Կարեն Կարապետյանի ցնցող հայտարարությունը վրիպում որակելը քրեական պատժից ազատվելու փորձ է․ Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.08.2020 | 20:31Factor.am-ի հարազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
-Սերժ Սարգսյանն ասուլիս տվեց Ապրիլյան պատերազմի թեմայով։ Դուք՝ որպես իրավապաշտպան, որը հետազոտել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները, ի՞նչ տպավորություն ստացաք Սարգսյանի հայտարարություններից՝ արդյոք համոզի՞չ էին Ձեզ համար։
-Մենք հրապարակել ենք երկու զեկույց՝ մեկը պատերազմից հետո, մյուսը՝ մեկ տարի անց որոշակի տվյալների ճշտումից հետո։ Հիմնական շեշտադրումներից էր այն, որ պատերազմական գործողությունների առաջնագծում բոլոր զոհվածները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ էին։ Մենք արձանագրել էինք, որ ակնհայտորեն գոյություն ունի սոցիալական անարդարության դրսևորում և որ դա վկայում է Զինված ուժերում անարդարության մասին։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա որևէ անդրադարձ այդ փաստին չներկայացվեց, որևէ մեկնաբանություն սոցիալական անարդարության փաստի վերաբերյալ չեղավ Սերժ Սարգսյանի կողմից։ Այն մնացած հարցերը, որ վերաբերում էին հետախուզությանը, զինամթերքով ապահովվածությանը, հետախուզական տվյալների պատշաճ հավաքագրմանը և զինվորական բարձր հրամանատարությանն իրազեկելուն, նույնպես այն պարտավորությունների շրջանակներում են, որ պետությունը պետք է կատարի քաղաքացիների և պետության անվտանգության ապահովման համար։
Իմ նշած փաստերը գիտակցաբար լռության է մատնում Սերժ Սարգսյանը։ Իմ կարծիքով դա այն հիմնական հարցն է, որի վերաբերյալ իշխանությունն ունի ուղղակի պարտավորություն՝ այդ թվում, իհարկե, նաև նախորդ իշխանությունները ունեն, և մեկնաբանությունների բացակայությունը վկայում է, որ խուսափում են այդ մասին որևէ խոսք ասելուց։ Կամ նրանց համար դա նշանակություն չունի՝ իրենց համար սովորական է, որ առաջնագծում գտնվեն միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, բայց ակնհայտ խտրական դրսևորումները մարդու իրավունքների ամենահիմնական մարտահրավերն են։
-«Կարեն Կարապետյանը վրիպել է՝ ասելով, որ անորակ դիզվառելիք է մատակարարվել բանակին»,- ասում է Սերժ Սարգսյանը։ Այդ տեղեկատվությունը՝ արված 2017 թվականին, տարիներ շարունակ շրջանառվել է և հերքում չի եղել այն ժամանակվա իշխանությունների կողմից և հիմա են հերքում։ Ձեզ զարմացրե՞ց Սարգսյանի փոքրիկ բացահայտումը վրիպման մասին։
-Սա այն դեպքն է, երբ մենք հստակ արձանագրում ենք իշխանության բացառիկ անպատժելիության զգացումը։ Այսինքն՝ երբ նրանք իշխանություն էին, իրենք այնքան անպատժելի ու անպատասխանատու էին համարում, որ իրապես հարկ չէին համարում անդրադառնալ իրապես ցնցող այդ հայտարարությանը, որը հնչեցրել է պետության ամենաբարձր՝ օրենսդիր մարմնում գործադիրի ղեկավարի կողմից։ Եթե հիմա է ասվում, որ վրիպում է տեղի ունեցել, ապա դա որակում եմ քրեական պատժից, պատասխանատվությունից խուսափելու փորձ կամ մյուս կողմից էլ համարում եմ, որ ժամանակին հարցին չանդրադառնալը ևս մեկ ապացույց է այն անպատժելիության մթնոլորտի, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն ուներ հանրության նկատմամբ։ Այնպես որ ինձ համար դա զարմանալի չէ։
-«Ապրիլյան պատերազմը Ռուսաստանի իմացությամբ ու թույլտվությամբ է եղել»,- վարչապետ դառնալուց ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը կոշտ արձագանքեց Սարգսյանը՝ քաղաքական տգիտությունն որակեց․ «Ստացվում է՝ դաշնակցին դավաճանության մեջ ենք մեղադրում»,- ասաց։ Եվ փորձեց ապացուցել, որ Ռուսաստանը դրական դեր է ունեցել՝ մինչև 2018 թիվը 50 հազար տոննա ռազմատեխնիկական աջակցություն է տվել Հայաստանին, 2010-ից սկսած ռուսական ռազմաբազան նաև ՀՀ-ի ողջ սահմանի համար է պատասխանատու, ի վերջո՝ Հայաստանից բացի, որևէ այլ երկիր «Իսկանդեր» չունի։ Ըստ Ձեզ՝ իրականում ո՞րն է եղել Ռուսաստանի դերը Ապրիլյանում։
-Տգիտություն եմ համարում Ռուսաստանի Դաշնությանը դաշնակից պետություն համարելը։ Կարող եմ Սերժ Սարգսյանին ու իր համախոհներին հիշեցնել այն խայտառակ իրավիճակը, որ ստեղծվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ մեկ գիշերվա ընթացքում, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցն այնպիսի ճնշումների ենթարկեց Սերժ Սարգսյանին, որ հաջորդ օրը նա հայտարարեց ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագիրն ստորագրելուց հրաժարվելու մասին։
Դա մի համաձայնագիր էր, որը ձևավորելու ուղղությամբ առնվազն չորս տարի ՀՀ-ն բանակցում էր ԵՄ-ի հետ։ Հարց եմ հնչեցնում հռետորական՝ արդյոք ռազմավարական դաշնակից կարող է համարվել պետությունը, որը կարող է նման ճնշումների ենթարկել, որ աշխարհով մեկ պետության ղեկավարը խայտառակ լինի և միջազգային համաձայնագիրը չեղյալ հայտարարի։ Նույն ՌԴ-ից հենց իր կառավարությունն էր ակնկալում զինտեխնիկայի մատակարարում, ինչն այդպես էլ մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը չէր ստացել, ավելին՝ այդ ռազմավարական դաշնակցի կողմից վերահսկվող լրատվամիջոցներով տարածվեց Հայաստանին մատակարարվելիք սպառազինության ցանկը, որը, օրինակ, եթե ես հրապարակեի, առնվազն պետական դավաճանության մեջ կմեղադրեին։ Իսկ ռազմավարական դաշնակիցը ոչ միայն ժամանակին չի մատակարարում արդեն պայմանավորված զինտեխնիկան, այլև հրապարակում է այդ տեխնիկայի կազմը՝ քեզ դարձնելով խոցելի։ Արդյոք սա կարելի՞ է համարել ռազմավարական դաշնակցի գործելաոճ։ Այս երկու կարևոր փաստերով ռազմավարական դաշնակից բնորոշումն օգտագործելը ոչ միայն անգրագիտություն է, այլև կեղծիք է։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան