Ադրբեջանի զինուժը Քարագլուխ բարձունքում կաթվածահար է անում բնակիչների կյանքը. Արցախի ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ

-Հայտնի է, որ մարտի 24-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Ասկերանի շրջանի գյուղերից մեկը և իր ենթակայության տակ է վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք: Այս առումով ի՞նչ վտանգներ են սպառնում տեղի բնակիչներին, և քանի՞ գյուղ է նրանց նշանառության տակ հայտնվել:

-Ես կցանկանայի ընդգծել, որ գործողությունները պետք է դիտարկել 2020թ. նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար ու համակարգային կերպով իրականացվող քաղաքականության համատեքստում, և այդ քաղաքականության նպատակն այն է, որ բոլոր մեթոդների և միջոցների կիրառմամբ Արցախի տարբեր բնակավայրերում ապրող մարդկանց ահաբեկեն և դուրս հանեն իրենց հայրենի օջախներից: Հատկապես 2022-ի փետրվարի վերջից սկսվել են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն մարտի 8-ին գազամատակարարման ընդհատմամբ ուղեկցվեցին, նաև Խրամորթ համայնքի ուղղությամբ 57-60 մմ-ոց ականանետների կիրառմամբ, մարտի 24-ին էլ ադրբեջանական զինուժը ներխուժել է Արցախի այն տարածք, որը ռուսական խաղաղապահ զորակազմի պատախանատվության գոտում է գտնվում, բռնազավթել են Փառուխ գյուղը, գտնվում են Քարագլուխ կոչվող տեղանքի մի հատվածում:

Պետք է փաստենք, որ նրանց ներկայությունն այդտեղ ուղիղ սպառնալիք է ներկայացնում ինչպես Խրամորթ համայնքի բնակիչների համար (և դրանով է պայմանավորված, որ այնտեղի կանայք ու երեխաները տարհանվել են), այնպես էլ հարակից այլ բնակավայրերի, օրինակ՝ Խնապատի բնակիչների համար, և նրանց առաջխաղացման պարագայում՝ Սարդարաշենի և այլ բնակավայրերի: Այսինքն՝ որևէ պարագայում նրանց ներկայությունն այդ բարձունքի վրա ենթադրում է քաղաքացիական բնակչության կյանքի և գոյության համար ուղիղ սպառնալիք և կաթվածահար է անելու այդ հատվածի խաղաղ բնակավայրերի բնականոն կյանքը:

-Այսօր Խրամորթում էիք, այնտեղի բնակիչների մի մասը դուրս է եկել, մյուս մասը մնացել է։ Ի՞նչ իրավիճակ է:

-Տարհանումն իրականացվել է հենց Խրամորթում, կանայք և երեխաները դուրս են եկել գյուղից, իսկ տղամարդիկ ընդգրկված են տարբեր անվտանգային միջոցառումների մեջ և գտնվում են այնտեղ: Տարհանվել են նաև տարեցները և հիվանդություն ունեցող անձինք: Գյուղում այս պահին ամբողջությամբ կաթվածահար է բնականոն կյանքը: Դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում, գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում: Համայնքն այսօր որպես համայնք չի ապրում:

-Մարդկանց ապրելու իրավունքն է ոտնահարվում. միջազգային հանրության արձագանքը բավարա՞ր եք գնահատում:

-Շատ կարևոր հարց է՝ պայմանավորված հատկապես այն հանգամանքով, որ արդեն մեկ ամիս է՝ աղաղակում ենք Ադրբեջանի հանցավոր գործողությունների մասին, և շատ դժվար էր կոտրել տեղեկատվական բլոկադան և հասանելի դարձնել միջազգային մամուլի, տարբեր պետությունների քաղաքական որոշում կայացնողների կամ միջազգային կազմակերպությունների համար: Կարող ենք հաջողություն համարել, որ հստակ դիրքորոշումներ ենք ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից, որոնք միանման էին. արձանագրվում էր, որ ադրբեջանական կողմը խախտել է և իր զորքերն առաջ է բերել, կոչ է արվում զորքերը հանել և տանել ելման վայրեր: Բայց միանշանակ կարող եմ պնդել, որ հորդորներն ու կոչերը վերջնական ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի լկտի պահվածքի վրա, նա չի զգաստանում և զերծ չի մնում իր հանցավոր գործողություններից: Եթե Ադրբեջանը շարունակի այսպես պահել իրեն, պետք է ճնշման այլ միջոցներ, այդ թվում՝ պատժամիջոցներ և պարտադրանքի այլ միջոցներ կիրառել: Կարևոր է, որ միջազգային հանրությունն այս խնդրին նայի ոչ որպես տարածքային վեճ, այլ որպես էթնիկ զտման և պոտենցիալ ցեղասպանության ենթարկվող ժողովրդի իրավունքների պաշտպանության հարց:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան