Վանում պատրաստվում են Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու պատարագին
Մշակույթ
05.09.2019 | 20:18Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին. գրում է ermenihaber.-ը:
Նախապատրաստություններին ծանոթանալու նպատակով նախօրեին կղզի են այցելել Վանի փոխնահանգապետ Ֆերհաթ Աթարը, Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը, Մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը և այլք:
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Մուզաֆֆեր Աքթուղը՝ տեղեկացնելով, որ եկել են հետևելու «հայկական պատարագի» նախապատրաստական աշխատանքներին. «Համաձայն 2010 թվականի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից ընդունած համատեղ արձանագրության՝ անցկացնելու են 7-րդ հայկական պատարագը: Հայկական պատարագը 3 տարի չէր անցկացվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Անցյալ տարի վերսկսեցինք: Այս տարի նույնպես համատեղ պայմանավորվածությունների արդյունքում կիրականացվի այն»: