Վրաստանում արտակարգ դրությունը չեղարկվեց. ինչպե՞ս հաջողվեց հարևան երկրին խուսափել վարակի և մահվան մեծաթիվ դեպքերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
24.11.2026 | 18:15
«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում
24.11.2026 | 18:10
Թեհրանն անդրադարձել է TRIPP-ի մեկնարկին // ՀՀ-Ռումինիա հռչակագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 18:04
Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Ալիևն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին
24.11.2026 | 17:56
Փաշինյանը և Ռումինիայի վարչապետը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 17:51
Զելենսկին հայտարարել է, որ Ֆիննական ծոցում ռուսական «Սպարտա II» նավին հարվածել են ուկրաինացի զինվորականները
24.11.2026 | 17:42
Սև ծովի հետ կապված լուրերն անհանգստացնող են․ Ռումինիայի հետ առևտրի այլընտրանքային ուղի ունենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 17:33
Եվրոպացիները պնդում են Աբու Դաբիում քառակողմ բանակցություններ անցկացնելու հարցում․ Պեսկով
24.11.2026 | 17:26
Հրաձգության Հայաստանի հավաքականը կմասնակցի Polish Open-ին
24.11.2026 | 17:17
Ռումինիան իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի ԵՄ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօրվանից Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը դադարել է գործել: Չեղարկվել է նաև պարետային ժամը: Դա, սակայն, չի նշանակում, որ ամբողջ երկրի տարածքում սահմանափակումներն անմիջապես կվերացվեն: Վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին տեղեկացրել է, որ յուրաքանչյուր սահմանափակման հարցով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհրդում քննարկումներ են լինում կառավարության ներկայացուցիչների, համաճարակաբանների, այլ մասնագետների մասնակցությամբ:

Վարչապետ Գիորգի Գախարիան համակարգող խորհրդի անդամներին շնորհակալություն է հայտնել այս ամիսների լարված աշխատանքի համար, բայց և զգուշացրել. զգոնությունը չպետք է թուլացնել:

«Սա անչափ կարևոր պայքար էր, սակայն ցանկանում եմ նշել, որ այն դեռ չի ավարտվել: Մեր հիմնական խնդիրն է՝ աստիճանաբար գործարկել տնտեսությունը: Ունենք ևս մեկ խնդիր՝ վերակենդանացնել քաղաքական գործընթացը, սակայն չպետք է մոռանանք, որ ամբողջ աշխարհ այսօր պատրաստվում է համավարակի երկրորդ ալիքին, որը շատ մեծ մարտահրավեր է»,- ասել է Գախարիան:

Իսկ ինչ աշխատանքներ են արվել այս ամիսների ընթացքում Վրաստանում, որտեղ Կովկասի տարածաշրջանում կորովիրուսային ամենաբարվոք իրավիճակն է արձանագրվել: Փորձագետները նշում են, որ այս երկրի կառավարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներն ակտիվ արձագանքման հրաշալի օրինակ են:

Փետրվարի վերջին, առաջին քաղաքացու մոտ վարակի բացահայտումից անմիջապես հետո, Վրաստանում սկսեցին չեղարկել ավիահաղորդակցությունը, փակել սահմանները: Մարտի սկզբին փակվեցին դպրոցները, մշակութային հաստատությունները, հանգստավայրերը, մարտի կեսերին էլ՝ հյուրանոցները, ռեստորանները, անորոշ ժամկետով արգելված են բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները: Արգելվեց նաև հանրային տրանսպորտի գործունեությունը, որոշ խոշոր քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսին, ժամանակավորապես «փակվեցին»: Եվ սա այն դեպքում, երբ վարակակիրների թիվը երկրում դեռևս չէր հասնում 100-ի:

Ավելի ուշ երկրում արտակարգ դրության ռեժիմ և պարետային ժամ սահմանվեց: Բնակավայրերում ամենուր պարեկային ոստիկաններ էին: Սահմանափակումներին Վրաստանի քաղաքացիները հարկադրված էին հետևել. նվազագույն խախտման դեպքում անգամ մեծ տուգանք էր նախատեսվում՝ 3.000 լարի, որը համարժեք է 860 եվրոյին: Կարանտինային միջոցների սահմանումից հետո, առաջին իսկ օրերին, Թբիլիսիում մի քանի տասնյակ իրավախախտներ տուգանվեցին:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս Վրաստանին հաջողվեց կանխել հնարավոր մեծաթիվ վարակի դեպքերը. Factor.am-ի հետ զրույցում Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն ասաց՝ ամենամեծ գործն արեց հենց բնակչությունը:

«Լայնածավալ իրազեկման աշխատանքներ տարվեցին, որը սկսեցինք դեռևս հունվարին: Հենց այդ ժամանակ էլ, երբ դեռ երկրում կորոնավիրուսով վարակի ոչ մի դեպք չկար, ցամաքային սահմաններին և օդանավակայաններում խիստ վերահսկողություն սահմանվեց: Բայց ուզում եմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել մեր բնակչությանը, որովհետև առանց նրա օգնության ոչ մի արգելող միջոց օգուտ չէր տա: Մեր քաղաքացիներն ամենայն լրջությամբ մոտեցան ստեղծված իրավիճակին և ենթարկվեցին բոլոր սահմանափակումներին»,- նշեց նա:

Հարցին՝ հետադարձ հայացք նետելով՝ ինչպե՞ս է գնահատում Վրաստանի առողջապահական համակարգը, արդյո՞ք այն պատրաստ էր այս իրավիճակին, Պաատա Իմնաձեն պատասխանեց. «Մենք կորոնավիրուսին թույլ չտվեցինք անգամ, որ այն փորձության ենթարկի մեր առողջապահական համակարգը: Շատ արագ մենք շուրջ 800 մահճակալ նախապատրաստեցինք տարբեր հիվանդանոցներում, առաջին հերթին՝ ինֆեկցիոն: Սակայն նույնիսկ հիվանդության տարածման պիկի ժամանակ բուժհաստատությունները բեռնված չէին»:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի հերքում. Վրաստանում սահմանափակող միջոցներն ավելի խիստ էին և ուժեղ, բայց, նրա խոսքով, սա չի նշանակում, որ հարևան երկրի առողջապահական համակարգն ավելի լավն է:

Վրաստանում արձագանքել են Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ նշելով, որ վրացական կողմը չի թաքցնում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով ղեկավար Մարինա Էզուգբայան ասել է, որ իրենց բոլոր տվյալները ճիշտ են, փաստերը թաքցնելը, ինչպես նաև դրա մասին խոսելն իմաստ չունի: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն էլ Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։

Հավելենք, որ 3.7 մլն բնակչություն ունեցող Վրաստանում, մայիսի 23-ի դրությամբ, վարակի 728 հաստատված դեպք կա, 12 մահ է արձանագրվել: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում վարակվածների թիվը 6.302 է, 77 մահ է արձանագրվել, իսկ Ադրբեջանում, վերջին տվյալներով, վարակվել է 3.855 մարդ, մահվան ցուցանիշը 46 է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան