«Վիկտորիա սիլվերը» կրկին հիշել է Մոտկորի անտառների մասին․ ընկերությունը նոր հանքարդյունաբերական հայտ է ներկայացրել
Տնտեսություն
08.12.2017 | 19:50Բնապահպանության նախարարությունը առաջիկայում հանրային քննարկումներ է նշանակել երկու բնակավայրերում։ Դեկտեմբերի 20-ին Լոռու մարզի Լորուտ գյուղում նախատեսվում է քննարկել «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի հայտը Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր տեղամասում ոսկու և այլ մետաղների ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ, իսկ դեկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում կքննարկվի դոլոմիտային մարմարի երևակումում երկրաբանական ուսումնասիրության հայտը, որը ներկայացրել է «Ակվեստ» ՍՊԸ-ն։
Երկրաբանական ուսումնասիրության տարածքը գյուղից 1,5 կմ է հեռու, այն զբաղեցնելու է մոտ 9, 7 հեկտար, հարում է Սևանա լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջերին։ Մոտակայքում բացի Ջիլից, Արտանիշ, Ծափաթաղ և Փամբակ գյուղերն են։ Ջիլում հին՝ 16-17 դարերի եկեղեցի կա և 15-18 դարի գերեզմանոց, նաև՝ մ.թ.ա առաջին հազարամյակի «Դաշտ-Լեռ» ամրոցը։ Կապականվի բուն հանքավայրի տարածքը միայն «Ակվեստ» ընկերության հայտում նշված է, որ նախատեսվող աշխատանքները չեն կարող բացասաբար անդրադառնալ հուշարձանների և բնության վիճակի վրա։
Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, որը եղել է հետազոտման ենթակա տարածքում և ծանոթ է հուշարձաններին, հայտում նշված հեռավորությունը՝ 1,5 կիլոմետր, բավարար է հուշարձանները չվնասելու համար։ «Քարհանքը տեղային հանքավայր է։ Բացի բուն հանքավայրի տարածքը ապականելուց, այլ հետևանքներ, սովորաբար, չի ունենում։ Այնտեղ նաև մի քանի լավ խաչքարեր կային։ Զարմանալի է, մինչև 1988 թիվը Ջիլը և հարակից գյուղերը թուրքաբնակ էին, բայց խաչքարերը պահպանվել են»,- նշում է հուշարձանագետը և հավելում,- Կարծում եմ, հարցին պետք է համալիր մոտենալ։ Միայն կիսավեր եկեղեցու ու գերեզմանոցի վրա չպետք է ուշադրություն դարձնել, այլ նաև հիշել Սևանի բնության մասին։ Քարհանքը, ի տարբերություն, ասենք, ոսկու հանքի, թունավոր թափոնների գոյացում չի ենթադրում, բայց պետք է հետևել, որ չլինի այնպես, որ հետախուզումը սկսեն մարմարի անվան տակ, մեկ էլ վերջում պարզվի, որ ոսկի են փնտրում»։
Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության կենտրոնի տնօրեն Վարդան Սահակյանը վստահեցնում է, որ նման բան չի կարող լինել։ «Յուրաքանչյուր հետազոտություն իր մեթոդն ունի։ Եթե ուսումնասիրեն, գտնեն ոսկու պաշար, ապա նոր ուսումնասիրություն են անելու՝ այլ մեթոդներով», – վստահեցնում է նա։ Ջիլի հանքերևակումը, ըստ կենտրոնի տնօրենի, չի ենթադրում տրանսպորտային ծանր տեխնիկայի օգտագործում։
««Ակվեստ» ընկերությունը լուծումներ է առաջարկել, որ աշխատանքների ընթացքում առաջացած փոշու ազդեցությունը նվազեցնեն»,- նշեց պաշտոնյան։
Factor.am-ի հարցին, թե ինչ է լինելու «Սևան» ազգային պարկի և մյուս պահպանվող տարածքների հետ, որոնք հանքերևակման շրջանում են, պաշտոնյան պատասխանեց․ «Մենք դիմել ենք Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին։ Դեռ պատասխան չենք ստացել։ 30 աշխատանքային օրվա ընթացքում կունենանք նրանց պատասխանը և բոլոր կարծիքները, նաև հանրային լսումների արդյունքները ի մի բերելով, կորոշենք՝ հետազոտություն սկսելու թույլտվություն տալ, թե ոչ»։
Մոտկորի անտառը կրկին վտանգված է «Շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցությունը գնահատող կենտրոնի» տնօրենից հետաքրքրվեցինք նաև Լորուտի ոսկու հանքերևակման վերաբերյալ։ «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն արդեն երեք տարի է, ինչ մտմտում է Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը։ Նախնական հասարակական լսումները կազմակերպվել են դեռ 2014 թվականին՝ Լոռու մարզպետարանի, Մարց համայնքների, բնապահպանության նախարարության ներկայացուցիչների, բնապահպան ակտիվիստների մասնակցությամբ։ «Վիկտորիա Սիլվեր» ընկերությունը պատրաստվում է ստուգել, թե արդյոք այստեղ կան ոսկու կամ այլ մետաղների պաշարներ։ Բանն այն է, որ նախկինում այս տարածքը արդեն հետախուզվել է։ 2014 թվականին ընկերությունն արդեն ստացել է նախարարության փորձագիտական ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը։ Ինչ-ինչ պատճառներով, աշխատանքները չեն իրականացվել, և այժմ ընկերությունը նոր հայտ է ներկայացրել։
Ըստ Վարդան Սահակյանի, Մարց գետի շրջանում արդեն կա պատրաստ հորատված տարածք։ «Նախկինում արդեն հետազոտված տարածք է, բայց հիմա մարդիկ ուզում են կրկին փորձել՝ կ՞ա ոսկի, թե՝ ոչ։ Առաջին քննարկումը դրական է անցել», – հայտնեց նա։
Բնապահպանները, մինչդեռ, բացասական են արձագանքել: «Վիկտորիա Սիլվեր» ընկերությունը առաջին փուլում, որը կտևի 3 տարի, նախատեսել է հին, 50 տարի առաջ արված փորվածքների բացում, դրական արդյունքի դեպքում՝ 10 հատ հորատանցք։ «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայանը հանրային լսումների ժամանակ հայտնել է, որ ակնկալվում է 2 միլիոն 700 հազար տոննա հանքաքարի, 11 տոննա ոսկու, մոտ 30 տոննա արծաթի, մոտ 10 000 տոննա պղնձի պաշարներ։ Պատասխանելով բնապահպան ակտիվիստների հարցերին՝ նա ասել է, որ ապագա հանքարդյունաբերության տարածքում հիմնականում անտառապատ հողեր են, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր։
Նշենք, որ բնապահպանները երեք տարի առաջ արդեն ահազանգել են, որ Մարց գետի հանքային դաշտում ոսկու և բազմամետաղների հանքավայրի շահագործումը բնապահպանական աղետ է բերելու Մոտկորի անտառներին։
Ի դեպ, ըստ Հետքի, 2015 թվականինին «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ բաժնետերերից էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը։ Ներկայումս որպես բաժնետեր նշվում է միայն Արմեն Գևորգյանի անունը:
Սյուզան Սիմոնյան