Փողերի յուրացում եղե՞լ է․ Թորոսյանը հերքում է, Բախչագուլյանը պնդում՝ զեկույցն օբյեկտիվ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 11:27
Թմրանյութի հետ կապ չունեմ, եթե որոշեմ թեստ հանձնել, կանեմ առանց որևէ մեկի հրահանգի․ Կարեն Սարուխանյան
20.11.2024 | 11:15
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 44 ԱԹՍ-ների գրոհը հետ մղելու մասին
20.11.2024 | 11:10
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.11.2024 | 10:59
Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը
20.11.2024 | 10:45
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում «արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը»
20.11.2024 | 10:38
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել ձորակը․ վարորդը տեղում մահացել է
20.11.2024 | 10:25
Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
20.11.2024 | 10:02
WTI տեսակի նավթի գինն աճել է
20.11.2024 | 09:46
Փրկարարներն «UAZ»-ը դուրս են բերել գետից
20.11.2024 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.11.2024 | 08:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՆԳ նոր նախարարի անունը
19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
Բոլորը

Կորոնավիրուսի տարածումը կանխելուն և բուժմանն ուղղված միջոցները նպատակային և արդյունավետ չեն օգտագործվել, բացահայտվել են մի շարք խախտումներ: Սա Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն է բյուջետային ծախսերի իրականացման վերաբերյալ: Հաշվեքննությունը վերաբերում է 2020 թվականի 12 ամիսներին, երբ առողջապահական գերատեսչությունը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը։ Ըստ եզրակացության՝ 2020-ի մարտին, երբ ՀՀ-ում արձանագրվել է հիվանդության դեպքերի աճ, լիազոր մարմինը չի ունեցել ռազմավարական գործողությունների և համավարակների կառավարման համապատասխան պլան, արտակարգ իրավիճակներում ծավալվող միջոցառումների ծրագիր՝ այն դեպքում, երբ համավարակն աշխարհում տարածվում էր 2019 թվականի վերջերից։

Առողջապահության նախկին նախարար, այժմ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ասում է՝  կորոնավիրուսն անակնկալ էր ամբողջ աշխարհի համար և, ըստ այդմ, հնարավոր չէր նախապես պլանավորել, թե ինչ ծավալի ու տեսակի աշխատանք է անհրաժեշտ իրականացնել։ Թորոսյանի խոսքով՝ հաշվեքննության մեջ ընդգծված բացասական վերաբերմունք կա։

«Ակնհայտ երևում է ոչ մասնագիտական մոտեցում այս ամեն ինչն անելու մեջ: Արձանագրությունները կարդալիս ոչ մի դրական բառ, բառակապակցություն կամ նախադասություն չկա․ ստացվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մենք ոչ մի ճիշտ բան չենք արել»,- ասաց Թորոսյանը։

Առողջապահության նախկին նախարարը սա կապում է դեռևս 2017 թվականին Սերժ Սարգսյանի կողմից Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակված Աբրամ Բախչագուլյանի անվան հետ։

Ինքը՝ Բախչագուլյանը, պնդում է, թե Հաշվեքննիչ պալատն ապաքաղաքական մարմին է, և հաշվեքննության մեջ չկա քաղաքական որևէ ենթատեքստ։ Ասում է՝ հաշվեքննությամբ արձանագրված փաստերը ներկայացվել են առողջապահական գերատեսչություն, և նախարարության կողմից պարզաբանումների հիման վրա է հաշվեքննող խումբը եզրակացություն կազմել՝ գործընկերային սկզբունքով։

«Որպես մարմին՝ մեր գործառույթներն իրականացնում ենք բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի, այլ իրավական ակտերի և միջազգային ստանդարտների հիման վրա»,- ընդգծեց Բախչագուլյանը։

Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամն ընդգծում է՝ իրենք օբյեկտիվ չլինել չէին կարող։

Եզրակացության մեջ նշվում է, որ հաշվեքննության չափանիշները սահմանելու համար օգտագործվել են առողջապահության ոլորտը և արտակարգ իրավիճակների ռեժիմը կարգավորող օրենսդրական ակտերը, պարետատան հանձնարարականները, առողջապահության նախարարի հրամանները, էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի տվյալները։

Թորոսյանը պնդում է՝ որևէ ծախս անհիմն չի եղել, բացի այդ՝ Հաշվեքննիչ պալատից այս ամենի մասին իրեն որևէ հարց չի ուղղվել։

Աբրամ Բախչագուլյանն էլ ասում է՝ հաշվեքննության օբյեկտը ոչ թե անձն է, այլ մարմինը, տվյալ դեպքում՝ Առողջապահության նախարարությունը, և գնահատվում է գերատեսչության աշխատանքը․ «Հաշվեքննիչ պալատը կոլեգիալ մարմին է, իսկ որոշումներն ընդունվում են կոլեգիալության հիման վրա, ոչ թե անձնական նախասիրությունների կամ այլ հանգամանքների բերումով»։

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 2020 թվականին նախարարությանը հատկացվել է մոտ 26 մլրդ 492 մլն դրամ։

Արձանագրվել է, որ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստացի ծախսերի վերաբերյալ ԱՆ-ին հաշվետվություններ չեն ներկայացվել, իսկ վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու գործընթացն իրականացվել է առանց այդ հաշվետվությունների և ծախսային հիմնավորումների։

«Թեստավորումների շուրջ 60%-ն իրականացվել է ԱՆ ենթակայության կազմակերպությունների կողմից։ ԱՆ-ի կողմից թեստավորվածների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն չի տրամադրվել, ինչը սահմանափակել է հաշվեքննության շրջանակը: Մասնավորապես, թեստավորվածների վերաբերյալ տրամադրված տեղեկատվական բազայում գրանցվել են վերջիններիս հանրային ծառայության համարանիշի (ՀԾՀ) տվյալները, իսկ հոսպիտալացվածների վերաբերյալ տեղեկատվական բազայում ՀԾՀ չի տրամադրվել: Հետևաբար՝ դրա բացակայությունը հնարավորություն չի տվել իրականացնել շահառուների տվյալների համադրում, հնարավոր չի եղել գնահատել՝ արդյո՞ք բոլոր հոսպիտալացվածներն են եղել դրական թեստավորումով: Հնարավոր չի եղել ուսումնասիրել նաև թեստ հանձնելու և հոսպիտալացվելու ժամանակային համաչափությունը։ Բացի այդ, տրամադրված տեղեկատվության համաձայն՝ տեղեկատվական բազայում առկա «Հոսպիտալացում» և «Հոսպիտալացման ամսաթիվ» սյունակներում լրացված տվյալները հավաստի չեն եղել։ «Հոսպիտալացվել է» նշումով դեպքերի թիվը 131,950 է, մինչդեռ, ըստ հրապարակված վիճակագրական տվյալների, նրանց թիվը 80,000-ը չի անցել։ Ավելին, «Հոսպիտալացվել է» նշումով 108,873-ի դեպքերից թեստավորման պատասխանը բացասական է 47,792-ի դեպքում, իսկ 61,081 դեպքի համար որևէ պատասխան չի նշվել»,- նշվում է հաշվեքննության մեջ։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ նման անհամապատասխանություն չի կարող լինել․ «Այդ ամեն ինչը եղել է էլեկտրոնային ձևով, ոչ մի բան թղթով չի գրվել, եթե նույնիսկ լինեին շեղումներ, ապա պետք է լինեին փոքր թվերի տեսքով»։

Նախկին նախարարը նաև հիշեցնում է, որ ԱՐՄԵԴ էլեկտրոնային համակարգը գործարկվել է համաճարակի սկզբից, մինչ այդ վիճակագրությունը վարել են Microsoft Excel-ի փաստաթղթերով, ըստ այդմ՝ չի բացառում նաև տեխնիկական պատճառներով անճշտությունները։

Ըստ Հաշվեքննիչ պալատի՝  արձանագրվել է նաև թեստերի հանձնման և արդյունքների մուտքագրման ժամկետների անհամապատասխանություն։ Արսեն Թորոսյանն ասում է՝ միլիոնավոր թեստերից ընդամենը մի քանի հազար սխալը խոսում  է արդյունավետության մասին։

Հաշվեքննիչ պալատը եզրակացրել է, որ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքները չեն իրականացվել տնտեսող ձևով։ ԲԿ-ների օրական մեկ պացիենտի համար ծախսերի միջին արժեքը ևս զգալիորեն տարբերվել է, մի շարք դեպքերում գրեթե կրկնակի գերազանցել են միջին արժեքները։ Զգալիորեն տարբերվել են նաև մեկ պացիենտի համար կատարված անձնակազմի վարձատրության, դեղորայքային ու բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերը։

Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ ԱՆ-ն չի պահպանել գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները, որի հետևանքով առաջացել են մի շարք անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ։ Օրինակ՝ 2020թ. սեպտեմբերի 11-27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում սահմանված չի եղել ո՛չ արտակարգ իրավիճակ, ո՛չ էլ ռազմական դրություն, սակայն բոլոր գնումներն այդ ժամանակահատվածում իրականացվել են մեկ անձից գնման միջոցով։ Հատկանշական է, որ բոլոր դրվագներով Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բացատրություններ, պարզաբանումներ, սակայն Հաշվեքննիչ պալատը դրանք հիմնավոր չի համարել: Առողջապահության նախկին նախարարը բացառում է գումարի յուրացումը։

Ի՞նչ կարող է հաջորդել եզրակացության հրապարակմանը, ի վերջո, եղե՞լ են էական խախտումներ, թե՞ ոչ․ Հաշվեքննիչ պալատից ասում են՝ իրենց գործառույթը հաշվեքննություններ ներկայացնելն է։ Իսկ այն դեպքում, երբ խախտումները կարող են հիմք լինել քրեական գործ հարուցելու համար, պալատն արդյունքներն ուղարկում է Դատախազություն: Հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղար Մանե Մինասյանն ասաց, որ այս զեկույցը Դատախազություն չեն ուղարկել: Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությամբ զեկույցն ուսումնասիրվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան