Կավասակիի համախտանիշ՝ կորոնավիրուսը հաղթահարած 4-ամյա փոքրիկի մոտ․ արդյո՞ք այս հիվանդությունը կապ ունի կորոնավիրուսի վարակի հետ

Լուրեր

01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
01.04.2026 | 20:14
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղեկացրեց, որ Հայաստանում Կավասակիի համախտանիշի արձանագրված դեպք կա 4 տարեկան երեխայի մոտ, որն անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն է ունեցել։ Նախարարը հույս է հայտնել, որ փոքրիկն արագ կապաքինվի՝ նշելով, որ բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։

Կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ Կավասակիի համախտանիշի ախտանշանների մասին տեղեկություններ միջազգային մամուլը հրապարակեց մայիսի կեսերին։ Առաջին լուրերը Եվրոպայից և ԱՄՆ-ից էին։ Իտալացի հետազոտողները տեղեկացրեցին, որ Կավասակիի հիվանդությանը նմանվող բորբոքային համախտանիշը խոցում է կորոնավիրուսով վարակված 1.000 երեխայից մեկին։ Մեծ է հավանականությունը, որ այս հիվանդությունը վարակի հանդեպ իմունային արձագանքի արդյունք է:

Այդ ժամանակ էլ նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց՝ արդեն միջոցներ են ձեռնարկում, որ եթե Հայաստանում նույնպես նման դեպքեր արձանագրվեն, առողջապահական համակարգը պատրաստ լինի։

«Կավասակիի սինդրոմը, լինելով աուտոիմուն, բորբոքային, անհայտ պատճառով սինդրոմ, ունի սիմպտոմատիկ բուժում, որի համար օգտագործվում է բավական թանկարժեք դեղորայք։ Մենք դրա պաշարներ ենք գնել՝ համապատասխան մոտավոր կանխատեսումների, թե եթե լինի, քանի երեխա կարող է հիվանդանալ՝ ունենալով մեր նախկին թվերը»,- տեղեկացրել էր նախարարը։

Առողջապահության նախարարության մանկաբանության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ այս հիվանդության պատճառագիտությունն ամբողջությամբ պարզ չէ, հայտնի է միայն, որ այն անոթների հիվանդություն է՝ իմունային ծագմամբ։ Բուժման հիմնական եղանակը իմունագլուբուլիններն են, քանի որ պրոցեսը կապված է իմունային համակարգի հետ։ Բուժման գործընթացին, մասնագետի հավաստմամբ, հայ մանկաբույժներն արդեն լավ ծանոթ են, հատկապես՝ վերջին տարիներին։

Ինչ վերաբերում է Հայաստանում Կավասակիի համախտանիշով հիվանդացածության ցուցանիշներին, Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ 100 հազար երեխայի հաշվարկով, ըստ վիճակագրության, հիվանդացության թիվը մեր երկրում փոքր է։

«Վերջին տարիների հավաքագրված տեղեկատվությունը վերաբերում է շուրջ 50 երեխայի, բայց տարեկան գրանցվել է 3-5 դեպք՝ նույնիսկ կորոնավիրուսից անկախ։ Իհարկե՝ կան կորոնավիրուսի այլ տեսակներ ևս, ոչ այդքան հստակ տեղեկատվություն է եղել մինչև այս համավարակը, որ այլ տեսակի կորոնավիրուսները ևս այս կամ այն չափով կապված են այս հիվանդության զարգացման հետ»,- նշեց նա։

Վերջին տարիներին Հայաստանում մասնագետներն ավելի ուշադիր են և պատրաստված, սակայն, չնայած դրան, հիվանդության ախտորոշումն այդքան էլ դյուրին չէ։ Կան դեպքեր, երբ նույնիսկ լավ պատրաստված մասնագետները պետք է ուշադիր լինեն ախտանշանները գնահատելիս։ Իսկ ամեն ինչ սկսվում է տենդից, որն ուղեկցվում է մի շարք այլ ախտանշաններով։

«Տենդը պետք է ուղեկցվի որոշակի ցանով, վերջույթների շրջանում փոփոխություններով, բերանի շրջանում փոփոխություններով, լեզվի յուրահատուկ տեսքով, որովայնացավերով։ Այսպիսի նշանների հավաքածու, որի առկայությունը թույլ է տալիս մտածել Կավասակիի հիվանդության մասին»,- պարզաբանեց մանկաբույժը։

Նրա խոսքով՝ Կավասակիի համախտանիշի ախտանշաններին ուշադրություն դարձնելու և հիվանդությունը վաղ ախտորոշելու դեպքում դրա բուժումը միանգամայն արդյունավետ է։

Իտալացի մասնագետները, հիշեցնենք, հետազոտել էին երեխաների մոտ նոր բորբոքային համախտանիշի առաջացման դեպքերը և ենթադրել, որ այն փոխադարձ կապ ունի նոր կորոնավիրուսի հետ: Նման դեպքեր արձանագրվել են հատկապես Իտալիայի՝ կորոնավիրուսից ամենաշատը տուժած հյուսիսային շրջաններում։ Նույն ժամանակաշրջանում շուրջ 100 երեխայի հոսպիտալացման մասին տեղեկացրեցին բրիտանական լրատվամիջոցները։ Արձանագրված ավելի քան 100 դեպքի մասին տեղեկություններ եղան նաև ամերիկյան Նյու Յորքից։

ԱՄՆ Մորգան Սթենլիի մանկական հիվանդանոցի բժիշկ Սթիվեն Քերնին NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Կավասակիի համախտանիշի ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված երեխաների կեսից ավելիի պարագայում կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է եղել։

«Եվ մենք փորձում ենք պարզել՝ արդյո՞ք այդ երեխաները նախկինում կորոնավիրուս ունեցել են կամ արդյո՞ք նրանց մոտ հակամարմիններ կան։ Եվ մինչ օրս, թեպետ այդ երեխաների մոտ կորոնավիրուսի թեստը դրական չի եղել, բայց նրանք կորոնավիրուսի հակամարմիններ են ունեցել»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ ինչ-որ ժամանակ, գուցե՝ երկու կամ վեց շաբաթ առաջ նրանք կորոնավիրուսով վարակված են եղել։

Թամարա Հակոբյան