Արտակարգ պաշտոնանկություններ՝ արտակարգ դրության ընթացքում․ հանրությանը հաշվետու լինելու հրամայականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Կորոնավիրուսից ապաքինված վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է նոր և աղմկահարույց որոշումներով։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել են ուժային կառույցների ղեկավարները՝ Հայաստանի ոստիկանապետ Արման Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ավելի վաղ ԱԱԾ-ից հեռացվել էր Քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը, իսկ օրերս էլ պաշտոնից ազատվեց Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Արտակ Դավթյանի անունը ակտիվ շոշափվում է դեռ երեկվանից, երբ հայտնի դարձավ, որ առանձնատանը նրա որդու հարսանյաց արարողությունն է ընթացել այն դեպքում, երբ արտակարգ դրության պայմաններում բազմամարդ հավաքներն արգելված են, իսկ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆլեշմոբ էր սկսել՝ հրապարակավ կոշտ միջոցների դիմելու կոչ անելով կարգը խախտողների նկատմամբ։

Այսօր պարետատան նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արման Սարգսյանի և Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկությունների թեմայով, թեև հստակ չի նշել  պատճառը, սակայն բավականին թափանցիկ ակնարկել է․ «Ես ուզում եմ, որ բոլորի համար սա լինի պարզ և հստակ, չի կարող ուղղակի լինել էդպիսի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և դրան չհետևի կոնկրետ գործողություն։ Ու սա դուրս է մարդկային, անձնական հարաբերություններից։ Սա չի նշանակում որևէ այլ բան, սա նշանակում է կարգուկանոնի հստակ, անվերապահ, անքննարկելի պահպանելու պահանջ, որը չի կարող քննարկման  ենթակա լինել»։

Հակահամաճարակային կանոնների չպահպանման լույսի ներքո ուժային կառույցների ղեկավարներին պաշտոններից ազատելն իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիմնավոր է գնահատում՝ օրենքի առաջ բոլորն են հավասար․ «Բոլորին պետք ա վերաբերվի, ով որ խախտում է, նա պետք է պատասխանատվության ենթարկվի այդ թվում՝ ազատվի աշխատանքից։ Բառացիորեն մի քանի օր առաջ ուսուցչուհուն հեռացրեցին աշխատանքից կամ ինքը ազատման դիմում գրեց, քանի որ երեխաների միջոցառումն էր կազմակերպել կամ մասնակցել»։

Ակնարկների և ենթադրությունների տիրույթում մնաց նաև մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակային գովասանքի արժանացած ՊԵԿ նախագահ, Դավիթ Անանյանի հրաժարականը։ Դրանից քանի օր առաջ հրապարակելով Արևմտյան մաքսատանը հավաքված քաղաքացիների լուսանկարը, վարչապետը շեշտել էր․ «Այս անպատասխանատվությունը անհետևանք չի մնա»։ Դրանից հետո մամուլում նշվեց, որ Անանյանը չի ցանկացել աշխատանքից ազատել մաքսատան պատասխանատուին, որը փորձառու կադր է և նախընտրել է ինքը հեռանալ։ Եթե այս դեպքերում գոնե ակնկարկների և մամուլում հրապարակված վարկածները հաստատելու մակարդակով  եղան հայտարարություններ, ապա դրանից ոչ շատ առաջ եղած այլ հրաժարականների դեպքում անգամ այդ ակնարկները չեղան։ Օրինակ՝ մինչ օրս հայտնի չէ, թե ինչու  մայիսի 5-ին աշխատանքից հեռացավ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, կամ ինչու հրաժարական տվեց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը։ Մինչ այս եղած տասնյակ պաշտոնանկությունների դեպքում էլ հանրությունը ստիպված է մնալ կռահելու դաշտում։

«Իշխանության քաղաքականությունն ու կայացված որոշումները պետք է հասկանալի լինեն հանրության համար»,- ասում է Արթուր Սաքունցը՝ ընդգծելով, որ կադրային նշանակումների և ազատումների հիմնավորումները պետք է պարբերաբար ներկայացվեն հանրությանը․ «Դա թափանցիկ և հաշվետու կառավարության անկյունաքարն է, որովհետև խոսքը վերաբերում է իշխանության վարքագծին։ Հերթական անգամ, երբ ականատես ենք լինում բարձրաստիճան պաշտոնատար անձանց ազատման մասին որոշումներին՝ չիմանալով դրանց հիմքերը, ապա մենք ունենում ենք տպավորություն, որ դա կամայականության հետևանք է։ Սա չի համապատասխանում ժողովրդավարական կառավարման սկզբունքին»։

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանի, գործ ունենք ոչ միանշանակ իրադրության հետ։ Մի կողմից հանրությունն իսկապես ուզում է հասկանալ՝ ինչ թերացման համար հեռացվեց պաշտոնյան, մյուս կողմից, սակայն,  կա կոռեկտության խնդիրը․ «Դա նուրբ ինֆորմացիա է։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկի աշխատանքից պրոֆեսիոնալ առումով դժգոհ են եղել, և դրա մասին հրապարակային հայտարարում են, հետո էդ մարդը կարող է խնդիրներ ունենալ աշխատանքի տեղավորվելու համար»։

Սոնա Այվազյանը վստահ է՝ եթե նույնիսկ իշխանությունը բացատրի պաշտոնանկություննների հստակ հիմքերը, բերելով փաստեր, միևնույն է, ազատումների շուրջ դավադրությունների տեսություններ  հյուսվելու են․ «Լրատվական պատերազմ է գնում, կարծում եմ, ցանկացած քայլ, որ անում է իշխանությունը, պարզապես նայում են, որ տեսնեն՝ ինչի մասին կարելի է քարկոծել, քննադատել՝ հիմնավոր կամ անհիմն, թիրախավորում են։ Չեմ կարծում պետք է շատ անսալ էդ մոտեցումներին»։

Արթուր Սաքունցի կարծիքով՝ բարձրաստիճան պաշտոնյաների ազատումներն ու նշանակումները չեն կարող տեղավորվել անձնական տիրույթի հարցերի շարքում․ «Որովհետև խոսքը վերաբերվում է մարդկանց, որոնք զբաղեցնելով պետական պաշտոններ, իրականացրել են հանրային շահերին վերաբերող գործառույթներ, տիրապետել են ռեսուրսների, որոնք հանրային են, և հետևաբար՝ հանրությունը պետք է իմանա, թե իր ռեսուրսները ինչպես են ոչ միայն օգտագործվում, այլ նաև՝ ինչպես են գնահատվում իր ռեսուրսները օգտագործողները»։

Ուժային կառույցները նոր ղեկավարներ ունեն։ Վարչապետի առաջարկով և նախագահի հրամանով ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արգիշտի Քյարամյանը, ոստիկանապետ է նշանակվել Վահե Ղազարյանը, և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանը։ Այստեղ քաղհասարակության ներկայացուցիչների տեսակետը համընկնում է՝ պետք է իշխանությունը բացատրի նոր նշանակումների տրամաբանությունը, և մարդիկ իմանան՝ ինչ արժանիքների համար բարձր պաշտոնները վստահվեցին հենց այս մարդկանց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան