Վիժեցված խոստման մեկ տարին․ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակման անփառունակ հետագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.05.2020 | 20:13Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանը փոթորկվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի անսպասելի կոչից։ Թավշյա հեղափոխության հաղթանակից ուղիղ մեկ տարի անց Փաշինյանն ազդարարում էր հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլը, ասելով, որ ժողովրդի իշխանությունը պիտի հաստատվի դատական համակարգում: «Վաղը 8։30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը, ոչ ոք ներս չի մտնում»,- ասել էր վարչապետը։
Մայիսի 20-ի վաղ առավոտից հարյուրավոր քաղաքացիներ արգելափակել էին դատարանները։ Ներս մտնել փորձողին սպասվում էր տապալում։ Դատարաններն անձամբ շրջափակել էին «Իմ քայլի» պատգամավորները, չնայած որ ընդդիմությունն այս ակցիան հակասահմանադրական էր որակել։ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Կենտրոնի դատարանի բակ․ «Եկել եմ ասեմ, որ բոլորիդ սիրում եմ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխո՛վ»։
ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» քննադատեցին, «Քաղաքացու որոշումն» ու «Սասնա ծռերը» ողջունեցին Փաշինյանի այս քայլը։ Կառավարությունից քաղաքացիներին ուղղված ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իրենք ոչ թե նոր խամաճիկային դատարան են ուզում, այլ՝ օբյեկտիվ ու իրավունքի գերակայության վրա հիմնված․ «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ ու օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Սակայն կյանքը ցույց տվեց, որ դատարանները շրջափակելու վիճահարույց այս ակցիան ավարտվեց զրոյական արդյունքով՝ առանց Փաշինյանի խոստացած վեթինգի։ Մարտին խորհրդարանի ընդունած օրենսդրական փաթեթը, համատարած վեթինգի կողմակիցների կարծիքով՝ ավելի շուտ խամաճիկային դատական համակարգը պահպանելու մասին է։ Վարչապետի խոստմանը հակառակ, ՄԻԵԴ որոշումներով ակնհայտ անօրինական վճիռներ կայացրած դատավորները կմնան իրենց տեղերում, կոռումպացված և հանրության վստահությունը չունեցող դատավորներն այդպես էլ հրաժարական չեն տա, իսկ դատավորների քաղաքական կապերի, ծագումնաբանության, քրեական ենթամշակույթին հարելու մասին քաղաքացիներն այդպես էլ ոչինչ չեն իմանա։ Նոր օրենսդրությունը դատական համակարգը մաքրելու խոստացվածից քիչ գործիքներ է նախատեսում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի դատավորների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը՝ միայն 2017 թվականից հետո արձանագրված գործարքներն ու եկամուտները։ Բարեվարքության ստուգում կանցնեն միայն դատավորի թեկնածուները։ Նիկոլ Փաշինյանը վեթինգի թեմայով արդարադատության նախարարի հետ վերջերս անցկացրած քննարկմանն ասաց․ «Մենք ոչ թե գերանդին առնում և հնձում ենք ամեն ինչ և ամենուր, մենք նաև համակարգերին շանս ենք տալիս խնդիրները լուծելու։ Եթե ամեն ինչ գնում է այսպես, մենք իրոք անկախ դատական համակարգ ենք ունենում, բայց եթե քանդում զրոյից ես սարքում, մեկ ա, որոշակի քաղաքական ռիսկեր առաջանում են»։ Ռուստամ Բադասյանը նշեց․․ «Ամենակարևորը՝ չենք քանդում այն ամբողջ դրականը, որ կա գործող համակարգում»։
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը խաբեություն է որակում իշխանության գործելաոճը։ Նա պայքար է սկսել երկու հավանական վերջնարդյունքով՝ կամ Փաշինյանը կյանքի կկոչի հեղափոխական օրակարգը, կամ պետք է հեռանա։ «Էն բոլոր խոստումները, որ տրվել էին հեղափոխական ամբիոնից ժողովրդին, հերթով բոլոր խոստումները վիժեցնում են, ու հեղափոխությունը վերածում իշխանափոխության՝ անձերի փոփոխության։ Չի կարելի մարդկանց ուղիղ ստել, խաբել մարդկանց։ Մի տարի առաջ ասվել է՝ լինելու է վեթինգ, մի չորս-հինգ օր առաջ նստել արդարանում են, թե ինչու չի լինելու վեթինգ»,- ասաց ՔՈ-ի անդամը։
Միսկարյանն իրատեսական չի համարում իշխանության՝ դատական համակարգի բարեփոխման ծրագիրը․ «Համակարգը մաքրել է պետք հին աղբից, որ տեղ լինի արդարներին գալու։ Հիմա մենք պետք է սպասենք էդ դատավորները թոշակի՞ անցնեն, ինչպես Հրայր Թովմասյանը, որ հետո ունենանք նոր դատական համակարգ։ Այսինքն՝ սպասենք 20 տարի, որ փոփոխություն լինի դատական համակարգում։ Էլ հեղափոխությունն ինչի՞ համար էր։ Փողոց փակելով, պարտադրելով Սերժին ավելի արագ արդյունքի կանցնեինք, քան էս ճանապարհով»։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դատարանների շրջափակումը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եղած ամենաանմիտ և օրենքների խախտման տեսանկյումից ամենագռեհիկ քայլն է համարում։ Ասում է՝ իր համար դեռ այդ օրն էր ակնհայտ ձախողումը։ «Դատարանները շրջափակելու կոչ անելով խոսել ունիվերսալ վեթինգի մասին, երբ աշխարհը գնում է այդ ուղիով գնացած երկրների կոշտ քննադատության ճանապարհով, ըստ էության, կարծում եմ, անհեռանկար էր, և ժամանակ էր պետք, որ իշխանությունները հասկանան, որ դատական համակարգի բարեփոխման համար դա ամենավատ ճանապարհն է»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
Արդարադատության նախկին նախարարի գնահատմամբ՝ համատարած վեթինգի ալբանական ու հունգարական ձախողված փորձերը ցույց են տվել, որ դա դատական համակարգի բարեփոխման արդյունավետ մեխանիզմ չի կարող լինել։ Նրա տեղեկություններով՝ Հայաստանի իշխանության բարեփոխումների օրակարգին դրական վերաբերող միջազգային կառույցները իշխանությանը խորհուրդ են տվել հետ կանգնել այս ճանապարհից․ «Որովհետև տեսել են ու քաղել են այն բացասական հետևանքները, որոնք այդպիսի փորձերը, ըստ էության, ունեցել են։ Իշխանությունների կողմից այդ ճանապարհով չգնալը իրականում խելամիտ քայլ է, որին ոչ թե իրենք ինքնուրույն են հանգել, այլ իրենց ակնհայտ ցույց են տվել դրա բացասական հետևանքները»։
Դատարանների շրջափակման ակցիայից ընդամենը երկու օր առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանն ազատ էր արձակել Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը տպավորություն ունի, որ իշխանության՝ դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորվում է Քոչարյանի գործով, երբ դատարանը, Իոաննիսյանի որակմամբ, ապօրինի գործողություն է կատարում․ «Եվ եթե ոչ սահմանադրական ատյանները՝ ընդհանուր իրավասության դատարանները Քոչարյանի մասով, ոնց որ թե, այլևս պրոբլեմատիկ և ապօրինի բաներ չեն անում, դա չի նշանակում, որ իրենց պետք է ներել և վեթինգ չիրականացնել։ Որովհետև այնտեղ կան մարդիկ, ովքեր ասոցացվում են պետության զավթման, ընդդիմության հետապնդման, կոռուպցիայի, կաշառքով որոշումներ կայացնելու հետ, չեն կարող այդ մարդիկ իմ, ձեր, քաղաքացիների ու հասարակության անունից արդարադատություն իրականացնել»։
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ համատարած վեթինգի խոչընդոտ սահմանադրական արգելքները հաթահարելու հարցը հանձնաժողովը քննարկում է․ «Լուծենք էդ խոչընդոտները, բայց իշխանությունը միարժեքորեն պետք է ասի, որ լայնամասշտաբ վեթինգ իրականացվելու է, երբ խոչընդոտները լուծվեն և գործողություններ ձեռնարկի էդ խոչընդոտները լուծելու ուղղությամբ»։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննադատություններին պատասխանել է սոցցանցի իր էջում՝ գրելով, որ վեթինգը սկսվում է այս տարի՝ երեք ամսից կձևավորվեն հանձնաժողովները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուտով կսկսի հայտարարագրերի ուսումնասիրությունը։ Իսկ եթե այս միջոցառումներն էլ արդյունք չտան, սահմանադրական փոփոխություններով անդրադարձ կլինի դատական համակարգի բարեփոխումների հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան