Ուսանողների ոգևորությունը երկար չտևեց․ վարձը եկամտահարկով փոխհատուցող նախագծից ոչ բոլորը կօգտվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.06.2020 | 13:30Մարտի 6-ին Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ու օրդինատուրայում վճարովի հիմունքով սովորող և աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի նրանց եկամտահարկից։
Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանն ասում է․ սրանով խրախուսում են ուսանողներին։ Նախագիծն ուսումնասիրելիս, սակայն, պարզ է դառնում, որ «խրախուսվել» ոչ բոլոր ուսանողները կկարողանան։ Նախորդ շաբաթ ԱԺ-ն հաստատեց նախագծում ընդգրկված մասնագիտությունների ցանկը։ Այն, պարզվում է, որոշակի սահմանափակումներ ուներ։ Օրինակ՝ ընդգրկված չեն հումանիտար մասնագիտություններ՝ կապված օտար լեզուների հետ, բացակայում են լրագրությանը, հանրային կապերին, միջազգային հարաբերություններին, իրավագիտությանն ու մի քանի այլ ոլորտների վերաբերող մասնագիտություններ։ ԵՊՀ մագիստրոսական ծրագրում սովորող Անի Կարապետյանի ընտրած մասնագիտությունը նախագծից դուրս մնացածներից է։
«Իհարկե, նախագիծը շատ գովելի է, սակայն այն ավելի արդյունավետ կլիներ, ըստ իս, եթե ընդգրկված լինեին բոլոր մասնագիտությունները, այդ թվում և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի աշխատող ուսանողներն օգտվեին այս ծրագրից։ Ես, որպես Միջազգային հարաբերությունների ուսանող, որը նաև աշխատում է, անպայման կօգտվեի այս ծրագրից, եթե նման հնարավորություն ընձեռվեր նաև մեր ֆակուլտետին»,- ասումէ Անին։
Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Վլադիմիր Վարդանյանը։ Մարքեթինգի բաժնում մագիստրատուրա դիմելու նպատակն արդեն կասկածի տակ է դրել, քանի որ իր մասնագիտությունը ևս նախագծում ընդգրկված չէ։
«Շահագրգռված էի ուսումս շարունակել մագիստրատուրայում, քանի որ մագիստրոսական դասերի մեծ մասը երեկոյան ժամերին էին, և հարմար էին ուսման հետ աշխատելուն, մանավանդ՝ ուսման վարձի գերակշիռ մասը եկամտային հարկով պիտի փոխհատուցվեր։ Մի քանի օր առաջ իմացա, որ ՀՊՏՀ ամենամրցունակ մասնագիտությունները բացակայում են ցանկից, ինչն ինձ ստիպեց երկմտել ուսումս շարունակելու վերաբերյալ։ Կխնդրեինք վերանայել մասնագիտությունների ցանկը՝ ընդգրկելով այնպիսի մասնագիտություններ, որոնք մշտական պահանջարկ են վայելում աշխատաշուկայում»,- նշում է Վլադիմիրը։
Նախագծից բացակայում են նաև երաժշտության բնագավառի նեղ մասնագիտությունները։ Կոնսերվատորիայի ուսանողները մտահոգված են․ իրենց ոլորտից ընդամենը 2 մասնագիտություն է ներառված․ արվեստի պատմություն և տեսություն։ ԵՊԿ ՈՒԽ նախագահ Արթուր Խաչենցը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսանողների մեծամասնությունը բողոքում է, ռեկտորատն էլ հարցը քննարկում է, փորձում միջոցներ ձեռնարել, որպեսզի հասկանան, թե ավելի գրագետ լուծում ինչպես կարող են տալ, որպեզի բանը բողոքի ակցիայի չհասնի։
Իսկ ինչո՞ւ նախագծում ներառված չեն բոլոր մասնագիտությունները։ Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ Կառավարությունը, հաշվի առնելով աշխատաշուկայում առկա պահանջարկը, մասնագիտությունների ցանկ է կազմել։ Նախագիծն ուսումնասիրելիս, սակայն, պարզ է դառնում, որ մասնագիտությունների ցանկը կրճատվել է Ֆինանսների նախարարության առաջարկով։ Փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ Ֆինանսների նախարարության համար մասնագիտությունների ընդգրկուն ցանկը նպատակահարմար չէ։ Գերատեսչությունից մեզ փոխանցեցին, որ իրենք պարզապես առաջարկել են պետական աջակցություն ավելի հասցեական, նպատակային ու թիրախավորված դարձնել։ Սակայն թե որ որ մասնագիտություններն են կրճատվել և ինչ սկզբունքով, արդեն իրենց հետ կապ չունի։
Հավելյալ տեղեկության համար դիմեցինք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին,, որ մասնագիտություններն ընտրելիս հաշվի են առնվել պետական գերատեսչություններից ստացված առաջակները՝ ելնելով աշխատաշուկայի պահանջներից, ինչպես նաև այն հանգամանքը, որ հումանիտար, հասարակագիտական ոլորտներում հատկացված ընդհանուր անվճար տեղերի թիվը բավականին մեծ է եղել։
Նշեցին նաև, որ առանձնահատուկ կարևորություն են տրվել բնագիտատեխնիկական ոլորտի մասնագիտություններ ստացող ուսանողներին խրախուսելուն, սակայն, հաշվի առնելով այն, որ նման նախագիծ առաջին անգամ է արվում, հնարավոր է՝ մասնագիտությունների ցանկը վերանայվի և համալրվի։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը մասնագիտությունների ցանկի սահմանափակ լինելու մեջ խտրականության տարրեր չի տեսնում։ «Օրինակ՝ իրավագիտության ֆակուլտետում, ի տարբերություն այլ ֆակուլտետների, չկա անվճար տեղեր։ Այսինքն՝ պետությունը, պետպատվերի շրջանակում չի նախատեսել, օրինակ, որ այս մասնագիտությամբ տրամադրվի անվճար կրթություն։ Գուցե նախարարության չափորոշիչներից մեկն էլ նաև դա է եղել։ Այսինքն՝ թիրախավորվել են այնպիսի մասնագիտություններ, որոնք նախ և առաջ, աշխատաշուկայում պահանջարկ ունեն և, նաև հաշվի առնելով կառավարության ռազմավարությունը»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Նախագծով առաջարկվող ցանկում իր մասնագիտությունը գտած ապագա շահառուներից է 37-ամյա Գարիկ Հակոբյանը։ Արդեն 2-րդ մասնագիտությամբ է բարձրագույն կրթություն ստանում։ Գրաֆիկ դիզայներ Անահիտ Արծրունին էլ այս տարի է բակավալրի կոչում ստացել։ Նոր նախագծի օգնությամբ պատրաստվում է նաև մագիստրատուրա դիմել։ «Շատ ուրախ եմ, որ թե համալսարանս և թե բաժինս ընդգրկված են այս նախագծում և ես, որպես աշխատող ուսանող, հնարավորություն կունենամ օգտվել այս առավելությունից։ Նախագծի ամենամեծ առավելությունն այն է, որ ուսանողը կկարողանա իր գիտելիքները կիրառել արդեն պրակտիկայում, կլուծի մի շարք ֆինանսական խնդիրներ և, ամենակարևորը, ավարտելուն պես ուսանողը կունենա աշխատանքային փորձ»,- ասում է Անահիտը։
Նախագծի հեղինակները 1 տարում 3-5000 շահառու են նախատեսում ունենալ։ Հաշվի առնելով բյուջեի ծախսերը՝ առայժմ կարծում են, որ համատարած բոլոր մասնագիտությունները ներառելն իրատեսական չէր լինի։ Սիսակ Գաբրիելյանը վստահեցնում է․ նախագիծը ճկուն է և, հնարավոր է՝ ապագայում փոփոխություններ լինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան