Գագիկ Ծառուկյանը չի նահանջում. խմբակային բռնաբարության գործով դատախազին է դիմել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող խմբակային բռնաբարության դատական ակտի հրապարակման հետ կապված նոր զարգացումներ կան: Ծառուկյանի պաշտպանական թիմը դիմել է գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե ինչպես է 40 տարվա վաղեմության դատական վճիռը, որը կայացվել է փակ նիստում, հասանելի դարձել հանրությանը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի կողմից կառավարության հրաժարականը պահանջելուց հետո սոցցանցերում, ապա մամուլում հրապարակվեցին Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ 1979 թվականին տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի «սքրինշոթերը»:

Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը և ևս երեք անձ 1979 թվականի հունիսի 6-ին Երևանի ռեստորաններից մեկում ծանոթացել են ազգությամբ ռուս  իգական սեռի երկու ներկայացուցիչների հետ, ապա նրանց տարել են Կոտայքի մարզ, որտեղ կիսակառույց շինությունում սեռական բռնության ենթարկել և կողոպտել:

Ի դեպ, այս թվականին Ծառուկյանն աշխատել է Կառավարական շենքերի պահպանման առանձին դիվիզիոնում՝ որպես միլիցիոներ, դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման:

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց՝ դատավճռի հանրայնացմամբ ապօրինի հրապարակվել են Ծառուկյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ: Նա նաև ընդգծում է, որ դռնփակ անցկացվող դատական նիստերը ու դրանց եզրափակիչ որոշումները հրապարակման ենթակա չեն։ Պաշտպանն այստեղ 308 հոդվածի՝ պաշտոնեական դիրքի չարաշահում է տեսնում:

Գագիկ Ծառուկյանի պաշտպանը Factor TV-ի հարցին ի պատասխան չասաց, թե ում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ է փաստաթղթերը հասանելի դարձել լրատվամիջոցներին: Հույս ունի, որ Գլխավոր դատախազությունը կտա բոլոր հարցերի պատասխանը:

Գագիկ Ծառուկյանին վերագրվող խմբակային բռնաբարությանը մասնակից լինելու մասին Հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատարանի 1979 թվականի վճիռը, ըստ Էմիլ Խաչատրյանի, 2001 թվականին Վճռաբեկ դատարանի որոշմամբ բեկանվել է, և Գագիկ Ծառուկյանն արդարացվել է:

Նշյալ վճռից մի հատված նաև հրապարակվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ ԲՀԿ-ական պատգամավորների կողմից: Պաշտպանը, սակայն, նշում է, որ նախորդ վճիռը՝ ամենայն՝ 18+ մանրամասնությամբ հրապարակած լրատվամիջոցները, որոնց թվում է նաև վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», չեն հրապարակում անկախ Հայաստանի Վճռաբեկ դատարանի վճիռը:

Թեև Խաչատրյանը մեր ճշտող հարցին ի պատասխան ասաց, որ օրենքով սահմանված կարգով հերքում չեն պահանջել լրատվամիջոցից։

«Հայկական Ժամանակի» խմբագրությունից Factor TV-ի հետ զրույցում նշեցին, որ թեման չեն մեկնաբանում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի իմքայլական պատգամավոր Վահագն Հովհակիմյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Ծառուկյանի գործով 2001 թվականին Վճռաբեկ դատարանի որոշմանը, ասաց՝ անկախ Հայաստանի դատարանը չէր կարող անդրադառնալ ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատարանի վճռին:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի մեկ այլ անդամ, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է 2001-ին Ծառուկյանն արդարացվել, երբ 1979 թվականին կայացված վճիռը բողոքարկման ենթակա չէր: Ըստ նրա, եթե նոր հանգամանքներ են երևան գալիս, քրեական դատավարության օրենսդրությունը թույլ է տալիս վերանայել այդ ակտերը: Պետրոսյանը չի կիսում Վահագն Հովակիմյանի այն տեսակետը, որ անկախ Հայաստանի դատարանը չէր կարող անդրադառնալ ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատարանի վճռին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի համար տարակուսելի է նաև այն, որ Ծառուկյանը և նրա պաշտպանական թիմը այս փաստաթղթերի հրապարակման համար հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել: Նա հիշում է, որ մամուլում Ծառուկյանի դատավճիռը 90-ականների վերջին կամ 2000-ականների սկզբին արդեն իսկ հրապարակվել է: Հովակիմյանը կարծում է՝ Ծառուկյանն այսպիսով փորձում է սեփական կենսագրությունը ջնջել:

Գլխավոր դատախազությունից Factot TV-ին փոխանցեցին, որ հանցագործության մասին Ծառուկյանի պաշտպանի հաղորդումը դեռ չեն ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան