Հայաստանն իտալական սցենարին է մոտենում․ ե՞րբ է կրկին կարանտին հայտարարվելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին 10 օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3․635 նոր դեպք և 56 մահ։ 1 օրում գրանցված դեպքերի առավելագույն թիվն արդեն հասել է 460-ի, իսկ մահերինը՝ 15-ի։
Եվրոպայի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալներով՝ 1 մլն բնակչի հաշվով կորոնավիրուսի օրական մահացությունների թվով Հայաստանը 2-րդ տեղում է, օրական նոր դեպքերով՝ 6-րդ։ Դեռ որքա՞ն պետք է վիճակը վատթարանա, որպեսզի Հայաստանը կրկին խիստ կարանտինային ռեժիմի անցնի։ Այս հարցը Factor tv-ին ուղղել էր Նիկոլ Փաշինյանին՝ պարետատան հերթական նիստին հետևած ճեպազրույցի ընթացքում։
«Դա կախված է մեզնից բոլորից, և ես հույս ունեմ, որ մեր համատեղ վարքագծի մեջ տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որ մենք ստիպված չենք լինի վերադառնալ խիստ կարանտինային համակարգի։ Դա, կարծում եմ, մի զարգացում է, որը մեզնից ոչ մեկ չի ուզում։ Պարզապես, գործնականում մենք պետք է մեր վարքագծով աջակցենք այդ պրոցեսին»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում գործող մի քանի հասարակական կազմակերպություն կառավարությանն էր դիմել՝ 14 օրով խիստ ինքնամեկուսացում սահմանելու կոչով։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է․ ստեղծված կորոնավիրուսային իրավիճակը կանխատեսելի էր․ «Պատշաճ կարանտին չարվեց, կարանտինը կիսաձևական բնույթ էր կրում, հետո կարանտինը վերացվեց, որոշ ժամանակ նույնիսկ դիմակ կրելը պարտադիր չէր, հետո նոր դարձավ պարտադիր, այն էլ՝ Ոստիկանությունը պատշաճ հսկողություն չի իրականացնում»։
Իոաննիսյանը նշում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում քաղհասարակությունն առաջիկայում էլ կշարունակի աջակցել կառավարությանը, սակայն պետք է արձանագրել, որ պարետատան սահմանած «դիմակային» քաղաքականությունը տապալվում է․ «Երեկ Լոռու մարզում էի։ Մարզային վարչության ամբողջ ղեկավարության աչքի առջև բաց առևտուր էր, առևտրի կողմերից ոչ մեկ չէր կրում դիմակ, ոստիկանների զգալի մասը չէր կրում դիմակ, իրար քիթ մտած շփվում էին, առևտրի մասնակիցներին նկատողություն չէին անում, էլ չեմ ասում տուգանելու մասին։ Ոչ մեկին չէին ասում, որ դիմակ կրեր։ Ոստիկանին հարցնում եմ՝ որտե՞ղ է դիմակդ, ասում է՝ էնտեղ ա, հեսա գնամ բերեմ»։
Հասարակական կազմակերպությունները զգուշացնում են․ Հայաստանի առողջապահական համակարգը նախակոլապսային վիճակում է, իտալական սցենարը՝ մոտ։ Այդ իսկ պատճառով առաջարկում են կրկին կարանտինի ռեժիմի անցնել։ «Դիմակ կրելու պահանջի իմպլեմենտացիային հետևելը դժվար է, առավել ևս՝ երբ քանակն այսքան մեծ է, դիմակները պետք է համատարած կրեն, որպեսզի օգնի։ Դա հնարավոր չէ ապահովել, բայց ապահովել, որ մարդիկ չտեղաշարժվեն, ավելի իրատեսական է, ինչը, այո՛, Ոստիկանությունը կարող է անել»,- ասում է Իոաննիսյանը։
Factor tv-ին վարչապետից հետաքրքրվել էր նաև, թե արդյոք տեղծված իրավիճակում կարանտին չհայտարարելով՝ Հայաստանը չի խախտում ԱՀԿ սահմանած չափանիշները։ Մեր հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով։ Հայաստանը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, ունի նաև տնտեսական, անվտանգային, ֆինանսական և սոցիալական կարիքներ։ Այսօր բազմաթիվ երկրներ, այդ չափանիշներին չհամապատասխանելով, վերացնում են կարանտինային ռեժիմը»։
Եվ, չնայած դրան, Փաշինյանը հայտարարեց, որ 1 մլն բնակչին բաժին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը գերազանցել է Իրանին և Ֆրանսիային և, նման տեմպի դեպքում, շուտով կհասնի Իտալիային։ Իտալական սցենարը, սակայն, կարծես թե, վաղուց արդեն Հայստանում է։ Իտալիայում, որը 60 մլն բնակիչ ունի, կորոնավիրուսի ակտիվ դեպքերը երկրի բնակչության ընդամենը 0․07%-ն են, մինչդեռ Հայաստանում՝ բնակչության 0․17%-ը։ Իտալիայում 1 մլն բնակչի հաշվով վարակվում է 3․832 մարդ, իսկ Հայաստանում 2․928։ Այս թվերի տարբերությունն ընդամենը 904 է։ Սակայն սա այն դեպքում, երբ Հայաստանը բնակչության թվով Իտալիային զիջում է շուրջ 21 անգամ։
Նույնկերպ Հայաստանը մոտ է նաև բրազիլական սցենարին։ Երկրում, որը կորոնավիրուսի դեպքերով աշխարհում 2-րդն է, մինչ օրս վարակվել է բնակչության 0.20%-ը, մինչդեռ Հայաստանում՝ 0.29%-ը։
Հավելենք, որ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերն արդեն 6 միլիոնին են մոտենում։ Վարակի շարունակական բռնկման արդյունքում որոշ երկրներ արդեն կրկին կարանտինային ռեժիմի են անցել՝ մասամբ կամ ամբողջությամբ։ Օրինակ՝ հարևան Թուրքիայում օրերս կարճաժամկետ կարանտին ու պարետային ժամ էր հայտարարվել։ Իսկ ահա Հարավային Կորեայում երեկվանից կրկին կարանտին է, քանի որ դրա վերացումից հետո, վերջին շրջանում, դեպքերը կրկին սկսել էին աճել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան