ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սպառնացե՞լ է ուսանողին
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում «Աշխատանքայի իրավունք» առարկան դասավանդող ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վիրավորել է ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Արմեն Գալջյանին: Արմեն Գալջյանը, որը նաև ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնականն է, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Factor.am-ի զրույցում հայտարարեց՝ դեկանի ներկայությամբ Գևորգ Պետրոսյանը նրան սպառնացել է՝ ասելով. «Կտամ չանեդ կծռեմ»:
Ուսանողի պատմելով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Գևորգ Պետրոսյանը տեսել է, որ չնայած իր զգուշացումներին, ուսանողը դասին ներկայացել է առանց սափրվելու: Արմենի խոսքով՝ սա իրենց 3-րդ դասն է եղել: Առաջին անգամ Պետրոսյանը զգուշացրել է, որ սափրված ներկայանա դասին, երկրորդին՝ Արմեն Գալջյանին լսարան չի թողել՝ ուշ մտնելու պատճառով, իսկ երրորդ դասին արդեն սափրված չլինելը պատճառ բերելով՝ Պետրոսյանը նրան դուրս է հրավիրել լսարանից:
«Դասը սկսելուց ինձ դուրս հրավիրեց՝ պատճառաբանելով, որ սափրված չեմ, ես ասացի՝ դա ինչ կապ ունի, ապա պահանջեցի իրավական հիմք ներկայացնել, նա դա չարեց, սակայն ինձ հանեց լսարանից, հետո մենք դուրս եկանք միջանցք, բռնեց թևիցս, ասաց՝ գնում ենք դեկանի մոտ, կթողնի՝ այդ ժամանակ էլ կմտնես դասի»,- շարունակեց Արմենը:
Դեկանի մոտ պատմել են տեղի ունեցածը, որը ևս ընդունել է՝ իրավական հիմք չկա ուսանողին դասի չթողնելու, ապա հանձնարարել է գործավարուհուն Արմեն Գալջյանին ուղեկցել լսարան:
«Գևորգ Պետրոսյանն ինձ թույլ է տալիս մտնել դասի, բայց ասում է՝ հաջորդ անգամ կգաս սափրված: Ես պատասխանում եմ, որ կորոշեմ: Ինքը դրանից ավելի է վրդովվում, նորից գնում ենք դեկանի մոտ, ում ներկայությամբ էլ ինձ ասում է. «Դու գիտե՞ս՝ ես ով եմ, հեսա կտամ չանեդ կծռեմ»»,- պատմեց Արմենը՝ հավելելով, որ այդ ամենից հետո դեկանը հորդորել է իրենց միայնակ թողնել:
Այնուհետև, Արմեն Գալջյանը, ի հակառակ Գևորգ Պետրոսյանի հորդորի, մտել է լսարան և մասնակցել դասին: ԱԺ պատգամավորը, սակայն, ուսանողի պատմելով՝ հիշեցրել է քննությունների մասին՝ նշելով, որ ի տարբերություն մյուս ուսանողների՝ նրա նկատմամբ խտրական վերաբերմունք կցուցաբերի:
Արմեն Գալջյանը նաև ընդգծեց՝ Գևորգ Պետրոսյանը տեղյակ չի եղել, որ ինքը ՔՊ անդամ է, ինչպես նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, մինչդեռ, Factor.am-ի հետ զրույցում հերքեց, որ ուսանողի հասցեին սպառնալիք է հնչեցրել, ավելին՝ ասաց, որ դեկանը ներկա է եղել և դժվար չէ ճշտել՝ հնչե՞լ է նման հայտարարություն, թե՞ ոչ:
«Ինքը կարող է նաև ասել, որ ես ավտոմատով սպառնացել եմ իրեն, դա լո՞ւրջ է: Ես նման բան չեմ ասել, ինքը ստում է»,- նշեց Պետրոսյանը՝ շեշտելով, որ ինքը Արմեն Գալջյանին լսարան չի թողել ուշացման պատճառով:
Ինչ վերաբերում է քննություններին նրա նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելուն, ապա մեր զրուցակիցը բացառեց, որ պատրաստված ներկայանալու դեպքում Արմենը համապատասխան գնահատական չստանա:
«Կստացվի, որ ես անօրինական վարքագիծ եմ դրսևորում»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը:
Շողիկ Գալստյան