Իշխանությունը տարբեր պիեսներ է բեմադրում, որը երկու անգամ չի կարող ներկայացվել․ Արտակ Զաքարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.01.2020 | 20:32Factor.am-ի հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանի հետ
– Պարո՛ն Զաքարյան, այսօր տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը։ Կուտոյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցված՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է՝ թեև ինքնասպանության մասին տվյալներ կան, բայց բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են։ Անձամբ Դուք ի՞նչ հարցեր ունեք, որոնց պատասխանները կցանկանայիք ստանալ։
– Եվս մեկ անգամ ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի հարազատներին։ Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահը շոկային իրավիճակ է ստեղծել հասարակական-քաղաքական շրջանակներում։ Ամեն կերպ պետք է հասկանալ մոտիվներն ու իրավիճակը, որը, ըստ էության, հասցրել է մահվան, ինքնասպանության կամ սպանության։ Բոլոր վարկածների ուսումնասիության արդյունքում պետք է վեր հանվեն հիմնական պատճառները և արվեն հետևություններ։ Սա շատ վատ երևույթ է մեր քաղաքական համակարգում՝ հաշվի առնելով նաև, որ հեռու անցյալում ունեցել ենք ուժային կառույցների ներկայացուցիչների մահեր, և պետք է անպայման հասկանալ բոլոր պատճառները, նաև քաղաքական հետևություններ անել, եթե դրանք քաղաքական հենքի վրա են։ Իշխանությունները կրում են պատասխանատվություն առաջին հերթին բացահայտումները լիարժեք իրականացնելու համար, իշխանությունները կրում են պատասխանատվություն նաև քաղաքական հարաբերությունները և զարգացումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
– Դուք առեղծվածային անվանեցիք այս մահը, ինչո՞ւ։
– Որովհետև հանգամանքները և երևույթն ինձ համար անբացատրելի են։
– Կուտոյանի պաշտոնավարման օրոք է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմը, որի հանգամանքներն այսօր ուսումնասիրում է ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովը, ՊՊԾ գնդի գրավումը, և ամենաուշագրավը՝ երկրում եղել է թավշյա հեղափոխություն, և ի դեպ, Կուտոյանը հեղափոխության փաստացի հաղթանակից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո 17 օր եղել է ԱԱԾ տնօրենը։ Ունե՞ք վարկած կամ ենթադրություն, թե կոնկրետ ո՞ր փուլի հետ կապված Կուտոյանի ունեցած տեղեկությունները կարող էին վտանգ պարունակել և հանգեցնել նրա մահվան։
– Ստիպում եք, որ ենթադրությունների գնամ, ինչը, իհարկե, չեմ անի։ Սխալ եմ համարում հիմա ցանկացած ենթադրություն անելը որևէ մակարդակով։ Իրավական համակարգն ունի աշխատանք տանելու, և նրա աշխատանքներից ու եզրահանգումներից հետո միայն տեղին կլինի որոշակի ենթադրություններ անել։
– Դուք վստահո՞ւմ եք իրավապահ համակարգին։
– Շատ հարցերում չեմ վստահում, որովհետև ինքներս ենք տեսնում՝ ինչպիսի իրավական համակարգ ունենք, բայց չենք կարող Ռուսաստանի կամ Վրաստանի իրավական համակարգը բերել, ասել՝ հիմա քննեք։ Առանց վստահելու էլ կարող ենք ակնկալել, որ գործի վերաբերյալ հետևողական կլինեն աշխատանքները։
– «Ես խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք, կգա ժամանակը, ինչ հարցի կուզեք՝ կպատասխանեմ»,- այսօր հերթական անգամ Սերժ Սարգսյանը խուսափել է լրագրողների հարցերին պատասխանել։ Իշխանության ղեկը թողնելուց շուրջ երկու տարի է անցել, ի վերջո՝ ե՞րբ է գալու այդ ժամանակը։
– Իսկ կարծում եք՝ հենց հոգեհանգստի արարողության ժամանա՞կ էր պահը, որ Սերժ Սարգսյանը պետք է լրագրողների հարցերին պատասխանի։
– Այլ առիթներով էլ նա մերժում է լրագրողների՝ հարցերի պատասխանելու խնդրանքը։
– Ցանկացած քաղաքական գործիչ ինքն է որոշում՝ հանրության հետ երբ շփվի, ինչ ձևաչափով։
– Ո՞րն է պատճառը, որ այսպես անվերջ ձգձգվում է, ի վերջո՝ ավելի քան կես տարի առաջ էին դեռ ՀՀԿ-ականները խոստանում, որ Սերժ Սարգսյանը խոսելու է։
– Հասարակության հետ Սերժ Սարգսյանը դեռ քննարկելու, խոսելու օրակարգ կունենա՝ որպես նախկին նախագահ, որպես մեր պետության կայացման, զարգացման առանցքում կանգնած ակտիվ դերակատար՝ պետական-քաղաքական գործիչ, և անպայման երկխոսություն, պարզաբանումներ լինելու են։ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ քաղաքականության մեջ, հետևաբար՝ հրապարակային խոսքն իր համար միշտ էլ լինելու է պահանջված։
– Հնարավո՞ր է, որ չհասկացված լինելու մտավախությունն է հետ պահում, այսինքն՝ կա գիտակցություն, որ ինչ էլ նա ասի, հանրության կողմից մերժվելու է։
– Հետաձգելու խնդիր չկա, մենք տեսնում ենք քաղաքական զարգացումները տարածաշրջանում և համաշխարհային զարգացումները, սպառնալիքները աշխարհում, օրեցօր մեր պետությունը կանգնում է այդ մարտահրավերների առաջ, և ոչ թե մենք մտածում ենք արդարացման կամ ինքնարդարացման հարմար պահ գտնել, ո՛չ, մենք շարունակում ենք ինքներս մեզ պատասխանատու զգալ պետության անվտանգության, ԼՂ-ի խաղաղ և պատշաճ կարգավորումների շրջանակում, և մենք շարունակում ենք պատասխանատվություն զգալ նաև արտաքին քաղաքականության շրջանակներում, և ասելիք միշտ ունենք և ունենալու ենք։
– Մյուս կողմից՝ չե՞ք կարծում, որ կարող է ստացվել այնպես, որ երբ որոշի խոսել, արդեն ուշ լինի։ Ի՞նչ նկատի ունեմ. այսօր նրան մեղադրանք առաջադրվեց, մի բան էր, երբ խոսեր երկրի նախկին նախագահը, որի նկատմամբ չկար որևէ մեղադրանք, մեկ այլ բան, երբ խոսում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձը։
– Հնարովի, սարքովի կարգավիճակները, որոնք ներկա իշխանությունների համար հետևողական ձեռագիր են, ինքներս տեսնում ենք, թե ինչ ընթացք են ստանում, ինչպես են արագ չեզոքանում, անհիմն դառնում և խոսում ոչ մի բանի մասին։ Իշխանությունը, շարունակելով մանիպուլացնել հասարակության ենթագիտակցությունը, նեգատիվ միջավայրի մեջ պահելով հասարակական հարաբերությունները՝ փորձում են երկարաձգել, շղարշ ստեղծել՝ իրենց անգործությունը ծածկելու, իրենց՝ ոչ մի բան անելը փարատելու համար և հասարության ուշադրությունը կեղծ ուղղությունների վրա տեղափոխելու համար։ Ես կարծում եմ՝ մեր երկրում մտածող մարդիկ արդեն սկսել են տեսնել, հասկանալ։ Դրա մասին նաև բարձրաձայնում են։ Ժամանակ է պետք, այդ հարցերը ևս կկարգավորվեն ժամանակի ընթացքում։ Մեր պրոբլեմներն ավելի շատ կայանում են մեր երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ, քան տարբեր քաղաքական գործիչների անվան շուրջ փչված փուչիկների, կեղծ մեղադրանքների շուրջ։
– ՀՔԾ-ում պետական միջոցների վատնելու մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի ու ևս 4 անձի, խոսքը 500 միլիոն դրամ դիզվառելիքի մասին է։ Միգուցե կոռուպցիայի մեջ մեղադրվե՞լն է, որ հետաձգում է այդ խոսելու ժամանակը։
– Եկեք այդ ամբողջը թողնենք դատական համակարգին, ինչ ասում են՝ Դուք չեք հավատում, չէ՞։ Ես չեմ կարծում, Դուք մտածում եք՝ ինչ Սերժ Սարգսյանի մասին ասում են՝ ճիշտ է, իսկ ինչ Նիկոլի մասին գրում են՝ սուտ է, Նիկոլը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ չի: Դրա համար էլ մանիպուլյացիաների մասին ենք խոսում։ Կան մարդիկ, որոնք հավատում են, կան մարդիկ, ովքեր չեն հավատում։ Այսօր քաղաքական նպատակներով առաջ քաշված մեղադրանքներ են, եթե իշխանությունը կարողանա պաշտպանել։
– Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը, օրինակ, Ապրիլյան պատերազմի, Լավրովի պլանի վերաբերյալ հանրությանն ունի՞ նոր բան հայտնելու։
– Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովի հրավերով մասնակցելու, եթե հանձնաժողովի նպատակներն անկեղծ են, օգտակար կլինեն բոլոր հանդիպումները։ Ես մի քանի անգամ էլ ասել եմ՝ հանձնաժողովի եզրակացությունը ցույց կտա, թե իրականում քաղաքական նպատակներով շահարկումների համա՞ր է ստեղծված հանձնաժողովը, թե՞ իրական մտահոգության:
– Վարչապետի ընտանիքին պատկանող ՀԺ-ի հրապարակած հոդվածում Արթուր Վանեցյան-Միքայել Մինասյան զույգի կողմից հեղաշրջման սխեմա է նկարագրվում։ Իսկ իշխանական շրջանակներից Վանեցյանի հրաժարականից հետո եղել են մեկնաբանություններ, որ անցած սեպտեմբեր-հոկտեմբերին կանխվել է հեղաշրջում։ Ձեր քաղաքական ուժը կարո՞ղ է համարվել այս պլանի շահառուն։
– Տարբեր պիեսներ են հնարվում ներքաղաքական դաշտում, բեմականացվում կարճատև՝ երկրորդ անգամ նույն պիեսը բեմ չի բարձրանում։ Իշխանությունները տարբեր, փոքրիկ՝ մեկ-երկու օրանոց պիեսներ է բեմադրում, պիեսներով զբաղեցնում է հասարակությանը, ընդ որում՝ այնպիսի պիեսներ են, որոնք հակասում են իշխանության բարձրացրած հարցերին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան