Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում:

Խորհդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, փոխմարզպետները, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները:

Մինչ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու հետագա անելիքներին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում եմ ներկայացնել վիճակագրությունը, որը, ըստ էության, հատուկ է Հայաստանի բոլոր մարզերին: Կոտայքի մարզում վարելահողերի միայն 37 տոկոսն է մշակվում: Այսինքն՝ հողերի մեծամասնությունը շարունակում է մնալ չմշակված, և սա հիմնարար խնդիր է Հայաստանի Հանրապետության և Կոտայքի մարզի համար՝ նույնպես: Հանրապետությունում միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Մնացած մարզերում գործնականում վարելահողերի 50 և ավելի տոկոսը չի մշակվում:

Այս առումով կարծում եմ, որ նաև խնդիր ունենք մինչև այժմ կառավարության ընդունած ծրագրերի բովանդակության մասին հանրությանն իրազեկելու հետ կապված, որ մարդիկ տեսնեն, թե գյուղատնտեսության ոլորտում աջակցություն ստանալու ինչ հնարավորություններ կան: Նաև կարծում եմ, որ պետք է նոր ծրագրեր ներդնենք: Այս առումով, կարևոր եմ համարում այն գաղափարը, որ պատրաստվում ենք առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որևէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրևացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի: Սա կարևոր է: Առաջիկայում դե յուրե որոշումը կընդունենք և կկանոնակարգենք, թե ինչպես է այդ գործընթացը տեղի ունենալու»:

Վարչապետի պաշտոնակատարը նկատել է, որ Հայաստանում վարելահողերի 74 տոկոսը չի ոռոգվում ընդհանրապես, և Կոտայքի մարզում ճշգրիտ համընկնում է չոռոգվող հողատարածքների չափաքանակը հանարապետության հետ. Կոտայքի մարզի հողերի 74 տոկոսը չի ոռոգվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ուղղությունները կառավարության համար պետք է առաջանահերթություններ լինեն: «Այսինքն՝ մեր աշխատանքային պլաններում պետք է տարեցտարի ունենանք վիճակագրության որոշակի փոփոխություն, թե ինչքանով ավելացավ մշակվող հողատարածքների քանակը հանրապետությունում և մարզում:

Նաև ժողովրդագրության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն, և այստեղ էլ խնդիր եմ տեսնում կամ համենայնդեպս կուզենայի լսել, թե մեր մարզերի բնակիչները որքանով են տեղեկացված այն ծրագրերի մասին, որոնք այսօր արդեն գործում են: Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս նախորդ տարի՝ 2020թ. մայիսի 14-ին, ընդունել ենք երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության վերաբերյալ ծրագիր: Դրա առանձնահատուկ շահառու են մարզերի բնակիչները, այն ընտանիքները, որոնք առնվազն երկու անչափահաս երեխա ունեն: Նրանք հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում, ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, աջակցություն են ստանում: Այսինքն, եթե 2 երեխա ունեցող ընտանիքը հիփոթեքային վարկով ձեռք է բերում բնակարան, այդ փաստի բերումով արդեն ստանում է բնակարանի 5 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Գործնականում՝ մեր բոլոր մարզերում 1 մլն դրամը 20 մլն դրամի 5 տոկոսն է: 20 մլն դրամով կարելի է ձեռք բերել բավականին լավ բնակարան: Բայց սա ամբողջը չէ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում, ավելանում է ևս 500 000 դրամ աջակցություն: Այսինքն՝ միանվագ աջակցություն է ստանում: Սա վերաբերում է մարզերի բնակիչներին: Եվ, ըստ էության, մոտավորապես նույն սխեման գործում է նաև կառուցապատման պարագայում: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, աջակցությունն ավելանում է 30 տոկոսով: Այսինքն՝ իմ ասած 1 մլն դրամը դառնում է 1 մլն 300 000 դրամ, 500 000 դրամը դառնում է 650 000 դրամ: Բայց սա նույնպես ամբողջը չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ունի նաև այլ ծրագիր, որն արդեն գործում է ոչ միայն մարզերում, այլև Երևանում: Ծրագրի էությունը հետևյալն է՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում կրկին հիփոթեքով բնակարան ձեռք բերելու պարագայում մնացորդային մայր գումարի 10 տոկոսը նույնպես վճարում է պետությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այստեղ նրբություն կա, որ պետք է վերջին 12 ամիսների ընթացքում այդ հիփոթեքային վարկը սպասարկված լինի, այսինքն՝ արդեն լինի ընթացքի մեջ: «Մարզերի բնակիչների դեպքում իրենք կարող են օգտվել ոչ միայն իմ նախորդ նշած ծրագրից, այլև օգտվել և՛ սրանից, և՛ նրանից: Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում վարկի մնացորդային գումարի 50 տոկոսը մարզերում նույնպես փակվում է: Եվ, ըստ էության, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա երրորդ և հաջորդ երեխայի դեպքում վարկի մնացորդային մայր գումարի 70 տոկոսը պետությունը փակում է:

Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս ծրագրերը գործում են նաև շինարարության դեպքում: Այսինքն, երբ վարկ է վերցվում շինարարություն իրականացնելու համար: Ու եթե հաշվի առնենք, որ նաև բարձրացրել ենք առաջին, երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարը, նաև երրորդ երեխայի համար 1 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվում, այս հաշվարկները երբ անենք, կարող է պարզվել, որ օրինակ 20 մլն դրամանոց բնակարանի պարագայում, ընտանիքը կարող է ստանալ մինչև 5 մլն և նույնիսկ ավելի աջակցություն:

Բայց նաև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, իհարկե, մարզերում այդ խնդիրը մի քիչ այլ կերպ է դրված, որ ունենք եկամտային հարկի վերադարձի ծրագիր: Եթե ընտանիքն առաջնային շուկայից ձեռք է բերում բնակարան, և օրինակ, 250 000 դրամ աշխատավարձ է ստանում, այս 250 000 դրամ աշխատավարձ ստացող ընտանիքը մարզում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ընթացքում, ենթադրենք 20 տարով հիփոթեքային վարկ է վերցրել, այդ 20 տարվա ընթացքում 14 մլն դրամի եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում: Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք պետք է մտածենք մարզերում բնակարանաշինությունը խթանելու մասին: Որովհետև այսօր մարզերում գործնականում գրեթե ոչ մի տեղ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել հնարավոր չէ: Բայց եթե այս ծրագրերը ճիշտ կառավարենք, կարող է ստացվել, որ, ըստ էության, երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել բացառապես պետության աջակցության հաշվին կամ առնվազն պետությունը կախված գնից, իհարկե, կարող է մինչև 70-80 տոկոս աջակցություն ցուցաբերել համախառն բնակարանի ձեռքբերմանը։ Նկատի ունեմ, որ այս ծրագրերը ընդունում ենք, սակայն դրանք նաև պետք է կարողանանք ուղեկցել. մի կողմից՝ նախ քաղաքացիներն իրազեկված լինեն, որ կան այսպիսի հնարավորություններ, որովհետև մենք մեկ-երկու անգամ լրատվություն տալով, ենթադրում ենք, որ մարդիկ դա արձանագրեցին։ Այդպես չէ: Պետք է մարդկանց շարունակաբար ներկայացնել: Ընդհուպ՝ մեր սոցիալական աջակցության ծառայությունները կամ մարզպետարանները գուցե վերլուծություն անեն և պոտենցիալ շահառուներին գտնեն, մարդկանց հրավիրեն և ասեն՝ գիտեք, որ դուք ունեք այսպիսի հնարավորություն, գուցե այս հնարավորություններից պետք է օգտվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով մարզերում բնակարանաշինության խթանումը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ պետք է բիզնեսն էլ իրազեկվի, որովհետև եթե պարզվի, որ, օրինակ, Հրազդան քաղաքում կա պոտենցիալ «իքս» թվով շահառու, որոնք շահագրգռված են և պետք է բնակարան ձեռք բերեն, կարող է առաջանալ նաև այդ պահանջարկը։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մեր տեղական ինքնակառավարման մարմիների աջակցությունը:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ գյուղական բնակավայրերում չաշխատող մայրերին երեխայի մինչև երկու տարեկան դառնալը հատկացվում է 26 հազար 500 դրամ՝ որպես երեխայի խնամքի նպաստ, իսկ աշխատող մայրերը գյուղական բնակավայրերում ստանում են կրկնակի, այսինքն՝ 53 հազար դրամ։

«Այս առումով, որպես ամփոփում. մենք խոսում էինք աշխատավարձերի, եկամտային հարկի և այլնի մասին, կրկին ուզում եմ ընդգծել, թե ինչքան կարևոր է նաև այս ծրագրերի իրականացման առումով, երբ. ա) մարդիկ գրանցվում են որպես աշխատող: Այսինքն, ցավոք, մենք գիտենք, որ շատ դեպքերում մարդիկ աշխատում են, բայց առանց գրանցման: Եվ երկրորդը՝ ինչքան կարևոր է, որ ճիշտ աշխատավարձն արձանագրվի, որովհետև թվում է, թե եկամտային հարկ չվճարելու համար պետք է թաքցնել, պակասեցնել, բայց այս սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվում են: Մանավանդ, ուզում եմ հիշեցնել, որ որդեգրել ենք եկամտային հարկի նվազեցման քաղաքականություն՝ համահարթ եկամտային հարկի։ Այսօր արդեն եկամտային հարկը 22 տոկոս է, և մեր ընդունած օրենքի համաձայն, առաջիկա տարիներին եկամտային հարկը, ըստ էության, կգա ու կդառնա 20 տոկոս։ Այս առումով արդեն ահագին փոփոխություններ ունենք, և այդ քաղաքականությունը, իհարկե, մենք պետք է շարունակենք։ Ես փորձեցի ցույց տալ շղթան, որը ճիշտ դասավորելու դեպքում կարող է իրավիճակ փոխել, և այս առումով շատ կարևորում եմ իրազեկվածությունը։

Երբ մենք ասում ենք, որ գիտելիքը մեր տնտեսության և երկրի հիմնական շարժիչ ուժն է ու պետք է դառնա այդ շարժիչ ուժը, երբեմն գիտելիք ասելով մենք շատ ծանր բաներ ենք հասկանում. ասենք՝ իմանալ բարդ մաթեմատիկական բանաձևեր, բայց, օրինակ՝ սեփական հնարավորությունների մասին իմանալը նույնպես գիտելիք է։ Երբ մարդը գիտի, որ կարող է ծրագրից օգտվել այս կամ այն պայմաններում, նաև ընտանիքի պլանավորման որոշակի գործընթաց է տեղի ունենում, այսինքն՝ ընտանիքը նույնպես իր գործերը պետք է պլանավորի, որպեսզի առավելագույնս այս ծրագրերից օգտվի և, բնականաբար, այդ գիտելիքի վրա հենված բարեկեցության մակարդակը փոխի։

Այս հարցերը շատ կարևոր եմ համարում և պետական մարմինների կարևորագույն գործառույթներից մեկը համարում եմ հնարավորությունների մասին մարդկանց իրազեկելը: Որովհետև եթե մենք ընդունում ենք աջակցության ծրագրեր, և այդ ծրագրերը բոլոր պոտենցիալ շահառուներին մի քանի անգամ չի իրազվեկում, նրանց չի տեղեկացվում, որ նրանք ունեն այսպիսի հնարավորություններ, այդ ծրագրերը կյանքում մեծ արդյունքներ չեն տալիս։ Այնպես որ հույս ունեմ, որ նաև մեր մարզպետարանները, պետական կառավարման մյուս մարմիններն անընդհատ ուշադրության կենտրոնում կպահեն այս խնդիրները, և մենք կոնկրետ առաջընթաց կարող ենք արձանագրել»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մարզպետ Մեսրոպյանն անդրադարձել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, խնդիրներին ու իրականացվող ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ Կոտայքի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կազմում են 155 հազար հեկտար, որից վարելահողերը՝ 74 հեկտար: Նշված հողատարածքներից մշակվում է 37 տոկոսը, ինչի հիմնական պատճառն, ըստ մարզպետի, հողատարածքների մասնատվածությունն է, սեփականատերերի բացակայությունը, ոռոգման համակարգերի անմխիթար վիճակը: Տեղեկացվել է, որ վերջին աշնանացանի ժամանակ մշակվել է 33 հազար հեկտար հողատարածք, ավելի քան 10 հազար հեկտար էլ կմշակվի գարնանացանի ընթացքում: Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ ակնկալվում է, որ նախորդ տարվա համեմատ մարզում մշակվող հողատարածքների ծավալը կավելանա 1500 հեկտարով:

Մարզպետը հավելել է, որ մարզում առկա են 100 հեկտար ջերմոցային տնտեսություններ, որտեղ մշակվում են բանջարեղեն, ելակ և ծաղիկներ: 2019 թվականի համեմատ մարզում նախորդ տարի ջերմոցային տնտեսությունների թիվն ավելացել է 28 հեկտարով: Կոտայքում առկա են նաև 627 հեկտար ինտենսիվ այգիներ` հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգերով: Առաջիկայում ներդրումային նոր ծրագրի շրջանակում մարզում հիմնվելու են 108 հեկտար ազնվամորու նոր այգիներ:

Նշվել է, որ Կոտայքում ներկայումս խոշոր եղջերավոր անասունների քանակը կազմում է 54 հազար 200 գլուխ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 400 հարյուրով: Մանր եղջերավորների քանակը կազմում է 44 հազար, աճը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմում է 5 հազար գլուխ: Մարզում գործում է 18 սպանդանոց, որոնցից 7-ը` խոշոր: Մարզպետը վստահեցրել է, որ ֆերմերների մեծ մասը մորթը կազմակերպում է հենց սպանդանոցներում:

Անդրադառնալով կապիտալ ծրագրերին՝ մարզպետը տեղեկացրել է, որ դրանց շրջանակում կառուցվում են Հրազդանի և Աբովյանի հիմնական երկու դպրոցները, ներկայում ընթացքի մեջ են ևս երեք դպրոցների վերակառուցման աշխատանքներ:

Կոտայքի մարզում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել ավելի քան 6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր: Ներկայումս 40-ից ավելի ծրագիր ընթացքի մեջ է: Կապիտալ ծրագրերի շրջանակում իրականացվում են նաև Երևան-Լանջազատ-Գառնի, Գառնի-Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները, Գառնիի տաճարի մերձակա տարածքի վերականգնումը, վերանորոգվում է Խոսրովի անտառ տանող ճանապարհը: Ընթացիկ տարում նախատեսվում է հիմնանորոգել նաև Աբովյան-Արզնի հանրապետական նշանակության ճանապարհի չորս կիլոմետրանոց հատվածը, Երևան-Գառնի-Գեղարդի վանական համալիր տարոնղ 6 կիլոմետրանոց հատվածը:

Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են Աբովյանում և Հրազդանում Թումո կենտրոնների հիմնման աշխատանքները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետի պաշտոնակատարը կարևորել է ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերի, բնակարանաշինության խթանման աշխատանքները, որոնք կնպաստեն ինչպես բարեկեցության բարձրացմանը, այնպես էլ ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, որոնք կխթանեն մեծածավալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ու համայնքային խնդիրներըի լուծմանը:

Խորհրդակացության ընթացքում ներկայացվել են նաև Կոտայքի մարզում առկա օպերատիվ վիճակն ու հանցավորության դեմ պայքարին միտված աշխաատանքները: