Ինչո՞վ է վտանգավոր ՌԴ-ի հետ միութենական պետություն կազմելու կոչերն անարձագանք թողնելը. ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
21.03.2022 | 21:35Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելն ու մեր երկիրն այլ պետության կազմի մեջ մտցնելու կամ միավորելու շուրջ քննարկումները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, կարծում է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նա մատնանշում է առանձին քաղաքական գործիչների ելույթներ, որոնք պարբերաբար փորձում են Հայաստանի՝ Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու հարցը ներմուծել հանրային քննարկումների օրակարգ։
Դավիթ Սանասարյանը մտավախություններ ունի, որ Հայաստանի սուվերենությանը սպառնացող կարծիքները քիչ-քիչ քաղաքականություն են դառնում, նախ՝ հայտարարությունների, ապա՝ գործողությունների տեսքով:
Ընդամենը երկու օր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքված քաղաքացիները հայտարարում էին, թե ցանկանում են Հայաստանը տեսնել Ռուսաստան-Բելառուս միության մաս։ Ակցիայի կազմակերպիչը մեկ տարի առաջ ձևավորված «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումն է, որի ներկայացուցիչներից են ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Ալյանս» կուսակցության նախագահ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը և այլք:
Նախօրեի ակցիան սակավամարդ էր, իսկ նման տրամադրությունների ընդլայնումը կարող է վերածվել ՀՀ-ի սուվերենությանն ուղղված սպառնալիքի՝ ծավալների ընդայնման դեպքում, կարծում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի առաջարկին՝ քրեականացնել ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնող կոչերը, Հովսեփ Խուրշուդյանը նշում է՝ նման որոշում կայացնելիս պետք է հիմնվել մասնագիտական կարծիքների վրա:
Արդյո՞ք պետք է քրեականացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունները: Այսօր ամբողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից դիրքորոշում ստանալ: Ուշագրավ է, որ խորհրդարանում գտնվող ՔՊ-ականները, լսելով մեր հարցը, կտրուկ հրաժարվեցին այս թեմայով որևէ մեկնաբանություն տալ:
Իսկ ահա խորհրդարանական ընդդիմությունը, որը չի թաքցնում պրոռուսական հայացքները, երկու օր առաջ չէր մասնակցում Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու օգտին կազմակերպված ակցիային։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է՝ անընդունելի է Հայաստանի ինքնիշխանության սակարկումը՝ ոչ միայն Ռուաստանի, այլև արևմտյան պետությունների շահերի համար: Ընդդիմադիր պատգամավորը բացառում է, որ Դաշնակցությունը երբևէ կհամագործակցի որևէ ուժի հետ, որը Հայաստանը կցանկանա տեսնել միութենական պետությունների կազմում:
Մինչ «Հայաստան» դաշինքի մաս կազմող Դաշնակցությունից նման վճռական կարծիք է հնչում, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, կողմ էր արտահայտվում Ռուսաստանի և Հայաստանի միջև հավանական Միութենական պետության ստեղծմանը: Քոչարյանը վստահ հայտարարել էր՝ միայն Պուտինի օգնությամբ Հայաստանը կարող է տարածաշրջանում վերականգնել ամուր դիրքերը:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի և Մինսկի նախաձեռնած Միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը, ներառյալ՝ Հայաստանը։
«Հայաստանը փախչելու տեղ չունի, և Նիկոլ Վովաևիչը դա տեսել է»,- ասել էր Լուկաշենկոն, որը 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Պուտինի ոչ ժողովրդավար մեխանիզմների գործադրմամբ միայն կարողացավ պահպանել իշխանությունը։ Նրան, ի դեպ, առաջիններից մեկը շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լուկաշենկոյի այս հայտարարությանը Հայաստանից հնչած բարձր մակարդակով արձագանքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից էր, որը հավաստիացրեց՝ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը միանալու հարց Հայաստանի օրակարգում չկա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան