Նիկոլ Փաշինյանը ռեֆորմատոր չի, նա ձուկը ջրում բազար չի սիրում․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.02.2020 | 18:15Factor.am-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ
– Պարո՛ն Նահապետյան, ուշագրավ օր է՝ այսօր միաժամանակ ընթանում էին Հայաստանի նախկին երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դատավարությունները։ Ձեր գնահատմամբ՝ սա արդարության վերականգնան գործընթա՞ց է, թե՞ քաղաքական հետապնդում, ռևանշ, ինչպես ՀՀԿ-ն ու Քոչարյանի աջակիցներն են ասում։
– Մենք գործ ունենք այդ մարդկանց պաշտոնավարման տարիներին որոշակի պրոբլեմներով պայմանավորված քրեական գործերի հետ։ Ի՞նչ պահի են հարուցվել այդ քրեական գործերը, ի՞նչ շարժառիթներ են ընկած դրանց հիմքում, որ մինչև այս չէին հարուցվում, այս պահին հարուցվեցին, և մնացած այլ հարցերը կարող են ենթարկվել քաղաքական որոշակի տրամաբանության։ Դա լավ չի կայացած դեմոկրատիայի պայմաններում։ Բայց մի երկրում, որտեղ սահմանադրորեն ամրագրված է, որ հետախուզական գործունեություն իրականացնող իրավապահ համակարգը, քննչական աշխատանք իրականացնող մարմիններն անմիջականորեն ենթարկվում են վարչապետին, քաղաքական ֆիգուրների գործերով… վարչապետն ինքն է հայտարարել, որ չի կարող լինել այնպիսի գործ, առանց իր՝ նախապես իմանալու։ Այո՛, ես չեմ ասում՝ գնացեք, հարուցեք կամ մի հարուցեք, բայց ես իմանում եմ։ Սա վարչապետն է ասում։ Ես գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին տեղի են ունեցել բազմաթիվ ապօրինություններ, որոնք պետք է քննվեն և ուշադրության արժանանան։
– Պարո՛ն Նահապետյան, Դուք, ձեր քաղաքական ուժը հեղափոխության ակտիվ մասնակիցն եք եղել։ Շուրջ երկու տարի անց՝ ի՞նչ ունենք, արդյո՞ք իշխանությանը հաջողվել է վերականգնել պետությունը՝ ձախողված ինստիտուտները, կառավարման համակարգերը և այլն։
– Ես գտնում եմ, որ ո՛չ, և տեմպերը բավարար չեն։ Հայաստանում ձախողված պետական ինստիտուտները, որպես այդպիսին, և նրանք, որոնք ձախողված չեն, բայց խնդիրներ ունեն, այն տեմպերով չեն վերականգնվում, որով պետք է վերականգնվեին, և այն մոտեցումները չեն որդեգրվում, որ պետք է որդեգրվեին։ Չկա այդպիսի ռեֆորմներ կազմակերպելու կարողություն, տեսլական։ Մեկ ամիս առաջ հրապարակված հոդվածում ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ռեֆորմատոր չէ, նա ձուկը ջրում բազար չի սիրում։ Այդ մարդը չի սիրում նստել, քննարկել հետևանքները, պատճառահետևանքային կապերը, նա սիրում է տալ հանձնարարականներ, ասել՝ գնացեք, ոնց ուզում եք՝ արեք, հետո այդ մասին մոռանալ, հետո էլի մի օր Կառավարության նիստում ասել՝ ի՞նչ եղավ այդ հարցը։ Այս պայմաններում ռեֆորմն անհնար է։
– Սահմանադրական դատարանը նախկինների վերջին բաստիոնն է, ասում են իշխանությունից։ Ընդդիմությունից հակադարձում են՝ նման որևէ փաստ չկա, իրականում իշխանությունը գալիս է վերացնելու անկախ դատարանը։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։
– Ես չեմ գտնում՝ այստեղ կա դատական համակարգ, որի քանդվել-չքանդվելու մասին իմաստ կա խոսելու։ Այդ մարդիկ ծանրագույն քաղաքական մեղքեր են կրում իրենց վրա, իրենց մտածողությունն է նույնիսկ այդ մեղքն իր մեջ կրում։ Այսինքն՝ բացի այն, որ իրենք գիտեն ընտրություն կեղծել ու հիմնավորելը չի կարելի, և դա արել են, և դա ծանր քաղաքական մեղք է, իրենք մտածողության մեջ է՝ ակունքում, չեն հավատում իրենց արած գործին։ Մենք՝ որպես ժողովուրդ, ասել ենք նրանց՝ գնացեք, պահպանեք Սահմանադրությունն այնպես, որ ուժեղը՝ կառավարող մեծամասնությունը, փոքրամասությանը չճնշի։ Ֆելիքս Թոխյանը կանգնում ասում է՝ ի՞նչ եք հեքիաթ պատմում, աշխարհի ո՞ր երկրում է Սահմանադրական դատարանի հարց լուծվել, դա լուծվում է փողոցում, հետո նոր՝ Սահմանադրական դատարանում։ Դա նշանակում է՝ սիրելի՛ ժողովուրդ, գնացեք՝ փողոցում իրար կերեք, վերջում ով կհաղթի, բերեք փաստաթղթերը, վերջում մենք կֆիքսենք, որ երկրում վարչապետ ունենք։ Այս մտածողությունը մի մարդու կողմից, ում հանձնարարված է պահել փոքրամասնության իրավունքները մեծամասնությունից, դա աղետ է։ Եթե այդպես է, ինչների՞ս են պետք ՍԴ-ն, արդարադատությունը, դուրս գանք՝ փողոցում իրար դանակով խփենք։ Ծայրահեղ վատ մտածողություն է։ Հարցն այն է՝ կառավարող ուժը սարքո՞ւմ է նման դատական համակարգ, թե՞ չէ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան