, կրթական ճգնաժամը և կլիմայի փոփոխությունը: Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսային համաճարակը, զուգորդված ներկայիս հակամարտության հետ, մարդկությանը հետ է շպրտել առնվազն հինգ տարի կյանքի հիմնական ոլորտների զարգացման գործում։

Ռուսաստանը Նյու Յորքում ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախօրեին նա հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի հետ։ Նա, մասնավորապես, կոչ է արել Մոսկվային անվտանգության գոտի ստեղծել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ։

Ուկրաինայից Նյու Յորք է ժամանել արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի գլխավորած պատվիրակությունը։

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահը փոփոխություններ է մտցրել Գլխավոր վեհաժողովի ժամանակացույցում։ Նախորդ օրը նրա հուղարկավորությանը մասնակցելու համար Լոնդոնում էին բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ:

Այսպիսով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթիի փոխարեն ելույթ կունենա չորեքշաբթի՝ խախտելով ավանդույթը, ըստ որի՝ Սպիտակ տան ղեկավարը միշտ ելույթ է ունենում գագաթնաժողովի առաջին օրը։

Այսօր գագաթնաժողովին ելույթ կունենան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Եվրոպայի երկու առաջատար տնտեսությունների առաջնորդները, որոնք կարևոր դեր են խաղում հակառուսական պատժամիջոցների կիրառման գործում:

Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հաջորդ տարի ավելի շատ ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային, քան ծախսվել էր այս տարի: 2022 թվականին Կիևին բրիտանական օգնությունը կազմել է 2,3 միլիարդ ֆունտ (2,6 միլիարդ դոլար):

ՄԱԿ-ում ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն անցյալ շաբաթ Ուզբեկստանում ՇՀԿ գագաթնաժողովում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Թուրքիան փորձում է միջնորդ հանդիսանալ Կիևի և Մոսկվայի միջև և նշանակալի հաջողության է հասել ուկրաինական հացահատիկի արտահանման խնդրի լուծման գործում։

Միանգամայն անսպասելիորեն Էրդողանը որոշել է Նյու Յորքում հանդիպել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին, և նույնքան անսպասելի է եղել Լապիդի համաձայնությունը՝ չնայած Էրդողանի կոշտ քննադատությանը պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականության վերաբերյալ:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջին անգամ է գնացել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, և նախ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Այցի նախօրեին նա իրանական մամուլին ասել է, որ Թեհրանն այլևս չի վստահում ԱՄՆ-ին և երաշխիքներ կփնտրի եվրոպացի գործընկերներից՝ նախքան Բարաք Օբամայի օրոք կնքված և Դոնալդ Թրամփի կողմից չեղարկված Իրանի միջուկային համաձայնագիրը երկարաձգելու որոշում կայացնելը։ Մինչ այդ, ֆրանսիական կողմը՝ ի դեմս ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի, Մակրոնի և Ռաիսիի հանդիպման նախօրեին հասկացրել է, որ Իրանին արդեն առաջարկվել են գործարքի բոլոր ընդունելի պայմանները, և Ռաիսին ավելի ոչնչի չի հասնի։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ինչպես ՌԴ նախագահը, չի եկել Նյու Յորք։ Չինաստանը ներկայացնում է երկրի ԱԳ նախարարության պատվիրակությունը։

Տաթև Ֆռանգյան