Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր, Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ պնդում է արել, թե Նորավանքը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում չի ընդգրկվել եկեղեցու տարածքում ռեստորան լինելու պատճառով։
«Ամենայն հավանականությամբ, ես այդ ռեստորանում եղել եմ, ես այդպես եմ հիշում։ Բայց ինձ տհաճ էր կարդալ, որ նման բան կա։ Փաստորեն, մեր պատմամշակութային հուշարձանը չի ներառվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության, կամ որևէ յուրահատկության ցուցակում այն պատճառով, որ պատմամշակութային հուշարձանի կողքը ռեստորան է գործում, կամ մի որևէ այլ ձեռնարկատիրական կազմակերպություն։ Դա պետք է շտկվի»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Կարապետյանը որպես իր խոսքի ապացույց հղում է արել Վարչապետի հանձնարարությամբ Հայ Առաքելական եկեղեցու մասին Կառավարության զեկույցին, որի 58-րդ էջում այսպիսի հատված կա․
«Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի վկայության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի անդամները, Նորավանքի վանական համալիրը հաշվառելիս երբ «հեռվից տեսել են համալիրի հարևանությամբ կառուցված շինությունը, նույնիսկ չեն մոտեցել Նորավանքին»․
«յուրաքանչյուր հուշարձան ունի պահպանվող տարածք, և եթե այդ տարածքում ժամանակակից շինություններ են հայտնվում, ապա պատմական հուշարձանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներով, չի կարող մտնել ցուցակի մեջ»։
Կառուցապատման հետևանքով համալիրը դուրս է մնացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում հայտնվելուց։ Այս դրվագը հուշարձանապատկան տարածքի առևտրային շահագործման չափելի ինստիտուցիոնալ վնասն է․ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու հնարավորության կորուստը»։
Զեկույցում հղում է արված news.am-ի 2011 թվականի հրապարակմանը։ Այլ աղբյուներով նմանատիպ պնդումներ չեն հաստատվում։
Նորավանքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
1995 թվականին Հայաստանը հայտ է ներկայացրել Վայոց ձորի Նորավանք վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում ընդգրկելու համար։ 2006 թվականին քննարկվել է Նորավանքը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հարցը։ Այդ ժամանակ կազմակերպության փորձագետներն այցելել էին Նորավանք, ճշտել կառույցի և միջավայրի համապատասխանելիությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում ընդգրկվելու պահանջին, կատարել են ուսումնասիրություններ: Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական էջում որևէ պատճառ կամ որոշում չկա, որի հիման վրա Նորավանքի թեկնածությունը մերժված լինի։
ԿԳՄՍՆ-ն՝ Նորավանքի հայտը մերժելու մասին
Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, պարզելու՝ արդյո՞ք Նորավանքի տարածքում գտնվող ռեստորանային համալիրն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում չընդգրկելու պատճառը։
Հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ 2004-2005 թթ. ներկայացված և քննարկված Նորավանքի հայտը Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում չի ընդգրկվել, քանի որ չի համապատասխանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի գործառնական ուղեցույցին և եղել է ոչ լրակազմ:
«Մասնավորապես, հայտում բացակայել է Կառավարման պլանը: Հետևաբար, ռեստորանային համալիրի առկայությունը չի դիտարկվել որպես հայտի մերժման հիմք»,- գրված է նախարարության պատասխանում:
Եթե Նորավանքի հայտը մերժվել է, ապա ինչու է այն դեռ շարունակում է մնալ Հայաստանի նախնական ցանկում՝ հարցրել էինք նախարարությանը։
ԿԳՄՍՆ-ից հաստատում են, որ «Նորավանք վանական համալիրը և Ամաղուի վերին հովիտը» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին: Սակայն, ըստ պետական կառույցի՝ հիմնական ցանկում հայտի չընդգրկումը հիմք չէ այն նախնական ցանկից հանելու համար:
Այսպիսով՝ Նորավանքը շարունակում է մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, սակայն մինչ օրս հիմնական ցանկում ընդգրկվելու ուղղությամբ նոր գործընթաց չկա։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության արժեքների նախնական ցանկ ներկայացված հայտերը
1995 թվականից մինչ օրս Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության արժեքների նախնական ցանկում ընդհանուր առմամբ ներկայացրել է 8 հայտ։ Առաջին չորսը գրանցվել են դեռևս 1995 թվականին. դրանք են․
- Դվին քաղաքի հնավայրը,
- Երերույքի տաճարն ու հնավայրը,
- Նորավանքն ու Ամաղու գետի վերին հովիտը,
- Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները։
2024 թվականին 5-րդ հայտը վերաբերել է Տիրինկատար հնավայրի վիշապաքարերին և մշակութային լանդշաֆտին։
2025-ին հայտերում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնիի համալիրը և Քարերի սիմֆոնիան։ Սրանք համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցվող 6-րդ և 7-րդ հայտերն էին: Իսկ այս տարի արդեն ցանկին ավելացել է նաև Արենի (Թռչունների) քարանձավը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում ընդգրկված երեք պատմամշակութային վայրեր են․
- Հաղպատի և Սանահինի վանքեր (ընդգրկվել են 1996 և 2000 թվականներին),
- Էջմիածնի Մայր տաճար, Վաղարշապատի եկեղեցիներ և Զվարթնոցի տաճար (ընդգրկվել են 2000 թվականին),
- Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ (ընդգրկվել են 2000 թվականին)։
Ռեստորանները չեն խանգարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելուն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական տարածքներում և կառույցներում գործում են նաև ռեստորաններ։ Այդպիսի օրինակներ կան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, Ֆրանսիայի Վերսալ քաղաքում և այլ տեղերում։
Ռիգայի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 1997 թվականին։ Պատմական կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում՝ միջնադարյան քաղաքաշինական կառուցվածքի, Արտ Նուվո ճարտարապետության և 18-19-րդ դարերի փայտե ճարտարապետության շնորհիվ։ Պատմական կենտրոնում գործում է «Rozengrāls» ռեստորանը։ Այն հայտնի է միջնադարյան ոճով ձևավորված սրահներով, քարե կամարներով և պատմական միջավայրով։


Այն Ռիգայի պատմական կենտրոնում գտնվող միակ ռեստորանը չէ։ Տարածքում այլ ռեստորաններ ևս կան։
Մեկ այլ օրինակ են Ֆրանսիայի Վերսալի պալատն ու այգիները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել են 1979 թվականին։

Վերսալի պալատի առաջին հարկում գործում է «Angelina» ռեստորան-թեյարանը, որտեղ այցելուներին առաջարկվում են քաղցր և աղի ուտեստներ, հրուշակեղեն ու ըմպելիքներ։ Ռեստորանը նույնիսկ ներկայացված է պալատի պաշտոնական կայքում՝ այցելուների համար նախատեսված ռեստորանների և սննդի կետերի շարքում։

Իտալիայում գտնվող Պոմպեյի հնագիտական պուրակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհայաին ժառանգության արժեքների ցանկում ընդգրկված է 1997 թվականից։ Այստեղ գործում է «Chora Restaurant» համալիրը։ Այն գտնվում է հնագիտական տարածքի ներսում՝ «Casina dell’Aquila» շենքում։ Ռեստորանի պաշտոնական կայքում նշվում է, որ այն հենց պուրակի ներսում գործող ռեստորանն է։

Ստացվում է, որ Պոմպեյի հանգիտական պուրակի դեպքում ռեստորանը գործում է ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված քաղաքի պատմական հատվածում, այլև հնագիտական պուրակի ներսում։ Վերսալի օրինակը նույնպես ցույց է տալիս, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատական համալիրում կարող են գործել հանրության համար բաց սննդի օբյեկտներ։
Ի՞նչ չափանիշներով է տարածքն ընդգրկվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում տարածք կամ հուշարձան ընդգրկելու համար այն պետք է ունենա համաշխարհային բացառիկ արժեք։ Բավարար չէ, որ վայրը պատմական լինի, հայտնի զբոսաշրջային կենտրոն համարվի կամ ունենա գեղեցիկ ճարտարապետություն․ պետք է հիմնավորվի դրա նշանակությունը համաշխարհային մակարդակով։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական չափանիշներով՝ տարածքը կամ հուշարձանը պետք է բավարարի ամբողջականության և իսկության համապատասխան պայմաններին ու ունենա պահպանության և կառավարման պատշաճ համակարգ։
Բացի դրանից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական ուղեցույցը սահմանում է հետևյալ 10 չափանիշները, որից առնվազն մեկինի պետք է համապատասխանի հայտ ներկայացրած կառույցը Համաշխարհային արժեքների ցանկում ընդգրկվելու համար․
- Ներկայացնել մարդկային ստեղծագործական հանճարի գլուխգործոց։
- Արտացոլել մարդկային արժեքների կարևոր փոխանակում՝ որոշակի ժամանակահատվածում կամ աշխարհի որևէ մշակութային տարածքում՝ ճարտարապետության, տեխնոլոգիաների, մոնումենտալ արվեստի, քաղաքաշինության կամ լանդշաֆտային նախագծման զարգացման առումով։
- Ներկայացնել բացառիկ կամ եզակի վկայություն որևէ մշակութային ավանդույթի կամ գոյություն ունեցող կամ անհետացած քաղաքակրթության մասին։
- Լինել շենքի, ճարտարապետական կամ տեխնոլոգիական համալիրի կամ լանդշաֆտի բացառիկ օրինակ, որը ներկայացնում է մարդկության պատմության նշանակալի փուլ կամ փուլեր։
- Լինել ավանդական բնակավայրի, հողօգտագործման կամ ծովային տարածքի օգտագործման բացառիկ օրինակ, որը ներկայացնում է որևէ մշակույթ կամ մշակույթներ, կամ մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցությունը, հատկապես երբ տարածքը խոցելի է դարձել անդառնալի փոփոխությունների հետևանքով։
- Ուղղակիորեն կամ նյութականորեն կապված լինել համաշխարհային բացառիկ նշանակություն ունեցող իրադարձությունների, կենդանի ավանդույթների, գաղափարների, հավատալիքների կամ արվեստի ու գրականության ստեղծագործությունների հետ։ Այս չափանիշը նախընտրելի է կիրառել այլ չափանիշների հետ համատեղ։
- Պարունակել բացառիկ բնական երևույթներ կամ առանձնահատուկ բնական գեղեցկություն և գեղագիտական նշանակություն ունեցող տարածքներ։
- Լինել Երկրի պատմության հիմնական փուլերը ներկայացնող բացառիկ օրինակներ, այդ թվում՝ կյանքի զարգացման տարեգրությունը, ռելիեֆի ձևավորման ընթացքում տեղի ունեցող նշանակալի երկրաբանական գործընթացները կամ կարևորագույն գեոմորֆոլոգիական ու ֆիզիոգրաֆիական առանձնահատկությունները։
- Լինել ցամաքային, քաղցրահրամ, ափամերձ և ծովային էկոհամակարգերի ու բուսական և կենդանական համակեցությունների էվոլյուցիայի և զարգացման ընթացքում տեղի ունեցող նշանակալի ու շարունակական էկոլոգիական և կենսաբանական գործընթացները ներկայացնող ակնառու օրինակներ։
- Պարունակել կենսաբազմազանության բնական միջավայրում պահպանության համար առավել կարևոր և նշանակալի բնական տարածքներ, այդ թվում՝ գիտության կամ բնության պահպանության տեսանկյունից համաշխարհային բացառիկ արժեք ունեցող՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների բնակավայրեր։
Այսպիսով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի պնդումը, թե Նորավանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում չի ընդգրկվել հարևանությամբ գործող ռեստորանի պատճառով, չի հաստատվում պաշտոնական փաստաթղթերով։
ԿԳՄՍՆ-ի պարզաբանմամբ՝ հայտը չի բավարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին, քանի որ չի ներառել կառավարման պլան։ Նախարարության պատասխանը, ինչպես նաև այլ երկրների օրինակները, ցույց են տալիս, որ ռեստորանային համալիրի առկայությունը հայտի մերժման հիմք չի եղել։
Անի Թամրազյան

